Նարինե Աբգարյան | «The Leftovers», կամ ի՞նչ, եթե Սիզիփոսը կանգ առներ, շունչ քաշեր և զններ քարը

«Մարդը դատապարտված է լինել ազատ»,- ասում էր Սարտրը՝ հղումներ տալով գոյաբանական պարադոքսին, որի հետ մարդկությունը մշտական պայքարի մեջ է։ Այս պայքարի հորձանուտում ստեղծել են ֆիլմ՝ մնացորդների, մնացողների կամ մնացածների մասին՝ «The Leftovers», որի ոսպնյակի տակ, անհատական ընտրությունից զատ, հավաքական ազատությունն է՝ ազատագրող և ծանրաքաշ։

Դյուրկհեյմը գտնում էր (իսկ նրա գտածոները խիստ մոտ են ճշմարիտ լինելուն), որ հասարակությունը ոչ միայն իր անհատների միությունն է, այլև փոխհարաբերությունների բարդ ցանց, որը խորապես ազդում է նրա ներսում գտնվող յուրաքանչյուրի վրա: Բացահայտելով կոլեկտիվ հոգեկանի պայքարը կորստի դեմ՝ հարմարումը անբացատրելի ողբերգությանը և մակընթացությունը հավատքի ու անհավատության փոթորկալից ջրերում՝ «The Leftovers»-ը համոզիչ է դարձնում դյուրկհեյմյան այս համոզմունքը: Ինչպես պատմական նարատիվները կանգնեցնում են մեզ մեր ազատության ծանրակշիռ պատասխանատվության առաջ, այնպես էլ այս վիզուալ պատումը ստիպում է մեկնությունների և հավատքի, անհանգստացնող ազատությունների հետ հաշվի նստել մի աշխարհում, որն անդառնալիորեն նշանավորվում է բացակայությամբ և երկիմաստությամբ:

«The Leftovers»-ը՝ հավաքած գոյաբանական թելերով, որ ձգվում են կորստի, լքումի և իմաստի փնտրտուքների, մարդկային տառապանքի հանդեպ առերևույթ անտարբերության մետաֆիզիկական այս վակուումում, փազլ է, հայելիների սենյակ, որի միջով շրջում ենք՝ որսալով մեր հասարակական և անհատական արտացոլումների ակնթարթային ակնարկները:

Աշխարհի բնակչության 2%-ն անհետանում է մեկ ակնթարթում, անբացատրելի։ Հիմա տրադիցիոն սոցիոլոգները կխճճեին թվերը, հարցումներ կանեին, կհաշվեին կորուստը և կդասակարգեին արձագանքները։ Բայց սա մարդահամար չէ: Սա մարդկային խճանկար է այն մասին, թե ինչ է մնացել, ինչ է մնում վիճակագրական անոմալիայից հետո։

Հաճախ են պատահում մտորումները «communitas»-ի և լիմինալության մասին: Հերոսները՝ լինի դա Քևինի տարօրինակ շամանիստական ճամփորդությունը դեպի անդրաշխարհ, թե Նորայի՝ կեղծ գիտության հուսահատ կիրառումները՝ իր կորցրած ընտանիքի հետ կապ հաստատելու համար, խրված են այս տարածության միջի և միջև տիրույթում, սրանք սոսկ սյուժետային կետեր չեն, այլ ժամանակակից կինոպատումի քարանձային պատերին արվող մարդաբանական մակագրություններ:

Համաշխարհային ողբերգություններն իսկապես կազմում են մի անտեսանելի եթեր, որը միավորում է մարդկությանը՝ երբեմն վշտի, երբեմն մեղավորության շուրջ։ Արձագանքը համաճարակին կամ պատերազմին ուժեղացնում է արդեն իսկ ընդգծված բևեռումները. նրանք, ովքեր կառչում են անցյալից, հրաժարվում են առաջ շարժվել՝ ընդդեմ նրանց, ովքեր ճնշում են կյանքը՝ երբեմն անզգույշ, կարծես այն պետք է շարունակվի՝ իր պատճառած վերքերից անկախ:

Առաջին հայացքից վերջինս ավելի առողջ հեռանկար է թվում։

Էկզիստենցիալիստները հավանաբար կհամաձայնվեին. դիմակայեք աբսուրդին, ընդունեք ձեր ազատությունը և գծեք ձեր ճանապարհը: Սա մի փոքր նման է հեդոնիստական ներկային ժամանակի հեռանկարի տեսության մեջ, որի մասին պատմում էր ընկերներիցս մեկը. ապրեք հիմա, քանի որ անցյալն այլևս չկա, իսկ ապագան անորոշ է: Այնուամենայնիվ, հետպատերազմ, հետհամաճարակ, և մեզանից շատերը գալիս են ավելի շատ հարելու առաջին ճամբարին: «Բացասական անցյալի» կողմնորոշման մեջ ներկառուցվածները պարզապես խրված չեն այնտեղ. նրանք պայքարում են եղելության ծանրության և հավաքական տառապանքի իներցիայի դեմ: Ինչպե՞ս կարելի է պարզապես սրճել և թերթել մեմեր, երբ իրականությունը փշրվել է: Անցյալը փոթորկի մեջ թաց շորերի պես կառչում է նրանց՝ ծանր ու անսասան։ Սա խոստովանություն է, որ ոչ բոլոր վերքերն են լավանում, ոչ բոլոր սպիներն են բթանում: Ոմանք ներքաշվում են համայնքների և անհատների բուն էության մեջ՝ պահանջելով ճանաչում, պահանջելով, որ մենք, եթե անգամ նախընտրում ենք չմեռնել, հանկարծ չմոռանանք և շարունակենք ապրել։

Նրանք սուզվում ենք մարդկային համընդհանուր հիշողության մեջ, որը խցանված է արխետիպերի և էքզիստենցիալ հուսահատության հարուստ համով: Սա պարզապես վիշտ չէ. նրանք ճանկռում են իրենց անգիտակցական մտքի մութ թունելները՝ գտնելու անիմաստը իմաստավորելու միջոցներ: Նրանք Սիզիփոսն են, հրում են քարը, բայց «The Leftovers»-ը հարցնում է. իսկ ի՞նչ, եթե Սիզիփոսը կանգ առնի, խորը շունչ քաշի և զննի քարը։

Հանելուկային «Մեղավոր մնացորդ»-ից մինչև Ջարդենի էկլեկտիկ ծեսերը, ֆիլմը ցույց է տալիս, որ միֆերը միայն խուսափում չեն, այլև հասարակական անհրաժեշտություն, կառուցվածքներ, որոնք մենք հյուսում ենք՝ դրան ձև և ուրվագիծ հաղորդելու համար: Ինչ-որ կերպ այս միֆերը կոլեկտիվ հաղթահարման մեխանիզմ են, վահան՝ գոյության բացարձակ պատահականության և դաժանության դեմ:

Բարեկամս, հետկորստյան վիշտը մեզ մարտահրավեր է նետում ոչ միայն հարց տալ, թե ով ենք մենք, այլ նաև, թե ով կարող ենք լինել, երբ զրկվենք մեզ խարսխող համոզմունքներից: Եվ այդ հարցադրման մեջ, այդ ինտելեկտուալ և զգացմունքային հետապնդման մեջ մենք գտնում ենք ոչ միայն մեր արտացոլանքը, այլ ինքներս մեզ՝ մեր վախերը, մեր հույսերը և իմաստի մեր մշտական որոնումը մի աշխարհում, որը հաճախ թվում է, թե դրանից զուրկ է:

Իրական աշխարհի ողբերգության լրացուցիչ շերտերը, որ ներկայացնում են «Մնացորդները», նախազգուշական պատում է, առակ՝ մեր անջատված ու բաժանվող ժամանակների մասին: Այն, ինչ ժամանակին գեղարվեստական անհետացման մասին շոու էր, դառնում է այլաբանություն՝ մեր սեփական եղելության մասին։

Այս պատումը նման է դեկանտերի. այնտեղից լցվում են տանինների պես բարդ և թունդ մտորումներ: Հեղուկը պտտվում է՝ գրավելով լույսը, ֆիքսում է մեր խիստ խեղճ ու մարդկային վիճակները՝ հազարապատկված կոլեկտիվ ողբերգությունների պրիզմայով, լինի դա անբացատրելի անհետացում, համաճարակ, թե պատերազմական սեյսմիկ ալիքներ: Մարդիկ կողմեր պիտի ընտրեն, հասկանու՞մ եք։

Նրանք, ովքեր կրում են անցյալի ծանրությունը, ինչպես մարտական հիշողություններով հոգնած զինվորներ, անհավատորեն նայում են մյուս ծայրում դեպի անորոշ ապագա պարողներին՝ գրեթե անլուրջ լքվածությամբ: «Ինչպե՞ս,- հարցնում են,- կարող ես ապրել»:

Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ անհատի կամ համայնքի սիզիփյան առաջադրանքը համընդհանուր ճանաչված կամ ընդունելի չէ: Ի հայտ են գալիս հաղթահարման տարբեր մեխանիզմներ՝ առաջացնելով ճեղքեր հասարակական հյուսվածքներում: Բաումանի «հեղհեղուկ արդիականության» այս դիստոպիայում «Մեղավոր մնացորդը» և նրա հակառակորդը պարզապես հաղթահարման սպեկտրի հակառակ ծայրերում գտնվող մարդիկ չեն. այնուամենայնիվ, կոլեկտիվ տրավմայի ներքին ճիրաններում այս գաղափարական բաժանումը վերածվում է մարտադաշտի: Այն հասկացությունը, որ պետք է «առաջ շարժվել» ողբերգությունից, դառնում է ոչ միայն անձնական հեռանկար, այլև սոցիալական արժույթի ձև, որն օգտագործվում է մարգինալացնելու նրանց, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում համապատասխանել այս նորմատիվ ձևին: Երբ հասարակությունը պնդում է, որ կա վշտանալու կամ հաղթահարելու «ճիշտ» միջոց, այն ցանում է վրդովմունքի և բաժանման սերմերը: Անցյալում խրվածների վրա կուտակված դատավճիռը դառնում է տառապանքի լրացուցիչ շերտ՝ Ժիրարի քավության նոխազի տեսության մեջ տրոհված համակարգային մեղադրական մշակույթի արձագանք:

Տարօրինակ հեգնանք է, որ ճգնաժամի ժամանակ համերաշխություն փնտրող հասարակությունը հաճախ մասնատվում է դատապարտող խմբերի: Ուրիշներին հաղթահարման «սխալ» մեխանիզմների համար մեղադրելու անհրաժեշտությունը արտացոլում է խորը անապահովության զգացումը: Ձեռքերը վեր պարզած՝ մարդիկ խուսափում են դիմակայել սարսափելի ազատությանը, մեր գոյությունը մեկնաբանելու և սահմանելու ազատությանը՝ դրան բնորոշ երկիմաստությունների ներքո:

Այս ֆոնի վրա ֆիլմը չի ընտրում կողմեր, այլ ծառայում է մեդիտացիոն տարածություն, դադարի և մտորումների հրավեր. մի շեմային տարածություն՝ բաժանման և վերաձուլման փուլերի միջև:

Անպատկերացնելի իրադարձության զուտ դրամատիզացիայից հեռու՝ այս ֆիլմը վերածվում է անբացատրելիի և անդառնալիի նկատմամբ մարդկային արձագանքների հարուստ շտեմարանի: Այն վկայում է հաղթահարման բարդությունները մի աշխարհում, որը մշտապես կանգնած է անորոշության եզրին, մի աշխարհում, որը երբեք թույլ չի տալիս մոռանալ մեր գոյության պարտավորությունը կամ մեր պատմական բեռի ծանրությունը: Հիշողության և մոռացության այս խճճված շարքը ներկայացնում է մի բաց հարց, փիլիսոփայական քոան մեր ժամանակների համար. ինչպե՞ս ենք ապրում իմաստալից, երբ մեր տակ հողը մշտապես խարխլվում է։

«The Leftovers»-ը շատ առումներով իմաստի էկզիստենցիալ որոնմանն ուղղված հյութեղ հեգնանք է, կամ գուցե դրա սարդոնիկ քննադատություն: Մենք նետվում ենք մի աշխարհ, որը զուրկ է որոշակիությունից, ուր դրդված ենք քանդակել սեփական արժեքներն ու մեկնաբանությունները: Դրանով հանդերձ՝ այս նարատիվը հաճախ մատնանշում է մեր որոնումների անիմաստությունը։ «M is for the meaning, we have searched everywhere»։ Նմանապես, անիմաստ աշխարհում իմաստ գտնելու կամյուզյան որոնումը այստեղ գրեթե սահմանակից է աբսուրդին: Ի վերջո, եթե Մեկնումը մարգարեական է, այն քարոզում է, որ կյանքում պատահականությունը կարող է հակադրվել նույնիսկ ամենալուրջ փիլիսոփայական մխիթարանքին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *