Իվա Փեզուաշվիլին (ծնվ․ 1990) արձակագիր է, կինոսցենարիստ և ռեժիսոր։
Երեք գրքի հեղինակ է՝ «Ես փորձեցի» (պատմվածքների ժողովածու, 2014), «Ջրի հատակի ավետարանը» (վեպ, 2018), «Բունկեր» (վեպ, 2020)։ Կրթությամբ կինոռեժիսոր է, Ռուսթավելու անվան կինոյի և թատրոնի համալսարանի շրջանավարտ։ Մի քանի վավերագրական ֆիլմերի հեղինակ է, ինչպես նաև սեփական համանուն պատմվածքի հիման վրա նկարահանել է «Բաբազ» գեղարվեստական կարճամետրաժը։ Որպես սցենարիստ 2014-2016 թթ․ աշխատել է «Թիֆլիս» հանրահայտ հեռուստաֆիլմաշարի վրա։ Արձակ գրական գործեր սկսել է հրապարակել դեռևս ուսանողական տարիներին, 2011-ին իր «Հոլը» պատմվածքի համար արժանանացել է «Աշնան լեգենդ» ուսանողական գրական մրցանակի։ Պատմվածքները ներառվել են անգլերեն և գերմաներեն թարգմանական ժողովածուներում։ Մասնակցել է մի շարք միջազգային գրական ծրագրերի, այդ թվում 2018-ին հյուրընկալվել ԱՄՆ Այովայի համալսարանի հեղինակավոր գրական կացատանը։ Իր երրորդ՝ «Բունկեր» վեպը բարձր է գնահատվել թե՛ հայրենի Վրաստանում, արժանանալով լավագույն արձակ անվանակարգում Ծինանդալի մրցանակի, ինչպես նաև տեղական ամենակարևոր՝ «ՍԱԲԱ» գրական մրցույթի ժյուրիի հատուկ հիշատակման, և թե՛ միջազգայնորեն՝ դառնալով 2022-ի Եվրոպական Միության Գրական Մրցանակի հաղթող գործը։
Վեպը ծագումով հայ Սիմոնյանների ընտանիքի մեկ օրվա պատմությունն է։ Ժամանակին Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում Թբիլիսիում մշտական բնակություն հաստատած Սիմոնյանները ճգնաժամի մեջ են․ ամուսինները՝ Գենան ու Միլան միասին ծերանալու ցանկություն չունեն, նրանց ավագ դուստրը՝ Զեման վրիժառությամբ լցված ոստիկան է, իսկ որդին՝ Ղազարոսը, ձախական հովերով տարված մի պատանի, որ իր դավանած արժեքներից հրաժարվելու դժվար ընտրության առաջ է հայտնվում։ Գեղարվեստական հորինվածքի հիմքում ընկած են որոշ իրական դեպքեր, մասնավորապես ընտանիքի հոր՝ Գենայի նախատիպը Շևարդնաձեին մահափորձից փրկած ոստիկան Գարիկ Սիմոնյանն է։
«Բունկերի» հայերեն թարգմանական իրավունքներն արդեն իսկ ձեռք է բերել «Անտարես» հրատարակչությանը, և մոտ ապագայում այն կհանձնվի հայ ընթերցողների դատին։ Ներկայացվող հատվածը թարգմանել է Ասյա Դարբինյանը։
Իվա Փեզուաշվիլին հայերեն ներկայացվում է առաջին անգամ՝ Հայաստանի ՓԵՆ կոնտրոնի նախաձեռնությամբ։
Բունկեր (հատված վեպից)
Հոսանքը լուսադեմին` ժամը վեցի կողմերը տվեցին: Միլան էլեկտրական տաքացուցիչները միացրեց, տունը հնարավորինս տաքացրեց ու խեղճ Զեմային հանեց անկողնուց, որ երկու շաբաթվա անլվա գլուխը նախ լվացքի օճառով, ապա նաև «կրիա-կրիայով» մշակեր: Լվանալուց, չորացնելուց, մազերը հյուսելուց ու աղի մեջ թաթախված, չորացրած թոնրի հացով նախաճաշելուց հետո, ուղարկեց դպրոց ու Ղազարոսի համար, որի անունը դեռ Ղազարոս չէր, սկսեց լոգարանը ջրով լցնել, ինչն իր հերթին շատ խելացի քայլ էր, նախ որ տղան շատ էր սիրում չոփչոփիկ անել, ու հետն էլ ջրերը կտրելու դեպքում լոգարանում լցվածը ունիտազը լվանալու համար էլ կօգտագործվեր, իսկ ջրերը կտրելը, էլեկտրաէներգիայի ու գազի անջատումից հետո, Վրաստանի ժողովրդավարական կառավարության ամենասիրելի զբաղմունքն էր, ու էդ պատճառով իր հեռատեսությամբ գոհ Միլան կիսաքուն Ղազարոսին «կիպիտելնիկով» տաքացրած ջրի մեջ նստեցրեց, ոտքից գլուխ փրփրացրեց, պռտեց, լվաց, մի քանի անգամ պարզաջրեց, լոգարանը խաղալիքներով լցրեց, իսկ ինքը խոհանոց ուղևորվեց՝ խմելու ջուր պաշարելու համար, ու հենց Միլան լցրեց առաջին քսանլիտրանոց և երկու հինգլիտրանոց տարաները, էդ պահին տուն մտավ Գենան․ մարդ, որ մշտապես մոխրագույն, անզգացմունք ու սրտխառնոցի աստիճան հոգնած էր, էնքան վառ աչքերով ու դաստակներում էնքան էներգիայով վերադարձավ, որ նախ գրկեց, իսկ հետո խոհանոցի սեղանին պառկեցրեց ու հանեց սվիտրը, չալարեց ու մայկան էլ վրան դրեց ու հանեց կրծկալը ու սպորտային տաբատն ու երեք-չորս տեղ հատ գնացած չուլկիներն էլ չմոռացավ ու հետն էլ համբուրում էր ու համբուրում հենց էնպես, ինչպես տարիներ առաջ, հենց էնպես, ինչպես մինչև Բաքվից փախչելը, ինչպես մինչև Երևանից փախչելը, ինչպես մինչև ինքն իրենից փախչելը, ինչպես մինչև Սամվելի մահը, համբուրում էր ամենուր ու համբուրում էր շատ ու համբուրում էր կրքով ու կրքով էր շոյում ու փսփսում ականջին, որ սիրում էր ու որ սիրում է, սիրելու է, նախկինի պես, էսօր և միշտ ու ընդմիշտ ու ներողություն էր խնդրում, որ երբեմն չէր կարողանում արտահայտել և մեծամասամբ չէր արտահայտում այն, ինչ զգում էր ու զգում էր, որ ամեն ինչ կփոխվեր, որ ուժերը կվերականգներ, որ կարևոր կդառնար, որ դժոխքը էն է, ինչը միօրինակություն է դառնում, ու որ միօրինակության դժոխքներ էլ գոյություն ունեն, ու դրանցից մեկի անունը Վրաստան է, ու որ նույնիսկ Վրաստանի նման դժոխքում էլ են մեկ-մեկ լուսավոր բաներ լինում, ու որ արևը կշողա, որ անցյալ գիշեր, ոչ ավել, ոչ պակաս, երկրի նախագահին է մահից փրկել, որ ներքին գործերի նախարարի կողքին է լուսացրել, որ իշխող կուսակցության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ու նախարարների կաբինետի բոլոր նախարարները շնորհակալություն էին հայտնում իրեն, ու բոլորը միասին, և բոլորը առանձին-առանձին իր սխրագործությունների համար խոստանում էին բյուրեղյա պալատներ և էնպիսի ժամանակներ, երբ Միլայի համար ամեն ինչ, ընդհանրապես ամեն ինչ կաներ, ամեն ինչ կտար, ինչին որ արժանի էր, ու գալիս էին էդ ժամանակները, երբ Գենան կընդուներ ինքն իրեն, և հետևաբար կընդունեին ուրիշներն էլ, և Գենան կհասներ մեծ հաջողությունների, և Միլան կլիներ երջանիկ, ինչպես որ էստեղ և հիմա, էնպես էլ միշտ և ընդմիշտ, իսկ էստեղ ու հիմա Միլան միայն ժպտում էր ու միայն կրքի տնքոցով էր պատասխանում, ու էս տնքոցի ֆոնին լոգարանից Ղազարոսի թոթովն էր լսվում, ու երբ տնքոցն արագացած, սրտխփոցի ու երանության հառաչի վերածվեց, Գենան սկսեց հաճույքի ոռնոցը, և ոռնում էր Գենան՝ փառքը երկնքից օրհնված ու փառքը երկրի վրայի դրախտի, գեղասքանչ Իվերիայի, ու ոռնում էր Գենան՝ փառքը եղբայրության, միասնության: Ազատության փառքը: Փառքը հավերժական, փառքը մեր հայրենիքի, հայրենիքի, որը կորցրեց, որն այլևս չունի ու կընդունի Վրաստանը իբրև հայրենիք ու կֆետիշացնի, ու եթե Վրաստանը ֆետիշ է, և ֆետիշը՝ ճշմարտությունը կորցնելը, ու ճշմարտությունից զուրկ ժամանակը՝ միօրինակություն, և միօրինակությունը՝ դժոխք, իսկ դժոխքը՝ ամեն ինչ, ինչը վերածվում է միօրինակության, Գենան, մեկ է, կոռնա՝ փառք մեր կյանքի նպատակին վսեմ: «Կեցցե՛» տռփանքը, սերը, «կեցցե՛» թեթևությունը, ուրախությունը, «ողջույն» ճշմարտության լույս-արևածագին, ու կդատարկվի Գենան փառավորությունից ու բառերից ու ոռնոցից, ու խոհանոցում կմնա միայն արագացած սրտխփոցի ձայնը, ու երջանկությունից ուժասպառ ամուսինները էլ չեն լսում Ղազարոսի թոթովանքը, և հենց լոգարանի լռությունը կասկածելի և անտանելի երկար է տևում, տաբատը իջեցրած Գենան վեր է թռչում ու գժի նման ներխուժում երեխայի մոտ ու նրան գտնում համարյա կապտած ու մահվան դուռը հասած ու թոքերի մեջ ջրով ու երկու ու երեք ու չորս րոպե կփորձի նրան ուշքի բերել և, հավանաբար, իսկապես ինչ-որ հրաշքի ուժով է փրկում ու հենց տղան շնչում է՝ ագահորեն ու երկար շունչ քաշելով, և հենց վերադառնում է կյանք, Գենան կվերադառնա սովորականից ավելի շատ մոխրագույնին ու կնստի տանը ու կփակվի ինքն իր մեջ ու կասի․
– Սամվել իմիա պռակլիատոե, ի նադա իվո պամենիատ։
Եվ կանվանի որդուն Ղազարոս…
Էս ամենը Միլան հիշում է, ու Միլան հաստատ գիտի, որ եթե Ղազարոսի դեպքը չլիներ, Գենան իրոք սարեր շուռ կտար, ու Գենան իրոք կփոխվեր, ու Գենան իրոք անհնարը կկարողանար, ու Գենան ամեն ինչին կհասներ, թե գոնե էն մի անգամ բախտը բերեր կյանքում: Բայց…
Բայց եղավ էն, ինչ եղավ, և Գենան էնպիսին է, ինչպիսին որ է:
Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի