Մերի Ավետիսյան | Իզդուբար․ Կորած գիրքը

Ի սկզբանե պատմում էր, որ մի օր քամին ավազը բարձրացրեց, փչեց ուղիղ աչքերին։ Աչքերը տրորում էր, բացել չէր կարողանում։ Կկոցում էր, արցունքներ էին հոսում։ Վազեց, Տիգրիսի ջրերի մեջ երեսը լվաց։ Աչքերի քորը, ծակծկոցը չէր դադարում։ Գլխում պտտվող մտքից, թե շուտով կարող է կուրանալ, սարսափում էր։ Պառկեց մի քարի վրա՝ օձի կողքին։ Պատմում էր, արևը վառում էր ավազն ու այտերը։ Հեռվում կրկին պայթյուն լսվեց։ Ինչ-որ մեկը փորձում էր նռնակով հարվածել ուղղաթիռին։ Սեփական տունն արդեն հողին էր հավասարվել։ Պատմում էր՝ ինքը չգիտեր որտեղ են հիմա մայրը, կինը, երեխան, որ դեռ բարուրի մեջ էր։ Չգիտեր՝ մի օր ետ կգա՞ ու փլատակների տակից կհանի՞ իր ձեռքով պատրաստած օրորոցը, հոր գրած գրքերը, դարեդար որպես ժառանգություն փոխանցված այն ձեռագրերը, որոնց մասին այդպես էլ ոչինչ չիմացավ, չհասցրեց կարդալ։ Գուցե մի որոշ ժամանակ հետո որդին կվերադառնա, կգտնի ու իր հետ կտանի գրքերը, կարտագրի դրանք, կպատմի մյուսներին․ ինչն ինքը չհասցրեց՝ կհասցնի որդին։ Փորձեց այդպես մխիթարանք գտնել։ Պատմում էր՝ ինքը ապրելու համար էր կռվում, իսկ մյուսները՝ չգիտեր։ Վերջին երկու տասնամյակում կամ գուցե ավելի շատ՝ ինքը չգիտեր ինչ բան է հայրենի հողում հանգիստ ապրելը։ Բոլորը գալիս էին մաքրելու, ազատագրելու, բայց քանդում, ավերում ու գնում էին։ Ան-Նուրի փլատակների տակից ծուխ էր բարձրանում։ Թեք մինարեթը փուլ եկավ հենց իր աչքի առաջ, և բարձրացած փոշին ծածկեց ամբողջ արևելքը։ Պատմում էր՝ վերջին անգամ խոր շունչ քաշեց, քնեց ու քնեց։ Մինչև հիմա էլ քնած է։
Պատմում էր, որ Քո երազում կամ աշխարհում ուրիշ մի տեղ, սովորական հոկտեմբերյան մի օր, անձրև տեղաց։ Սմիթը դուրս եկավ Bradbury & Evans-ից և արագ-արագ քայլեց նեղլիկ փողոցով։ Պատմում էր, որ հնաոճ ֆրակի աջ գրպանի մեջ անցք կար։ Ձեռքը գրպանը դնելիս բռունցք էր անում, որ հանկարծ մատները անցքից դուրս չգային։ Այս քսանամյա երիտասարդի ընդմիջման ժամն էր, և սովորության համաձայն քայլում էր դեպի մեկ մղոն հեռավորությամբ գտնվող Բրիտանական թանգարան։ Ճանապարհին գնել էր իր սիրելի սենդվիչը՝ առանց հազարի։ Առանց շտապելու քայլում էր դանդաղ, որովհետև հաստատ գիտեր, որ չի ուշանա։ Պատմում էր՝ ծնվել էր գարշահոտ Չելսիի խղճուկ փողոցների փոքրիկ տներից մեկում, սովորական մի ընտանիքում։ Հազիվ էր ավարտել դպրոցը և տասնչորս տարեկանից սկսել էր աշխատել՝ ընտանիքին օգնելու համար։ Դե, իսկ եթե անկեղծ, այն, ինչ սովորեցնում էին դպրոցում, այնքան էլ նրան դուրեկան չէր։ Միայն մի բան կար, որ դեռ մանկուց նրան հետաքրքրում էր՝ դա աստվածաշնչյան պատումներն էին, հնագիտական գաղտնիքներն ու, իհարկե, համաշխարհային պատմությունը։ Նրա հետաքրքրասիրությունը ստիպում էր ժամերով փակվել սենյակի մի անկյունում ու կարդալ գրքեր, մինչև որ մոմերը հալվեին, վերջանային։
Հենց մտնում էր թանգարան, օրեր էին լինում, երբ չէր նկատում, թե ինչպես է ժամանակն անցնում։ Պատմում էր, որ վերջին շրջանում նրան հետաքրքրում էին Միջագետքից բերված կավե սալիկները, որոնք լի էին անսահման առեղծվածներով՝ անհասկանալի գրերով։ Ի՞նչ էր փորձում հասկանալ՝ ոչ ոք չգիտեր։ Աշխատակիցները հաճախ էին տեսնում երիտասարդին։
Պատմում էր, որ օրերից մի օր նրան մի լավ հագնված պարոն մոտեցավ։ Ջորջն իր աշխատասենյակ հրավիրեց, հարցուփորձ արեց, մինչև որ շուրթերին վերջին հպումից հետո ավարտվեց սիգարի գլանակը։ Սմիթը մաքրողի աշխատանքի առաջարկ ստացավ, չնայած աշխատավարձը ավելի քիչ էր, քան իր աշխատատեղինը։ Այդ ցուրտ, ձնախառն, անձրևոտ օրը Ջորջն առանց վարանելու համաձայնեց։ Պատմում էր, որ ամեն օր, պատեհ ու անպատեհ առիթով, կանգնում էր կավե սալիկների առջև ու երկար նայում։ Մի օր, երբ անձրևը արդեն դադարել էր, ու մառախուղը դանդաղ մոտենում էր Լոնդոնի փոշոտ արվարձաններին, մոտավորապես ժամը հինգն անց կեսի սահմանում նա կանգնած էր կավե սալիկի առջև։ Ինչ-որ բան կարդաց ու հասկացավ։
Ոգևորված պատմում էր՝ կավե սալիկները թանգարան էին հասել կոտրված ու վնասված։ Հայտնի չէր, թե ինչ էր գրված այդ հարյուր հազարավոր սալիկների վրա, դրանք մեկ ընդհանուր տեքստ էին, թե տարբեր։ Իսկ գրվածքներն ընթերցելու և միացնելու համար, որքան էլ հիմա պարադոքսալ հնչի, նախ անհրաժեշտ էր հասկանալ լեզուն կամ լեզուները, գոնե թե չէ՝ գրային համակարգը։ Աշխարհում ոչ ոք չգիտեր, չէր հիշում մեռած ու կորած լեզուն։ Պատմում էր՝ գարնանային մի օր, իր աշխատասենյակ գնալիս, Հենրի Ռոուլինսոնը նկատեց երիտասարդին, մոտեցավ, զրուցեց նրա հետ ու ապշահար վերև վազեց՝ թանգարանի մյուս աշխատակիցների հետ բանակցելու։ Սմիթին ասել էին՝ սպասել դռան ետևում։ Շատ պարզ լսելի էին բանավեճերը, և արդեն կարողանում էր ձայներից տարբերել, թե ով է այդ պահին խոսում։ Պատմում էր՝ Ռոուլինսոնը դուրս եկավ, սրբեց ճակատի քրտինքը, հայտնեց, որ այժմ Ջորջը կաշխատի որպես սալիկների հավաքագրող ու տեսակավորող, հետո արագ հեռացավ։ Լսվեցին միայն լարված ոտնաձայները։ Այժմ, նայելուց բացի, կարող էր նաև դիպչել դրանց։ Ջորջը թանգարանի թույլ լուսավորության ներքո փափուկ վրձինով համբերատար մաքրում էր սալիկների հազարամյա փոշին։ Խոշորացույցով ուսումնասիրում էր արձանագրություններն ու գրում իր տետրակում այն, ինչ տեսնում էր։ Հետո համարակալում էր դրանք՝ գրելով գտնվելու վայրը, չափսերը և դասավորելով դարակներում ըստ թվերի։ Եթե գտածոները նոր էին և դեռ խոնավ, ապա հանում էր փաթաթած կտորից ու թողնում, մինչև չորանան։
Պատմում էր, որ տարիների ընթացքում տղայի համար բացվում էին բոլոր այն գաղտնիքները, որոնց վրա ժամանակի փոշին էր նստել։ Նա ուսումնասիրում էր տախտակները որպես մասնագետ, գտնում էր դրանց վրա իրեն ծանոթ պատումներից անվանումներ, գրում ու տպագրում իր փոքրիկ հայտնագործությունների մասին հոդվածներ։ Ռոուլինսոնը հիանում էր իր նոր օգնականով։ Տղան շարունակում էր իր հայտնագործությունները, ու միայն նա էր, որ համարձակվում էր համառել, փնտրել ու փնտրել։ Այդպիսի մի համարձակ օգնական արդեն ունեցել էր։ Նրա հետ, շոգ արևին, Քիրմանշահից քիչ հեռու մի ժայռի վրա էին բարձրացել և տառ առ տառ մանրակրկիտ արտագրել եռալեզու տեքստը, որը դեռևս ոչ ոք կարդալ չէր կարող։ Սակայն այդ տղան երկար չմնաց՝ աշխատանքի բերումով տեղափոխվեց Ֆրանսիա, իսկ մի քանի ամիս հետո՝ Իսպանիայի հարավ։ Իր ուսուցչին վերջին անգամ կարճ նամակ ուղարկեց, հրաժեշտ տվեց, որպեսզի խղճով հանգիստ շարունակի ապրել հեռու այդ տաժանակիր աշխատանքից։ Սակայն Ռոուլինսոնը նամակը այդպես էլ չկարդաց։
Իսկ Ջորջը ջանասիրաբար շարունակում էր աշխատել Իրաքից բերվող սալիկների վրա։ Պատմում էր՝ գիշերները քնած ժամանակ երազում հաճախ էր տեսնում հնադարյան մի քաղաք՝ թագավորական այրվող պալատներ, ձեռքեր, որոնք փորագրում են քարի վրա, պատերազմի տեսարաններ։ Երբեմն այդ երազները անմեկնելի էին, ինչպես կավե սալիկները։ Կինը՝ Մերին, ում հաճախ պատմում էր երազներն ու թանգարանում կատարած աշխատանքը, մշտապես փորձում էր ցույց չտալ իր անհանգստությունը։ Լավ կլիներ, եթե նա հանգստյան օրեր խնդրեր. երեքով՝ ինքը, Ջորջը, իրենց փոքրիկը, գնային Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ հանգստանալու, ինչպես հաճախ խոստանում էր Ջորջը և մոռանում։ Մերին գիշերները լսում էր՝ ինչպես է նա քնած ժամանակ խոսում անհասկանալի լեզվով, և դա նրան վախեցնում էր։
Պատմում էր, որ մի պարզ արևոտ օր, հերթական սալիկը մաքրելու ժամանակ, նա պահեց սալիկը ձեռքերի մեջ ու բարձրաձայն կարդաց. «Վեց օր, յոթ գիշեր քամին մոլեգնում էր, սակայն հարավային քամին տեղի տվեց, և ջրհեղեղը վերջացավ։ Իսկ յոթերորդ օրը տապանից աղավնուն դուրս արձակեցին։ Ցամաք չգտնելով՝ վերադարձավ»։ Կարդալուց հետո Սմիթը միանգամից հասկացավ, թե ինչ տեքստ է դա։ Նա մի պահ կորցրեց իրեն, այտերը կարմրեցին, հանեց վերնաշապիկը, արձակեց օձիքը։ Չկարողանալով ներսում պահել գտածը՝ երկրորդ հարկից բարձրացավ երրորդ հարկ՝ պատմելու բոլորին։ Կարճ ժամանակ հետո ոչ միայն Լոնդոնում, այլև ամբողջ աշխարհում իմացան ջրհեղեղի բաբելոնյան տարբերակի մասին։ Սմիթը ակտիվ նամակագրական կապի մեջ էր աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գիտնականների հետ։ Սակայն իր գտածը կիսատ էր։ Այն, ինչ կար ձեռքի տակ, երբեմն չէր համապատասխանում տեքստին։ Երբեմն մի ամբողջ գլուխ էր պակասում, երբեմն՝ բառեր, երբեմն՝ նախադասություններ։ Շուտով կրկին արշավախումբ էր մեկնելու այն վայրը, որտեղից գտել էին սալիկները։ Ջորջը միացավ արշավախմբին։ Նա այն եզակիներից էր, որ չուներ ծովային հիվանդություն և երկար ճանապարհորդել հանգիստ կարողանում էր։ Պատմում էր, որ ամեն անգամ վերադառնալիս մի փոքր հատված բերում էր իր հետ և ժամերով աշխատում դրա վրա՝ մաքրելով, կարդալով և արտագրելով։ Իր գտած ու վերծանած պատումը՝ անմահություն փնտրող հերոսի մասին, արձանագրվեց որպես «Իզդուբար»։ Սմիթը հույս ուներ, որ, կավե սալիկները վերծանելով, գուցե անմահության գաղտնիքը կբացահայտվի նաև իր համար։
Պատմում էր, որ հերթական պեղումների ժամանակ, օգոստոսյան մի տոթ օր, Ալեպպոյում նա ստամոքսի շրջանում սուր ցավ զգաց։ Քաղաքում մոլեգնում էր խոլերան։ Գիշերները, երբ ամենահարմար ժամանակն էր ճանապարհ ընկնելու՝ հողի տակն անցած քաղաք հասնելու համար, վխտում էին գողերն ու ավազակները։ Այդպիսի մի գիշեր հրաշքով ողջ մնաց մարդասպան ավազակներից։ Բժիշկ գտնելը դժվար էր ու թանկ։ Երկու շաբաթ անօգնական պառկելուց հետո, բարձր ջերմության ու ցնցումների մեջ, հասկացավ, որ շատ հեռու է անմահությունից։ Ի՞նչ էր փնտրում ինքը, ո՞ւր էր եկել հասել, գուցե պետք է հիմա տա՞նը լիներ՝ կնոջ, որդու կողքին։ Փակեց աչքերը Ջորջ Սմիթը, վերջին անգամ շարժեց շուրթերը և խնդրեց իր գտած պատումի հերոսին, որ պատմի անդրշիրիմյան աշխարհի կարգ ու կանոնի մասին։ Պատմում էր՝ վերջին անգամ խոր շունչ քաշեց, քնեց ու քնեց։ Մինչև հիմա էլ քնած է։
Պատմում էր, որ Քո երազում կամ աշխարհում՝ ուրիշ մի տեղ, հուլիսյան սովորական մի օր, գետի ափին տղան հանեց կաշվե ոտնամանները։ Այնպես էին սեղմել բութ մատը, որ մեծ կարմիր ուռոց էր առաջացել։ Հեռվից ձայն էր տալիս՝ հորեղբայրն էր։ Գետի ափին՝ մի քարի վրա, թողեց ոտնամաններն ու բոկոտն վազեց։ Պատմում էր, որ տղան երկար էր սպասել հորեղբոր վերադարձին։ Պինդ գրկեց ու փաթաթվեց նրան։ Այդ երկու տարիների ընթացքում հայրն իրեն սովորեցրել էր քանդակներ նկարել, հատկապես՝ կենդանիների պատկերներ։ Տղային միայն ձիու կազմվածք նկարելն էր հաջողվում։ Պալատականներն ասում էին, որ նա տաղանդից զուրկ է։ «Եթե արքայիդ հզորությունը պատկերել չես կարող, ուրեմն դու նկարել չգիտես»։ Հայրն էլ այդպես էր կարծում, ուստի որդու համար արդեն բացված էր հետագա ճակատագիրը՝ նա կմիանար կամ թագավորի պահակազորին, կամ՝ բանակին։
Հորեղբոր հետ անցան թագավորական սրահներով։ Պատմում էր, որ ըստ կարգի՝ արգելվում էր նայել թագավորական ընտանիքի կամ ազնվական հյուրերի աչքերին, ուստի քայլում էին գլխիկոր, խոսում էին ցածրաձայն և աշխատում ոչ ոքի ուշադրությունը չգրավել։ Պատմում էր, որ հաճախ էին շշուկներ պտտվում, թե լիալուսնի գիշերները Իշտար աստվածուհին թագավորական քնարան էր մտնում ու զրուցում նրա հետ։ Պատմում էր՝ թագավորի գինի լցնողը լսել էր, թե ինչպես է Իշտարը նրան հայտնում, որ շուտով եղբայրը ապստամբություն է սկսելու։ Նա հենց այդ գիշեր սուրհանդակներ էր ուղարկել իր համախոհներին, որպեսզի գաղտնի պատրաստվեն։ Պալատ մտնող յուրաքանչյուր մարդ գիտեր, որ աստվածներն այնտեղ են և ամեն ինչ տեսնում են, ուստի ամեն մի գողություն կամ խարդավանք, որ կարող էր արվել թագավորի աչքից հեռու, վախ էր ներշնչում պալատականներին։ Երբ միասին հասան գրադարանի դռների մոտ, հորեղբայրը հանեց ոտնամաններն, ու ներս մտան։ Աշխարհի տարբեր ծայրերից գրքեր ու ձեռագրեր էին բերել։ Տղան կարողանում էր ընդամենը երկու լեզվով կարդալ, գրելը դեռ լավ չէր ստացվում։ Եթե միայն հայրը թույլ տար՝ կթաքնվեր գրադարանի մի անկյունում ու ժամերով կկարդար, կարտագրեր ձեռագրերը։ Մթությունն աննկատ փաթաթվում էր փողոցներին։ Քուրմը՝ ջահը ձեռքին, ներս մտավ ու գրադարանում աշխատող տասնյակ մարդկանց համար վառեց ջահերը։ Նրանք բերված ձեռագրերը դասակարգում էին ըստ նշանակության։ Տղան մի մեծ սալիկ էր վերցրել ձեռքը և կարդում էր ինչ-որ մեկի մասին, ով դժգոհում էր, թե զուր է հավերժական կյանք փնտրել աշխարհի վրա։ Մահը և աշխարհի կարգը անգութ են։ Միայն այդ կարդացածը մնաց նրա հիշողության մեջ։ Պատմում էր, որ վերջին անգամ անմահության ու կարդացած ձեռագրի մասին մտածեց պատերազմից հետո՝ արյան մեջ պառկած․ եթե միայն կրկին հնարավորություն տրվեր իրեն՝ մտնելու գրադարան և կարդալու ձեռագիրը, գտնելու հավերժության բանալին։ Մտածեց նա՝ ու փակեց աչքերը։ Ավազների միջից դուրս եկավ օձը և պտույտ տվեց արևի տակ այրվող երիտասարդի շուրջը։ Նա քնեց ու քնեց։ Մինչև հիմա էլ քնած է։
Պատմում էր…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *