էս կապի,
Կապվածության
Ու կախվածության մեջ
Սպանվում ենք ․․․
Մեր մարմինների գծագրերում,
Եզրագծերի արանքում,
Մկանների գործվածքում․․․
Ու Սատանան գիտի,
Թե էլ ուր
Մենք պարտվել ենք իրար՝
Անզորությունից ․․․
Մենք դավանեցինք ամեն ինչ
Աշխարհի բոլոր կրոններով
Ու անհավատ դարձանք։
Կա մի պարզ
Ու մաշված ճշմարտություն՝
Ստեղծողը
Միշտ մոռանում է
Ստեղծածի մասին։
Մենք մոռացվեցինք
Աշխարհի բոլոր կրոննորով
Ու դա
Երևի մեր արժանի պարգևն էր․․․
Մենք լռեցինք ամեն ինչ
Աշխարհի բոլոր լեզուներով․․․
Կա մի պարզ ճշմարտություն՝
Մենք անգրագետ ենք այնքան,
Որ բառ չենք դառնում․․․
Ախր լռել ևս պետք էր,
Ոչ թե իրար մասին
Այլ իրար հետ․․․
Ես լռում եմ ամեն ինչ
Փողոցների գործվածքում,
Գծագրում
Մայթերի երակին․․․
Ես ընկած եմ մի հսկա տուփի մեջ,
Որը դասավորության կարիք ունի
Ուր էս
խառնաշփոթից գլխապտույտ եմ ապրում
Ու հղիանում աքսորի գաղափարներով
Ծննդաբերում փախուստ
Ու մանկատանը հանձնում վերադարձս։
Ու էս կապի,
Կապվածության
Ու կախվածության մեջ
Ծնվում ենք հետ,
Որ գեթ մի անգամ
Ծնվենք ճիշտ տեղում,
Որովհետև,
Ուրիշ տեղում
Նեղվածքը շատ է․․․
Ու մենք թիկունք ենք դարձնում իրար,
Որ հանկարծ՝
Մեզնից չծնվեն
Մեր պես չծնվեն․․․
Մեզ ասում են,
Որ ոչինչ անիմաստ չէ
Ու մենք ուզում ենք հավատալ,
Հավատալ էնքան,
Որ ինքնասպան ենք լինում
Անիմաստության հյուսած պարանով․․․
Մեզ էնքան են պատմում
Եզակիների մասին,
Էնքան ենք փորձում
Գտնել դրանց,
Որ վերջում գամվում ենք
հերթականների հյուսած պարանին․․․
հենց այստեղ եմ
Ես քեզ գծագրում
հա՛, կներես
ես էնքան դավաճան եմ,
Որ քեզ գծում եմ
Ինչի վրա ասես,
Ում վրա ասես․․․
Էնքան անփույթ եմ,
Որ քեզ գծում եմ
ինչ գույնով ասես
Ու էդ գույներից է,
Որ ինձ անվերջ կեղտոտ եմ զգում․․․
Ասում են՝
կարևորի
Ու անկարևորի միջև
Կա սահման
հա՛,
բայց, եթե անկեղծ
մենք դա գծեցինք
կարևորի գնով․․․
Ու եթե էլ ավելի անկեղծ՝
հա՛,
մենք էնքան կարևոր բաներ ենք այրել,
Որ անկարևորները
Չմրսեն ցրտից․․․
Ու հիմա,
Էդ մոխիրների մեջ ենք ընկնում՝
Կտոր-կտոր։
Ատում եմ՝
Կտոր- կտորներից կախված
Անիմաստությունը,
Ատում եմ՝
Էն կարոտը,
Որ բոլոր կրոններով
Ու բոլոր լեզուներով է,
Որ քայլում է բոլոր մայթերով
Ու քնում բոլոր անկողիններում,
Որ ամեն այրված ծխախոտի հետ
Մոխրի փոխարեն
Կրակ է դառնում
Ու քեզ գցում մեջը
Կտոր- կտոր․․․
Երբ լցվում եմ կարոտահոտով
Շենքերը փլվում են
Օտար մեկի գլխին
Էս խեղճ քաղաքը
Հոգնել է փլված լինելուց,
Էդ խեղճ օտարները հոգնել են
Փլատակների ծանր հևոցից
Կներեք,
Ես էնքան էգոիստ եմ,
Որ փլվում եմ բոլորիդ գլխին,
Որովհետև, ինչ-որ մեկը չի գալիս ,
Որովհետև նա
Ով պիտի գա
Չի գալիս․․․
Գիտե՞ս,
Էստեղ օրացույցները
Օրական մի սուտ են հորինում,
Որ գոնե կես կյանք ապրելս ձևացնեն
«Առանց քեզ»-երիցս անդին
Էստեղ՝
Սլաքներն ատում են
Բացակայությունիցդ կախված թելերը,
Որ փաթաթել ես խեղճերի վզին
Բացակադ դրել,
Չքվել գրողի ծոցը․․․
Էդ բացակայությանդ ծխից են
էստեղ բոլորը կուրացել,
Էդ բացակայությանդ փոշին
Սարդոստայններն արդեն
Լույսի արագությամբ է հյուսում
Ու բոլորին
Կտոր-կտոր
Կեր դարձնում իր մեջ։
Էստեղ բոլորն արդեն
Հոգեվարքի մեջ են
Ու էստեղ,
Երբ իրար դեմ նստած,
Իրար ձեռք բռնած
հաղթահարում ենք իրար
Կա մի մեծ կեղծիք՝
Մենք
Նստած ենք սխալ տեղ,
Բռնած սխալ ձեռք
Ու հաղթահարված սխալ հայացքով…
Ու էս քաղաքում՝
Ուր եթե անկեղծ
Մարդկանց ապրելը
Կեսօրից հետո է գալիս
Զգում ես,
Որ ապրելդ վաղուց չի գալիս
Ու եթե էլ ավելի անկեղծ՝
Դա քիչ-քիչ դառնում է նորմալ …
***
տար ինձ ներս
որովհետև դրսում
ես ծամում եմ ամեն ինչ
ու ինչ-որ մեկը կուլ է տալիս ինձ․․․
քեզ երբևէ ասե՞լ եմ,
որ երբեմնի ապտակներդ ավելի թեթև էին
քան ամենատես լռությունդ
ախր հասկացիր, էդ լուռ աչքերիդ գոռոցը
ավելի խլացնող է,
քան աշխարհի բոլոր աղմուկները
բարձրացրած քառակուսի։
պտուղներ կան, որ բանի պետք չեն
ու մեր մեջ ասած
ծառից հեռու են ընկնում
գիտեմ․․․
հեռու եմ ընկել․․․
չեմ համակերպվում ընկածս տեղին․․․
բանալի միշտ ունեմ
ու ես հոգնել եմ փակ դռների հետևում
շշեր բացելուց․․․
որովհետև
դու՝ այդպես էլ չես թողնում
ու որովհետև
ես՝ այդպես էլ չեմ գնում ․․․
գոռում եմ․
«ես միայն իմն եմ»
ու դու ավելի շատ ես դադարում իմը լինելուց։
մի խլացրու ինձ․․․
էդ անտեր լռությունը լինելուց հոգնել եմ,
բառ չեմ դառնում
ու մենք անզոր ենք ․․․
գիտե՞ս
չնայած մի բուռ մարմնիս,
ես քո բոլոր մեղքերց ամենամեծն եմ․․․
ես քո բոլոր ուղղվող սխալների մեջ
միակ անուղղելին եմ,
ու մենք անզոր ենք․․․
վազում եմ դուրս
ավերակվում
ու կիսաշունչ գալիս գիրկդ
որովհետև, դրսում ես քայքայվում եմ
ու որովհետև դու միշտ ներում ես
ու չեմ կարողանում ներել քեզ
ինձ միշտ ներելու համար․․․
ես մաքրության ու հուսահատության
միջև ընկած
մի չնչին սահմանագիծ եմ
ուր ես մաշում եմ ամեն ինչ
ու ինչ-որ բան
մաշում է ինձ
ու մենք դա գիտենք․․․
հե՜յ
տար ինձ ներս
որովհետև դրսում
ես ծամում եմ ամեն ինչ
ու գիտես
հենց նոր
ինչ-որ մեկը
կուլ տվեց ինձ․․․
***
Մեր նմանները, չեն կարողանում ներել․․․
Ամեն բան արդեն փորձված է,
Ներումը, այն կայարանն է
Որին իմ խարխուլ ռելսերը
Այդպես էլ չկարողացան հասնել․
Դու գնալով խորտակվում ես մոռացության փոսում,
Իսկ ես չեմ ներում քեզ
Այս թղթախաղ աշխարհում
Տանուլ տված օրերս,
Դու խաղաղություն ես փնտրում
Իսկ ես չեմ ներում փոթորիկներս,
Դու էդ անտեր խաղաղությունը գտար
Ես` չեմ ներում քեզ այն բոլոր շշերը,
Որոնց մեջ թաղված եմ
Դու՝
Ոչ մի բանի պետք չէիր
Ես՝
Ոչ մի բանի պետք չեկա․․․
Հեռվում մեկը անընդհատ կրկնում է․
«մի խաղա կյանքիդ հետ»
Ես արդեն չգիտեմ
Որն է խաղ,
Որը՝ կյանք
Ու չեմ ներում քեզ
Այն բոլոր փշերի համար, որոնք խրվում են սիրտս
էս չեղած սիրտս․․․
Հոգնել եմ․․․
Ցինիկ ժպիտիս տակ թաքցնում եմ
Ընկնելուս ծարավը,
Հոգնած եմ այնքան,
Որ ծորալով ընկնում եմ աթոռին
Համակերպված՝ ինչպես մահապարտը իր պարանին
Այնքան հոգնած եմ,
Որ սողալով ուզում եմ ընկնել աթոռից
Լցվել ավազի մեջ
Խորտակվել
Ու համակերպվում եմ
Ինչպես՝ գերեզմանաքարը ավազին․․․
Աղմուկից հոգնել եմ,
Լռությանը չեմ վարժվում,
Դու մայթերն էիր մաշում,
Ես՝ օրերս
Ու չեմ ներում քեզ դրա համար,
Քեզ վերջնակետ էր պետք
Ինձ՝ հենման կետ
Հենման ուս․․․
Որի վրա ծանրացավ ինչ պատահի,
Բայց ոչ երբեք ես․․․
Դու նման ես այն հազարավոր գնացքներն,
Որոնք հեռանում են
Թողնելով մաշված ռելսեր, աղմուկ, կարոտ
Ու սատանան գիտի թե էլ ինչ․․․
Օդում հայացքներդ են քարացել,
Օդը լի է քո անբովանդակ ներկայությամբ,
Ու չեմ ներում քեզ թոքերիս քաղցը․․․
Այս գիշեր, փողոցները քարշ են տալու
Հոգնած գոյությունս,
Որովհոտև ինչ-որ մեկը, թալանել է ինձ
Ու այս գիշեր ես եմ նրան թաղելու
Շշերի մեջ
Գնաքցքի տակ
Ռելսերի արանքում
Սատանան գիտի թե էլ ուր
Ու չեմ ներելու քեզ․․․
Որովհոտև ինչ-որ մեկը
Մինչև հոգուս խորքը
Թալանել է ինձ․․․
***
Փոքր քաղաքում
Ամեն ինչ փնտրվում է,
Վաճառվում է
Կամ վատագույն դեպքում՝
Տրվում է վարձով․․․
Փոքր քաղաքում
Ոչինչ չկա գտնելու մասին
Գտածը չեն տեսնում
Որ հետո պատերին գրեն․
«ՓՆՏՐՎՈՒՄ Է․․․»
Չէ՛
«ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․․․»
Աշխարհի ո՞ր անկյունում
Ո՞ր քաղաքն է ջրի տակն անցել
Որ ոչ ոք,
Ոչինչ,
Չի գտնում․․․