ԻՆՆԱ ԿԱԲԻՇ | Բանաստեղծություններ

Ինա Կաբիշ

Քան թե թերթերի փսխուքը լափեմ,
լավ է` հայացքով փողոցը չափեմ,
ուր աֆիշներ են, ագռավներ, հերթեր,
լավ է` Ներոնի կյանքը ընթերցեմ,
քանզի Հռոմն ենք ըստ էության մենք.
և՛ արատներն են մեր կայսերական,
և՛ մեզ մոտ խաչյալ մարգարեներ կան,
ու մի օր պիտի հրի մատնվենք:
Լավ է` մասնավոր կյանքում այս անխախտ
ցեղակցիս համար գուլպա պատրաստեմ.
ուրիշ տեսակ է անձուկը այստեղ:
Մեկ չէ՛, թե որտեղ կլինեմ դժբախտ:
Լավ է` կերակուր տամ տղամարդուն
և խոհանոցում հասկանամ արդեն,
որ պոեզիայի ժանր է սա, անշուշտ,
որ ժողովուրդը` հենց տղամարդն է:

***
Ի՞նչ է, թե ուղի չէ ճերմակ թուղթը անկիրք:
Երբ սահում ես ձյունե թերթի վրա,
թվում է՝ մինչ Հիսուս կես քայլ, կես շունչ է պետք,
կես բառ՝ ու կհասնես արդեն Նրան:
Իսկ լուսամուտն անդին՝ ճամփա լայնատարած,
ու ժողովուրդ՝ ասես ելած ցույցի,
բայց առջևում նրա չի երևում Աստված.
բաժանվել են այնտեղ՝ շրջադարձին:
Բայց թե մեծ ու հզոր ժողովուրդը հանկարծ
այգն է դիմավորում Քրիստոսից հեռու,
կարևոր չէ արդեն՝ խումբ-խումբ է թե շարված,
ո՛չ իր, թղթի՛ս հետ եմ միշտ լինելու:

«ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ» պոեմից
Գինեկոլոգիա

• Հիվանդանոց`
աշխարհ մանրանկար,
մայր հայրենիք` պատկեր բնանկար:
Անկողնային ռեժիմ,
այսինքն` էլիտար:
Դե,եթե կարճ կապենք`
տոտալիտար:
Աշխարհն անկատար է հնուց ի վեր.
ողջ կնանիք`
այստեղ,
դուրսը`
կնկա հոգսեր:
Այստեղ կանայք,
անդին`
տղամարդիկ բազում:
Հետևանքն այստեղ է,
պատճառները`
դրսում :
…Երկնքի կեսն` արյուն,
ժամը իննից`
խճուղին աբստրակտ է Ծիր Կաթինից:
Գիշերներն էլ` երկար անպատժելիորեն:
Գիշերներն այդ` գիտեմ, թե ինչի համար են.
որ մտածես հստակ:
Մտածես ճիշտ`
բարձր ու գեղեցիկի մասին դու միշտ:
Նրանց համար, ովքեր աշխարհում կան:
Եվ այս կանանց համար,
նրանց անգամ,
Ովքեր մարմնով թույլ են, հոգով` անկամ:

• Կնկա արքայություն:
Մահճակալ:
Լուսամուտ,
և ձյուն`
աղի նման տերևներին նստած:
Չկա երջանկություն:
Պարզ է վաղուց:
Կա սեր:
Հետևանքն էլ ցավ` անկասկած:
Դե ինչ, մեր բաժինը այս է իրոք.
ատամն աչքի դիմաց
և արյունը` սիրո:
…Խաչ է երկնքում արդ:
Բժշկական օֆորտ:
Սկզբում` ակնթարթ:
Հետո`
աբորտ:

• …Եվ չունենալով բուժծանոթություն`
պիտի ճանաչեմ այս աշխարհն արդեն,
որ բուժեղբորը ջահել- կարմրաթուշ
իր իսկ մայրիկի ծոցը ուղարկեմ,
որ արնահոսող աղջնակին օգնեմ`
մինչև նախաճաշ ապրել կարենա,
խանձարուրները կարենա փոխել,
չհուսահատվի ու չչարանա,
որ սրտացավ ու թևանցուկ արած`
անտեր պառավին պետքարան տանեմ,
որ տեսնեմ անկումն այս համատարած
ու ծնել`
հանկարծ ես չփոշմանեմ:

***
Թե անառակ որդին տուն է վերադառնում,-
Դե, անառակ որդին ցերեկով է դառնում:
Թե վերադառնում է անառակ դուստրը տուն,
Գիշերով է դառնում ու գալիս է թաքուն:
Դուստրը, ինչպես որդին, նույն ճամփով է գալիս,
Սակայն նրա գրկին երեխա է լալիս:

***
Չքնաղ չեմ ասել ես ակնթարթին,
չեմ կարողացել ես «կա՛նգ առ» ասել
ո՛չ հայելու դեմ ողորկ ու անկիրք,
որի մեջ փթթուն պատկերս եմ տեսել,
ո՛չ սիրո մահճում` խռովքում կրքի,
ո՛չ տանը, որտեղ հանգիստն էր տիրում,
ո՛չ ամենից թանկ պահերի գրկին,
երբ տողերս էի արյունով գրում:
Ո՛չ իշխանություն, ծաղկուն կյանք կամ ուժ…
Բայց գիշեր-ցերեկ արցունքն իմ աչքին,
մանկանս կրծքիս սեղմելով քնքուշ`
«Կա՛նգ առ»,- ասել եմ ես ակնթարթին:

***
Դե ի՞նչ. ասենք թե էլ չես սիրում,-
չեմ մեղադրում քեզ անտեղի,-
այն, ինչ չես եղել իմ աշխարհում`
բարեկամ, ընկեր, եղբայր եղիր,
եղիր ո՛վ կուզես:
Բայց թող հուսամ`
Մի՛ կորչիր,
թեկուզ հեռու տեղից`
ինձ համար,
դրախտ իմ կորուսյալ,
դժո՛խք եղիր…

***
Բարեկամները երջանկության մեջ են ճանաչվում:
Մենք գիտենք ` դժբախտության մեջ ինչպես
պահենք մեզ.
ավանդույթներ ունենք:
Երջանկության մեջ մենք վայրենիներ ենք:
Դժբախտության պահին հավաքվում ենք
իրար գլխի,
երջանկությունից ցրիվ ենք գալիս,
խույս տալիս բոլորից:
Երջանկությունը ոչ ոքի հետ կիսել չի լինում:
Երջանկության մեջ ամեն բան առավել դժվար է`
մարդ մնալ,
աղոթել Աստծուն,
ստեղծագործել:
Երջանկությունը` ամենամեծ փորձությունն է:
Անցնում ես հրի, ջրի և… երջանկության միջով:
Երջանկությունը սառույցի տակ հոսող
գետի է նման.
վրան հալոցքներ են, անցքեր ու ճաքեր:
Բայց դրանից գետը չի դադարում գետ լինել:
Բոլոր դժ- բախտությունները
բախտ-երջանկության ներսում են:
Նա մեծ է ամեն բանից.
նրանից ոչ մի տեղ չես փախչի:
ՙՄարդը դարբինն է իր երջանկության՚,-
զառանցանք է սա:
Երջանկությունը հնարավոր չէ կռել ու կոփել,
նվաճել,
կառուցել:
Դժ-բախտությունն է, որ պետք է կառուցել,
իսկ բախտ-երջանկությունն արդեն կա:
Հիդրո- էլեկտրա- կայանը պետք է կառուցել,
իսկ գետն արդեն կա:
Երջանկությունն անձեռակերտ է,
ձեռքի գործ չէ,
այլ աչքերի գործ,
տեսնել է պետք, որ այդ հալոցքներն,
անցքերն ու ճաքերը
հենց գետն են որ կան,
որ այս տղամարդը, երկիրը, դարը`
երջանկությունն են հենց:
Երջանկությունն այն չէ, երբ ամեն բան լավ է,
այլ` երբ ամեն բան կա և` վերջ:

***
Չէ՛, Հոբի նման խոնարհ չեմ այդքան,
թո՛ղ որ բարի է Աստված գթառատ,
թո՛ղ որ սիրելով՝ պատժում է դաժան,
թո՛ղ որ զրկելով՝ բաշխում է առատ:
Թո՛ղ որ կբուժի վերքն իմ ցավագին
և առողջություն կտա ինձ էլի,
թո՛ղ որ զավակներ կծնեմ կրկին,-
առաջնեկներիս ո՞վ ետ կբերի:

***
Հարմոնիան ճշտվում է ոչ թե հանրահաշվի,
այլ թվաբանության միջոցով.
արվեստն ավելին է, քան մահը, բայց կյանքից ավելին չէ:
Մոցարտը հենց ա՛յն պատճառով է Մոցարտ,
որ երբ մահն է նրա ետևից գալիս,
խաղում է իր տղայի հետ՝ հատակին նստած.
Սալյերին դաշնամուր կնվագեր:

***
Որ նա ետ գա՝ ես չէի՞ քեզ աղաչում,
Տե՛ր իմ Աստված, գիշեր ու զօր, մշտապես:
Բայց իմ երկրում խավարն այնպե՛ս է աճում,
որ խոսքերն իմ ե՛տ եմ հիմա վերցնում ես.
թող նա մնա օտար երկրում, թե չէ՝ ի՜նչ…
դժոխքի մեջ՝ ուղեկցողներ պե՛տք չեն ինձ:

***
Նորից բաց դաշտի մեջ՝ հառաչանք է ու վերք,
նորից ագռավներ են պտույտ գալիս վերում…
Չէ՛, ոչ մի հայրենիք արժանի չէ երբեք
նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերում:
Երկինքներում վերին՝ բարձր պարգև կա, որ
նրանց բաժինն է, ով գեթ հասու է մի քիչ:
Եվ տեսնում է Աստված՝ ում է դա հարկավոր,-
իսկ կինը չի տեսնում արցունքների միջից:

Թարգմանեց  ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *