Դեպքը 1969-ի փետրվարին պատահեց, Բոստոնի հյուսիսում, Քեմբրիջում: Անմիջապես գրի չառա, որովհետև առաջին մտադրությունս այն մոռանալն էր, որպեսզի խելքս չթռցնեմ: Այժմ՝ 1972-ին, մտածում եմ, որ եթե գրի առնեմ, մյուսներն այն կկարդան որպես պատմվածք, և տարիների հետ գուցե ինձ համար էլ պատմվածք դառնա:
Գիտեմ, որ այդ դեպքն ուղղակի դաժան էր, երբ տեղի էր ունենում և է´լ ավելի դաժան այն անքուն գիշերների ընթացքում, որ հետևեցին: Դա չի նշանակում, որ այն կարող է ցնցել մի երրորդ անձի:
Առավոտյան տասը կլիներ: Թինկն էի տվել մի նստարանի, Չարզ գետի դիմաց: Ինձնից մոտ հինգ հարյուր մետր աջ մի բարձրահարկ շենք կար, որի անունն այդպես էլ չիմացա: Պղտոր ջուրը սառցի երկարուկ բեկորներն էր բերում: Անշուշտ, գետը ստիպեց, որ մտածեմ ժամանակի մասին, Հերակլիտի հազարամյա կերպարի մասին: Ես լավ էի քնել, նախորդ օրվա դասախոսությունս հաջող էր անցել, կարծում եմ, որ հետաքրքրել էր ուսանողներին: Կենդանի շունչ չկար շուրջը:
Հանկարծ այնպիսի տպավորություն ունեցա (որն ըստ հոգեբանների համընկնում է գերհոգնած վիճակների հետ), որ մի անգամ արդեն ապրել եմ այդ պահը: Ինչ-որ մեկը նստել էր նստարանի մյուս ծայրին: Ես կնախընտրեի մենակ լինել, բայց չցանկացա միանգամից վեր կենալ, որպեսզի անկիրթ չթվամ: Մյուսը սկսել էր սուլել: Եվ հենց այդ ժամանակ պատահեց այդ առավոտվա բազմաթիվ խառնաշփոթություններից առաջինը: Այն, ինչ սուլում էր նա, ինչ փորձում էր սուլել (երբեք լավ երաժշտական լսողություն չեմ ունեցել), Էլիաս Ռեգուլեսի «Ավերված տունը» երգի կրեոլական ոճն էր: Այդ ոճն ինձ տեղափոխեց մի բակ, որն անհետացել է, և հիշեցրեց Ալվարո Մելիան Լաֆինուրին, որը վաղուց է մահացել: Այնուհետև բառերն ականջիս հասան: Երգի առաջին տասը բառերն էին: Ձայնն Ալվարոյինը չէր, բայց ուզում էր նմանվել: Սոսկումով ճանաչեցի այդ ձայնը:
Մոտեցա նրան և ասացի.
– Պարոն, Դուք ուրուգվայցի՞ եք, թե՞ արգենտինացի:
– Արգենտինացի, բայց տասնչորս թվից Ժնևում եմ ապրում, – եղավ պատասխանը:
Երկար լռություն տիրեց: Հետո հարցրի.
– Մալանյու տասնյոթո՞ւմ, ռուսական եկեղեցու դիմա՞ց:
Պատասխանեց՝ այո:
– Այդ դեպքում, – վճռականորեն ասացի նրան, – Ձեր անունը Խորխե Լուիս Բորխես է: Ես նույնպես Խորխե Լուիս Բորխեսն եմ: Հիմա 1969 թվականն է, մենք Քեմբրիջում ենք:
– Ո´չ, – պատասխանեց իմ սեփական, փոքր-ինչ օտարոտի ձայնով: Քիչ անց պնդեց, – Ես այստեղ եմ՝ Ժնևում, նստարանին նստած, Ռոդանոյից մի քանի քայլի վրա: Տարօրինակ է, որ մենք նման ենք իրար, բայց Դուք շատ ավելի մեծ եք, ալեհեր:
Կարող եմ ապացուցել, որ սուտ չեմ ասում: Քեզ բաներ կասեմ, որ անծանոթ մարդը չի կարող իմանալ: Մեր տանը մատեի արծաթյա գավաթ կա՝ ոտքն օձապատկեր զարդանախշով, որ մեր նախապապն է բերել Պերուից: Մի արծաթյա թաս էլ կա, որ կախված է թամբի բռնակից: Քո սենյակի պահարանում երկու շարք գիրք կա՝ «Հազար ու մի գիշեր»-ի երեք հատորները Լեյնի թարգմանությամբ՝ մետաղյա փորագրանկարներով և գլուխների արանքներում փոքր նշումներով, Կիշըրայի [1] լատիներեն բառարանը, Տակիտոսի «Gemiania»-ն լատիներեն և Գորդոնի թարգմանությամբ, «Գարնիե»-ի հրատարակած «Դոն Կիխոտը», Ռիվերա Ինդարտեի [2] «Արյունոտ հուշատախտակներ»-ը հեղինակի ընծայագրով, Քարլեյլի [3] «Sartor Resartus»-ը, Ամյելի [4] կենսագրությունը և մնացած գրքերի ետևում թաքցրած թղթե կազմով մի գիրք բալկանյան ժողովուրդների սեքսուալ սովորույթների մասին: Չեմ մոռացել նաև Դյուբուր հրապարակի առաջին հարկերից մեկում անցկացրած մի երեկոյի մասին:
– Դյուֆուր, – ուղղեց նա:
– Շատ բարի, Դյուֆուր: Այսքանը բավակա՞ն է:
– Ո´չ, – պատասխանեց նա: – Այդ փաստերը ոչինչ չեն ապացուցում: Եթե ես Ձեզ երազում եմ տեսնում, բնական է, որ գիտեք այն, ինչ ես գիտեմ: Միանգամայն զուր է Ձեր ընդարձակ ցանկը: Մինչդեռ մեր ակներև պարտականությունն է ընդունել երազը, ինչպես աշխարհն ենք ընդունում, և երազից ծնված լինելով՝ աչքերով նայենք և շնչենք:
– Իսկ եթե երազը շարունակվի՞, – խիստ անհանգստացած հարցրեց նա:
Նրան հանգստացնելու համար, ինքս ի´նձ հանգստացնելու համար ինքնավստահություն ձևացրի, որն իրականում չէի զգում:
– Իմ երազը տևել է յոթանասուն տարի: Ի վերջո, չկա մարդ, որ ինքն իրեն հիշելիս չհանդիպի ինքն իրեն: Ահա դա է հիմա մեզ հետ կատարվում, բացի այն, որ մենք երկուսն ենք: Չե՞ս ուզում որևէ բան իմանալ իմ անցյալից, որը քեզ սպասվող ապագան է:
Լուռ համաձայնության նշան արեց: Ես փոքր-ինչ շփոթված շարունակեցի.
– Մայրդ ողջ և առողջ է Բուենոս Այրեսի Չարկաս և Մայպուի իր տանը, բայց հայրդ մահացել է երեսուն տարի առաջ: Սրտից է մահացել: Մարմնի կեսը կաթվածահար էր եղել, դա վերջ դրեց նրա կյանքին: Աջ ձեռքի վրա դրված ձախ ձեռքը նման էր երեխայի ձեռքի՝ հսկայի ձեռքի վրա: Մեռավ՝ անհամբեր մահվանը սպասելով, բայց առանց որևէ տրտունջի: Մեր տատիկն էլ էր նույն տանը մահացել: Մահվանից մի քանի օր առաջ բոլորիս կանչեց և ասաց. « Ես շատ ծեր կին եմ, ով շատ դանդաղ է մահանում: Թող ոչ ոք չհուզվի այս պարզ ու հասարակ բանի պատճառով»: Նորան՝ քույրդ, ամուսնացել է, երկու երեխա ունի: Հա, ի միջի այլոց, տնեցիք ինչպե՞ս են:
– Լավ են: Հայրիկն, ինչպես միշտ, հավատի թեմայով իր կատակներով: Երեկ երեկոյան ասաց, որ Հիսուսը գաուչոների [5] նման էր, որոնք չեն ուզում վտանգի ենթարկել իրենց, դրա համար էլ առակներով էր քարոզում:
Նա մի պահ երկմտեց և հարցրեց.
– Իսկ Դո՞ւք:
– Ինձ հայտնի չէ գրքերի թիվը, որ գրելու ես, բայց գիտեմ, որ շատ-շատ են: Բանաստեղծություններ կգրես, որ քեզ անասելի բավականություն կպատճառեն և ֆանտաստիկ բնույթի պատմվածքներ: Դասեր կտաս, ինչպես հայրդ և մեր տոհմից շատ-շատերը:
Ինձ դուր եկավ, որ ոչինչ չհարցրեց գրքերի հաջողության կամ ձախողման մասին: Փոխեցի տոնս և շարունակեցի.
– Իսկ ինչ վերաբերում է պատմությանը…Մեկ այլ պատերազմ եղավ, համարյա նույն հակամարտ կողմերի միջև: Ֆրանսիան չհապաղեց հանձնվել, Անգլիան և Ամերիկան ազատվեցին գերմանական մի դիկտատորից, որի անունը Հիտլեր էր, նույն Վաթեռլոոյի ցիկլային ճակատամարտը: Բուենոս Այրեսը հազար ինը հարյուր քառասուն թվականին մոտ մեկ այլ Ռոսաս [6] ծնեց՝ բավականին նման մեր ազգականին: Հիսունհինգին Կորդովայի նահանգը մեզ փրկեց, ինչպես նախկինում Էնտրե Ռիոսը: Այժմ գործերը շատ վատ են: Ռուսաստանը տիրանում է մոլորակին, Ամերիկան, ժողովրդավարության սնահավատությանը կառչած, չի համարձակվում կայսրություն դառնալ: Օր-օրի մեր երկիրն ավելի գավառական է դառնում: Ավելի գավառական և ավելի ամբարտավան, կարծես ոչինչ չտեսնի շուրջը: Ես չէի զարմանա, եթե լատիներենի ուսուցումը գուարանիի [7] ուսուցմամբ փոխարինվեր:
Ես նկատեցի, որ նա գրեթե ուշադրություն չի դարձնում ինձ: Տարրական վախը անհնարին թվացող, բայց այնուամենայնիվ, իրական բաների հանդեպ, ահ ու սարսափի մեջ էր պահում նրան: Ես, որ հայր չեմ եղել, սիրո մի ալիք ու ցավ զգացի այդ խեղճ երիտասարդի նկատմամբ, որ ավելի հարազատ էր ինձ, քան արյունակից որդին: Տեսա, որ մի գիրք է սեղմել ձեռքերի մեջ: Հարցրի, թե ինչ գիրք է:
– «Դիվահարները» կամ ըստ իս՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Դևերը», – պատասխանեց ոչ առանց սնապարծության:
– Աղոտ եմ հիշում: Լա՞վն է, – ասացի ու անմիջապես էլ զգացի, որ հարցս սրբապղծություն էր:
– Ռուս վարպետն ավելի, քան որևէ մեկը թափանցել է սլավոնական հոգու լաբիրիթոսները, – իր կարծիքն արտահայտեց նա:
Այդ հռետորական փորձն ինձ ապացույցը թվաց այն բանի, որ նա հանդարտվել էր:
Հարցրի, թե վարպետի է՞լ ինչ գրքեր է աչքի անցկացրել: Երկու-երեքը թվարկեց, այդ թվում նաև «Նմանակը»:
Հարցրի, թե կարդալիս լա՞վ է զանազանում հերոսներին, ինչպես Ջոզեֆ Կոնրադի դեպքում և արդյոք մտադի՞ր է շարունակել նրա ամբողջ ստեղծագործությունն ուսումնասիրել:
– Ճիշտն ասած՝ ոչ, – պատասխանեց որոշ զարմանքով:
Հարցրի, թե ի՞նչ է գրում հիմա, ասաց, որ բանաստեղծությունների գիրք է պատրաստում, որը վերնագրելու է «Կարմիր հիմներ»: Մտածել էր նաև «Կարմիր ռիթմեր»[8] վերանգրի մասին:
– Ինչո՞ւ չէ, – ասացի: – Կարող ես շատ լավ նախորդների վկայակոչել: Ռուբեն Դարիոյի լուրթ պոեզիան և Վեռլենի գորշ երգը:
Ասածիս ուշադրություն չդարձնելով՝ պարզաբանեց, որ իր գիրքը երգելու է համայն մարդկության եղբայրությունը: Մեր ժամանակի պոետը չի կարող թիկունք դարձնել իր ժամանակաշրջանին:
Ես մտքերի մեջ ընկա, ապա հարցրի նրան, թե ինքն իսկապե՞ս իրեն բոլորի եղբայրն է զգում: Օրինակ՝ հուղարկավորության շքեղ պարագաներ արտադրող բոլոր ձեռնարկատերերի, բոլոր փոստատարների, բոլոր սուզորդների, դիմացի մայթի զույգ համարի շենքերի բոլոր բնակիչների, բոլոր ձայնազուրկների, և այլն, և այլն: Ասաց, որ իր գիրքը ճնշվածների և ընչազուրկների լայն զանգվածներին է վերաբերում:
-Ճնշվածների և ընչազուրկների քո այդ լայն զանգվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերացական մի բան: Միայն անհատներ գոյություն ունեն, եթե առհասարակ ինչ-որ մեկը գոյություն ունի: «Երեկվա մարդն այսօրվա մարդը չէ», – ասել է մի հույն: Մենք երկուսս, Ժնևի կամ Քեմբրիջի այս նստարանին նստած, թերևս դրա վառ ապացույցն ենք:
Բացառությամբ պատմության դաժան էջերի, հիշարժան դեպքերը շրջանցում են հիշարժան խոսքերը: Մահվան շեմին կանգնած մարդն ուզում է մանկության օրերի աղոտ մի պատկեր հիշել, զինվորները, որ ուր որ է մարտի մեջ պիտի մտնեն, խոսում են ցեխի կամ սերժանտի մասին: Մեր իրավիճակը բացառիկ էր, և, անկեղծ ասած, մենք պատրաստ չէինք դրան: Դժբախտաբար, գրականությունից խոսեցինք. Վախենամ, թե այնպիսի բաներ ասած չլինեմ, որ սովորաբար լրագրողներին եմ ասում: Իմ alter ego-ն հավատում էր նոր մետաֆորներ հորինելուն և հայտնաբերելուն, իսկ ես՝ նրանց, որոնք համապատասխանում են համընդհանուր և իրար մոտ ընհանրություններին, որոնք մեր երևակայությունն արդեն ընդունել է. մարդկային ծերությունն ու մայրամուտը, երազն ու կյանքը, ժամանակի ընթացքն ու ջրի հոսքը: Հայտնեցի նրան այս կարծիքս, որ տարիներ անց ինքն էր արտահայտելու որևէ գրքում:
Նա գրեթե չէր լսում ինձ: Եվ հանկարծ ասաց.
– Եթե Դուք ես եմ եղել, հապա ինչպե՞ս բացատրել, որ մոռացել եք Ձեր հանդիպումը մի տարիքով պարոնի հետ, որը 1918 թվականին Ձեզ ասաց, որ ինքը նույնպես Բորխեսն է:
Ես չէի մտածել այդ դժվարին հարցի շուրջ: Առանց մեծ համոզվածության պատասխանեցի.
– Թերևս այդ դեպքն այնքան տարօրինակ է եղել, որ ես աշխատել եմ մոռանալ այն:
Նա համարձակվեց երկչոտ հարցնել.
– Իսկ ինչպե՞ս է Ձեր հիշողությունը:
Հասկացա, որ պատանու համար, որը դեռ չի բոլորել քսան տարին, յոթանասունն անց մարդը դիակ է:
Սովորաբար մոռացկոտ է թվում, բայց դեռևս կարողանում է գտնել այն, ինչ հանձնարարում են իրեն: Ես անգլոսաքսոներեն եմ ուսումնասիրում և դասարանում վերջինը չեմ:
Մեր զրույցն արդեն բավականին երկար էր տևել երազ լինելու համար: Հանկարծ մի կտրուկ միտք անցավ գլխովս, և ես նրան ասացի.
Ես հենց հիմա կարող եմ ապացուցել, որ ինձ երազում չես տեսնում: Լավ լսիր այս բանաստեղծությունը, որը երբեք չես կարդացել, որքան հիշում եմ:
Դանդաղ արտասանեցի հայտնի տողը.
L’hydre – univers tordant son corps écaillé d’astres. [9]
Զգացի նրա վախվորած ապշանքը: Ցածրաձայն կրկնեց տողը՝ վայելելով յուրաքանչյուր պերճաշուք բառը:
– Ճիշտ է, – քրթմնջաց նա: – Ես երբեք չեմ կարող դրա նման տող գրել:
Հյուգոն միավորել էր մեզ:
Առաջներում, հիմա եմ հիշում, նա ջերմորեն կրկնել էր այն կարճ հատվածը, որտեղ Ուոլտ Ուիթմենը վերհիշում է ընկերոջ հետ ծովի մոտ անցկացրած մի գիշեր, երբ իսկապես երջանիկ է եղել:
Եթե Ուիթմենը երգել է գիշերը, – նկատեցի ես, – պատճառն այն է, որ նա ցանկացել է, որ այդ գիշերը լինի և չի եղել: Բանաստեղծությունը շահում է, եթե գուշակում ենք, որ այն իղձ է արտահայտում և ոչ դեպքի պատմություն:
Նա երկար նայում էր ինձ:
– Դուք նրան չե´ք ճանաչում, – պոռթկաց հանկարծ: – Ուիթմենն ընդունա´կ չէ ստելու:
Կես դարն իզուր չի անցնում: Մեր՝ խառնիխուռն գրականության և տարբեր ճաշակների տեր անձանց զրույցից ես հասկացա, որ մենք չէինք կարող հասկանալ միմյանց: Չափազանց տարբեր էինք և չափազանց նման իրար: Մենք չէինք կարողանում խաբել միմյանց, ինչը որ բարդացնում էր երկխոսությունը: Երկուսիցս յուրաքանչյուրը խղճուկ ծաղրանմանակումն էր մյուսի: Իրավիճակը չափազանց աննորմալ էր շատ ավելի երկար տևելու համար: Խորհուրդ տալը կամ վիճաբանելն անիմաստ էր, քանզի նրա անխուսափելի ճակատագիրը լինելու էր դառնալ այն, ինչ ես եմ:
Հանկարծ Քոլրիջի ֆանտազիաներից մեկը մտաբերեցի. մեկը երազում տեսնում է, որ անցնում է դրախտով, և որպես ապացույց՝ նրան մի ծաղիկ են տալիս: Արթնանում է, և ահա, ծաղիկն իր կողքին է:
Մտքովս մի խորամանկ զուգադրություն անցավ:
– Լսիր, մոտդ փող կա՞, – հարցրի նրան:
– Այո: Մի քսան ֆրանկ ունեմ: Այս երեկո Սիմոն Ժիշինսկուն էի «Կրոկոդիլ» հրավիրել:
– Սիմոնին ասա, որ Կարուժում բժշկությամբ է զբաղվելու և շատ բարի գործեր է անելու… իսկ հիմա ինձ տուր մետաղադրամներիցդ մեկը:
Երեք արծաթե էսկուդո հանեց և մի քանի մանր գրոշներ: Առանց հասկանալու՝ առաջիններից մեկն ինձ տվեց:
Ես նրան մեկնեցի ամերիկյան այն անշրջահայաց թղթադրամներից, որոնք շատ տարբեր արժեքներ ունեն, բայց միևնույն չափերը: Նա ագահաբար ուսումնասիրեց թղթադրամը:
– Չի´ կարող պատահել, – բացականչեց, – այստեղ 1974 տարեթիվն է նշված:
(Ամիսներ անց ինչ-որ մեկն ինձ ասաց, որ բանկային թղթադրամների վրա տարեթիվ չի լինում նշված:)
– Այս ամենը հրաշք է, – հասցրեց ասել, – իսկ հրաշքը վախ է ներշնչում: Ովքեր վկա են եղել Ղազարոսի հարությանը, ահ ու սարսափի մեջ են եղել հավանաբար:
«Մենք ոչինչ չփոխանակեցինք, – մտածեցի ես: Շարունակ գրքային հղումներ: »
Նա պատառոտեց թղթադրամը, իսկ մետաղադրամը թողեց:
Ես որոշեցի գետը նետել այն: Արծաթե գետում անհետացող արծաթե էսկուդոյի աղեղը կենդանի պատկեր կհաղորդեր իմ պատմությանը, սակայն բախտն այդ չկամեցավ:
Ես պատասխանեցի, որ գերբնականը, եթե երկու անգամ է տեղի ունենում, դադարում է սարսափազդու լինել: Առաջարկեցի հանդիպել հաջորդ օրը, այս նույն նստարանի մոտ, որը երկու տարբեր ժամանակներում և երկու տարբեր վայրերում է գտնվում:
Նա հավանություն տվեց և առանց ժամացույցին նայելու ասաց, որ արդեն իր գնալու ժամանակն է: Երկուսս էլ ստում էինք, և ամեն մեկս էլ գիտեր, որ զրուցակիցը ստում է: Ես ասացի, որ ուր որ է կգան իմ ետևից:
– Ձեր ետևի՞ց, – հետաքրքրվեց:
– Այո, իմ ետևից: Երբ իմ տարիքին հասնես, գրեթե լիովին կորցրած կլինես տեսողությունդ: Կտեսնես դեղին գույնը և լույսն ու ստվերը: Չմտահոգվես: Աստիճանական կուրացումը ողբերգական բան չէ: Ամառային դանդաղ մայրամուտի է նման:
Հրաժեշտ տվեցինք՝ առանց միմյանց ձեռք սեղմելու: Հաջորդ օրը ես չգնացի: Մյուսը նույնպես գնացած չի լինի:
Ես շատ երկար եմ մտորել այդ հանդիպման մասին, որի մասին ոչ ոքի չեմ պատմել: Կարծում եմ, որ գտել եմ բանալին: Հանդիպումն իրական էր, սակայն մյուսն ինձ հետ երազում էր զրուցում և այդ կերպ կարողացավ մոռանալ ինձ: Ես նրա հետ զրուցում էի արթմնի, և հուշը տակավին հալածում է ինձ:
Մյուսն ինձ երազում է տեսել, սակայն չի տեսել ամենայն ճշգրտությամբ: Երազում է տեսել, հիմա եմ հասկանում, անհավանական տարեթիվը դոլարի վրա:
Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
[1] Լյուի Մարի Կիշըրա – 1799-1884, ֆրանսիացի լեզվաբան, ֆրանսերեն-լատիներեն և լատիներեն-ֆրանսերեն բառարանի հեղինակ
[2] Խոսե Ռիվերա Ինդարտե – 1814-1845, արգենտինացի բանաստեղծ և ակնառու ընդդիմադիր լրագրող
[3] Թոմաս Քարլեյլ – 1795-1881, բրիտանացի պատմաբան, քննադատ, էսսեագիր
[4] Անրի Ֆրեդերիկ Ամյել – 1821-1881, շվեյցարացի գրող, բանաստեղծ, փիլիսոփա
[5] գաուչո – հարավամերիկյան պամպաների հմուտ հեծյալ
[6] Խուան Մանուել դե Ռոսաս – 1793-1877, արգենտինացի ռազմական և քաղաքական գործիչ, դիկտատոր 1835-1852թ.թ., մինչև պաշտոնանկ արվելը և փախուստը Մեծ Բրիտանիա
[7] գուարանի – հնդկացիական լեզու
[8] «Կարմիր ռիթմեր» – Բորխեսի կազմած առաջին գրքերից մեկը, որը երբեք չի հրատարակվել: Բոլշևիկյան հեղափոխությունը գովերգող պոեմներ էին, որոնցից միայն առանձին պոեմներ են պահպանվել:
[9] L’hydre – univers tordant son corps écaillé d’astres – ֆր., տողը Հյուգոյի բանաստեղծություններից մեկից է. Հիդրա-տիեզերքը, մարմինն իր գալարելով, կեղևահան է անում լուսատուներ