ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ | Բանաստեղծություններ

Իոսիֆ Բրոդսկի

«Ես ՝ երգիչ անհեթեթի, ավելորդ մտքերի, բեկյալ գծերի». այս համեստ ինքնագնահատանքով Իոսիֆ Բրոդսկին ըստ էության սահմանել է ժամանակակից մարդու մտահոգևոր գլխավոր տագնապը՝ նրա շարունակական ներամփոփումը, կոտորակվածությունն ու աբսուրդի զգացողության սրացումը։ Եվ իր ողջ պոեզիան իրականում մի լայնահուն, տպավորիչ ճիգ է՝ շաղկապելու արդի աշխարհաքաղաքացի,- իր ողբերգաշունչ անձնականով լիարժեքավորված,- կեցության բեկորները, մատնանշելու այն ներաշխարհային կոորդինատները, որ անհատին երեւակում են իբրեւ սիրելի ու պաշտպանության արժանի։ Սիրել ու պաշտպանել՝ սա է գեղագիտորեն ու մեծ բանարվեստով քարոզում բանաստեղծը։
Բրոդսկին 20-րդ դարի թերեւս խոշորագույն եղերերգուն է, որն իր կենսագրությամբ տիպականացրեց ժամանակի կատակլիզմների մի երկար շարք։ Նա գրում էր՝ առօրեական մանրամասներից արտածելով մշտատետւթյան բանաձեւերը։ «Ազատությունն այն է, երբ բռնակալի բռում քո երկիրը դու չես մտաբերում»,- ասում է բանաստեղծը։
Նման մտքի ու աչքի տեր հեղինակի համար օրինաչափորեն տեղ չգտնվեց խորհրդային երկրում, եւ նա վտարվում է ԽԱՀՄ-ից, իր ձոներգած Լենինգրադից։ Ազգությամբ հրեա բանաստեղծը անցած հարյուրամյակի 70-80-ական թթ. ամերիկյան մայրցամաքից էր տարածում ռուս պոեզիայի փառքը։ 1987թ. Բրոդսկուն շնորհում են գրականության գծով Նոբելյան մրցանակ։ Իր մահկանացուն նա կնքեց 1996 թվականին։

Ստանսներ քաղաքին

Չլինի այնպես-
Ես մեռնեմ հանկարծ քեզանից հեռու,
լեռնային աղավնուտներում,-
ծուռտիկ ոտքերով տղային եմ կրկնում։
Չլինի հանկարծ,
որ դու շտապող ամպերի ներքո,
գիշերվա ծոցում տեսնես արցունքներս
եւ վիշտս խեղճ։
Թող ինձ սգերգի
ջրերի ու երկինքների երգչախումբը գոռ,
եւ գրանիտն ամուր գրկի ինձ,
թող կլանի իսկույն –
քայլս հիշելով,
թող սգերգի ինձ,
թող սգերգի հապճեպ փախածիս, նոր-
ցնցի քո սպիտակ գիշերով ինձ այս
երկրային փառքն անշարժ։
Շուրջ բոլորը կտիրի լռություն։ –
Սեւ ճոպանը միայն կճչա
գետի լայնքի վրա,
շնչահատ կռվելով խավարի դեմ,
եւ թռչող գիշերը
այս թշվառ կյանքը կնշանի քո
գեղեցկության եւ իմ
ետմահու խորին ճշմարտության հետ։

1962թ.

* * *

Գալիս է ձյունը՝
ողջ աշխարհը մատնելով փոքրամասնության։
Այդ պահին խրախճանք է Պինկերտոնների մոտ,
Եւ բռնացնում ես քեզ այն էության մեջ,
որ անփութության դրոշմն է կրում։
Նման գյուտի դիմաց չեն պահանջում կաշառք,-
լռությու՜ն է իջել շրջակայքին։
Որքա՞ն լույս է լցված աստղի բեկորում-
Կեսգիշերին- ինչպես փախստականները նավակի մեջ։
Մի կուրացիր, նայիր։ Դու նույնպես որբ ես,
հերձվածող, գարշանք, օրենքից դուրս։
Թե քրքրես հոգիդ, ոչինչ չես գտնի։ Բերանիցդ
գոլորշու քուլա է ելնում, ինչպես դեմք դեւի։
Աղոթիր բարձրաձայն, որպես մի երկրորդՆազովրեցի
ցավիր՝
հանուն զույգ կիսագնդերում առատ ընծաներով
թրեւող ինքնահռչակ տիրակալների
եւ հանուն օրորոցային բոլոր մանկանց։

1985թ.

* * *

Ծակուծուկերում չէ Աստված ապրում գյուղում,
ինչպես կարծում են ծանակողները, այլ՝ ամենուր։
Նա լուսավորում է տանիքները եւ
բոլոր դռները օրհնում ազնվորեն։
Ավելորդ է գյուղում, բայց ամեն շաբաթ
նա ոսպ է եփում պղինձների մեջ,
երազկոտ պար է պարում կրակում
եւ աչքով անում ինձ՝ վկայողիս։
Ցանկապատ է քաշում, մատուցում աղջիկն
իբրեւ անտառապահ եւ կատակախառն
իր նպատակից հեռու է պահում
ձկնորսի նետած կարթը երկար։-
Հնարը՝ դիտել անցուդարձն այդ,
աշնանամուտի սուլոցն է տալիս,
եւ չարանալով՝ արժե գոհ մնալ
գյուղի մեն-միակ աթեիստից։

1964թ.

* * *

Տեղատարափը վերակենդանացնում է
հրավառությունը պատկառուկների՝ փոշում թորշոմած։
Եվ իրիկնաժամը օրը կիսում է,
ինչպես ութ թիվն է մկրատվում երկու զրոների,-
իսկ իրանին նրա թվացույցն է սեղմվում՝
երգող կիթառին նույնապատկերվելով.
նրա լարերին մեխված հայացքով՝
մազափունջը՝ ինչպես կիթառի գրիֆ։-

Նրա ձեռնափը շալն է հարդարում։
Վարսերը հպվում են խոնարհ ոաերին-
և վերահնչում է թախիծը մարմար,-
էլ ուրիշ մի գո ինձ չիգրավում։-
Մենակ ենք այստեղ։ Աչքերից Բացի,
որ մթնշաղում գամվել են իրար,
ոչինչ այլևսչի՜ շաղկապում մեզ
այս վանդակազերծ բանտի
շեղվածքում։

* * *

Ես սկսում եմ տարին, և կրակը արագ գալարվում է
պարապուտ նետված եղևնին դեպի
– նման է պերկեսի կրծած կմախքի։
Եվ նոր Ֆաետոնը սլանում է երկինք,
և անհունում արևն է լողում ինչպես կղզի,
և ծաղկուն տարիքում աճապարում եմ դեպի հյուսիս։

Իմ շարժուձևով սկսում եմ տարին,
իմ թեք ուսերից ստվերներն են աճում,-
ինչպես ծովը, որ իր երախն է բացում
թիանավի էգկուրծք ճուռակների առաջ,
ֆրեգատների բոլոր ճուռակ-կանանց առաջ,
բոլոր ձկնանման աղջիկների առաջ։

Ախ, Ապոլոն, գիտեմ՝ անծանոթ չէ քեզ
արգոսյան խուճուճ օրացույցը հին,-
փոթորկուն հետքերս հարթի՜ր քո դիպուկ
եռաժանիով։-

Երբ պատուհանի տակ հունվարն է շաչում,
ինձ հովվերգական այբուբեն է պետք,
որ հախուռն օգոստոսը չծաղրի խենթին։

1969 թ.

* * *

Այն չէ՝ խելառվում եմ, բայց հոգնել եմ անչափ
ամռան խաղերից։ Օրը կորցնում ես հանկարծ,
թե շապիկի համար պահարան ես խցկվում։
Թող գա ձմեռն ու ծածկի վերջապես
քաղաքները, մարդկանց, բայց նախևառաջ՝ ծածկույթը կանաչ։
Կքնեմ շորերով կամ ցանկացած էջից գիրք կկարդամ,
քանի դեռ տարին մնացորդ ունի-
ինչպես շունը գիտակ, որ փախչելով կույրից՝
հատում է փողոցը նախատեսված տեղում։-
Ազատությունը՝ երբ մոռանում ես հայրանունդ բռնակալի մոտ,
իսկ փսլինքը բերնում ավելի քաղցր է Շիրազի հալվայից,-
ու թեպետ ուղեղդ ոլորված է խոյի եղջյուրի պես,
կաթիլ չի ընկնում կապույտ աչքերից։

1976 թ.

Գրառում հանրագիտարանի համար

Աքանչելի և թշվառագույն երկիր։-
Արևմուտքում և Արևելքում՝ անծիր
լողափերն են երկու օվկիանոսների։ Միջակայքում՝
լեռներ ու անտառներ, կրաքարե դաշտավայրերն են
և հյուղակները գյուղացիների։ Հարավում՝
ջունգլիներ՝ հսկա բուրգերի ավերակներով։
Հյուսիսում՝ պլանտացիաներ, կովբոյներ համառ,
որ գաղտնաբար թափանցում են ԱՄՆ։-
Եվ կարող են արդեն առևտուր անել։

Արտահանվող ապրանքներն են՝ մարիխուանա,
գունավոր մետաղներ, սուրճ, ծխախոտ՝
«Կորոնա» անվամբ, և մանրմունր իրեր ձեռագործ։
(Հավելեմ՝ ամպեր ): Իսկ ներկրում են
մնացած ամեն ինչ և ինչպես միշտ՝ զենք։
Սպառազինվելով՝ ավելի դյուրին է
զբաղվել պետական համակարգով։

Երկրի պատմությունը տխուր է,
սակայն չի կարելի ասել, թե արտակարգ է։ Չարիքը
գլխավոր՝ իսպանացիների ներխուժումն է և
ացտեկների հին քաղաքակրթության ավերումը դաժան։
Դա՛ է անհերքելի Ոսկե հորդայի բարդույթը տեղական։
Տարբերությամբ այն, որ իսպանացիք,
իրոք, հարստացել են ոսկիներով։

Այժմ տարածքում այս հանրապետություն է։ Եվ
ծածանվում է եռագույն դրոշը նախագահական պալատի վրա։
Եվ Սահմանադրությունն է հրաշալի։
Տեքստը նրա՝ բռնապետերի անթիվ հետքերով,
խստիվ պահվում է Ազգային գրադարանում՝
անխոցելի, կանաչ ապակու տակ, ինչպիսին, ի դեպ,
ունի նախագահի «Ռոլս-Ռոյսը» շքեղ։

Դա թույլ է տալիս ապակու միջով
հանգիստ ծիկրակել դեպի ապագա։ Իսկ ապագայում
Բնակչությունը, անշուշտ, կմեծանա։ Բատրակը
նախկինի պես բրիչը թափ կտա
բարկ արևի տակ։ Ակնոցավոր մարդը սրճարանում
տխրությամբ կթերթի մոռացվող Մարքսին։
Եվ գլաքարին տաքացող մողեսը՝
գլխիկը դեպի երկինք ծռած, ակնապիշ
կդիտի տիեզերանավերի թռիչքն անկանգ։

Նամակներ հռոմեացի բարեկամից*
(Մարցիալոսից)

Այժմ քամի է և ծովն է փոթորկվել։
Շուտով աշուն կգա, ամեն ինչ կփոխվի շուրջառած։
Գունափոխությունն այս, Պոստում, հուզիչ է առավել,
քան զգեստափոխությունը ընկերուհուդ։

Օրիորդը սիրաբանում է մինչ սահմանը հայտնի-
ծնկներից ու արմունկներից հեռու չես գնա։
Մարմնից դուրս որքա՜ն ուրախություն կա,
և գրկել կարող ես, և դավաճանել։

*Նոր լույս տեսած գրքեր եմ քեզ ուղարկում։
Ի՞նչ կա ոստանում, Պոստում, քնո՞ւմ եք հանգիստ…
Կեսարն ինչպե՞ս է, ինչո՞վ է զբաղված։
Երևի բանսարկությունն ու որկրամոլությունն է շատ։

Նստած եմ իմ այգում, ճրագն է վառվում։
Ոչ մի ընկերուհի, ծառա, ոչ մի ծանոթ։
Աշխարհի ուժեղների ու թույլերի տեղակ՝
միջատների համերաշխ տժյունն է իշխում։

*Իսկապես, Պոստում, հավը թռչուն չէ,
բայց հավի խելքով ցավի կբախվես։-
Թե վիճակված է կայսրությունում ծնվել,
լավ է՝ ապրել մի խուլ գավառում ծովափնյա։

եվ Կեսարից ես հեռու, և բուք ու բորանից։
Շողոքորթել պետք չէ, չարժե վախենալ։
Ասում են՝ կուսակալներն անկուշտ գողե՞ր են…
Բայց գողն ինձ հաճելի է, արնախումը քան։

*Ահա և ապրեցինք կես կյանքից էլ շատ։-
Խարանումից առաջ մի ստրուկ է ասել.
«Ուր որ նայում ես՝ փլատակներ են լոկ»։-
Բարբարոսային, բայց հայացք է ճիշտ։

Աարերում էի։ Տուն դարձա հսկա մի ծաղկեփնջով։
Հիմա սափոր եմ փնտրում, որ ջրով լցնեմ։-
Լիբիայում ինչպե՞ս է, իմ սիրելի Պոստում,
Մի՞թե առայսօր մարտնչում ենք դեռ…

Գումարներ սիրող քո ընկերը, Պոստում,
շուտով կփակի բոլոր պարտքերն իր։
Բարձի տակից կառնես խնայողությունները,-
քիչ է, բայց թաղման ծախսին կբավի։

Հեծիր զամբիկը քո և փութա այնտեղ՝
մերձքաղաքային տունը հետերաների։
Նրանց տուր այն գինը, որով սիրում են,
և թող նույն գնով ողբան իրենց։

1972 թ.

Մի բռնապետի

Նա եղել է այստեղ՝ դեռ ոչ գալիֆեով,
վերարկուն մահուդից էր,
ինքը՝ զուսպ ու կուզիկ։
Հետո կալանելով սրճարանայիններին՝
վերջ տվեց համաշխարհային մշակույթին,-
այդպես վրիժառեց (նրանց չէ, ժամանակին)
աղքատության ու նվաստացման համար,
անպետք սուրճի ու տաղտուկի, նաև՝
քսանմեկին կրած պարտության համար։

Եվ ժամանակը կլլեց վրեժն այդ։
Հիմա նայեք՝ այստեղ ուրախ, մարդաշատ է,
ձայնասկավառակները թնդում են անվերջ։
Բայց նստելուց առաջ արժե շուրջը նայել.-
ամենուր՝ պլաստմասա, իսկ նիկելը այն չէ,
թխվածքաբլիթներն էլ՝ բրոմահամով են։
Մեկ-մեկ նա այստեղ է գալիս թատրոնից,
բայց խիստ գաղտնաբար՝ որպես կանոն։

Երբ մտնում է ներս, բոլորը կանգնում են։
Ոմանք՝ գործի բերմամբ, այլոք՝ հիացմունքից։
Եվ ձեռնափի թեթև մի շարժագծով
նա երեկոյին հմայք է տալիս։
Եվ սուրճ է խմում ընտիր-նորագույն,
բազկաթոռում սուզված՝ բլիթներ է ուտում
այնքան ախորժելի, որ մեռյալները օհոո՜ կկանչեին,
եթե հարություն առնեին հանկարծ։

1972 թ.

Նախաբանը և թարգմանությունները ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *