Էլլա Կանեգարիան | Իստանբուլ ինքլյուզիվ

քաղաքի համի ու համը հանելու մասին

– էս են ուզում մարդիկ: Ուզում են ուտեն, ուտելն է իրանց փորձառությունը, ես էլ գոնե նենց տեղեր եմ տանում, որի տերերը լավ մարդիկ են,- ասաց թուրք դոկումենտալիստ, ով հիմա AIrbnb Experience-ով Ստամբուլում տուրեր է անում, որ փող աշխատի (որն ի դեպ Հայաստանի համար դեռ փակ է): Սա նրա պատասխանն էր իմ բողոքին, որ իր «քաղաքի փորձառություն» նկարագրում ունեցող տուրի մեջ մտնում էր մենակ ստեղ-էնդեղ ուտելը: Իհարկե ուտելն էլ մասամբ կարող է տալ պատկերացում քաղաքի մասին, բայց արդյո՞ք մենակ ուտելը փորձառության համար հերիք է, կամ քաղաքի համն ու հոտը արդյո՞ք մենակ խոհանոցներում է թաքնված:

Արդեն մի երկու ժամ էր մնացել տուրի ավարտին, դրա համար խնդրեցի էլ ոչ մի տեղ չգնանք, հենց նույն ռեստորանում էլ մնանք: Գիդը հեշտությամբ համաձայնվեց, երևում է՝ ինքն էլ էլ չէր դիմանում ամբախ-զամբախ ծամելուն ու միաժամանակ խոսալուն: Մի պահ երկուսս էլ լռեցինք ու ամեն մեկս մեր մտքերով կենտրոնացավ իր պստլիկ թեյի բաժակի վրա: Գիդն ընդհատեց լռությունն ու ասաց, որ սա իր ամենասիրած տեղն է` համ ձուկն ա համով, համ տուրիստ չկա` բացի իրա բերածներից, համ էլ էն քիչ կետերից է Ստամբուլում, որտեղ բան չի փոխվել՝ ոչ տերերը, ոչ ամանները, ոչ գները, ոչ էլ ձկնապուրի համը, հետո կտրուկ փոխեց խոսելու ձևն ու կինոհերոսին սազական առոգանությամբ ու շարժուն միմիկայով ասեց…

– Հետաքրքիր է, որ անստաբիլության կիզակետում միակ ստաբիլ բանը, որ կարող է մնալ, համն ու հոտն է: Դրանց ստաբիլ ներկայությունը լիքը մարդկանց թույլ է տալիս չնկատել, որ իրանց տունն էլ չկա, որ իրանց վիճակն իրականում վատ է, որ իրանց քաղբանտարկյալները օրեցօր շատանում են…

Հետո գիդը ձայնն իջեցրեց ու ավելի ցածր տոնով շարունակեց նենց, ոնց որ պատրաստվում էր կարևոր գաղտնիք փոխանցել ինձ.

– …Էրդողանի օրերը հաշված են, կտեսնես, մարդիկ իրա իսկական դեմքը տեսել են ու էլ չեն ուզում իրան: Հեսա Իմամոլուն կգա իշխանության (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու, Ստամբուլի ներկա, թվով 32-րդ քաղաքապետ) ու սաղ կդզվի մեր երկրում: Ես արդեն տասը տարի եմ էստեղ ապրում ու վերջին տարիներին հա նենց եմ զգում, ոնց որ ուրիշ տեղ լինեմ, էնպես եմ կարոտում Ստամբուլը, ոնց որ այլ տեղ լինեմ:

– Հմմ, կարող ա նոր շենքերից ա, մի քիչ էլ քաղաքային լանդշաֆտն ա փոխվել ու վիզուալ կտրվել ես քեզ ծանոթ քաղաքից: Երևանում ես էլ սկսեցի նույնը զգալ Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո, այլանդակ տիպ ա` մեր քաղաքի հետ չբռնող, բայց պետք էր երևի, որ ինքը լինի կամ էլ արդեն տենց եմ սովորել մտածել,- «ԼԱՆԴՇԱՆՖՏ» ու «ՎԻԶՈՒԱԼ» բառերից գիդը ծամածռվեց որպես սուր անհամաձայնության նշան, կամ էլ էդ պահին ատամի տակ պղպեղի գնդիկ էր ընկել: Մի կում արեց իր միկրոսկոպիկ թեյից ու արդեն ավելի բարձր տոնով ասաց.

– Ես չեմ կարոտում Ստամբուլը ֆիզիկապես, ես կարոտում եմ նրա կարևորությունը: Բայց հիմա ինքը դարձել է անկարևոր, սառնարանի վրայի մագնիսիկ, փող գռփելու ապարատ:

– Բոլոր մեծ քաղաքներն էլ փող գռփելու ապարատ են:

Նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ժպտալով ցույց տվեց հետևիս պատուհանին.

– Հետևիդ շենքին մի հատ կնայե՞ս:
– Հետևս շենք չկա, պլակատ ա կախած պատերի վրա:
– Հենց դրա հետ եմ, սիրուն հին շենք էր, իսկ հիմա տեղը գիտե՞ս ինչ է լինելու:
– Չէ:
– Հյուրանոց կամ ռեստորան կամ էլի նման մի բան: Լիքը կառույցներ տեղահանման ժամանակ Emval-i-Matruke-ի համաձայն (լքված տարածքների օրենք) բռնագրավվել են հայերի ձեռքից: Տերերին աքսորել են, իսկ ըստ նոր օրենքի, եթե տարածքի տերը չկար, ուրեմն տարածքը մնում էր պետությանը, պետությունն էլ ինչ ուզում, անում էր, ում ուզում, տալիս էր: Մարդիկ վերցնում էին տարածքը, առանց հասկանալու դրա արժեքը, դրա համար էլ էդ սիրուն գյուզալ շենքերը սարքեցին խանութներ կամ ուտելու տեղեր: Տերերն էդպես չէին անի: Էս շենքն էլ էր հայերինը մի ժամանակ: Հիմա խմի վերցրածդ չայը, խորը շունչ քաշի ու տեսնեմ նորից կարող ես նույն բանն ասել էդ անտարբեր տոնով:

Ես խմեցի չայս, խորը շունչ քաշեցի, նույն կերպ անտարբեր նայեցի նրա դեմքին ու կրկնեցի.

– Բոլոր մեծ քաղաքներում նույն բանն է կատարվում:

Ի՞նչ անեմ, տխուր նայե՞մ, որովհետև 1915-ին մեզնից ծիխարի տարան մեր ունեցածը ու շպրտեցին դուրս մի տեղից, որը հավասարապես բոլորի՞նս էր: Դե տխուր ա, բայց ի՞նչ անեմ: Մյուս կողմից էլ կապիտալիզմը ազգություն ու կրոն չի ճանաչում, իրա ամենացածր կետը՝ սպառողականությունը, ամենակուլ վարակի պես վերցնում է ամեն ինչ ու դարձնում օբեկտ: Ու ես վստահ չեմ, որ եթե գիդի ասած կառույցները մնային մերոնց, մենք իրանց հետ այլ կերպ կվարվեինք:

Իհարկե, կարող ես հավատալ, որ հայերն իրենց շենքին այլ, ավելի վեհ ֆունկցիա կընծայեին, բայց դա ռոմանտիկ իլյուզիա է: Կապիտալիզմը ազգության չի բաժանվում, մեկ-մեկ կարող է գործածել ազգության էլեմենտը որպես դեկոր, բայց զուտ էդքանով էլ կսահմանափակվի:

Քաղաքը միշտ հարմարվում ա սպառողի պահանջին, տալիս էն, ինչ ուզում են. վարդի ջուր են սիրում Բոսֆորի ափին, դավայ, պտտվող յուբկայով տղամարդ, անկախ նրանից դերվիշ ա, թե չէ՝ պաժալստա` պտտեցնեն սաղին, ով պինդ կպած չի գետնին, իսկ ով պինդ կպած ա, մի ձև կպոկեն, ոնց տասնհինգին պոկեցին՝ սիրուն ու հիմնովին:

Մատուցողը ներողություն ասելով բերեց ուշացրած ձկնապուրը, գիդը դեռ նայում էր դեմքիս` փորձելով հասկանալ, թե ինչ եմ մտածում, իսկ ես արդեն ցրել էի մտքերս ու մտածում էի լիմոնի մասին՝ սուպը լիմոն ա ուզում: Լիմոնն էս պահին ավելի կարևոր է, քան էն մտքերը, որոնք կարող են մենակ տանել դեպի ափսոսանք, իսկ ափսոսանքը ոչ մի բրդող ուժ չունի` դատարկում ա: Դրա համար ես ընտրեցի լիմոնը, իսկ գիդը դեռ փորձում էր ավելի վեհ երևալ, քան սուպը, լիմոնն ու ես.

– Հա՛, սաղ քաղաքներում էդպես է, բայց ես չկամ էդ բոլոր մեծ քաղաքներում, ես կամ ստեղ, իմ կռիվը ստեղի համար է,- ասաց գիդն ու անցավ իր ձկով սուպին՝ ավելացնելով ,- հա, մոռացա ասեմ՝ մեր տուրի մեջ նվեր էլ է մտնում՝ քաղաքի ամենահամով բակլավան,- ու շարունակեց մոնումենտալ ձայնով չփչփացնելով ուտել իր սուպը:

Նրա հետևի ֆոնին հեռուստացույցով ֆռռում էին Սիրիայի պատերազմից կադրեր: Հեռուստացույցի ձայնն անջատած էր, բայց միացրած էլ լիներ, մեկ ա ռեստորանում նստածների ռեակցիան դրանից չէր փոխվի, չէր փոխվի նաև ծամելու առոգանությունը, ռիթմն ու ցանկությունը: Իմն էլ՝ հետը:

Մենք արդեն սովոր ենք էս պատկերներին` լացող երեխաների դեմքերին, կիսաավերված տներին: Մեզ դա էլ չի կպնում, քանի դեռ իսկականից չի կպնում, ու մտնում ոսկոր:
Մենք դմբրել ենք արտաքին աշխարհի հանդեպ, բայց զգում ենք, երբ մեր ամերիկանոն վառած է կամ ձուկն ալանի, որովհետև համերը դեռ զգում ենք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *