ՀԱՅԳ | Ոչ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ

Հայգ

Ոչ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ:
Հպարտ, հպարտ տղա,
վիսկին հանել ես հայրական հավաքածուից
և բերել ես խմելու,
որ թաքցնես խնդիրներդ,
որպես հարգանքի առհավատչյա,
որպես շնորհակալություն.
հպարտ, հպարտ տղա,
ժպտում ես, կատակում,
ցուցադրում անկաշկանդ շարժուձև,
նեղված, նեղված ու
զգում ես տեսանելի աղքատությունդ,
Չեխոսլովական վիսկին խմելու բան չէ
և ես խմում եմ բավականությամբ,
և ես ասում եմ,- ափսոս սառույց չկա,
և ես հիանում եմ համով,
ձևացնում եմ,
ձևացնում ենք,
հպարտ, հպարտ:

դուրս չեկավ լիրիկ

Լիլ, բարև, գարունս,
շունչ տվիր տողիս, դողիս,
իմ արածը անարդար է, հում է,
ես արյուն եմ, խեղված կռինչ:

Լիլ, եղածը կակուղ էր,
աղերսս հոգի չունի,
Լիլ, ազնիվ ես, քույր ես,
Լիլ սպանիր ինձ ու մի ներիր:

Ես փորձում եմ քեզնով ապրեցնել
ճիչերս, որ չունեն մեխեր,
Լիլ, նարցիս եմ, նարցիս եմ,
չեմ թողնում կտրվես թելից:

Լիլ կեղտոտ ես, քիչ ես,
Դե սպանիր ու մի ներիր:

Չթողնես մոտենամ,
ես ճահիճ եմ,
չթողնես մոտենամ էլի:

***
Երբ փնտրում ես հայկական բան
հունական անվան ռուսական գրության կրճատ արտահայտման մեջ,
երբ փնտրում ես հայկական բան
Ռենի փողոցների քարաշերտերում,
երբ փնտրում ես հայկական բան
ֆրանսիական գինու ու հացի մեջ
ու գտնում ես հայկական բան
ֆրանսիացի արաբի դիմագծերում,
ժամանակն է վերադարձի,
ու սփոփանք չի դառնում քաղաքային ստադիոնում
արածդ գրաֆիտին` “Արարատ 73”,
հոլանդացի աղջիկը, ով եղել է Հայաստանում
և մի երկու հայերեն բառեր է ասում ամեն հանդիպմանը.
“ջիգյար”, “մեռնեմ բոյիդ” կամ “պրիվետ”,
քեզ հուշում է,
որ չկաս,
քանի դեռ փնտրում ես հայկական բան`
սովորական ապրելու փոխարեն:

***
Բացասական լիցքեր, հոդվածներ դաժան,
մտքեր մոտալուտ վախճանի, մտքեր դռնփակ,
իսկ եթե այդպես չէ, իսկ եթե անկյունը փոխես,
գուցե կուլ տվածդ խայծը քեզ ափ քաշելու համար է:
Վերբեռնիր լրահոսը.
միջադեպերի վրայով թռիր,
կուտակվածդ քամահրանքը շպրտիր քաղաքական գործիչների
մտքերի, բարքերի, վերլուծությունների ու եզրահանգումների ուղղությամբ,
կարդա միայն մշակույթային, գիտական հանդեսներ
թեթև տար, կյանք է կլինի:
Կայքերի առաջին էջին.
«Մայրը սպանել է իր երկու որդիներին և կախվել: Նամակում նա խնդրել է չմեղադրել իրեն, քանի որ ամուսինը վաղուց է Ռուսատանի Իժևսկ քաղաքում և չի օգնում, հարևանները թարս են նայում, երեխաները չունեն հագուստ դպրոց գնալու համար, ինքը աշխատում է առավոտից երեկո որպես աման լվացող և չի հասցնում Վարսիկի խանութի պարտքերը տալ, հոգնել է և չի ուզում, որ իր երեխաները որբ մեծանան»:

***
Թերակղզին, որ կղզի էր,
իր մենության ճայերի կարիքը չունի,
իսկ ճայերը դեռ հանգստանում են
մենաստանի վերականգնված գմբեթներին՝
հիշելով ծաղկած սրբատաշ քարերի
ու ժայռաբեկորների խոնավությունը,
գրավելով զբոսաշրջիկներին՝
ճգնակյացի փոխարեն,
դեպի թերակղզի, որ կղզի էր:

Կրակոց

Հերթի վրա տողեր,
հյուսած ծաղիկներից,
որ շիրիմին թողեց
Մայրը:
Հերթի վրա տողեր,
եփված կոտլետներից,
որ բերդ բերեց
Մայրը:
Հերթի վրա տողեր
անհերթ կորուստների,
անհերթ,անհերթ,անհերթ…

Աստված մեռել էր, օրհնյալ է հարությունը աստծո

Աչքերս փակած պատկերացնում եմ լույսը երկնային…
… և կուրանում եմ:
Իրողությունները ներկայանում են իրենց կառուցվածքների պատկերմամբ և եռագագաթ տիեզերքը, երկսայր սուր դարձած, կորցնում է իր սայրերի սրությունը, ձեռքը կիրառող և ձեռքը բանական ահա բանալին խաղաղության, ասում էին առիթ փնտրողները և հակադարձվում հաշվապահ վարձողների հետևողականությամբ, սրտատրոփ փնտրում էին փակ սենյակներ բաց լուսամուտների հետևում:
Իսկություն վերջնական, իսկություն ընթացիկ:
Հերթական վերբեռնում, բարև Պլատոն, կողակիցը բերանեց, այն է ինչ հարաբերվում է ու կրկնում, նոր հագուստ՝ հակառակը չուզել է, մինչև չասեն որ ուզում ես ու ընտրություն չկա:
Ամենամոտ Լուսինը հետքեր է թողնում իմ պատի վրա՝
խաղողի վազի ստվերները,
ճաղավանդկաները,
մոխրագույն, մոխրագույն:
Հետևանքները առաջնային են, պատճառները հարմարեցված, համակարգերը ատոմային ու արանքի եթերը լիցք չի կրում, առարկա անվանված, հակասում հակասմանը և որևէ հաստատում, հասել ենք, ենքը որպես դիտակետ, որպես արևամուտ ու ծնվում է հեգեմոնիան առանց ֆորմալ ֆիզիկականության:
Զարմանք, հավատ, կասկած, ժխտում, հեռակա զարմանք…
Ցանցահոր վերընթերցում, արդ ընդհանրությունը մեկտեղ է, կետ առանց գծերի, ամենը մեկ է, արտացոլված մեկ և հենման կետ, խաղարկված իրողությունների մեկնիչը՝ առաջին հարց:
Երկրորդ հարցը ածանցի առկայությունն է, ինքնուրույն իրողություն, ինքնություն մեկի բազմազանության մեջ, անսեռ է և հաջորդ քայլը կորուստ ու գյուտ:
և էակներ կգան, անմահ,
ինքնաբավ ու հոսուն,
հոլոգրաֆներ, գրաֆներ, բառեր, նիշեր
այն է, ով է ուրիշ,
վարագույրը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *