Մայքլ Քանինգհեմ | Գազանները

Նկարազրդող ՝ Յուկո Շիմիձու, ձևավորման հայերեն տարբերակը՝ Հարություն Թումաղյանի

Ա՜խ էդ հեքիաթները՝ մանկուց մեզ ծանոթ առաջին կախարդական, չտեսնված պատմությունները՝ երբեմն էնքան արտառոց, եթե չասենք՝ սարսափազդու, որ շատերիս հիշողության ծալքերից առայսօր համառորեն վեր են հառնում, նորանոր հարցեր ծագեցնում իրենց խոստումնազանց այցերով (կմեծանաս՝ կմոռանաս) ու խոստումնալից բացերով։ Հենց այդ այցերն ու բացերն են, որ ներշնչել են Քանինգհեմին իր սիրած հեքիաթները վերա… նայե՞լ, ձայնե՞լ, պատկերացնե՞լ, պատմե՞լ, խաղարկե՞լ, խմբագրե՞լ, փոխե՞լ, իմաստավորե՞լ, սերե՞լ, ստեղծե՞լ, գուցե պարզապես վերապրել։ Տասից տասը. տասը պատում՝ տասը վերա-ի բովերով անց է կացրել, բայց, արի ու տես, չի վերագրել… ինչքան էլ չքնաղ, մեկ է, չքմեղ չեն հեքիաթները։

Քանինգհեմին հեքիաթասաց չես անվանի, վարպետ վերապատմող՝ անկասկած։ «Միջտեքստայնություն» չարչրկված եզրը մեկին մեկ բռնում է նրա գրին։ Այլոց գրերի հետ գրական փորձարկում ու խաղերը նրա ձեռագրի ուրույն մասն են։ Նրան մեծ հռչակ ու Փուլիցերյան մրցանակ բերած «Ժամերը» Վիրջինիա Վուլֆի «Միսիս Դալոուեյ»-ի ինքնատիպ վիպական շրջասությունն է (թե ընթերցելու առիթ չի եղել, համանուն օսկարակիր ֆիլմի շնորհիվ կհիշեք): Վուլֆին հետամուտ՝ նա էլ է իր կերպարների հետևում «չքնաղ անձավներ» փորում, իսկ գրական միտումը, եթե երեք բառով ամփոփվի, էլի նույնն է՝ մարդկայնություն, հումոր, խորք։ Ժողովածուին հաջորդած հերթական վեպը՝ «Ձյունե թագուհին», անդերսենյան հեքիաթի հետ աղոտ աղերսներ ունի, թեև վերնագիրը նույնությամբ փոխառել է։ Մի խոսքով, քանինգհեմյան տողատակերից ակնարկ ու հղում հաճախակի են մեզ աչքով անում։

Անվանի վիպասանի համար վերադարձը կարճ արձակին լոկ գրական վարժանք չի եղել, թեպետ ժողովածուի գործերը գրվել են տարբեր տարիների, երբ նրա ընթացիկ վեպերը տեղում դոփելով առաջ չէին գնում։ Վիպագրական փակուղիներում ծնված այս շրջանցիկ ու ժամանցիկ պատումները հետկանչման յուրօրինակ գրեր են (թե չասենք՝ ոգեկոչման), որ ոչ թե հեքիաթներին կարգալույծ են անում կամ դաժան հաշվեհարդարի ենթարկում՝ երեսներին շպրտելով ամբողջ դառը ճշմարտությունը, այլ հնարամտորեն վերակոչում են առանց անվանարկման, ինչպես սիրելի մեկին մատնացույց կանեինք իր թերիները։

Արմեն Հայաստանցի

ազանների հանդիպած կլինես։ Մեկն անկյունի մթերայինում թիկունքիդ է՝ ծխելիք ու ջերքի առնելիս, դրամարկղի՝ տոն չտվող ջամայկացի աղջկան կապելու վրա։ Մյուսը վերջնակայանը՝ Բրուքլին, G գնացքում դիմացդ կուզեկուզ լռված է, ջլուտ բազուկների դաջվածքներն է խլրտացնում։ Էն մեկն էլ, բոլորին գլխին հավաքել, իրենով է արել՝ լկտի ու կայֆի տակ, ափեղ-ցփեղ հանաքչին, գիշերվա կեսի երեկույթին, ուր ընկերուհուդ պնդմամբ ես գնացել, որովհետև պատրաստ չես,– դեռ չէ,– էն տեսակ աղջիկներից լինել, որ չէին գնա։
Գուցե անգամ տրվես նրանցից մեկին։
Որովհետև զզվել ես էն տղերքից, որ ուզում են հետդ լինելուց առաջ ավելի մոտիկից ծանոթանալ («հետդ լինելն» իրենց արտահայտությունն է), էն տղերքից, որ հարցնում են ներում հայցողի տոնով՝ հո շատ շուտ չպրծա՞ն, իսկ հաջորդ օրը զանգում են հայտնելու, թե իրոք հոյակապ ժամանակ անցկացրին։
Կամ որովհետև սկսել ես նեղվել, թե հայտնի գնացքն ուր որ է կմեկնի, ու չնայած ինքդ էլ կամովին նստելու ես մի ուրիշ գնացք` ամուսնության ու մայրության վերջնակայանով մյուսը, բայց էդ գնացքը կարող է իր ուղևորներին տանել կանաչ ու կոկիկ մի եզերք, որից քչերն են երբևէ վերադառնում, իսկ հետ դառնալու փորձ անող մի քանիսը հայտնաբերում են, որ թվացյալ հաշված ժամերն իրականում քսան տարի են տևել, արդեն անհեթեթ ու թևաթափ են իրենց զգում երեկույթներին, որտեղ պատրաստ են երդվել, որ հենց երեկ կամ մեկէլ օրվա իրիկունը իրենց ուզում, չանչում-կանչում էին, քսմսվում-հոտոտում։
Կամ որովհետև հավատում ես, սրտանց հավատում, թե կարող ես այլոց հասցրած վնասը շտկել, մարդաշնորքի բերել ծխախոտով ու ջերքիով էն ջղաձիգ, լղարոտ սիրուն տղին կամ մետրոյի մռթոշ ջահելին, կամ էլ էն բլբլան, լոթի-փոթի խոսողին, որ մյուսներին էն հանգի է նայում, ոնց որ ասի՝ դու բո՞ւթ ես, թե՞ անասուն, քանի որ էս երկուսն են
իրեն հասու միակ չափանիշները։

Գեղեցկուհին երեք քույրերից ավագն էր։ Երբ աղջիկների հայրը գործով քաղաք գնալիս դուստրերին հարցրեց, թե ինչ նվեր բերի նրանց համար, փոքրերն արդուզարդ խնդրեցին։ Մետաքսե գուլպա, ենթափեշ, ժանյակ ու ժապավեն ուզեցին։
Գեղեցկուհին, արի ու տես, խնդրեց մեն-մի վարդ՝ ցանկացած վարդի նման, որ իրենց ընտանեկան մենատնից մի հիսուն քայլի վրա կարելի էր կտրել տասնյակ թփերից։
Մտքինը՝ ճամփորդությունից բեր մի բան, որ հենց էստեղ հեշտությամբ ձեռք կբերեի։ Գանձի փափագս ագահությունից զերծ է էն փաստի բերմամբ, որ ինքս էլ դա կբավարարեի րոպեների ընթացքում պարտիզպանի մի էտոցով։ Հազվագյուտ ու թանկագին իր պահանջելը նվիրումը դարձնում է լոկ հանձնարարություն, իսկ ես զգացված եմ ոչ թե իրի, այլ ցանկության համար։
Մի՞թե նաև չէր ասում. Դու իսկապե՞ս պատկերացնում ես, թե զգեստն ու մազակալը կօգնեն։ Կարծում ես էն տասնքանի հազիվ տանելի գեղջուկները կբարելավվե՞ն, կփարատե՞ն համեստ հույսս, որ գոնե ստիպված չեմ լինի խոզ մորթող Կլոդի կամ հաշմաձեռ Անրիի հետ պսակվել։ Հավատում ես, թե մեր հնարավորությունների նվազությունը մի ենթափեշով կփոխհատուցվի՞։
– Լավ է մի վարդ ունենամ։
Հայրն էս ամենը չէր կռահում։ Գեղեցկուհու համեստ խնդրանքից պարզապես անակնկալի եկած, հիասթափված էր։ Ճամփի փող էր հետ գցել, վերջապես հավանական գնորդ էր ճարել իր հեղաշրջիչ կթի սարքի համար, հազիվ ինքն էլ գործով մարդամեջ ելնող կլիներ, համ էլ փառավորվում էր գործնական այցից իբրև գանձաբարձ մի ռաջա հետ գալու մտքից։
– Հենց մենակ դա՞ ես ուզում, գեղեցկուհի։
– Հենց մենակ դա։
– Վստա՞հ ես։ Չե՞ս հիասթափվի, երբ Շերին ու Մադլենն իրենց նոր զգեստները փորձելիս լինեն։
– Չէ։ Վարդն իմ սրտով կլինի։
Իմաստ չունի նրան ասել, որ Շերին ու Մադլենը նանրասեր են, որ իր բերած արդուզարդին վիճակված է մի երկու անգամ գյուղական երեկույթներին հագնելուց հետո գզրոցում դարսվել, երբեմն-երբեմն տիրուհիների կարոտաբաղձ հայացքին արժանանալ, երբ նրանց ամուսիններն ու երեխեքն արդեն ոտքները տնից կապած կպահեն, ամեն դեպքում մետաքսն ու կրինոլինը ցեցն էնպես կծակծկոտի, որ
էլ հագնելու պիտանի չեն լինի։
Մեն-մի վարդ, ուրեմն, Գեղեցկուհուն։ Նրան, ով ավելի սուր ու պակաս քնքշանվաղ միտք ուներ, քան քույրերը։ Նրան, ով գիտեր՝ արդեն ունեցածից ավելի մի բան առնել տալն իմաստ չուներ, որովհետև չկար գլխին մի գալիք, որ չզորեր կարդալ գյուղի թրիքապատ փողոցներում, ծխնելույզ մաքրող ջահելի վավաշոտ քմծիծաղի կամ ջրաղացպանի տղու նախազգուշական լռության մեջ:
Եղավ, շատ բարի։ Վարդ էր ուզածը։ Վարդ էլ
կստանա։

Հայրը քաղաքից հետ դառնալու ճափին (հանդիպումը գնորդի հետ լավ չէր անցել) կանգ առավ արբեցնող պարտեզով շրջապատված մի դղյակի մատույցում։ Հարկավոր էր, ի վերջո, գյուղին մոտ աճող վարդ պոկել, թե չէ տուն հասնելուն պես Գեղեցկուհուն տալու բան չէր մնա, բացի ցողունից ու թոշնած տերևներից։
Փնթփնթալով, աղջկա թարս ու դիմադիր համեստությունից դժգոհ (բայց նաև թեթևացած, որ քույրերին հակառակ՝ իրեն ծախսի տակ չգցեց, դե, արդեն պարզել էր՝ փող չի ստանալու)՝ առանձնապես փարթամ թփից քաղեց մի վարդ։ Մի վարդ հազարների միջից։
Սխալ դղյակ։ Սխալ վարդաթուփ։
Գազանը չանթեց հորը։ Ութ ոտնաչափից բարձր կլիներ, գայլի ու առյուծի մի խառնուրդ, վառ, արնախում աչքերով ու թավ մորթապատ թևերով՝ հոր գոտկատեղից էլ հաստ։ Իսկ էն հանգամանքը, որ ծալազարդ շապկի վրայից բաճկոնակ էր հագել, ինչ-որ առումով նրան ավելի սպառնալից էր դարձնում։
Վարդագողությունը մահացու հանցանք հռչակեց։ Դաշույնների փնջի նման թաթը վեր հանեց։ Ուր որ է պիտի գանգից սկսած՝ երեսը կլպելով իջներ, իր գործը տեսներ։
– Ողորմած պարոն, վարդն աղջկաս համար էր։
– Գողությունը գողություն է։
Պատկերացրեք մի ձայն, որ ասես խճաքարերով անցնող խոտհնձիչ լինի։ Իսկ շնչառությունը մի էլ փորձեք պատկերացնել։
– Աշխարհիս ամենաանուշիկ ու անմեղ աղջիկն է։ Ինչ էլ սիրտը տար, պատրաստ էի առնել, բայց ուզածը մի վարդ էր։
Գազանն էս բանի վրա մատը կծեց։
– Ինչ կամենար՝ կունենար ու մի վա՞րդ ուզեց։
– Արտասովոր աղջիկ է։ Կյանքի չափ սիրում եմ նրան։
Թաթն իջեցրեց, զոռով խցկեց բաճկոնի գրպանը, կարծես հետ պահեր ինքն իր գլխու դուրս պրծնելուց։
– Դե որ էդպես է, տուն գնա։ Դստերդ մնաս բարով արա։ Վարդը տուր նրան։ Հետո վերադարձիր ու պատիժդ ընդունիր։
– Կանեմ։
– Թե վաղն էս ժամին եկած չլինես, հետևիցդ կընկնեմ, քեզ սպանելուց առաջ էլ աղջիկներիդ կսպանեմ։
Գազանը շրջվեց, հետ՝ իր դղյակը լոք տվեց բիզոնի մեծ ու հզոր ոտքերով։ Հայրը, վարդը սեղմած, ցատկեց ձիուն, քշեց գնաց։

Երբ տուն հասավ, գլխով անցածը պատմեց դուստրերին, ասաց գալ օրը՝ լույսը ծեգին, պիտի ելնի գնա գազանի բերան, որն իր կաշին քերթելու է։
Կրտսեր աղջիկները վստահեցրին, թե փչոց է ամեն ինչ։ Գազանը հազիվ թե իրենց ապրելու տեղն իմանա։ Շարքային հոգեգարի մեկն է։ Սպառնալիքներ շաղ տալը հեշտ է, բայց հաստատ արդեն մի ուրիշ զգայախաբկանքի գիրկն է ընկել։ Երևի հենց էս պահին փորձում է պարզել, թե ով է սպասքապահարանից հիշոցներ շշնջում, կամ ինչի է կահույքն ինքն իրեն վերադասավորվում։
– Դե՛, հայրիկ, կլինի՞ տեսնենք մեզ ինչ ես բերել։
– Ա՛խ, հա, իհարկե…
Եվ անցավ խուրջինից կապոցները հանելուն։

Միայն Գեղեցկուհին գիտեր, որ գազանն իրենց հետքը կգտնի, վերջները կտա։ Միայն Գեղեցկուհին էր հասկանում, թե մեն-միակ վարդն ինչ միտք ու իմաստ կարող է ունենալ, ինչ արարքներ ներշնչել, եթե ապրում ես առանց հույսի։ Եթե դղյակում զնդանված գազան ես կամ խավար ու խղճուկ գյուղում գոցված մի աղջիկ։
Ուստի, կեսգիշերն անց, երբ հայրն ու քույրերը քնած էին, գաղտագողի ախոռ գնաց, հոր ձին հեծնեց ու ասաց, որ իրեն հասցնի գազանի դղյակը։ Ձին, ինքն էլ գազան լինելով, կազմ ու պատրաստ հնազանդվեց։
Սա նման էր ծայրահեղ ինքնազոհաբերման։ Անճիշտ բան չէր։ Բայց և ճիշտ էր, որ Գեղեցկուհին, ինչ էլ որ գազանն անելու լիներ, դա գերադասեց մի օր ավել սագերի հոգսը տեսնելուց, ևս մի իրիկնաժամ խաչկար ասեղնագործին տրամադրելուց։
Ճիշտ էր նաև, որ հույս ուներ, թե հայրն իր հետևից կգա, երբ լուսադեմին զարթնի ու տեսնի չկա։ Ճիշտ էր, որ տոգորված էր գազանին դիմակայող հոր պատկերով, հոր, որն իր դեռատի օրերի գազանն էր՝ ահռելի ու ծակծկող մազմորուքով, հոր, որ ցուցադրաբար բարի էր ու զուսպ, նույնիսկ երբ ինքն այլևս քույրերի վայելած միամտությամբ կուրացած չէր, հասկացել էր որոշ արարքներից զերծ մնալու հոր ջանքը, որոնք նա կարող էր հեշտ ու հանգիստ գործել գերեզմանի իր խաչի տակ հանգչող իրենց մոր աչքից հեռու։
Գեղեցկուհին, քանի դեռ ձին տանում էր իրեն գիշերային դաշտի ու ճռվողուն ճահճուտի միջով դեպի գազանի դղյակը, ծանրութեթև էր անում իր ներշնչած հավանական մենամարտի շուրջ։ Որոշակի հաճույք էր ստանում (ինչո՞ւ ժխտել) էն մտքից, թե տեսնես ո՞վ կտիրանա իրեն՝ հա՞յրը, թե՞ դևը։

Հայրն իրոք ցնցված էր, երբ լույսը բացվելուն պես պարզեց, որ ավագ դուստրը գազանի մոտ է գնացել։ Մեկ է, մտքից դուրս չէր գալիս, որ վարդի նրա փափագը դարձավ ոչ միայն փորձանքի պատճառ, այլև, ըստ էության, դարանակալ սնափառության դրսևորում։ Գեղեցկուհին ուզում էր,– իսկ մի՞թե չէ,– մաքրամաքուր ու չքմեղ լինել։ Միանձնուհու գոռոզությանն էր անձնատուր։
Ընդմիշտ կափսոսա իր որոշման համար, եթե աղջկան թույլ տա իր տեղը գրավել։ Բայց հենց դա էլ արեց։ Ժամանակի ընթացքում մեղքն աղջկա վրա բարդելու նորանոր ձևեր գտավ։ Մի տեսակ զգայազեղ մտքերի մեջ էր սուզվում, ուր ինքն իրեն պատկերվում էր իբրև ահավոր մարդ, անսիրտ մարդ, իսկ դա քիչ-քիչ նրան հասցրեց հարցին ավելի թեթև նայող մարդու վիճակի։

Գազանի ապարանք հասնելու պահից Գեղեցկուհին անբասիր վերաբերմունքի արժանացավ։ Ճաշերն իրենք իրենց էին մատուցվում, բուխարիները՝ զվարթորեն բռնկվում, երբ էլ սենյակ մտներ։ Մանկան ձեռքերի տեսքով լուսատու աշտանակները, ծեփամած պատերից ելած, ուղեկցում էին նրան մթնշաղոտ միջանցքներով։
Երկու օրից էլ քիչ պահանջվեց, որ հասկանա. հայրը չի գալու փրկության, գոհ է մնացել իր կաշին փրկելու համար, հաշտվել է էն մտքի հետ, որ օր ծերության երեք աղջիկներից երկուսն էլ հերիք են (երկուսի վրա էլ կարելի է հույս դնել, որ հոդացավը բռնելիս իրարով կանցնեն, հարցուփորձ կանեն՝ հո կարիք չունի՞ մի ուրիշ բարձի)։
Ու նախ մեկուսի, հետո էլ գազանի հետ ապրեց նրա դղյակում։
Գազանը միշտ պատրաստակամ էր ու բարեհաճ։ Ահռելի մահճում, ուր անմեղ աղջիկը մենակ էր քնում, էդպես էլ աղվեսաբարո կենակցում չեղավ։ Երկու ոտնաչափի հասնող կարմրաբորբ անդամն էդպես էլ նրան չխոցեց, մարմինը չլիզոտվեց ավելի շուտ հոշոտիչ, քան հեշտալի կերպով, զոհ չդարձավ իր հաճույքի հետ կապ չունեցող տարփանքի։
Սիրտը, ինչ խոսք, թեթևացավ։ Բայց հազիվ թե ներքուստ ընդունեց, թե ինչ-որ մթին ու գաղտնի ձևով նաև պատրանազերծ է եղել։
Գիշեր ու ցերեկ արտառոց, բայց ակնհայտորեն կանոնավոր ընթացք առան։ Ցերեկը գազանը ձևացնում էր՝ իբր դղյակի խուլ անկյուններում իր գործերով է զբաղված։ Գիշերը, քանի դեռ Գեղեցկուհին կընթրեր, նստում էր հետը, ապա մռթմռթալով սրահները չափչփում, մինչև ժամը գար՝ իրեն անտառ գցելու, եղնորթի կամ վարազի վիզը փրթելով խժռելու։
Գեղեցկուհին գիտեր դրա մասին, որովհետև պատահմամբ տեսել էր իր ննջարանի պատուհանից մի անքուն, ուշ գիշեր։ Իսկ գազանը հավատացած էր, որ կենդանիներին թաքուն է սպանում։ Մտքով չէր անցնում, թե Գեղեցկուհին ի վիճակի է ընդունել, որ ամենքի պես ինքն էլ է տանջվում, բայց և ամենքի պես ինքն էլ սնվելու կարիք ունի։
Նա և՛ Գեղեցկուհու ակնկալածն էր, և՛ չէր։ Գիտեր, ինչ խոսք, որ վայրի, վտանգավոր ու ծանրահոտ կլինի։ Միայն թե չէր կանխատեսել էս կենդանական, բայց ասպետական բարքը։
Գազանի անբիծ վարքը, իր քիչ ակնահաճո սովորույթները քողարկելու կամքը անսպասելիորեն զինաթափ արեցին Գեղեցկուհուն, որի մեջ ժամանակի ընթացքում մեղմ, բայց կայուն կապվածություն ձևավորվեց նրա հանդեպ։ Գազանանոցի գարշահոտի՝ անասնակեղտի հետ խառնված գազանության նկատմամբ չէ, որ ինչ օծանելիք էլ լիներ՝ չէր վերացնի, ոչ էլ տանիքի մեխից մեծ մագիլների, որ ջանք էին թափում գինու գավաթը վերցնել։ Սիրտը շահեց իր հետևողական բարությամբ ու քնքշանքով, իր շռայլ ու հավատարիմ պահվածքով, ասես Գեղեցկուհին դարձավ այն մարդու կինը, որին մարմնական կրքերը լքել են ջահելական ինքնագոհության հետ մեկտեղ, բայց նա ամենից շատ վախենում է կորցնել իր հեգ անձի կողքին մնացած կնոջ մտերմությունը։ Իսկ կինը սկսեց զգացմունքներ տածել, քանի որ ազդված էր գազանին ճիգով տրվող նրբակիրթ կեցվածքից, իրեն նայելիս անմարդկային աչքերում նշմարվող երախտիքից, կյանք կոչված անհույս վիճակն արիաբար տանելուց։
Ի վերջո, երբ միօրինակ օր ու գիշերվա շարանն ամիս ամսվա վրա անցավ պարապությունից Գեղեցկուհու՝ ձեռքի հետ արած ձեռագործի, անխոս-անբարբառ ընթրիքների ուղեկցությամբ, գազանն ասաց՝ հետ գնա տուն։ Ծնկների վրա փուլ եկավ նրա դեմ նետախողխող եղջերվի պես, ասաց՝ սխալվել է նրան իր կողքին պահելով, ենթարկվել է սիրո ուժի շուրջ հյուսված որոշ անուրջների, և իրոք, տեսնես ի՞նչ է մտքով անցել։ Իսկապե՞ս հավատացել է, թե կամքին հակառակ իր մոտ եկած մի սիրուն աղջիկ կկարենա հրեշի սիրել։ Խելքը կարծես հետ է տվել տձև ու վանող արարածների սիրող աղջիկների մասին լսած պատմություններից։ Մտքով չի անցել, որ պարզի, թե նման դեպքերում ինչ է կատարվում էդ աղջիկների հետ:
Գեղեցկուհին խոսքեր չգտավ ասելու, որ գուցե բանը գլուխ գար, եթե նա պակաս բարեկիրթ լիներ, ավելի կոշտ վերաբերմունք ունենար։ Ինքն իրեն միտք արեց, թե ինչու է շատ տղամարդկանց թվում, որ հեզությամբ կարելի է կնոջ սիրտը գրավել։
Բայց ինքն ու գազանը իրար առաջ անկեղծանալու սովորույթ չունեին, սկսելու համար էլ արդեն ուշ էր։ Առաջարկն ընդունեց ու չքացավ։ Ափսոսում էր նրան լքել, բայց չէր էլ կարող անձնատուր լինել նման աղջկական ապագայի՝ ձանձրալի, անիղձ, ղղյակում վանդակված, որքան էլ տրամադրող էին պայմանները, որքան էլ սրտով էին ինքնավառ կրակներն ու ինքնամատույց ճաշերը, որոնք միմիայն ի հայտ էին գալիս իր մեղքերից տանջվող հրեշի ընկերակցությամբ։ Չքացավ, որովհետև սրտի խորքում գիտեր՝ թեպետ կյանքը գազանի դղյակում ավելի հարմարավետ էր, բայց էականորեն չէր տարբերվում տանն ապրածից։
Ինչևէ, երբ դարձավ գյուղ, զարմանքով հայտնաբերեց, որ եկվորի զգացումներ չունի։ Երջանիկ էր, բավական երջանիկ հորն ու քույրերին նորից տեսնելու համար, բայց մեկ է, հայրը էն մարդն էր, որ իր հետևից չեկավ գազանի դղյակ և իր համար կռիվ չտվեց։ Քույրերը պսակվել էին իրենց վիճակված տղամարդկանց՝ քարտաշի ու երկաթավաճառի հետ՝ անհուսալի գորշությունների, որ իրենց գործից ոչ տրտնջում էին, ոչ էլ խանդավառվում, որ ուզում էին ուղիղ վեցին ճաշը սեղանին լինի, և գիշերը գինետնից տուն էին քարշ գալիս՝ նորանոր երեխեք սերմանելու։ Միջնեկ քույրն արդեն երկուսն ուներ, կրտսերն էլ առաջնեկին ծիծ էր տալիս, երկրորդին սպասում։
Իսկ ամենից անսպասելին էն փաստն էր, որ Գեղեցկուհու անունը դուրս էր եկել, քանի դեռ նա հեռվում էր։
Թեպետ գազանին առնչվող իրական պատմությունը ջրի երես չէր ելել, մեկ է, ոչ մեկը չէր հավատացել հոր տարբերակին՝ իբր հանկարծակի մեկնել է մենաստան։ Գյուղացիք միաբերան ասում էին, թե հեռու, մի օտար տեղ բաց է ընկել, ինչ-որ դուքս կամ կոմս հավեսը հանել է, միգուցե անառակաց տնից առնողների քիմքին էլ է չափից դուրս սովորական դարձել, ինքն իրեն հույս է տվել, թե կարող է հեշտ ու հանգիստ հետ դառնալ, ասես բան էլ չի պատահել։ Ու հիմա, երբ Գեղեցկուհին նորից տանն էր, անգամ ամուրի տղամարդիկ (զայրույթի անկանխատեսելի պոռթկումներով հացթուխը, շիլ ու ջղակծկումով ճագարապահը)՝ էս տխուր նմուշներն անգամ չեմուչումով էին ուզում ծխածածկույթի կարիք ունեցող անցյալի տեր աղջկան։
Վերջիվերջո, մի ուշ գիշեր (արդարացումները լոկ կկաշկանդեին) նա գաղտագողի տնից ելավ, հեծնեց ձին ու հետ քշեց գազանի դղյակ։ Առնվազն ցանկալի էր էնտեղ։ Առնվազն սիրված էր։ Առնվազն գազանը պատճառ չուներ իրեն ամոթով թողնելու։
Երբ տեղ հասավ, դղյակը, արի ու տես, մութ ու դատարկ էր։ Վիթխարի դռները հեշտությամբ բացուխուփ էին լինում, բայց պատերի մոմակալներն իրենք իրենց չէին վառվում, քանի դեռ շրջում էր միջանցքներով։ Որմնազարդերի քերովբեների դեմքերն ուղղակի փորագիր, անշունչ փայտեղեն էին։
Գազանին գտավ պարտեզում, որը թաղվել էր մացառների ու մոլախոտի մեջ, ծառերի ճյուղերը դուրս էին պրծել ցանկապատից խուճապահար, անբանական մտքերի պես։ Շատրվանը ցամքել, ծայրեծայր պատվել էր մազանման ճաքերով։
Գազանն ընկած էր անջրդի շատրվանի դիմացի սալաքարին։
Ծնկի եկավ նրա կողքին։ Թեև գազանի ուշքը վրան չէր խոսելու համար, դեղին աչքերի առկայծը դեռ կարելի էր նշմարել։
Դժվարությամբ թաթն իր փոքրիկ ձեռքն առավ։ Կամացուկ, ասես գաղտնիք հայտներ, ասաց, որ սիրում է նրան, միայն նրանից բաժանվելով է հասկացել։ Չէր ստում, էնքան էլ չէր ստում։ Ինչ-որ առումով սիրում էր։ Խղճում էր նրան, խղճում ինքն իրեն, երկուսի հոգիների համար էլ սգում, որ էդպես հեշտ ու պատահմամբ էին մոլորվել։
Եվ թե ամոքվի, թե մահվան շեմից նրան հետ բերելու հնար լինի…
Աչքի առաջ սրտի ուզած պատկերն էր, թե ոնց պիտի հպարտորեն երես թեքի էն հատուկենտ գեղջուկներից, որ բարեհաճել էին իրեն ուզել, գլխում սրտի ուզած միտքն էր, թե ոնց պիտի «չէ» ասի հացթուխին, ճագարապահին ու պաղահայաց ծերուկ ամուրուն, որի երբեմնի շեն տունը հիմքից շեղվել, կղմինդր էր մաղում գեղամիջին։
Գազանի հարսնացուն կլինի։ Կապրի նրա դղյակում։ Բամբասկոտների ու բանսարկուների շշուկները բանի տեղ չի դնի։
Բրդոտ ականջին, որ բեյսբոլի ձեռնոցից էլ մեծ կլիներ, մեղմիկ ասաց, թե վերակենդանանա, թե հաջողի հառնել վերստին, հետը կամուսնանա։
Արդյունքը եղավ վայրկենական։
Գազանն առյուծի ավյունով ոտքի թռավ։ Թիկունքում շատրվանը նորից ցայտեց։
Գեղեցկուհին հետ-հետ գնաց։ Գազանը հիացագին նայեց նրան։ Նայեց գոհ ու շնորհակալ հայացքով, որ թե՛ հիասքանչ էր, թե՛ սահմռկեցնող։
Մի ակնթարթում գազանի պատյանը բոժոժի պես բացվեց։ Մագիլ ու ժանիք թափվեցին։ Ժանտահոտը հօդս ցնդեց։
Եվ ահա նա։
Պայծառաշուք։ Պնդակազմ, ամրակազմ կզակով, կուռ մկանունքով։
Թափված մորթու թաղկուճի, սալաքարին ցիրուցան մագիլների մեջ արքայազնն է խոյացել։ Վար է նայում հիացմունքով իր վերականգնված մարմնին։ Մարդկային ձեռքերն է ճկում, փորձարկում ոտքերի մարզավիճակը, որ այլևս ճիրանավոր վերջույթներ չեն։
Կախարդանքը փարատվել է։ Գեղեցկուհին գլխանց գիտե՞ր։ Կշոյվեր էն մտքից, որ բնազդով զգացել է, հմայության հոտն առել է, բայց երբեք էլ մինչև վերջ վստահ չի կարող լինել։
Հևահար, զմայլահար սպասում է, թե երբ պիտի արքայազնը իրեն գիրկն առնի։ Բայց արքայազնը նախ իր արտացոլանքն է ստուգում ջրերի մեջ, որ արդեն ծփում են նորազարթ շատրվանում։
Ստացվեց։ Հաջողվեց։ Գայթակղելով սիրուն կնոջը՝ սրտի ուխտով կապեց ոգուն, որ նրանից զատ, բոլորի համար պահված էր այլանդակ կերպարանքի տակ։
Գեղեցկուհու դալուկ կուրծքը ալեկոծվում է կանխավայելքից։
Արքայազնն իր արտացոլքից հանդարտ շրջվում է, նրան պարգևում մի պագշոտ, գազանային ժպիտ, մի գիշատիչ ու ամենակուլ ժպիտ։ Թեև անթերիորեն գեղեցկադեմ է, բայց ինչ-որ բան տեղը չի։ Աչքերը մնացել են վայրագ։ Բերանը կարծես դեռ ի զորու է եղնիկի վիզը փրթել։ Նա կարող էր գազանի կրտսեր, ավելի բարեգեղ (շա՜տ ավելի բարեգեղ) եղբայրը լինել, ասես ծնողները մի անճոռնի երեխա են ունեցել, հետո՝ գեղեցիկ, կատարյալ համամասնություններով մյուսին։
Գեղեցկուհին հանկարծ սկսում է երկմտել։ Հնարավո՞ր է, որ գազանակախարդանքը ժամանակին կիրառվել է իբրև պաշտպանամիջոց։ Մի՞թե արքայազնը հրեշի քողով է պատվել վերծանելի պատճառներով։
Ընկրկում է, իսկ նա՝ հաղթական քմծիծաղով, հաղթարշավողի խուլ մռնչոց արձակելով առաջանում։

Թարգմանությունը անգլերենից՝ Արմեն Հայաստանցու

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *