Աննա Ադամյան | Կախարդական ծառի մասին հեքիաթը

Լինում էր չէր լինում մի մոլորակ էր լինում։ Ասում էին, թե այս մոլորակը կախարդական էր ու տարբերվում էր բոլոր մյուս մոլորակներից։ Միայն այս մոլորակում էր, որ մարդիկ էին ապրում, մյուսներում մարդիկ էլ չգիտեին՝ ովքեր կամ ինչեր էին ապրում։
Ուրեմն, այս կախարդական մոլորակում շա՜տ շա՜տ երկրներ էին լինում, ամեն մի երկիր ուներ իր սահմանները, իր թագավորը ու թագուհին ու նրանց ենթարկվող ժողովուրդը։ Կարծես թե բոլոր երկրները ապրում էին ազատ, անկախ, երջանիկ, ու խաղաղ։ Բայց կար մի երկիր, որ տարբերվում էր բոլորից․ այնտեղ ամեն օր մի բան էր փոխվում․ մի օր մեկն էր թագավոր լինում, հաջորդ օրը մեկն էր թագուհի լինում, կամ մի օր մեկը շատ հարուստ էր, մյուս օրը՝ մեկ ուրիշն էր հարստանում, կամ էլ պատահում էր, որ մի օր բոլորը խաղաղ ու երջանիկ ապրում էին, իսկ հաջորդ օրը բոլորը կռվում էին, հարվածում իրար։ Մյուս բոլոր երկրներից ոչ մեկ չէր ուզում այնտեղ գնալ, քանի որ ամեն ինչ այնքան անկանխատեսելի էր այնտեղ։ Որպեսզի կարողանան խաղաղ ու հանգիստ ապրեն, բոլոր երկրները խզել էին իրենց կապերը այդ երկրի բնակիչների հետ՝ ոչ գնում էին այնտեղ, ոչ թողնում այնտեղից մտնեին իրենց երկիր։ Այդ անցանկալի երկիրը մյուս բոլոր երկրները սկսեցին կոչել Անտուն, քանի որ այն տպավորությունն էր ստեղծվում, որ այդ երկրում ո´չ կարգ կար, ո´չ կանոն, ոչ մարդիկ կրթություն էին ստանում, ոչ էլ մեծամեծ գործեր անում, ու կարծես տուն չունենային՝ ամբողջ օրը կախարդական ծառի մոտ ֆռֆռում էին։
Ասում էին, թե կախարդական մոլորակը կախարդական էր նաև, քանի որ ամեն երկրին տրված էր մի կախարդական ծառ։ Կախարդական ծառն ուներ կախարդական հատկություն․ ով խնամեր ծառը, ջրեր, պարարտացներ՝ ծառը կատարում էր այդ մարդու մեկ երազանքը։ Ամեն մի մարդ միայն մեկ երազանք պահելու հնարավորություն ուներ։ Իբր թե բոլոր երկրները խնամում ու պարարտացնում էին իրենց կախարդական ծառը, որը և կատարում էր նրանց երազանքները։
Բացի Անտունից բոլոր երկրները զարգանում էին, ամեն ինչ աճում էր, սիրունանում, մարդիկ հարստանում էին հոգով ու մտքով, ավելի երջանիկ ու անհոգ էին ապրում։ Իսկ Անտունի մարդիկ ընդհակառակը՝ գնալով ավելի վատ, ավելի աղքատ, ավելի դժբախտ ու անգույն կյանքով էին ապրում։
Մի օր էլ Անտունի բնակիչներից Ասպետը որոշում է, որ ինչ էլ լինի պիտի պարզի ու հասկանա, թե ինչու միայն իրենց երկիրն է այդպիսի անհուսալի վիճակում գտնվում։ Կախարդական մոլորակի ամենափոքր երկիրն իրենցն էր, ու ունեին նաև ամենաքիչ բնակչությունը, ընդամենը երեք միլիոն մարդ, թվում էր, թե ամեն ինչ ավելի հեշտ ու հանգիստ պիտի լիներ։ Բայց․․․երեք միլիոն մարդ, երեք միլիոն երազանք։ Ասպետը մտածեց-մտածեց ու մի օր էլ որոշեց ճանապարհ ընկնել հարևան երկրներ։
Անցավ սարերն ու ձորերը, անցավ երեսուն օրվա ճանապարհ, որի ընթացքում ամեն մի երեսուն օրը Անտունը նոր թագավոր ու թագուհի էր ունենում, նոր կռիվ ու նոր կորուստներ։ Երեսուն օր դեգերելուց հետո Ասպետը վերջապես հասավ իր երկրի ու հարևան երկրի սահմանին։ Չէր կարող անցել սահմանը, արգելված էր։ Գլխիկոր նստեց սահմանաբաժանին դրված մի քարին ու հայացքը հառեց դիմացը վեր խոյացող գեղեցիկ նոճիների հետևում երկինք սլացող երկնաքարերի գագաթներին, որ համարձակորեն մխրճվել էին սպիտակ ամպերի մեջ։ Ապա նայեց իրենց հյուղակներին ու հոգոց հանեց։ Հանկարծ տեսավ հարևան երկրի սահմանով անցնող մի բնակչի։
-Եղբա՜յր,-ձայն տվեց Ասպետը,- խնդրում եմ անտարբեր մի անցիր, մի քանի հարց եմ ուզում քեզ տալ։
Հարևան երկրի բնակիչը բարի մարդ էր երևում, անտարբեր չանցավ, մոտեցավ նրան այնքան, որքան որ թույլ էր տալիս սահմանաբաժանը։
-Դու Անտունի բնակիչն ես, չէ՞, ես առաջին անգամ եմ տեսնում ձեր երկրից որևէ մեկի։ Փաստորեն դուք էլ եք մեզ նման սովորական մարդիկ,-առաջինը սկսեց խոսել անցորդը։
-Այո, այո, մենք էլ ենք իրար նման, կարծում եմ այս մոլորակում մենք բոլորս իրար նման ենք,-ասաց Ասպետը,-բայց չեմ հասկանում, թե ինչու եք դուք այդպես լավ ապրում, իսկ մենք՝ այսպես վատ։ Մենք բոլորս ունենք նույն պայմանները, ունենք նույն միջոցները ու նույն հնարավորությունները, բայց ես տարակուսած եմ, թե ինչու եմ ես այսպես ապրում ամեն օր անորոշության մեջ։
-Դուք էլ ունե՞ք «Կախարդական ծառ»,-հարցրեց անցորդը։
-Այո, ամեն մեկս կարող ենք գնալ ծառի մոտ ու խնամել այն, ամեն օր հարյուր հազարով մարդ հերթ է կանգնում, որ ծառը խնամի։ Միայն տեսնես, թե ամեն օր ինչ է կատարվում այնտեղ։
—Իսկ ի՞նչ է կատարվում,-հետաքրքրվեց անցորդը։
Ասպետը սկսեց պատմել․ ամեն օր այնտեղ հավաքվում են հազարավոր մարդիկ, ովքեր փորձում են առաջինը մոտենալ ու գոնե մեկ բաժակ ջուր լցնել ծառի արմատներին, որ իրենց երազանքը կատարվի։ Իսկ քանի որ մարդիկ շատ են, հրում են իրար, վիճաբանում են, կռվի են բռնվում, եթե նույնիսկ ինչ որ մեկին հաջողվում է մոտենալ ծառին ու պահել երազանքը, ապա դեռ նրա երազանքը չկատարված մոտեցած մյուս մարդը այնպիսի երազանք է պահում, որ նախորդի երազանքը ի չիք է դառնում։ Օրինակ, մեկ ամիս առաջ իր ընկերներից մեկը երազանք էր պահել, որ երկիրը խաղաղ լինի, բոլորն ուրախ ապրեն, բայց դա նույնիսկ մեկ րոպե չէր տևել, քանի որ մյուս մարդը երազանք էր պահել, որ այնտեղ գտնվողները բոլորն իրեն ենթարկվեն ու կատարեն այն ինչ ինքն է ուզում։ Ու այսպես լաբիրինթոսի նման ամեն մեկը միայն իր մասին է մտածում, բոլորը խանգարում էին իրար, միասնական չէին, կռվարար էին և չցանկացող։ Ու այդպես ամեն օր ամեն ինչ սկսվում էր նորից ու նորից։ Թագավորների մասին էլ խոսք չկար․ մեկ ամիս ստացվում էր, որ մեկն էր թագավորում, հետո կռիվ էր լինում, նրան գահընկեց էին անում ու մեկ ուրիշն էր թագավորում․ ամեն մեկը իրեն թագավոր էր կարծում, բայց ինչի վրա էին թագավորում, ոչ ոք չգիտեր։
-Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս եք այս ամենին հասել։ Դուք խելացի մարդ եք երևում, կարող եք ձեր փորձով կիսվել,-հետաքրքրվեց Ասպետը։
-Ամեն ինչ շատ պարզ է,-ասաց անցորդը,-մենք բոլորս մեկ բան էինք ուզում՝ ապրել ազատ, երջանիկ, առողջ ու հարուստ։ Դրա համար մենք բոլորս քրտնաջան աշխատել ու աշխատում ենք, նաև ընտրել ենք ճիշտ թագավոր, որ հզոր ու խելացի առաջնորդ է։
-Իսկ ձեր «Կախարդական ծառը՞»,-հարցրեց Ասպետը։
-Դուք իսկապես հավատու՞մ եք կախարդական ծառի մասին այդ հեքիաթներին,-ծիծաղեց անցորդը,-բոլոր ծառերն են կախարդական, նայի´ր այս նոճիներին ու սոճիներին, բարդիներին ու կեչիներին, միթե նրանք կախարդական չեն,-անցորդը զմայլված նայեց իրեն շրջապատող կանաչ սաղարթին,-նայի´ր այս կողմի ծաղիկներին, նայի´ր այն կենդանիներին, որ ազատ ման են գալիս կողքի անտառում, միթե դրանք բոլորը կախարդական չեն։ Հապա նայիր այս շենքերին, որ հասնում են մինչև երկինք, միթե դրանք էլ կախարդական չեն։ Ասում եմ քեզ, հենց բարձրանաս այս շենքերի տանիք ու նայես ներքև, կտեսնես, թե ինչ կախարդական աշխարհ է բացվում քո առջև, կախարդական, բայց միևնույն ժամանակ երկրային ու իրական։
-Այսինքն ուզում ես ասել, որ կախարդական ծառը իրականում կախարդական չէ՞ ու ոչ մի երազանք չի իրականացնում,-ապշած հարցրեց Ասպետը։
—Հա հա հա,-քրքջաց անցորդը,-իհարկե, այդ ամենը հեքիաթներ են, որ հորինվել են մեր երեխաներին դաստիարակելու համար։ Նման բան չկա, ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Որ երկիրը որ կարողացել է հասկանալ այդ հեքիաթի հեքիաթ լինելը, նա էլ կարողացել է ամենից արագ աճել ու զարգանալ։ Ամեն մեկս մենք ենք պատասխանատու մեր կախարդական աշխարհի ստեղծման համար։ Դուք՝ Անտունի բնակիչներդ, ինքներդ եք ստեղծել ձեր կախարդական ծառը ու ձեր ոչ այնքան կախարդական իրականությունը։
-Իսկ ես ինչպե՞ս կարող եմ փոխել այս ամենը, ինչպե՞ս ամեն ինչ փոխեմ, ինչպե՞ս հասնենք ձեզ նման լավ կյանքի, ինչպե՞ս մարդկանց մտքերը կարգավորեմ,-Ասպետը հարցրեց։
-Այ դա ես չգիտեմ։ Եթե ես իմանայի այդքան բան, ես երևի կդառնայի մեր երկրի թագավորը,-ուսերը թոթվեց անցորդը,-գնա´ ձեր թագավորին հարցրու։
-Բայց մենք խելացի թագավոր չունենք,-կմկմաց Ասպետը։
-Դե ուրեմն ինքդ եղիր ԹԱԳԱՎՈՐԸ,-այդ ասելով անցորդը հրաժեշտ տվեց ու գնաց։
Ասպետն ընկավ մտքերի գիրկը․․․Անընդհատ մտածում էր անցորդի խոսքերի մասին՝ «ուրեմն ինքդ եղիր թագավորը»։
Մաս երկրորդ
Անցան օրեր, իսկ Ասպետը այդպես գլխիկոր նստած մտածում էր, թե ինչ կարելի է անել։ Նա անըդնհատ մտածում էր, անընդհատ նայում էր դիմացը բացվող գեղեցիկ երկրին, ապա նայում իր հետևում կծկված Անտունի աղքատ տնակներին ու դրանից ավելի շատ սկսում մտածել։
Ինչ որ բան սկսելուց առաջ պետք է շատ լավ մտածել։ Նա էլի ընկել էր մտքերի գիրկը, երբ տեսավ, որ մի քանի մարդ ինչ որ մեծ, երկաթե ատամներ ունցող առարկա բռնած մոտենում էին ծառերին, ատամներ ունեցող սարքը պահում ծառերի բների վրա, ապա մի կողմ քաշվում, վայրկյաններ չանցած այդ ծառերը տապալվում էին գետին։ Ասպետը հասկացավ, որ նրանք կտրում են ծառերը։ Սկսեց խորհել, թե ինչի համար են կտրում․ քանի որ Ասպետը մտածող ու հասկացող մարդ էր, նա եզրակացրեց, որ երևի ծառերը չորացել, կամ վնասվել են դրա համար էլ կտրում են, որ նորերն աճեցնեն։ «Բայց նորը աճելու համար երևի տարիներ կպահանջվեն,-մտորեց Ասպետը»։
Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում մի փայլուն գաղափար առաջացավ։ Միայն թե համարձակություն ու ուժ ունենա այդ ամենը իրականացնելու համար։ Նույն պահին էլ Ասպետը դադարեց մտածելուց, արդեն ժամանակն էր գործելու։ Ճանապարհ ընկավ ետ դեպի տուն, իսկ իր տունը մոտ էր գտնվում կախարդական կոչված ծառին։ Հարցն այն էր, թե ինչպես մոտենար այդ ծառին։ Մենակ չէր կարող իրականացնել իր գաղափարը, իրեն օգնականներ էին պետք։ Երեսուն օր ճանապարh ընկավ դեպի ետ իր տուն, երեսուն օրվա ընթացքում ճանապարհին հանդիպեց երեսուն մարդու, մեկը որսորդ էր, մեկը այգեպան, մյուսը՝ ուսուցիչ, այն մյուսը՝ դերձակ ու այդպես տարբեր մասնագիտություններով տարբեր մարդկանց, ովքեր բոլորն էլ իր պես մտածում էին, թե ինչ կարելի էր անել իրենց Անտունը նման վիճակից հանելու մասին։ Ասպետը ամեն օր ծանոթանում էր անծանոթ մարդկանց հետ, դարձնում նրանց իր ծանոթը ու գաղափարակիցը ու միասին շարունակում ճանապարհը։ Նրա ծանոթներն էլ ծանոթանում էին նոր մարդկանց հետ, պատմում իրենց լսածն ու իմացածը, իրար դարդ պատմում դարդ լսում, ընկերանում ու միասին երազում։ Իսկ միասին երազելը արդեն հասարակ երազել չէր, այլ դառնում էր նպատակ, իսկ նպատակը՝ գործ։ Երբ երեսուն օրը լրացավ ու բոլորը միասին հասան կախարդական ծառի մոտ նրանք բոլորը արդեն ունեին մեկ նպատակ ու իրենց համար ընտրած մեկ թագավոր։
Ասպետն ու իր ընկերները, որ արդեն անցնում էին մի քանի հարյուր հոգի, նախ և առաջ միահամուռ ուժերով պատրաստեցին մի մեծ սղոց, ճիշտ այն մեծ ատամներով սարքի նման, որ Ասպետը տեսել էր այնտեղ՝ ծառեր կտրելիս։ Ապա վերցնելով այն շարժվեցին կախարդական ծառի մոտ՝ հերթ կանգնելու։ Մարդիկ շատ էին, բոլորն էլ սպասում էին իրենց հերթին։ Իսկ երբ Ասպետն ու իր մարդիկ կանգնեցին հերթի՝ դրա ծայրը չէր երևում։ Ասպետը գիտեր, որ դեռ մի քանի օր պետք է հերթ կանգներ, բայց նա չէր անհանգստանում, քանի որ արդեն հասկացել էր, որ ծառը բնավ ոչ մի երազանք էլ չի կատարում, այն բնավ էլ կախարդական ծառ չէ, ինչ կատարվում էր իրենց երկրում սոսկ իրենց վատ արարքների ու մտքերի, վատ թագավոր ունենալու, իրար վնասելու ու չօգնելու պատճառով էր։ Դա ինքը հասկացել էր, բայց երկրի հարյուր հազարավոր բնակչությունը չէր հասկացել, նրանք չգիտեին այդ մասին, իսկ քանի դեռ չգիտեին ծառը նրանց համար մնում էր կախարդական։
Երկար օրերից հետո հերթը հասավ վերջապես Ասպետին, դե նա էլ պահը չկորցրեց, կանչեց ընկերների մի մասին, սղոցն առան ու սկսեցին․ մին դեպի Ասպետը, մին դեպի ընկերները․ մեկ, երկու, երեք, ճըտ, ճըտ, ճըտճըտացին սղոցի ատամները ու ըհը, մի հարյուր անգամ տանել բերելուց հետո ծառը սկսեց իրար գալ։ Անմեղ ծառը, որ այդքան տարի արժանացել էր մարդկանց խնամքին ու իբր թե կատարել նրանց երազանքները այսպես մի քանի րոպեում սղոցի ատամների տակ պոկվեց բնից ու ցած ընկավ։
Չսպասելով, որ ապշահար ամբոխը ուշքի գա, Ասպետը ձայն տվեց․
-Հեյ ժողովուրդ, ինձ լսեք։ Ձեր կախարդական ծառը այլևս չկա, այսօրվանից մինչև ծառի աճելը՝ ես եմ Անտունի թագավորը։ Ինչ ասեմ, այն էլ կանեք բոլորդ։
Ու այդպես օգտագործելով իր խելքը, համարձակությունը ու հայրենիքի նկատմամբ սերը Ասպետը դարձավ թագավոր։ Ժողովուրդը տեսնելով, որ այլևս չկա կախարդական ծառը, իսկ վերջին երազանքը պատկանում էր Ասպետին, ինքնաբերաբեր ենթարկվեցին Ասպետի բոլոր հրամաններին և հայտարարություններին։ Ասպետը իրեն շրջապատեց իրենից էլ ավել խելացի մարդկանցով, որ խելք խելքի տան ու Անտունը դարձնեն իրենց երազանքների երկիրը։ Այլևս պետք չէր կախարդական ծառը, քանի որ բոլոր ծառերն էին կախարդական դարձել, կախարդական էր ամեն ինչ քանի դեռ մարդիկ աշխատում էին, սիրում ու հոգ էին տանում իրար։
Դեռ շատ տարիներ պետք է անցնեին, որ մարդիկ խելոքանային, սովորեին ու հասկանային շա՜տ շա՜տ բաներ, բայց իսկական թագավորը չէր հիասթափվում ու լցված մեծ ոգով առաջնորդվում էր վեհ գաղափարներով ու առաջնորդում Անտունի բնակիչներին դեպի խաղաղ, բարգավաճ երկիր ունենալուն։
Անտունը այլևս «անտուն» չէր լինելու, այլ լինելու էր հզոր, խաղաղ, հարուստ ու երջանիկ Տուն։
Դե իսկ այն կախարդական ծառին վիճակված էր այդպես մնալ՝ արմատները հողի տակ, սակայն գետնի վրա անճյուղ ու անպտուղ հաստ մի բուն, մինչև որ Ասպետը ու իր ընկերները կարգի կբերեին Անտունի գործերը։

—–
Ինչպես բոլոր հեքիաթները, այնպես էլ մեր կախարդական մոլորակի ու իր կախարդական ծառի հեքիաթն ավարտվեց։ Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ այս հեքիաթում խելացին ու բարին հաղթեց։ Հայրենիքի նկատմամբ սերն ու լավ ապագայի նկատմամբ հավատը միայն ուտել խմելով ու դատարկ խոսքերով չի արտահայտվում, այլ գործերով։ Իհարկե երազելը ու երազանքները կարևոր են, սակայն ամենակարևորը երազանքին ընդառաջ քայլելն է, այն դարձնել նպատակ ու իրականություն։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ԹԱԳԱՎՈՐ դարձավ Ասպետը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *