Ութերորդ դասարանում ես հաստատապես համոզված էի, որ մեր աշխարհագրության ուսուցիչը՝ Գեորգի Վագանիչը, իմ ճանաչած ամենախելացի մարդն է։ Վագանիչը մեզ նաև Էն-վէ-պէ էր դասավանդում՝ Սկզբնական ռազմական պատրաստություն… կամ նախնական… կամ զինվորական… կամ պատրաստակամություն։ Չգիտեմ՝ ինչպես է ճիշտ։ Մենք բոլորս Էն-վէ-պէ էինք ասում՝ ռուսերեն հապավմամբ։ Եվ ուրախ էինք,որ այն մեզ դասավանդում է ոչ թե Պըտ-պըտը (մի տարիքավոր ու համազգեստավոր սովետական փոխգնդապետ), այլ քաղաքացիական հագուստով Վագանիչը՝ մեր ճանաչած ամենախելացի և ամենախարիզմատիկ մարդկանցից մեկը։ Խարիզմատիկ բառը չգիտեինք, բայց գիտեինք, որ հաճույքով էինք մասնակցում Վագանիչի Էն-վէ-պէ-ի դասերին, ներկայացնում հակիրճ ու հստակ զեկուցումներ, կատարում նրա կարճ ու հատու ռուսերեն «պրիկազները»։ Ու նա կարիք չուներ,Պըտ-պըտի նման, կրել զինվորական համազգեստ, որ հարգանք կամ վախ ներշնչեր։
Էլ ավելի մեծ հաճույքով մասնակցում էինք աշխարհագրության դասերին և սպասում էինք, թե երբ է Վագանիչը, իբրև՝ հենց այնպես, իբրև՝ ձեռի հետ, մեզ պատվիրելու հանել թուղթ-գրիչը և գրի առնել իր երկար ու անգիր թվարկումները՝ Աֆրիկայի պետությունների ու դրանց մայրաքաղաքների, աշխարհի ամենամեծ լճերի ու դրանց տարածքի, Ասիայի ամենաբարձր գագաթների և դրանց բարձրության մասին։
Վագանիչը ամեն ինչ գիտեր։ Եվ եթե մեզնից մեկը չէր հիշում, օրինակ, Յանցզի գետի երկարությունը, ապա մեզ անմիջապես պատվիրվում էր հանել տետրերը և իր թելադրմամբ գրի առնել աշխարհի տասը ամենաերկար գետերի անունները և դրանց երկարությունները՝ աճման կարգով։
Մի օր դասարանցիներից մեկը չկարողացավ հիշել Նյու-Յորք նահանգի մայրաքաղաքի անվանումը։ Հաստատ չգիտեր էլ։ Եվ ահա casus belli-ն պատրաստ է։ Վագանիչն ընդունում է միայն իրեն բնորոշ ջղայնախելացի դեմքի արտահայտությունը և սկսում թվարկումը՝ «մայրաքաղաք-դադար-նահանգ-ավելի երկար դադար-մայրաքաղաք-դադար-նահանգ-…» և այդպես շարունակ (գիտեմ, որ «ջղայնախելացի» բառ չկա – ցավոք, մեր մեծ լեզվաբանները չեն տեսել Վագանիչի դեմքի արտահայտությունը իր հանրահայտ թվարկումների ժամանակ։ Եթե տեսած լինեին, ապա հենց նրանք կհնարեին «ջղայնախելացի» բառը)։
Ոչ ոքի մտքով էլ չէր անցնում, որ Վագանիչը կարող է ինչ-որ բան մոռանալ կամ չհիշել կամ առավել ևս չիմանալ։ Դա բացառված էր։
Ամերիկայի նահանգները թվարկելիս Վագանիչի հետ տեղի ունեցավ բացառվածը։ Եբր հասել էր թվարկման եզրափակիչ հատվածին – մի 35 նահանգ, իրենց մայրաքաղաքներով, արդեն հաջողությամբ թվարկել էր – երբ հանդիսավորությամբ արտասանել էր հերթական նահանգի մայրաքաղաքի անունը՝ «Լիթլ-Ռոք», դադարը սովորականից երկար տևեց։ Մոռացել էր։ Կամ խառնել էր։
Դեռ փորձում էր հիշել։ Քար լռության մեջ կռվեց մինչև վերջ – ևս մոտ հինգ րոպե։ Ապա ընդունեց պարտությունը, ներողություն խնդրեց ու դուրս եկավ դասարանից – դասի ավարտին դեռ մի 10-15 րոպե կար։
Այլևս երբեք նույնը չեղավ Վագանիչը։
Կարճ ժամանակ անց իմացանք, որ հիվանդության պատճառով նա մեզ այլևս չի դասավանդելու։
Մեր դպրոցը լրիվ ուրիշ էր առանց Վագանիչի։
Տարիներ անց, երբ ինչ-որ միջոցառման քոֆի-բրեյքի ժամանակ ամերիկացի փորձագետին հարցրեցի թե որտեղից է, և պատասխանեց, որ Լիթլ-Ռոքից է, ասեցի՝ «հա, փաստորեն, Արքանզասից եք»։ Միանգամից աչքիս առաջ եկավ մեր Վագանիչը, և տխրեցի մի քիչ։
Եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վագանիչին հիշել եմ 2007 թվականի ամռանը՝ Վիրջինիա նահանգի դատարաններից մեկում։ Ուշադրությունս գրավել էր այդ նահանգի զինանշանը. կապույտ ֆոնի վրա պատկերված էր մի կին, ով ոտքը դնում էր ընկած տղամարդու կոկորդին։ Երիզին էլ լատիներեն գրություն կար – Sic Semper Tyrannis. Մտածեցի՝ լուսահոգի Վագանիչը հաստատ կիմանար, թե ինչ է դա նշանակում։ Բայց քանի որ նա մեզ հետ չէր, մոտեցա շենքից անշտապ դուրս եկող մի տարիքավոր փաստաբանի ու հարցրեցի։
Կարճ պատասխանեց, որ չգիտի։ Ապա ավելացրեց՝ Just google it!, ժպտաց ու հեռացավ։
Մտածում եմ՝ գուգլը Գեորգի Վագանիչի սրտով չէր լինի։
Արձանների մասին
Արդեն մի քանի տարի է, ինչ շատ ուշադիր եմ արձանների հենդեպ: Կասկածամտությամբ: Եվ հիմա կարող եմ շատ նրբերանգներ նկատել: Վերցնենք, օրինակ, Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները: Թվում է, թե զույգ եղբայրներ են: Բայց իմ համոզմամբ՝ այնքան տարբեր են, որքան լույսն ու մութը: Ուշադրություն դարձրեք Թումանյանի արձանին: Նա կենտրոնացած նայում է հեռուն, հաստատ նախորդ պահին ոչ մի շարժում չի կատարել, որովհետև այդպիսի կենտրոնացման մի վայրկյանում չես հասնի: Թվում է, թե ոչ մի կասկածելի բան չկա: Սակայն ուշադրություն դարձրեք վերարկուին: Այդպիսի դիրքով վերարկու երբևէ տեսե՞լ եք: Իսկ ահա Սպենդիարյանը աջ ձեռքով չափ է տալիս, ու մեկ ակնթարթ առաջ աջ ուսից վերարկուն սահել է: Շատ բնական է:
Միշտ չէ, որ ուշադիր եմ վերաբերվել արձաններին: Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ Վաշինգտոնում:
Սխալ հաշվարկների, ինչպես նաև ավտոբուսի չինացի վարորդի շտապողականության պատճառով Նյու-Յորքից Վաշինգտոն հասանք ոչ թե լուսաբացին, ինչպես ծրագրել էինք, այլ մի քանի ժամ շուտ:
Օդանավակայան պետք է գնայինք երեկոյան – որոշել էինք մի քանի ժամ անցկացնել Վաշինգտոնի թանգարաններում, ապա՝ ուղիղ օդանավակայան: Վաշինգտոնում շատ հետաքրքիր թանգարաններ կան: Սակայն գիշերվա կեսին դրանք, ցավոք, փակ են:
Ես ու ընկերս էինք:
Մեղավորը ես էի, քանի որ հաշվարկները ես էի կատարել: Ուստի նախաձեռնությունը վերցի ինձ վրա: Ասեցի. «Արի խնդրին մոտենանք տրամաբանորեն: Ո՞րն է այս քաղաքի ամենաանվտանգ վայրը: Ճիշտ է՝ Սպիտակ տունը» – նախորդ ուղևորությունից հիշում էի, որ Սպիտակ Տան շրջակայքում այգիներ կան – շարունակեցի. «Արի գնանք Սպիտակ տան մոտակա այգիներից մեկը, մի նստարան գտնենք ու սպասենք լուսաբացին»: Ընկերս ավելի լավ առաջարկ չուներ: Քայլեցինք դեպի Սպիտակ տան մերձակա տարածք: Գիշերն էլ, հակառակի պես, անլուսին էր ու մռայլ: Մերթ ընդ մերթ այս ու այն կողմից հոմլեսներ էին երևում՝ հիմնականում՝ քնած, բայց երբեմն՝ արթուն: Մի քանիսն ագրեսիվ էին: Խոսում էին սևական անհասկանալի ու բարձրաձայն անգլերենով: Բայց համարժեք հակահարված ստանալով – բնականաբար, ոսկեղենիկ հայերենով – սսկվում էին:
Երբ տեղ հասանք, հասկացա, որ հաշվարկներս կրկին սխալ էին: Երիցս սխալ: Նստարան, իհարկե, գտանք: Բայց, նախ, ոտներիս տակ խլվրտում էին անպատկառ սկյուռները՝ սփռելով ահ ու սարսափ: Բացի այդ, այնքան մութ էր, որ ցանկացած հոմլես կարող էր մեզ հանկարծակիի բերել, և ոսկեղենիկ հայերենի զսպիչ ուժը կարող էր այլևս մեզ չպաշտպանել: Ամեն շշուկ կասկածելի էր: Ամեն ինչ կասկածելի էր: Իսկ «Վաշինգտոնի ամենաանվտանգ վայրը», կարծես, ոչինչ չուներ առաջարկելու: Անգամ չէր էլ երևում, թեև մոտակայքում էր:
Րոպեն ժամ էր թվում:
Հանկարծ առջևում նշմարեցի մի ձիավորի արձան՝ բարձր պատվանդանի վրա: Իսկ պատվանդանի շուրջ մի քանի համազգեստավորներ էին կանգնած՝ ձիգ ու խրոխտ: Նրանց շարժումները հազիվ էին նշմարվում:
Նախ, վախեցանք – ի՞նչ պիտի պատասխանեինք, եթե մոտենային ու հարցնեին՝ ո՞վ եք, ի՞նչ եք այստեղ անում: Հետո նորից տրամաբանեցինք – ունեինք նույն օրվա հետադարձ տոմսեր: Երևի խնդիրներ չէին ստեղծի:
Վերջին միտքը մարսելուց հետո մի անասելի երանություն մեջ ընկա: Զգացի, որ երբեք-երբեք այդքան անվնագ չեմ եղել կյանքում: Արդեն թքած ունեինք սկյուռների անպատկառ խլվրտոցի վրա: Իսկ հոմլեսները, որպես դասակարգ, կարծես, վերացած լինեին: Նաև հպարտություն զգացի գրագետ որոշմանս համար – չէ՞ որ ես էի առաջարկել գալ այս տարածք: Թվում էր, թե նուրբ հաշվարկված կոմբինացիա էի գլուխ բերել շախմատային խաղատախտակի առջև:
Սկսեցինք զրուցել՝ ինպես երևանյան սրճարանում, քննարկել ուղևորությունից մնացած տպավորությունները և հետագա անելիքները: Իհարկե, վեհաշուք ձիավորին հսկող զգաստ պահապաններին էլ չմոռացանք հիշատակել: Ասացի՝ «Այ երկիրը այսպես կլինի – պահակախումբ են կանգնացրել արձանի մոտ: Երևի որ վանդալները չապականեն: Իսկ մեզ մոտ նույնիսկ Թումանյանի պատվանդանին ինչ ասես չեն գրել» (Ազատության հրապարակի նորոգումից առաջ էր):
Ու հարգանքով լցվեցինք ամիրիկացիների հանդեպ:
Երբ վախն անցավ, եկավ հոգնածությունը – քսան ժամ չէինք քնել: Հիշում եմ, որ աչքս կպավ: Ընկերոջս աչքն էլ էր կպել: Երբ զարթնեցի, արդեն լուսանում էր: Որոշեցի, այնուհանդերձ, մոտենալ արձանին ու տեսնել, թե ում էր պաշտպանում Գիշերային պահակազորը:
Գեներալ Շերմանն էր: Հարավցիների ջարդը տված յունիոնիստ գեներալ: Բայց դա չէր կարևորը:
Երբեք մտքովս չէր անցնի, որ մեր անվտանգության երաշխավորը գեներալ Շերմանի զինվորների արձանախումբն էր՝ խրոխտ ու ձիգ:
Այդ դեպքից հետո մեծ կասկածամտությամբ եմ վերաբերվում արձաններին: