Արամ Ավետիս | Ինքնասպանի գրադարանը

…….որովհետև համենայն դեպս ոչինչ ավելի կարևոր չէ այն բառերից որոնք բանաստեղծություն են դառնում……

Ռիչարդ Բրոթիգան

«Աբորտ։ Պատմական վեպ 1966»

1971թ.

Կիև: «Ժողովուրդների բարեկամություն» մետրոյի կայարան. 10.18.21. 20:15

Ես մենակ քայլում էի՝ մտածելով իմ մենության մասին: Բայց ես այնքան միայնակ էի, որ ինձ թվում էր՝ ես մտածում եմ ամեն ինչի մասին բացի իմ մենությունից, բայց իրականում ես հենց նրա մասին էի մտածում՝ մտածելով ամեն ինչի մասին:

Ամեն ինչը իմ մենության արտացոլանքն է:

Հանկարծ տեսա Բրոթիգանի գրքերից մեկը վերցրի և սկսեցի քայլել մետրոյում և արդեն այդքան մենակ չէի զգում ինձ: Իր մենությունը տաքացրեց իմ հոգին, և ես սկսեցի մտածել նաև նրա մենության մասին: Ես, իմ մենությունը և նրա մենությունը: Երեքով մենք քայլում ենք դեպի գնացքը, որ մեզ կտանի այն ապագան, որտեղ մարդիկ իրենց անհետացող շողքի համար գրքեր կգրեն։

Օտտո Վեյնինգեր

«Սեռ և բնավորություն. Սկզբունքային հետազոտություն»

1902թ.

Լուսացույցի դեղին լույսը: Սպասում: Շեռով լցված աչք:

Ասում են՝ առաջին եվրոպացին, որ միզել է Դեղին ծովի մեջ Մարկո Պոլոն է եղել:

Ես՝ որպես առաջին եվրոպացի գրող, այս քարանձավում իմ հոսանքն եմ տալիս ձեզ, և իմ Դեղին ծովը իր մեծ ալիքներով ջնջում է ափին գրված կեղծ ձեն բուդդայական հիմար վեպերը:

Բուդդաֆորյա. ահա ձեր ուղղությունը:

Ե՞րբ է ձենը ձայն դառնալու այս համատարած շեռի ծովում:

Գաբրիել Վիտկոպ

«Ժառանգություն»

2020թ.

Այս համատարած սպանդանոցի մեջ, որտեղ ամեն ինչ տականք-լավատեսի ժպիտի մեջ է փտում, միայն գիրք կարդացողի մատներն են շարունակում մաքուր մնալ:

Սպանդանոց 5-ը արդեն 6 է դարձել: Այս աշխարհում միայն սպանդանոցը պրոգրես ունի: Ես լավատեսի աչքով նայում եմ միայն սպանդանոցի աճին:

 

Էմիլ Դյուրկհեյմ

«Ինքնասպանություն»

1897թ.

Իրականությունը մղձավանջ է:

Ես՝ այդ մղջավանջ-իրականության վիժվածք-արդյունքը:

 

Վլադիմիր Մայակովսկի

«Մահառաչի գրությունը»

12.04.1930թ.

Գիշերը նայելով պատուհանից դուրս՝ ասֆալտի այն փոքիկ կտորին, որ լուսավորում է լապտերը, ես արտասանում եմ Մայակովսկու վերջին բանաստեղծությունը.

Ծովը ետ է գնում

Ծովը գնում է քնում

Հետո գլուխս բարձրացնում եմ և նայելով երկինք՝ ասում.

-Լսե՛ք, չէ՞ որ, եթե աստղերը ընկնում են, նշանակում է, որ նրանք ոչ մեկի խեռին պետք չեն:

 

Լուի-Ֆերդինանդ Սելին

«Դիակների դպրոց»

1938թ.

Բերանը ճահիճ է, որտեղ բառերն են փտում:

Այսօր լվացվելիս  բաղնիքում մի զատիկ տեսա: Խոնավությունից կանաչել էր, ու բորբոսն էր կամաց-կամաց նրան ուտում: Ես հասկացա, որ դա Աստծո աչքն է, որ մեռած հայացքով նայում է իմ կողմը:

 

Անդրե-Մարսել Ադամեկ

«Մեռյալների թռչունը»

1995թ.

Ինքնասպանները շատ մաքրասեր են. նրանք ոչ միայն մաքրում են իրենք իրենց այս կյանքից, այլև շատ ուշադիր են իրենց մարմնի հանդեպ: Նրանց մարմնի նույնիսկ ամենածածուկ մասերից թարմ օճառի հոտ է գալիս: Նրանք ամեն ինչ անում են, որ չզգան սեփական հոտը՝ մարդու հոտը:

 

Բորիս Սավինկով

«Դժգույն նժույգը»

1913թ.

Դուռ ու վերք:

Վերք: Վեր: Վերև: Ամեն վերք դուռ է, որ տանում է դեպի վերև՝ դրախտ:

Վերք: Վիր: Վիրակապ: Վիրապ: Ամեն վերք դուռ է դեպի ներքև՝ դժոխք:

Վերքս բացվում է՝ ինձ տանելով դռան այն կողմը:

Ես մարդ չեմ, ես դինամիտ եմ,֊ ասում է Նիցշեն

Ես մարդ չեմ, ես դինաՄԻՏ եմ, ֊ասում եմ ես։

Նիկոլայ Էրդման

«Ինքնասպանը»

1928թ.

Ես  գրականության մեջ բարբարոս եմ: Ես փոխում եմ բոլոր օրենքները: Ես Գոմբրովիչի պես  գերադասում եմ որդուն օգնել հորը սպանել, քան հակառակը:

Հայրասպանությունը կփրկի գրականությունը:

Մեռած հորը, ասել է թե՝ դասական գրականությունը քարշ տալով մի էջից մյուսը. ուզու՞մ եք որդի ծնել: Ես նախընտրում եմ սպանելուց հետո մոռանալ նույնիսկ նրա գերեզմանը: Իսկ ժամանակակից տխմարները ոչ միայն չեն մոռանում փտած հորը, այլև լիզում են նրա գերեզմանի քարը, որ մի քիչ աղով համեմեն իրենց հանգած մտքերը:

Մոռացե՛ք, անառակ որդին երբեք հետ չի վերդառնա, քանզի անառակ որդին միայն կարող է ստեղծել նոր գրականություն:

Էդիպը, սպանելով իր հորը, բացեց գրականության համար մի մեծ ճանապարհ, իսկ սրանք, արդեն հազար տարի է անցել, չեն կարողանում թաղել այդ փտած պառավին:

Ես բարբարոսից դարձա Բառբարոս, որ գրականությունը ազատեմ այդ ծերացած դիակից:

 

Կոմս դե Լոտրեամոն

«Մալդորորի երգերը»

1869թ.

«Հրաշալի օր է այսօր,- ասում է Չեխովը,- կամ գնամ թեյ խմեմ կամ կախվեմ».

«Հրաշալի օր է այսօր,- մտածում եմ ես՝ Չեխովին կարդալով,- կամ պիտի կախվես կամ կոխվես»:

Ամեն դեպքում առաջինը միշտ ավելի բարոյական ընտրություն է:

 

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

«Երիտասարդ Վերթերի տառապանքները»

1774թ.

սիրելիս գրքերը եկան…նրանք արդեն ինձ մոտ են…դու ինչպես միշտ լավ նվեր արեցիր…Սելինի նոր գիրքը՝ որպես նոր տարվա նվեր, իհարկե, շատ դաժան է, բայց դու գիտես ես հենց այդպես եմ սիրում..ես քեզ սիրում եմ..դու միշտ իմ կողքին ես՝ շատ փոքրիկ, բայց նաև շատ մեծ…նկատի չունեմ հետույքդ..այլ սիրտդ…դու այն քիչ խելացի կանանցից ես, որ ինձ հետ եղել են…քեզ շատ եմ սիրում…մենք ամեն տարի նոր տարի ենք նշում, բայց դարը հին է մնում..մարդ չի փոխվի ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օր…նա ուզում է ապրել նոր տարում, որովհետև տարին այն միակ բանն է, որ փոխվում է, իսկ նա ոնց կար տենց կմեռնի…դե լավ…հուսով եմ՝ իմ սերը քո հանդեպ միշտ նոր կլինի…ես քեզ սիրում եմ…

այսպես խոսեց Զրադաշտը,

բայց դաշտանով աղջկա համար միևնույն էր թե ինչ խոսեց Զրադաշտը:

 

Մարսել Ժուանդո

«Ծերության և մահվան մասին»

1956թ.

«Էրոսից մեկ քայլ է դեպի էրոզիան»,- մտածեց երեսունամյա Մալդորորը, որ, անկյունում կանգնած, մալբորո էր ծխում:

Կիրիկոն, երբ «Հեբդոմերոսն» էր իր գրում, երեսուն տարեկան էր և իրեն նմանեցնում էր Նիցշեի Զրադաշտին,  որ երեսուն դառնալուն պես թողեց իր հայրենիքը և գնաց լեռներ: Կիրիկոն խոսում է մարդ-հանգույցների մասին, որոնք այդպես էլ չեն բացվում:

Երբ ես իմ Բառնետին էի ստեղծում, երեսուն տարեկան էի և իրեն պատրաստում էի՝ Մալդորորին նայելով: Ես հանգույցը բացեցի թրի միջոցով, իսկ հիմա այդ թուրը ձեզ եմ փոխանցում, որ վերջապես, բացելով ձեր որովայնը, դադարեք Հանգույց լինելուց:

Իսկ հանգ-հանգույցները դեռ շարունակում են գրել իրենց բանաստեղծությունները, և դեռ քանի գիրք պիտի գրեմ իմ թարախ-թանաքով, որ վերջապես վերանան այդ հանգ-հանգուցյալ սերունդները:

Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

«Ինքնասպանների ակումբ»

1878թ.

Երթուղայինի մեջ նստած ես նայում եմ պատուհանից դուրս և տեսնում դեպի երկինք ուղղված ֆալոս-խողովակները, որոնք երկնքի կապույտի վրա են թափում իրենց սպիտակ գոլորշի-սերմը:

Հովհաննես Մկրտիչը մի տեղ գրում է. «Որպեսզի գնաս այնտեղ չգիտեմ որտեղ, գնա այնտեղ չգիտեմ որտեղ»։

Ինչպես տեսնում եք, հոգևոր հայրերը մեզ «հստակ» ճանապարհ են ցույց տալիս: Դրա համար որդիները հաճախ ընտրում են ինքնասպանությունը: Եվ լավ են անում: Կորցնելով որդիներին՝ հայրերը միգուցե իրենք որդի դառնան:

Իսկ այդպիսի սրբերի կյանքում միշտ մի պոռնիկ Սալոմե է հայտնվում, ի դեպ, որի մասին մարդիկ ավելի հետաքրքրությամբ են կարդում և նույնիսկ սրբացնում, և այդ բոզը իր պարով կտրում է սրբի գլուխը:

Դե ինչ, ես համակերպվել եմ այն մտքի հետ, որ շատ կարևոր գրքերից անհետացել են ամբողջական գլուխներ, իսկ դրանից հետո ինձ համար լրիվ միևնույն է թե որ սրբի գլուխն են կտրել:

 

Անտուան Վոլոդին

«Բարդո կամ ոչ Բարդո»

2004թ.

Հանգչեք խաղաղությամբ բոլոր ծնվածներ։

 

Ժերար դը Ներվալ

«Պատմություն արշալույսի թագուհու և ոգիների տիրակալ Սուլեյմանի մասին. սրճարանում պատմած լեգենդը»

1851թ.

Փողոցի լապտերից կախվեց Ներվալը, և իր ինքնասպանությունը լապտեր դարձավ ապագայի պոետների համար: Իսկ ոմանք կախված Ներվալի կլրից կախվեցին և լույսի փոխարեն մեռած սերմ են շաղ տալիս միայն:

Լապտերի վրա գրված էր. Խնդրում ենք կախվածների կլրից չկախվել:

 

Ա.Ա.

«Երբ առնետները կարդալ գիտեին»

2020թ.

-Ասա՛ անունդ։

-Չեմ ասի։

-Ինչի՞։

…….որովհետև համենայն դեպս ոչինչ ավելի կարևոր չէ այն բառերից որոնք բանաստեղծություն են դառնում……

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *