Դիանա Անփիմիադի | Ինչո՞ւ այլևս չեմ գրում բանաստեղծություն

ԻՆՉՈ՞Ւ ԱՅԼԵՒՍ ՉԵՄ ԳՐՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

-Բանաստեղծությունն իմաստություն է պահանջում,-
ասաց ուսուցիչս,- հիշի՛ր,
արհեստական վարդը բնականից լավ է։
-Բանաստեղծությունը տենչում է լեզու,
որ թռչես միջով՝
ինչպես երազում,-
բացատրեց տեսական լեզվաբանության դասախոսս։
-Հույզ է պետք բանաստեղծության համար,
որ կարդալիս փշաքաղի,- ավելացրեց նախկին սերս,-
մի քիչ հանգուվանկ և զգացմունք։
-Բանաստեղծությունը կարիք ունի փոխաբերության,-
մահացած բանաստեղծը հուշեց,-
բանաստեղծը՝ իբրև փոխաբերություն,
բավարար չէ բանաստեղծությանը։
-Բանաստեղծության մեջ էպատաժ մտցրու,-
ասաց երիտասարդ գործընկերս,-
սեղանին փռիր բառերդ ու ոտքերդ։
-Առանց սահմանի չկա բանաստեղծություն,-
գիծ, որ չպիտի հատես,- ասաց գլուխս,-
պիտի սանձես բանաստեղծությունը։
-Բանաստեղծությունը քո՛ կարիքն ունի,
գոնե մի անգամ գրիր մտքինդ՝
անհեթեթ,
գռեհիկ,
բայց անկեղծ,
մի անգամ,
մեն մի անգամ գրիր ինքդ քեզ,-
դու ասացիր, ու ես դադարեցի գրել։

 

ՁՄՌԱՆ ՊԱՇԱՐ

Մամայից երկար են ապրում իր առած համեմն ու սամիթը,
մամայից երկար է ապրում առավոտյան եփած ապուրը.
տաքացրինք հոգեհանգստին,
բարձրացողին էլ կերակրեցինք, իջնողին էլ,
հոգեհացի համար էլ ահագին մնաց։
Մամայից երկար կյանք ունեն իր ֆիրմային սածեբելին,
լոլիկը, տղեմալին, կիվին,
մամայից երկար է մնում ձմռան պաշարը՝
կարտոֆիլը, ձավարը, ձեթը…
Ավելի երկար են ապրում թափված անկողինը,
երկու մազը սանրին
ու թեթև բույրն իր օծանելիքի։
Մամայից երկար են հերիքում մուրաբաները, ջեմերը, թթուն,
վերարկուի գրպանում փողը
ու թոշակը՝ ներքնակի տակ։
Մամայից երկար են դիմանում իր շամպունը, ատամի մածուկը,
իսկ դիմաքսուքն ընհանրապես անմահ է։
Պետքական ու անպետք ամեն ինչ մնում է երկար,
մաման է շուտ գնում…

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Քեզ մոտ եմ գալիս
ինձնից ավելի սիրուն
ինձնից ավելի լավը
ինձնից բոյով
ինձնից թեթև
ինձնից խելացի
ինձնից ավելի Մաշրիք-Մաղրիբի թագուհի
ինձնից ավելի երջանիկ հայրենիքի զավակ։
Գալիս եմ քեզ մոտ
իմից ավելի քաղցր համբույրով
իմից լավ բանաստեղծություններով
չխկչխկացնելով վարդաքարե թևնոցներս
փոխփխում եմ շորիկներս վարդաթերթ…
Ու գալիս եմ քեզ մոտ
ու հասնում եմ գալուց առաջ
ու երկար, երկար եմ մնում գնալուց հետո
ու մնում եմ գալուց ավելի երկար։

 

ՄԱՐԻՈՒՊՈԼ

– Տարրականի ուսուցչուհիս
– Ներկա է
– Հարևան փողոցի ծաղկավաճառը
– Ներկա է
– Ուսացավով թավջութակահարուհին
– Ներկա է
– Առաջին սերս
– Ներկա է
– Դրկից հարևանի երեք երեխան
– Փրկվել են
– Հացթուխը, որից նախաճաշի վատրուշկա էի գնում
– Վիրավոր է
– Հարևանի տղան, որ բարձր երաժշտություն էր լսում
– Ականի վրա պայթեց
– Թաքուն բանաստեղծություններ գրող կապուտաչյա աղջիկը
– Ո՞վ է կանչում փլատակների տակից
– Մայրս
– Ներկա է
– Հայրս
– Դին չգտանք
– Քաղաքը
– Տեղում է, ծխի մեջ կորած
– Երեխաներս
– Չեն ծնվի։

 

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեխաներ գոյություն չունեն:
Իրականում՝ օպտիկական պատրանք է.
երբ արցունքի կաթիլի միջով ես նայում
ամեն բան պստլիկ է ու սիրուն։
Հաստատ գոյություն չունեն, մեծերն են հորինել,
երբևէ հորինված ստերի սուտը,
որ ինչ-որ կերպ արդարացնեն
նենգ ծրագիրը՝
իբր մեկը սոված է, մեկն էլ՝ վախեր ունի,
իբր մեկի այտերը կարմրում են ցրտից։
Չէ, չկան։ Այլ պատճառ գտեք արդարացնելու
իսկական թվացող պաղպաղակը,
իսկական թվացող պլաստմասե արդուկը,
իսկական թվացող թզուկ պուդելը,
անորակ սղարանները,
ծննդյան աղմկոտ տոները,
տորթերի կծմծած ելակներն ու
ատամներին կպած կարամելը:
Երեխաներ գոյություն չունեն:
Մարդկանց կառուցում են շինարարները,
ու տեղադրում ամեն քայլափոխի
արդեն առանց թույլտվության,
կառուցում են, հա՛, կառուցում,
գրքերը լիքն են նախագծերով,
աշխարհը՝ շինանյութով։
Սարքում են, կանգնեցնում,
նրանք էլ խելոք կանգնում են,
քշում դեդլայնների փոթորիկներն ու
հարկերի տապից չորանում:
Եվ կանգնած են իսկական թվացող անձրևի տակ,
իսկական թվացող ձյան մեջ,
կանգնած ամեն քայլափոխի,
հետո հալչում են, նվաղում, կորչում-գնում:
Երբեմն էլ նստում են սեփական ծնկներին ու
ականջին փսփսում բարալիկ, թրթռուն ձայնով.
– Մայրի՜կ, ինձ մորու չուպաչուպս կգնե՞ս,
մա՜մ, ինձ մորու չուպաչուպս կառնե՞ս,
մա՜, առ, հա՞։
Երեխաներ գոյություն չունեն:
Սուտ է:
Ո՞նց կարող են իրական աշխարհում
երեխաներ ապրել։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի և Տաթև Չախեանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *