Ջուլիան Բարնս | Լռություն

Համենայն դեպս՝ ներսումս տարեցտարի ավելի է ուժեղանում մի զգացմունք․ կռունկներին տեսնելու փափագը։ Տարվա այս եղանակին կանգնած եմ բլրի վրա և նայում եմ երկնքին։ Այսօր չեկան։ Միայն վայրի սագերն էին։ Սագերը գեղեցիկ կլինեին, եթե գոյություն չունենային կռունկները։

Հրատարակչությունից մի տղայի շնորհիվ ժամանակն արագ անցավ։ Խոսեցինք Հոմերոսից, ջազից։ Չգիտեր, որ «Ջազ երգիչը»[1] ֆիլմում իմ երաժշտությունն է հնչում։ Ժամանակ առ ժամանակ երիտասարդության տգիտությունն ինձ հունից հանում է։ Այդպիսի տգիտությունը յուրատեսակ լռություն է։

Երկու ժամ հետո խորամանկորեն նոր ստեղծագործություններիս մասին հարցրեց։ Ութերորդ սիմֆոնիայի մասին հարցրեց։ Ես երաժշտությունը թիթեռնիկի թևերի հետ համեմատեցի։ Նա ասաց, որ քննադատները բողոքում էին, թե «սպառվել էի»։ Ժպտացի։ Ասաց, որ ոմանք (իհարկե, ոչ ինքը) պարտականությունները զանց առնելու մեջ էին մեղադրում ինձ, չնայած որ թոշակ էի ստանում կառավարությունից։ Հարցրեց, թե հստակ երբ էի ավարտին հասցնելու նոր սիմֆոնիաս։ Այլևս չէի ժպտում։

-Այդ դո՛ւ ես խանգարում, որպեսզի ավարտեմ այն, – ասացի ես և զանգ տվեցի, որպեսզի դուրս հանեին նրան։

Ուզում էի ասել նրան, որ մի անգամ, երբ երիտասարդ կոմպոզիտոր էի, ստեղծագործություն էի գրել երկու կլառնետի և երկու ֆագոտի համար։ Իմ կողմից դա լավատեսության գագաթնակետ էր, որովհետև այն ժամանակ երկրում ընդամենը երկու ֆագոտահար կար, որոնցից մեկը թոքախտով հիվանդ էր։

Երիտասարդները առաջ են գնում։ Իմ սովորական թշնամինե՜րը։ Ուզում ես նրանց համար հայր լինել, իսկ նրանք թքած ունեն։ Հնարավոր է ոչ առանց հիմքի։

Բնականաբար, սխալ են հասկանում արվեստագետին։ Նորմալ է, իսկ որոշ ժամանակ անց սովորական է դառնում։ Ես ուղղակի կրկնում ու պնդում եմ․ ճի՛շտ հասկացեք ինձ։

Քեյ-ը նամակ է գրում Փարիզից։ Նա անհանգստացած է տեմպի չափերով։ Նրան պետք է, որ ես հաստատեմ։ Պետք է գրանցի տեմպի չափանիշները Ալեգրոյի համար։ Ուզում է իմանալ, արդյոք «Քեյ» տառի մոտ գրված «doppo piu lento»[2]-ն երկրորդ մասում միայն երեք տակտերին է վերաբերում, թե ոչ։ Մաեստրո Քեյ-ին ասում եմ, որ չեմ ուզում հակառակվել նրա մտադրություններին։ Վերջիվերջո (ներեցե՛ք, եթե չափից ավելի ինքնավստահ եմ թվում) ճշմարտությունը կարելի է մեկից ավելի եղանակներով արտահայտել։

Հիշում եմ Բեթհովենի մասին զրույցս Էն-ի հետ։ Էն-ը այն կարծիքին էր, որ երբ ժամանակի անիվը ևս մի պտույտ կատարի, Մոցարտի լավագույն սիմֆոնիաները դեռ այստեղ են լինելու, մինչդեռ Բեթհովենի սիմֆոնիաները հետին պլանում են հայտնվելու։ Մեր միջև եղած տարբերությունները սովորական երևույթ են։ Էն-ի հանդեպ նույն զգացմունքները չունեմ, ինչ Բուսոնիի[3] և Սթոունհամմերի[4] հանդեպ։

Ասում են, որ պարոն Ստրավինսկին[5] բարձր կարծիք չունի իմ վարպետության մասին։ Մեծագույն հաճոյախոսությո՜ւնն է, որ ստացել եմ երկար կյանքիս ողջ ընթացքում։ Պարոն Ստրավինսկին այն կոմպոզիտորներից մեկն է, որոնք տատանվում են Բախի և ժամանակակից նորագույն մոդայի միջև։ Բայց երաժշտության տեխնիկան դպրոցում գրատախտակների և պատկերակալների միջոցով չեն սովորում։ Այդ առումով պարոն Ի․ Ս․[6]-ն դասարանում առաջինն է։ Բայց երբ ինչ-որ մեկը իմ սիմֆոնիաները նրա մեռելածին արհեստականությունների հետ է համեմատում․․․

Մի ֆրանսիացի քննադատ, ձգտելով իմ Երրորդ սիմֆոնիայի նկատմամբ զզվանք առաջացնել, Գունոյին[7] էր ցիտել․ «Դո մաժորում միայն Աստված է ստեղծագործում»։ Ճիշտ այդպես։

Մի անգամ Մալերի[8] հետ մի ստեղծագործություն էինք քննարկում։ Ըստ նրա՝ սիմֆոնիան պետք է նման լինի աշխարհին և ամենապարփակ լինի։ Ես պատասխանեցի, որ սիմֆոնիայի բուն էությունը ձևն է․ հենց ոճի խստությունն ու տրամաբանության խորությունն են ստեղծում մոտիվների միջև կապը։

Երբ երաժշտությունը գրականություն է, այն վատ գրականություն է։ Երաժշտությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են բառերը։ Ի՞նչ է կատարվում, երբ դադարում է երաժշտությունը։ Լռություն։ Ինչի՞ է ձգտում երաժշտությունը։ Լռության։ Եթե այդպես է, ուրեմն ես հաջողությունների եմ հասել։ Այժմ այնքան հայտնի եմ երկարատև լռությամբս, որքան որ երաժշտությամբս։

Իհարկե, դեռ կարողանում եմ մանրուքներ գրել։ Տարեդարձի ինտերմեցցո զարմիկ Սի-ի նոր կնոջ համար, ում՝ դաշնամուրի ոտնակը գործածելու հմտությունն այնքան էլ անթերի չէ, ինչպես ինքն է կարծում։ Ես կարող էի արձագանքել պետության կոչերին, տասնյակ գյուղերի խնդրագրերին՝ դրոշ բարձրացնելով։ Բայց դա կեղծավորություն կլիներ։ Իմ ուղին գրեթե ավարտին է մոտեցել։ Նույնիսկ թշնամիներս, որոնք ատում են իմ երաժշտությունը, ընդունում են, որ դրա մեջ տրամաբանություն կա։ Տրամաբանությունը երաժշտության մեջ վերջիվերջո լռության է հանգեցնում։

Էյ-ը ուժեղ բնավորություն ունի, որի պակասն ունեմ ես։ Իզուր չէ, որ նա գեներալի դուստր է։ Ասում են, որ Էյ-ը հանուն իմ կյանքի զոհաբերել է ինքն իրեն։ Իսկ ես իմ կյանքը զոհաբերել եմ հանուն իմ արվեստի։ Ես շատ լավ կոմպոզիտոր եմ, բայց որպես մարդ․․․ hըը՜ըմ, դա բոլորովին այլ հարց է։ Այնուամենայնիվ՝ ես սիրում էի նրան, և մենք որոշ ժամանակ երջանիկ էինք։ Երբ ծանոթացա նրա հետ, նա ինձ համար ջոզեֆսոնյան[9] ջրահարս էր, ով մանուշակների մեջ էր թաքցնում իր ասպետին։ Միայն թե ամեն բան բարդանում էր։ Դևերը զգացնել էին տալիս իրենց։ Քույրս՝ հոգեբուժարանում։ Ալկոհոլ։ Նևրոզ։ Մելամաղձություն։

Պի՛նդ կաց։ Մահը մոտակայքում է։

Օտտո Անդերսոնն[10] այնքան մանրամասն է ուսումնասիրել իմ տոհմաբանական ծառը, որ սկսում եմ վատ զգալ ինձ։

Ոմանք բռնապետ են համարում ինձ, քանի որ հինգ դստրերիս միշտ արգելված էր երգել կամ նվագել տանը։ Ո՛չ անհնազանդ ջութակի ուրախ վնգվնգոցներ, ո՛չ էլ հուզված ֆլեյտայի, որին չի հերիքում օդը։ Ի՞նչ․ կոմպոզիտորի սեփական տանը ոչ մի երաժշտություն։ Բայց Էյ-ը հասկանում է։ Նա հասկանում է, որ երաժշտությունը պետք է լռությունից սկսվի։ Դրանով սկսվի և դրանով էլ ավարտվի։

Էյ-ն ինքը լռության մեջ է վիրահատություն անում։ Աստված վկա, շատ բաների համար կարելի է կշտամբել ինձ։ Երբեք այն տեսակ ամուսիններից չեմ ձևացել, որոնց գովերգում են եկեղեցիներում։ Գյոթեբորգից[11] հետո նամակ էր գրել ինձ, որը գրպանումս կմնա, մինչև որ վրա չհասնի rigor mortis[12]-ը։ Բայց սովորական օրերին նա կշտամբանքներ չի արտահայտում։ Եվ ի տարբերություն մնացած բոլորի՝ երբեք չի հարցնում, թե երբ կլինի իմ Ութերորդը։ Ուղղակի հոգ է տանում իմ մասին։ Գիշերները ստեղծագործում եմ։ Ո՛չ, գիշերները մի շիշ վիսկիով նստում եմ սեղանիս մոտ ու փորձում աշխատել։ Ավելի ուշ արթնանում եմ՝ գլուխս պարտիտուրայի վրա, իսկ ձեռքերս դատարկ օդը գրկած։ Էյ-ը վերցնում է վիսկին, քանի դեռ քնած եմ լինում։ Դրա մասին չենք խոսում։

Ալկոհոլը, որից ժամանակին հրաժարվել էի, այժմ ամենահավատարիմ ընկերս է։ Եվ ամենահասկացողը։

Մենակ դուրս եմ գալիս, որպեսզի միայնության մեջ ճաշեմ և մահացության մասին խորհեմ։ Կամ էլ գնում եմ «Kämp», «Societetshuset», «König»՝ այդ թեման ուրիշների հետ քննարկելու։ Տարօրինակ է, որ Մարդը lebt nur einmal[13]։ «Kämp»-ում կիտրոնագույն սեղանին եմ միանում։ Էյ-ը հավանություն չի տալիս։

Չինացիների մոտ կիտրոնը մահվան խորհրդանիշ է։ Աննա Մարիա Լեննգրենի[14] «կիտրոնը ձեռքին թաղված» բանաստեղծությունը։ Ճիշտ այդպես։ Էյ-ը փորձում էր ժխտել դա՝ պատճառ բռնելով հիվանդոտությունը։ Բայց էլ ո՞ւմ է թույլատրված հիվանդոտ լինել, եթե ոչ դիակին։

Այսօր լսել եմ կռունկների ձայնը, բայց չեմ տեսել նրանց։ Թուխպ ամպերը շատ ցածր էին։ Բայց երբ կանգնած էի այն բլրի վրա, վերևից ինձ մոտեցող լիահնչյուն կռնչյուն լսեցի, որը նրանք արձակում են՝ ամռանը հարավ չվելով։ Անտեսանելի լինելով՝ նրանք ավելի գեղեցիկ և ավելի առեղծվածային էին։ Նրանք նորից են վարժեցնում ինձ հնչեղությանը։ Նրանց երաժշտությունը, իմ երաժշտությունը, երաժշտությունը․․․ Ահա թե ինչ է դա։ Կանգնած ես բլրի վրա և ամպերի միջից լսում ես հնչյուններ, որոնք խոցում են սիրտդ։ Երաժշտությունը (նույնիսկ իմ երաժշտությունը) միշտ անտեսանելի կերպով դեպի հարավ է շարժվում։

Հիմա, երբ ընկերներս լքում են ինձ, այլևս չեմ կարող ասել, հաջողությա՞նս, թե՞ ձախողմանս պատճառով է դա կատարվում։ Այդպիսի բան է ծերությունը։

Միգուցե ես բարդ մարդ եմ, բայց ոչ այնքան։ Ամբողջ կյանքիս ընթացքում, երբ անհետանում էի, նրանք գիտեին, թե որտեղ կարող էին գտնել ինձ․ լավագույն ռեստորանում, որտեղ ոստրեր և շամպայն էին մատուցում։

Երբ Միացյալ Նահանգներ մեկնեցի, այնտեղ զարմացած էին, որ ողջ կյանքիս ընթացքում ոչ մի անգամ չէի սափրվել։ Ասես ինչ-որ արիստոկրատ լինեի։ Բայց ես արիստոկրատ չեմ, ոչ էլ ձևացնում եմ, թե կամ։ Ընդամենը մեկն եմ, ով որոշել է երբեք իր ժամանակը սափրվելու վրա չվատնել։ Ուրիշներին եմ թույլ տալիս անել դա իմ փոխարեն։

Ո՛չ, սո՛ւտ է։ Բարդ մարդ եմ, ինչպես որ հայրս և պապս։ Իմ դեպքում դա կրկնապատկվում է, քանի որ արվեստագետ եմ։ Նաև ամենահավատարիմ և ամենահասկացող կողակցիս շնորհիվ է կրկնապատկվում։ Հազվադեպ օրեր են լինում, երբ կարողանում եմ sine alc[15] գեթ մի նոտա գրել։ Դժվար է երաժշտություն գրել, երբ ձեռքերդ դողում են։ Դժվար է նաև դիրիժորություն անել։ Շատ տեսակետներից՝ Էյ-ի կյանքն ինձ հետ մարտիրոսության է վերածվել։ Ընդունում եմ դա։

Գյոթեբորգ։ Համերգից առաջ անհետացել էի։ Չէին կարողանում սովորական տեղերում գտնել ինձ։ Էյ-ի նյարդերը քայքայվել էին։ Այնուամենայնիվ՝ նա դահլիճ գնաց՝ փրկության համար աղոթելով։ Ի զարմանս նրա՝ հայտնվեցի նշանակված ժամին, գլուխ տվեցի և բարձրացրի դիրիժորական ձողիկներս։ Ուվերտյուրայի մի քանի տակտից հետո, պատմում էր նա ինձ, կանգ առա, ասես փորձ լիներ։ Հանդիսատեսը շփոթված էր, նվագախումբը՝ ավելի շատ։ Հետո ևս մի տակտ, և ես սկիզբ վերադարձա։ Այն ինչ հետո պատահեց, հավատացնում էր նա, քաոս էր։ Հանդիսատեսը լի էր խանդավառությամբ, իսկ դրանից հետո լրագրում հայտնված հոդվածները՝ հարգանքով։ Բայց ես հավատում եմ Էյ-ին։ Համերգից հետո ընկերներիս հետ հետնաբեմում կանգնած՝ գրպանիցս հանեցի վիսկիի շիշը և աստիճանների վրա կոտրեցի այն։ Այս ամենից ոչինչ չեմ հիշում։

Երբ տուն վերադարձանք, և առավոտյան սուրճս էի հանգիստ խմում, տվեց նամակը։ Երեսուն տարվա ամուսնական կյանքից հետո իմ սեփական տան մեջ գրել էր ինձ։ Այդ օրից սկսած նրա խոսքերը միշտ ինձ հետ են։ Նա ասաց ինձ, որ անօգուտ թուլամորթ էի, ով բոլոր խնդիրներից փախչելու համար խմիչքին էր տվել իրեն, մեկն էի, ով հավատում էր, թե խմիչքը օգնելու էր նոր գլուխգործոցներ ստեղծել, բայց չարաչար սխալվում էր։ Այնուամենայնիվ՝ նա այլևս երբեք հասարակայնորեն նվաստանալու վտանգի չէր ենթարկելու իրեն՝ ոչ սթափ պահվածքիս ներկա լինելով։

Ոչ մի պատասխան չտվի ասվածին՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր։ Փորձեցի գործով պատասխանել։ Էյ-ը հավատարիմ էր իր նամակին և չուղեկցեց ինձ ո՛չ Ստոկհոլմ, ո՛չ Կոպենհագեն, ո՛չ էլ Մալմյո[16]։ Նրա նամակը մշտապես ինձ մոտ է։ Ծրարի վրա մեր ավագ դստեր անունն եմ գրել, որպեսզի մահիցս հետո նա իմանա, թե ինչ է այնտեղ ասվում։

Ի՜նչ սարսափելի բան է ծերությունը կոմպոզիտորի համար։ Գործերն ավելի դանդաղ են առաջ գնում, քան նախկինում, իսկ ինքնաքննադատությունը անտանելի մասշտաբների է հասնում։ Ուրիշները միայն փառք, ծափահարություններ, պաշտոնական ճաշկերույթներ, հավատարիմ ընտանիք, օվկիանոսից այն կողմ գտնվող երկրպագուներ են տեսնում։ Նրանք նկատում են, որ կոշիկներս և վերնաշապիկներս Բեռլինում են ինձ համար կարում։ Homo diurnalis[17]-ը հարգում է հաջողության խաբուսիկ շքեղությունը, բայց ինձ համար homo diurnalis-ը մարդկային կյանքի ամենացածր ձևն է։

Հիշում եմ այն օրը, երբ իմ ընկեր Տոյվո Կուլային սառը հողին հանձնեցին։ Համազգեստ հագած որսորդները վիրավորել էին նրան գլխից, և դրանից մի քանի շաբաթ անց մահացել էր։ Թաղման ժամանակ մտորում էի անսահման դժբախտության մասին, որ բաժին էր հասել նկարչին։ Այդչափ ջանքեր, տաղանդ և արիություն, իսկ հետո ամեն ինչ ավարտված է։ Լինել չհասկացված, իսկ հետո՝ մոռացված․ այդ է նկարչի ճակատագիրը։ Իմ ընկեր Լագերբորգը Ֆրոյդի տեսակետի կողմնակիցն է, համաձայն որի՝ նկարիչն արվեստն իբրև նևրոզից ազատվելու միջոց է օգտագործում։ Ստեղծագործությունը նկարչի՝ լիակատար կյանքով ապրելու անընդունակության փոխհատուցումն է։ Դե՜, դա ընդամենը վագներյան տեսակետի զարգացված տարբերակն է։ Վագները պնդում էր, որ եթե մենք լիակատար չափով հաճույք ստանայինք կյանքից, ապա արվեստի կարիքը չէինք ունենա։ Ըստ իս՝ նրանք ամեն բան հետ և առաջ են անում։ Իհարկե, ես չեմ ժխտում, որ արվեստագետներին նևրոտիկ շատ հատկանիշներ են բնորոշ։ Բայց ինչպե՞ս կարող եմ ես, բոլոր մարդկանցից հենց ե՛ս, ժխտել դա։ Անշուշտ, ես նևրոտիկ եմ և հաճախ դժբախտ եմ զգում ինձ, բայց մեծամասամբ դա արվեստագետ լինելուս հետևանքն է, այլ ոչ թե պատճառը։ Երբ այդքան վեհ նպատակներ ենք դնում և այդքան հաճախ չենք հասնում դրանց, ո՞նց կարող է նևրոզ չլինել։ Մենք տրամվայի վագոնավարներ չենք, որոնք միայն ձգտում են կտրել տոմսերն ու չշփոթել կանգառների անվանումները։ Բացի այդ՝ Վագներին ուղղված պատասխանս հասարակ է․ ինչպե՞ս կարող է լիարժեք անցկացված կյանքը զուրկ լինել ամենավեհանձն հաճույքներից մեկից, ինչպիսին արվեստի ըմբռումն է։

Ֆրոյդի տեսությունները հաշվի չեն առնում այն հավանականությունը, որ սիմֆոնիստի պայքարը (հասկանալ և հասնել բոլոր ժամանակներում կիրառելի նոտաների զուգակցման աստվածային կանոններին) փոքր-ինչ ավելի մեծ սխրանք է, քան թագավորի և հայրենիքի համար զոհվելը։ Շատերն են ունակ անելու դա, իսկ կարտոֆիլ ցանել, տոմսեր կտրել և ուրիշ նույնքան կարևոր բաներ կարող են անել շատ ավելի շատերը։

Վագնե՜ր։ Նրա աստվածներն ու հերոսներն արդեն 50 տարի է, ինչ ստիպում են ինձ փշաքաղվել։

Գերմանիայում նոր երաժշտություն լսելու էին տարել ինձ։ Ես ասացի․ «Դուք բազմագույն կոկտեյլներ եք պատրաստում։ Իսկ ես մաքուր ջրով եմ գալիս»։ Իմ երաժշտությունը հալած սառույց է։ Դրա շարժման մեջ կարող եք որսալ դրա սառցակալած սկիզբը, իսկ դրա հնչյունների մեջ՝ նախնական լռությունը։

Ինձ հարցնում էին, թե որ պետությունն է ամենամեծ համակրանքն արտահայտում իմ ստեղծագործությունների նկատմամբ։ Ես պատասխանում էի՝ Անգլիան։ Այդ երկիրը զուրկ է շովինիզմից[18]։ Այցելություններիցս մեկի ժամանակ միգրացիոն ծառայության աշխատակիցը ճանաչեց ինձ։ Պարոն Վոն Ուիլյամսի հետ ծանոթացա․ ֆրանսերեն՝ երկուսիս հասանելի միակ լեզվով էինք զրուցում՝ երաժշտությունը չհաշված։ Համերգից հետո ճառ ասացի։ Ասացի, որ այնտեղ մեծաթիվ ընկերներ էին ներկա, և բնականաբար հույս ունեի, որ նաև թշնամիներ։ Բորնմութում ուսանող-երաժշտագետն իր հարգանքն արտահայտեց իմ հանդեպ և պարզասրտությամբ ասաց, որ չէր կարող իրեն թույլ տալ գալ Լոնդոն՝ Չորրորդս լսելու։ Ձեռքս գրպանս տարա և ասացի․ «Ein Pfund Sterling[19] կտամ քեզ»։

Իմ գործիքավորումն ավելի լավն է, քան Բեթհովենինը, իմ թեմաները նույնպես ավելի լավն են։ Բայց նա գինու երկրում է ծնվել, իսկ ես՝ երկրում, որտեղ հավանոցի ղեկավարը թթված կաթն է։ Ինձ նման տաղանդին, եթե չասենք հանճարին, չի կարելի թթված կաթով սնել։

Պատերազմի տարիներին ճարտարապետ Նորմանը ջութակի պատյանի ձև ունեցող ծանրոց էր ուղարկել ինձ։ Դա իսկապես ջութակի պատյան էր, բայց ներսում գառան ծխեցրած ազդրամիս էր։ Ի նշան երախտագիտության՝ «Ֆրիդոլինի խենթությունը» գրեցի և Նորդմանին ուղարկեցի։ Գիտեի, որ նա a capella[20] երգեցողությամբ էր հափշտակված։ Շնորհակալություն հայտնեցի նրան le délicieux violon[21]-ի համար։ Ավելի ուշ ինչ-որ մեկը քարալեզների[22] մի ամբողջ արկղ էր ուղարկել ինձ։ Բազմաձայն օրհներգով էի պատասխանել։ Ինքս ինձ խորհում էի, որ ամեն բան գլխիվայր էր շուռ եկել։ Այդ երբ էին արվեստագետները հովանավորներ ունեցել, նրանք երաժշտություն էին գրում, և քանի դեռ շարունակում էին անել դա, նրանց կերակրում էին։ Այժմ ինձ ուտելիք են ուղարկում, իսկ ես պատասխանում եմ՝ երաժշտություն գրելով։ Դա ավելի անկանոն համակարգ է։

Դիկտոնիուսը[23] Չորրորդս «խինինից[24] պատրաստված հացի սիմֆոնիա» կոչեց, նկատի ունենալով հին ժամանակները, երբ աղքատները խինայածառի կեղևից ստացված փոշի էին խառնում ալյուրին։ Արդյունքում ստացված բոքոնները այնքան էլ լավ որակի չէին լինում, բայց հագեցնում էին սովը։ Կալիշն ասաց, որ Չորրորդն ընդհանուր առմամբ արտահայտում է տհաճ և մռայլ հայացքը կյանքին։

Երբ երիտասարդ էի, խոցվում էի քննադատությունից։ Հիմա, երբ մելամաղձոտ տրամադրության մեջ եմ, վերընթերցում եմ ստեղծագործությանս հասցեին գրված տհաճ խոսքերն ու անչափ քաջալերվում եմ։ Միշտ ասում եմ գործընկերներիս․ «Միշտ հիշե՛ք, որ աշխարհում չկա մի պետություն, որտեղ քննադատի արձան է կանգնեցված»։

Չորրորդի դանդաղ հատվածը թաղմանս ժամանակ է հնչելու։ Եվ ես ուզում եմ, որպեսզի ինձ թաղեն՝ կիտրոնը սեղմած ձեռքի մեջ, որը գրել է այդ նոտաները։

Ո՛չ, Էյ-ը կվերցնի կիտրոնը մեռած ձեռքիցս, ինչպես որ վիսկիի շիշը կենդանի ձեռքիցս էր վերցնում։ Բայց չի չեղարկի «խինինից պատրաստված հացի սիմֆոնիայի» վերաբերյալ կարգադրությունս։

Ութերորդս․ դա միակ բանն է, ինչի մասին հարցնում են։ Մաե՛ստրո, ե՞րբ կավարտեք։ Ե՞րբ կկարողանանք հրատարակել այն։ Միգուցե միայն նախերգա՞նքը։ Քեյ-ի՞ն եք առաջարկելու դիրիժորություն անել։ Ինչո՞ւ այսքան երկարեց։ Ինչո՞ւ է սագը դադարել մեզ ոսկի ձվեր ածելուց։

Պի՛նդ կաց։ Մահը մոտակայքում է։

Պարոնա՛յք, գուցե նոր սիմֆոնիան գոյություն ունի, կամ գուցե՝ ոչ։ 10, 20, գրեթե 30 տարի կարող է պահանջվել դրա համար։ Հնարավոր է 30-ից ավել տարի պահանջվի։ Հնարավոր է, որ նույնիսկ 30 տարուց ոչինչ չլինի։ Գուցե կրակի մեջ հայտնվի։ Կրակի, հետո լռության։ Վերջիվերջո արդյունքում ամեն բան էլ այդպես է ավարտվում։ Բայց ճի՛շտ հասկացեք ինձ, պարոնա՛յք։ Ե՛ս չեմ լռություն ընտրում։ Լռությո՛ւնն է ինձ ընտրում։

Էյ-ի անվանակոչության տոնն է։ Ուզում է, որ սունկ հավաքելու գնամ։ Անտառում սևասնկեր են հայտնվել։ Դե՜, դա իմ ֆորտեն[25] չէ։ Սակայն ջանքերի, տաղանդի և արիության շնորհիվ գտա սևասունկ։ Պոկեցի այն, քթիս մոտեցրի, հոտ քաշեցի և ակնածանքով փոքրիկ զամբյուղի մեջ դրի։ Այնուհետև թեզանիքներիս վրայից թափ տվի սոճու փշերը և պարտքս կատարելով՝ գնացի տուն։ Ավելի ուշ զուգերգեր նվագեցինք։  Sine alc։

Ձեռագրերի փառահեղ հրադատություն[26]։ Սպիտակեղենի զամբյուղի մեջ հավաքեցի դրանք և Էյ-ի ներկայությամբ վառեցի հյուրասենյակի բուխարու մեջ։ Որոշ ժամանակ հետո նա այլև չէր կարողանում հանդուրժել դա և հեռացավ։ Իսկ ես շարունակում էի բարի գործը։ Ավարտելով ավելի ուրախ և ավելի հանգիստ զգացի ինձ։ Երջանիկ օր էր։

Գործերը նախկինի պես արագ չեն առաջ գնում․․․Ճի՛շտ է։ Բայց ինչո՞ւ ենք ակնկալում, որ կյանքի վերջաբանը պետք է rondo allegro լինի։ Ինչպե՞ս ավելի ճիշտ սահմանենք այն։ Maestoso՞։ Քչերի բախտն է այդպես բերում։ Largo՞։ Կրկին չափից ավելի վեհ է։ Largamente е appassionato՞։ Վերջաբանը կարող է այսպես սկսել․ իմ սեփական Առաջինի սկիզբն այդպիսին է։ Բայց կյանքում այն դեպի allegro molto է գնում, երբ դիրիժորը մեծ արագության և աղմուկի է հասցնում նվագախմբին։ Ո՛չ, կյանքում հարբեցող կա պադվանդանի վրա՝ ծերուկ, որ չի ճանաչում իր սեփական երաժշտությունը, հիմար, որը փորձը ելույթից չի տարբերում։ Tempo buffo՞ նշենք այն։ Ո՛չ, գտա։ Ուղղակի sostenuto նշեք այն, և թող դիրիժորը որոշում կայացնի։ Վերջիվերջո ճշմարտությունը կարելի է մեկից ավելի եղանակներով արտահայտել։

Այսօր առավոտյան սովորականի պես զբոսնելու գնացի։ Կանգնեցի բլրի վրա և դեպի հյուսիս նայեցի։ «Երիտասարդությանս թռչուննե՜րը»։ «Երիտասարդությանս թռչուննե՜րը»։ Սպասում էի։ Մառախլապատ օր էր, թուխպ ամպերը շատ ցածր էին, բայց հազարից մեկ անգամ կռունկները դրանց տակով էին թռչում։ Երբ մոտեցան, դրանցից մեկն առանձնացավ երամից և ուղիղ իմ կողմ սկսեց թռչել։ Ողջույնի նշան անելով՝ բարձրացրի ձեռքերս, իսկ նա դանդաղ պտույտ կատարեց շուրջս՝ բարձր կռինչ արձակելով, հետո հետ թռավ, որպեսզի միանար իր երամին, որը երկար ճանապարհորդության էր գնում դեպի հարավ։ Շարունակում էի նայել, մինչև որ աչքերս չսկսեցին շաղվել, ականջ դրեցի, մինչև որ ականջներս չդադարեցին լսել, և լռությունը չվերադարձավ։

Դանդաղ քայլեցի դեպի տուն։ Դռան մոտ կանգ առա՝ կիտրոն պահանջելով։

 Թարգմանությունը անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Առաջին ձայնային ֆիլմը, որ 1927 թվականին ցուցադրվել է ԱՄՆ-ում։

[2] (իտալ․) Երկու անգամ ավելի դանդաղ։

[3] Իտալացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտագետ։

[4] Շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։

[5] Ռուս դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր, որը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։

[6] Իգոր Ստրավինսկի։

[7] Ֆրանսիացի կոմպոզիտոր։

[8] Հրեական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։

[9] Արվեստագետ Նենսի Ջոզեֆսոն:

[10] Ֆինն երաժշտագետ։

[11] Քաղաք և նավահանգիստ Շվեդիայում։

[12] (լատ․) Հետմահու  փայտացումը։

[13] (գերմ․) մի անգամ է ապրում։

[14] Շվեդ բանաստեղծուհի։

[15] (լատ․) Առանց ալկոհոլի։

[16] Շվեդիայի երրորդ ամենամեծ քաղաքը։

[17] (լատ․) Մի օրով ապրող մարդ։

[18] Ծայրահեղորեն ռեակցիոն բուրժուական ազգայնականություն, որ ազգային թշնամանք է սերմանում, ազգամոլություն:

[19] (գերմ․) Մեկ ֆունտ ստեռլինգ։

[20] (իտալ․) Ա կապելլա ՝ եզրույթ, որով նշվում է առանց նվագակցության խմբակային  երգեցողությունը։

[21] (ֆր․) Համեղ ջութակ։

[22] Քորդավորների տիպի բոլորաբերանների դասին պատկանող օձանման ձուկ, քարադիաց:

[23] Ֆինն և շվեդ գրող, բանաստ

եղծ, կոմպոզիտոր։

[24] Սպիտակ դառնահամ բյուրեղային փոշի, որը ստացվում է խինայածառի կեղևից։

[25] Ուժգին կատարում։

[26] Հեղափոխական և առաջադիմական գրականության, գիտության, արվեստի և այլ երկերի հրապարակային հրկիզում, աուտոդաֆե:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *