Վիկտորիա Սամուել | Ինձ փրկում են սիրո հատիկները

Սա շատ դժվար կյանք է,
երբ վախերը չեն լքում մեզ,
երբ դրանք մեծանում
ու կուլ են տալիս քեզ քո երազներում։
Ես չեմ ուզում գրել այն մասին,
որ սա բարդ ու քամող կյանք է,
խուտուտ տվող՝ երբեմն,
հիասքանչ նաեւ,
իսկական կամ ոչ,
եւ ի՞նչ կարեւոր է։
Ես ուզում եմ գրել այն մասին,
որ այստեղ բոլորս ունենք վախեր
եւ մեր մութ կողմերը,
որոնք պետք է ճանաճել զգուշորեն։
Ուզում եմ գրել այն մասին,
որ երբ սեր չկա,
ոչինչ սիրելի չէ,
եւ նույնիսկ բալով պաղպաղակը
դառնահամ է թողնում։
Երբ մարմինը ծանր է,
այն մնալու է այստեղ՝
հողից կպած,
իսկ մարդուն պետք է թռչել,
պետք է լինել թեթեւ ու բարակ,
որ սառույց չդառնա սառնամանիքին,
եւ չմեռնի ծարավից,
երբ շոգ է շատ եւ տոթ։
Ուզում եմ գրել այն մասին,
որ դատարկությունն անընդհատ լցվում է․․․
վախերով, խավարով, մղձավանջներով։
Ուզում եմ ասել,
որ սա անավարտ բանաստեղծություն է,
որովհետեւ ես ծանրանում եմ,
որովհետեւ սերը գնում է,
որովհետեւ վախերն ինձ հետ են։
Բայց ես ուզում եմ գրել այն մասին,
որ ես նորոգում եմ թեւերս,
որ ազատում եմ ինձ
ծանր ու անպետք բաներից,
որ դեռ զգում եմ սիրո սերմերը,
եւ դրանք պահում եմ ինձ համար հիմա։
Ես նայում եմ վախերին անմիտ,
սարսռում եմ ու լինում շա՜տ փոքր,
կծկվում եմ վերմակի տակ
ու գրկում ծնկներս,
բայց այնումենայնիվ փակում եմ աչքերս
ու հիշում յուրաքանչյուր հատիկ սիրո։
Շները, ովքեր հաչում են մեքենաների ետեւից
եւ նայում ինձ՝
ցույց տալու համար,
որ նրանք կան եւ ինձ հետ են։
Ընկերներս, ովքեր դեռ չեն հոգնել ինձնից,
ովքեր ինձ հետ սպասում են,
ովքեր գիտեն թռիչքի իմ ցավոտ փորձերի մասին,
որ մի օր, երեւի, կհաջողվեն։
Մայրս, ով ինձ չի հասկանում
եւ դրա մասին ասում է
առանց ափսոսանքի։
Ինձ թվում է՝ հիմա կգան ու կուտեն ինձ․․․
․․․բայց ինձ փրկում են սիրո հատիկները։
Անծանոթ մարդիկ, ովքեր ժպտացել են,
ծանոթ մարդիկ, ովքեր ուղղակի գրկել են,
երբ խոսքերն անիմաստ են եղել։
Տղամարդիկ, ում հետ խմել եմ ժամադրություններին,
ում չէի սիրահարվում,
բայց նրանց հետ ուրախ էր,
ես լավ էի կատակում,
երբեմն՝ նրանք էլ։
Վախերս փոքրանում են,
մարմինս ծանր չէ այդքան,
թեւերս ստացվում է թափահարել,
բայց թռչելու համար հիվանդ են դեռ։
Եթե հոգին կարողանար ործկալ
մեր այս զարմանալի մարմնի պես,
այնքա՜ն լավ կլիներ,
բայց ես ստիպված եմ ինքս դարձնել այս հոգին
մի հրաշալի մարմին,
որ կործկա այս թույնը։
Ինձ փրկում են սիրո հատիկները։
Բոլոր այն մարդիկ,
ովքեր գրել են,
որ իմ գործերն օգնել են նրանց,
որ նրանց մասին է թեկուզ մեկը
իմ գրած բանաստեղծություններից։
Ես աչքերս փակ հավաքում եմ սիրո հատիկները․
էլ բան չկա,
չեմ հիշում։
Ես ժպտում եմ, ես թույլ եմ,
այս ջահել մարմինը չպիտի ցավի,
բայց ցավում է։
Իսկ ներսում մի բան,
որ հաշտ չէ խավարի հետ,
որ այնքան ուզում է ապրել,
ասում է՝ սո՜ւս,
ես քեզ հետ եմ, հոգիս,
իսկ դու պարզապես նայիր վախերիդ ու անցիր,
նայիր բոլոր նրանց,
ովքեր ստացան լույսը,
իսկ տվածը ոչինչն էր,
ովքեր ժպիտիդ պատասխանեցին
սառը ու մութ դեմքով։
Նայիր նրանց ու անցիր,
որովհետեւ նրանք իրենց կռիվներն ունեն
եւ գուցե թույլ են ավելի։
Նայիր այս հասունացած դատարկությանը,
որ բույն է ուզում քո ծաղկուն հոգու մեջ,
եւ ասա, որ իր համար քիչ տեղ կա։
Նայիր քեզ, փակիր աչքերդ,
շնչի՜ր։
Քո թեւերը լավանում են։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *