Արթուր Մեսրոպյան | Ջրերը կապույտ

ջրերը կապույտ
ջրերը կապույտ
ջրերը կապույտ
ու քամի լիներ
ջրերը կապույտ
ջրերը կապույտ
ջրերը կապույտ
ձեռքերիս լիներ
ջրերը կապույտ
ու դու այդպիսին
ու քամի լիներ
ուսդ լիներ բաց
ջրերը կապույտ
ջրերը կապույտ
ջրերը կապույտ
դու փրփուր թռչուն
ջրերը կապույտ
դեղին իրիկուն
դու աչքիս առաջ
ամեն ինչ սպիտակ
ջրերը կապույտ
ջրերը կապույտ
մեծ գիշերվա տակ
ամբողջ քաղաքի ահռելի
թախիծ
մի թռչուն դարձած
մեզ վրա իջավ:

 

***
բո՛ւմ, իմ երկնքում
ու դու կաս
ու վարդ է պռթկում
վերևից քուլա-քուլա
բարձերով ու փետուրներով
իջնելով իջնելով իմ վրա
պայթյուն իմ երկնքում
աչքերիցս թռչուններ են
բարձր նետվում վեր
լցվում են վարդի ջրերը
հեռու հեռու են թռչում
թռչունները թռչում են
թռչունները թռչում են
հեռու հեռու են թռչում
թռչունները
ու պայթյուն ու հորդում
ու պայթյուն երկնքում
ու թափվում են
անկանոն, մեծ-մեծ, անքաշ, այսուայնկողմ
ու կաթնամորեգույն
վարդերը պոռթկուն
ես բերանս եմ առնում
ես քեզ եմ ուտում
իմ ներսն եմ քեզ առնում
ու անքաշ մի հրաշք եմ ես
հորդաբուխ, ջրառատ
չփչփան ջրի մեջ պառկած
մեջս բերնեբերան վարդեր
բո՛ւմ, իմ երկնքում
պայթյուն, ինչ հրաշք եմ ես
աչքերիցս թռչուններ են
վեր-վեր-վեր ճառագայթում
ու հերթով պայթում
գույնագույն երակներ
ծորացնելով վարդ երկնքում

 

***
դու ապագան ես ծվարած
լուցկու կրակի վերջին
հիմա ես կփչեմ, կմթնի,
դուրս կգամ
ձմեռը մեր անտեսանելի է ու
սատանայականորեն ջերմ ու ծանր
չգիտեմ էլ սրանից ավելի ինչ է պետք
չգիտեմ էլ սրանից ավելի ինչ ենք ուզում
մշուշի մեջ ճաքած այտի ձայնն է
բարձրանում վերարկուս ի վեր
վերարկուս նորմալ չի տաքացնում
մի քանի ձմեռ է արդեն
չհասցրի ասեմ դու
էլեգանտ էիր ինչպես
մատներս
մատներիս մեջ բուն դրած մի հինգ
րոպեով
մինչև կներծծեմ ներսս քեզ
ներսս հուր, կեղտ
արյուն ու սեր անելով իմ սեր
կարմիր գլխանի
նիհար ու ձիգ իմ պես
քո վերջին շունչը
բերանումս խաղեր է տալիս,
մարմնիցդ չեմ կարում պոկվեմ
անընդհատ բերանս է գալիս
մեռնում ես մի քանի տակ լինելով
մատներիս ծայրերին թողնելով
աղիքահամ անուշությունդ, մուխ
ու լեղիդ, իմ սեր, իմ դև, իմ նախանձ ու
մաղձ
քո ապագան ես եղա
ես մեղավոր չեղա ու
դա ցավեցնում է ինձ
մթագար կարմրագլուխ
տեսար ինչ թարս դուրս եկանք
բայց կարևորը դու ինձ չփոխեցիր
նկուղների բազմության մեջ
ու բոլոր կծկումներիս վերջ դրեցիր
բոլոր ներսերս բուռդ առար
ու ծածկեցիր քո մխով
ու երբ դուրս եկա առանց քեզ
գիշերվա սևը ինձնից չէր սկսում այլևս
ու դա այն է ինչ տուն տարա
ու անկողինս մտցրի
առանց ամաչելու

 

***
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
առանց հետքայլի տեղի
մեր ծնողների բներում կծկված
մենք կիսատպռատ դրսում ենք
ծխում ենք աններդաշնակ ու հիստերիկ աչքերով
անտեսանելի ու ազատ դարձած
մինչև ժամը տասնմեկը, մինչև մութը կոխելը
մինչև մենք քայլում ենք կացնի տակից փախած շան պես
շշմած ճակատներով, բիբներս չռված, եղունգներս կրծած
սեդատիվներից հալումաշ լյարդով, ներսներս փուչ
փուլ եկած ու խուլ
մինչև կոկորդներս ծուխ ու մոխիր եղած
թափվում ենք փարպեցի փողոցն ի վար
մենք հուրհավիյտան ճխտած ենք
ծակումակ դիպլոմների, չսիրած մարմինների
սեր չտեսած ու հարազատ լրբերի ու բթացած կինաղջիկների ու տղուկ-բիձեքի
խեղդոցում, որոնց բոլորին սիրում ենք անհիշելի սիրով
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
խոհանոցի սեղանի ու բարի կանգնակի մեջտեղում
հետուառաջ անող կարճաոտ, տատուոտ աղջնակի նման
և մեզնից ամենքը մի ոտքն է նրա, մի մատը նրա, շունչը նրա կրծքի
գույնը նրա քիմիական ներկով ներկած մազերի
մեր մատները, մեր մատները սուտ ու սեր ու սև գարեջրի,
սև լռության ծարավի
մերկ մսի, մերկ փորի, մերկ մեջքի քրտինքը վրաները լրիվ
չորացած ու մաշկը առանց վիտամինների
մեր կեսը դուրս, կեսը ճամփի կեսին, կեսը օդի մեջ
կեսը ամենատակը
անտեղյակ, չստացված, անընդունակ, ժառանգական ծուռումուռ ոտքերով,
մազմզոտ, ատամներով դուրս ցցված
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
մեր ներսը ով ասես չի տնտղել
մենք երիտասարդ ենք, ապերջանիկ
տակից դուրս գալ չունենք
հետքայլի տեղ չունենք
տունուտեղ չունենք
մոխրոտի կեսից մոռացված պատմությունն ենք
երիտասարդ, ապերջանիկ, մի տեղում մեխած, տառասխալներով լի
մթի մեր պատառով հիացած
մենք երիտասարդ ենք ու ապերջանիկ
բոլոր կռիվներից ուշացած, բոլոր ամրոցները տված, դաշտավայրերը հանձնած
առանց հետքայլի տեղի, մինչև կոկորդներս ծուխ ու փոշի
անտուն, մութ ու գոլորշի
մութ ու գոլորշի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *