ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆ | Խուժանական հարցազրույց

Զավեն Բոյաջյան

«Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով արդեն իսկ լույս են տեսել Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրուելի «1984», Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքերը: Մի քանի խոսքով կներկայացնե՞ք, թե ինչ արգելված գրականության մասին է խոսքը, ինչ սկզբունքով են ընտրվում այս մատենաշարի գրքերը և, առհասարակ, գեղագիտական, էսթետիկ, ազատագրող ինչ առանձնահատկություններ ունեն:

– Նախ՝ սկսենք այն իրողությունից, որ կա 20-րդ դարում ստեղծված գրականության մի հսկայական շերտ, որին մենք անտեղյակ ենք, և ես չեմ կարծում, որ հայ գրականությունը շահում է այդ անտեղյակությունից: Ընդհակառակը, դա շատ կարևոր երակ է, որ անպայման պետք է բերվեր մեր գրականություն, հայ գրական դաշտ: 20-րդ դարի գրականությունը (որը մենք ժամանակակից ենք անվանում), կյանքը, իրականությունը, մարդու ներաշխարհը պատկերելու իր չափանիշներով շատ է տարբերվում նախորդ դարերի գրականությունից, իսկ մեր պարագայում խոսքը վերաբերում է նաև բարքերի և լեզվի ազատականացմանը: Մինչդեռ մեր գրականությունը, իմ անձնական կարծիքով, շատ ավանդական է, առայսօր նախընտրում է իրականության պատկերման ու պատումի կառուցման ակադեմիական, արդեն քրեստոմատիական եղանակները: Պարզ օրինակներ բերեմ. ասենք, «գիտակցության հոսքի» սկզբունքը շատ քիչ է յուրացված մեր գրականության մեջ, կամ վեպի ժանրում պատումի կառուցման հետաքրքիր, ավել կամ պակաս նորաշունչ եղանակներ կան` մոդեռնիստական, պոստմոդեռնիստական և այլն, որոնք մեզանում մարսված չեն: Երկրորդ տարին է` որպես ժյուրիի անդամ մասնակցում եմ «Անտարեսի» կազմակերպած «Արձակ» պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխությանը և ուղղակի ապշահար եմ, թե ներկայացված գործերում պատկերման ինչ հնամենի ու մաշված ավանդական միջոցներ են կիրառում մարդիկ` իրենց ապրածը, տեսածը կամ երևակայածը գրականության անվան տակ ներկայացնելով: Եթե դա նույնիսկ գրականություն է, ապա վաղեմի և այսօրվա կյանքին, իրականությանը, այսօրվա մարդու ընկալումներին անհարիր:

Արդյոք այսօր մեր հասարակությունը պատրաստ ու բա՞ց է արգելված գրքերի բնույթի գրականություն ընկալելու. շտապո՞ւմ ենք, թե՞ արդեն շատ վաղուց պետք է ներկայացրած լինեինք:

– Բայց այն ժամանակ էլ, երբ այդ գրքերն արգելվել են, հասարակությունը, ըստ էության, պատրաստ չի եղել ընկալելու, այլապես դրանք հետապնդման, դատավարությունների և տարատեսակ հալածանքների չէին ենթարկվի: Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, մենք ոչ մի հետազոտության, վիճաակագրական հարցման արդյունքներ չունենք տրամադրության տակ, և ամեն մեկս դատում է միայն իր տեսածով ու լսածով, ըստ այդմ էլ՝ կարծիքները կարող են շատ սուբյեկտիվ լինել, ուստի մի կողմ թողնենք հասարակության պատրաստ լինելու խնդիրը: Առավել ևս, որ մեր իրականության մեջ շատ ճոխ պտուղներ է տվել կեղծիքը՝ կեղծ բարեպաշտության, կեղծ ամոթխածության, կեղծ բարոյականության կայուն դրսևորումներով: Որպես հասարակական նորմ ավելի շատ որդեգրված է կոծկելու, պարտակելու վարքագիծը: Կյանքի սեքսուալ, էրոտիկ ասպեկտը մեզ մոտ օրինականացված չէ, արևի տակ տեղ չունի, ընդհատակյա բնույթի է: Մարդը մեր երկրում, ընդհանրապես, սեռական գրագիտություն չի ստանում` ոչ ընտանիքում, ոչ ուսումնական հաստատություններում, ոչ այլուր. ինքնահոսի մատնված վիճակ է, հետևաբար բնավ զարմանալի չէ, որ շատերը կամ անդրջրհեղեղյան, կամ էլ խեղաթյուրված պատկերացումներ ունեն սեռական ոլորտին վերաբերող ամեն ինչի մասին: Ոմանք այս առումով վկայակոչում են հայկական մենթալիտետի առանձնա- հատկություններն ու ավանդույթները, բայց, ներեցեք, սեռական տգիտությո՞ւնն է մեր մենթալիտետի առանձնահատկությունը, թե՞ ավանդույթը: Այդ դեպքում ինչպե՞ս չհիշես Օրսոն Ուելսին, որն ասում էր, թե ավանդույթները շատ հաճախ վատ սովորույթների հավաքածու են: Մենք հո չենք կարող աբորիգենների մեկուսի կղզու պես գոյատևել այս աշխարհում. մեր օրերում անհնար է խույս տալ գլոբալ պրոցեսներից: Բնականաբար, շատ ավելի տրամաբանական կլինի, եթե հակադրվելու անպտուղ ու ծիծաղելի ճիգերի փոխարեն փորձենք ինտեգրվել` գուցե և ազգային ինչ-ինչ առանձնահատկություններ հաշվի առնելով: Միակ ողջամիտ ճանապարհը սա է:

Այս մատենաշարում մինչև այժմ ի՞նչ գրքեր են տպագրվել և ի՞նչ գրքեր սպասենք առաջիկայում:

– Մատենաշարի առաջարկը ես եմ արել և այդ պատճառով էլ ինձ պարտավորված եմ զգում մասնակցելու գրքերի ընտրությանը, դա նաև «Անտարեսը» ղեկավարող Արմեն Մարտիրոսյանի ցանկությունն է: Հաճելի պարտավորություն է, ինչ խոսք: Առայժմ հրատարակվել են Միլերի «Խեցգետնի արևադարձը», որը ինքս եմ թարգմանել, Ջորջ Օրուելի «1984»-ը, որը թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը և Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», որը թարգմանել է Արփի Աթաբեկյանը: Օրուելի վեպը ևս արգելքների տեղիք է տվել, հատկապես Խորհրդային Միությունում, ամբողջատիրության դեմ ուղղված ամենացնցող գործերից մեկն է համաշխարհային գրականության մեջ: Այս շարքը յուրովի է լրացնում թուրք կին գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», որը հետաքրքիր գրական երևույթ է, հեղինակն իր վեպը գրել է անգլերեն, հետո թարգմանել թուրքերեն: Հետագայում շարքը կհամալրի անցյալ դարի բելգիացի գրող Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»՝ վաստակաշատ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ: Ժամանակին այս վեպի դեմ դատ է բացվել համարձակ էրոտիկ նկարագրությունների պատճառով, և բացի դրանից, գործը հետաքրքիր է նաև այն առումով, որ ազդեցություն է գործել մեր արևմտահայ բանաստեղծների, մասնավորապես Վարուժանի վրա:
Մատենաշարի համար ես ձեռնարկել եմ թարգմանել նաև անգլիացի մեծ գրող Դեյվիդ Հերբերթ Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», բայց հիմա ստիպված եմ զուգահեռաբար աշխատել և ավելի առաջնահերթ գործի՝ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի թարգմանության վրա, որը թեև այս մատենաշարի մեջ չի մտնի, բայց 20-րդ դարի գլխավոր գրական երկերից է, և կարելի է պոստմոդեռնիզմի հուշարձան համարել: Թերևս մատենաշարում ընդգրկվի նաև ժամանակակից աղմկահարույց ֆրանսիացի գրող Միշել Ուելբեկի «Տարրական մասնիկներ» վեպը, որի հայացման աշխատանքն ստանձնել է ֆրանսերենի բարձրակարգ թարգմանիչ Սերգեյ Մկրտչյանը:

Նշեցիք, որ մատենաշարում կան գործեր, որոնք արգելքի տակ են ընկել ոչ միայն էրոտիկ ուղղվածության, այլև տարաբնույթ պատճառներով, իսկ մեր հասարակության մեջ «ցենզուրա» ասվածը շատ նեղ սահմաններ ունի:

– Այո, մեր հասարակության պատկերացումները արգելված գրքերի մասին հաճախ սահմանափակ են. մարդիկ մտածում են, որ եթե արգելված է, ուրեմն խոսքը անպայման պոռնոգրաֆիայի, սեքսի, էրոտիկայի մասին է: Բայց մի կողմ թողնենք այն հարցը, որ գրքերը կարող են արգելվել տարբեր նկատառումներով, դրա մասին արդեն ինչ-որ չափով խոսեցինք, և դրա վառ օրինակը Օրուելի «1984»-ն է, որն առավելապես քաղաքական նկատառումներով է արգելվել: Ինձ համար տարօրինակ է, որ մինչև օրս ոմանք արվեստի մասին իպոլիտտենյան կամ 19-րդ դարի պատկերա- ցումներ ունեն. նրանք համոզված են, որ արվեստի խնդիրն է ներկայացնել միայն գեղեցիկը, էսթետիկը, այն ամենը, ինչն ունակ է դրական լիցքեր ու պատրանքներ հաղորդել: Բայց եթե արվեստը իրականության հետ առնչություն ունի, իսկապես պատկերում է իրականությունը, թեև, իմ համոզմամբ, արվեստը առավելապես զուգահեռ իրականություն է կառուցում, քան ներկայացնում եղածը, ապա պարտավոր չէ՞ պատկերել իրականությունն իր բազմաշերտությամբ, այլապես էլֆրիդե Ելինեկի վեպը` «Դաշնակահարուհին», պիտի համարվեր ծանր պոռնոգրաֆիայի նմուշ, որովհետև այնտեղ այսպիսի հակասություն կա. դասական երաժշտությունը` ի դեմս Շուբերտի, համատեղված է սադոմազոխիզմի հետ: Այդ համաձուլվածքը 100 տարի առաջ ուղղակի աներևակայելի էր, իսկ այսօր բացահայտում է Ելինեկի հերոսուհու` վսեմ դասական երաժշտությամբ զբաղվող կնոջ հոգու թաքուն ծալքերը, և այդ ամենն է, որ վեպը դարձնում է ուշագրավ, մարդկային և, ի վերջո, ժամանակակից:

Գուցե մի փոքր ներկայացնեի՞ք «Խեցգետնի արևադարձը» վեպի էսթետիկ առանցքը, և հենց այս գրքի օրինակով ցույց տայիք լեզվական տարբեր շերտերի գոյության իրավունքը:

– Իմ խորին համոզմամբ՝ արվեստում մարդը պետք է ներկայանա իր բոլոր կողմերով` և՛ իր նվաստագույն կենցաղային մակարդակում, և՛ ոգեղեն թռիչքների մեջ, և՛ սեքսուալ ոլորտում, այսինքն` իր արտաքին ու ներքին աշխարհի հակադրամիասնությամբ: Միլերը հենց այդպես էր կարծում, և ես, ամենից շատ, նրա մեջ գնահատում եմ իր անկեղծությունն ու շիտակությունը: Նա չի ճգնում ավելի առաքինի երևալ, ավելի բարոյական ու բարեպաշտ և փաստորեն, կեղծ, քան իրականում կա: Այդ ծայրահեղ անկեղծությունը շատ կաշառող է և այն կարևոր կողմերից մեկն է, որ ստիպում է գիրքը կարդալ, հաշտվել և անպատշաճ արտահայտությունների ու գռեհկաբանությունների հետ, որովհետև այդ ամենը ինքնանպատակ չէ: Անայիս Նինը, որ Միլերի սիրուհին էր և շատ լավ էր ճանաչում նրան, քանիցս նկատել է, թե շատերը Միլերի հերոսին ու բուն Միլերին շփոթում են իրար հետ, համարում, որ Միլերի գիրքը ինքնակենսագրական է, և նա պատկերել է հենց իրեն, իր սեքսուալ կյանքն ու արկածները: Բնավ այդպես չէ, թեև Միլերը ինքնակենսագրական տարրերի մեծ չափաքանակ է օգտագործել, բայց, միևնույն Անայիս Նինի վկայությամբ, Միլերն իրական կյանքում շատ համեստ, հանգիստ, կնամեծար, և ընդհանուր առմամբ կանանցից կախյալ մարդ էր, մինչդեռ վեպում ներկայանում է մի հերոս, որը անհագուրդ ֆիզիկական և սեքսուալ ախորժակով օժտված արու է, ինքնավստահ մաչոյի մի տարբերակ: Նա թույլ սեռին վերաբերվում է տղամարդկային շովինիզմի դիրքերից, կանայք նրա համար ավելի շատ սպառման համար նախատեսված ապրանք են, մի բան, որ այսօրվա մարտնչող ֆեմինիզմի ֆոնին ժամանակավրեպ է թվում: Սակայն, ըստ էության, Միլերն այս հոխորտալից կերպարի տակ խնամքով թաքցրել է իր թուլությունն ու կախվածությունը սիրուց, և դա գրքում էլ շատ վառ արտացոլում է գտել: Վեպի զուտ ֆիզիլոգիական, սեքսուալ պատկերների կողքին կա ճշմարիտ սիրո տանջալի մոտիվը՝ հերոսի կնոջ սյուժետային գիծը. նրանք հեռու են իրարից, չեն կարող տեսնվել, և վեպի սեքսուալ հատվածները ավելի շատ սուբլիմացնում են հերոսի զգացմունքներն իր իսկապես սիրած կնոջ նկատմամբ: Նա ամենուր փնտրում է կնոջ հետքերը, իր սերն ու չպարպված զգացմունքները, բայց ստիպված է այդ ամենը վատնել առաջին իսկ պատահած պոռնիկի վրա: Եվ մենք տեսնում ենք. որքան Միլերը կարող է լինել գռեհիկ, նույնքան էլ` ռոմանտիկ, որքան կարող է համակված լինել հեշտանքով, նույնքան էլ վերերկրյա պլատոնական սիրով, և այստեղ արդեն խոսքը, բուն իմաստով, մարդու էության մասին է:

Եթե մենք նպատակ ունենք այնպիսի գրականություն թարգմանել, որտեղ կան նաև էրոտիկ պատկերներ, սեքսուալ նկարագրությունները, ուրեմն պետք է մշակենք նաև համապատասխան լեզու: Ի՞նչ խնդիրներ ունենք այս պարագայում:

– Այս առումով այնպես է ստացվել, որ սեքսուալ ոլորտի բառապաշարը մեզ մոտ լիովին տաբուավորված է. կամ գռեհկաբանությունների, փողոցային արտահայտությունների մակարդակից չի բարձրացել, կամ, լավագույն դեպքում, փոխարինվել է մեղմասացություններով` էվֆուիզմներով (ասենք, սեռական ակտի անվանումը մեղմասացության տարբեր նմուշ- օրինակներ ունի): Գալով Միլերին՝ ասեմ, որ նա հակադրությունների գրող է, և գիրքը թարգմանելիս շարունակ այն տպավորությունն ունեի, որ գործ ունեմ ոչ թե մեկ գրողի, այլ նրա անվան տակ միավորված մի քանի հեղինակների հետ: Բացի դրանից, գիրքը գրված է դասական ժանրային բաժանումների սովոր ընթերցողի համար անհասկանալի ժանրով. ո՛չ օրագիր է, ո՛չ կենսագրական գործ, ո՛չ «գիտակցության հոսքի» սկզբունքով կառուցված ինքնախոստովանանք, ո՛չ հետևողականորեն սյուժետային պատում կամ էլ այդ ամենի խառնուրդն է՝ ավել կամ պակաս տոկոսային հարաբերակցությամբ: Հենց սկզբից էլ պարզ էր, որ գործ ունեի լեզվական տարասեռության, ոչ միայն զանազան, այլև հակադիր բառաշերտերի հետ. ասենք, հոյակապ գրական անգլերենով գրված խոհափիլիսոփայական հատվածների կողքին առկա են էրոտիկ նկարագրություններ, սեքսուալ բաց տեսարաններ, որտեղ հեղինակը չի խուսափել անպատշաճությունից, գռեհկաբանություններից ու անվայել խոսքերից, որոնք, գուցե և այսօր ազատ գործածության իրավունք են ստացել և լսելի են շատ ու շատ ֆիլմերում, մինչդեռ Միլերի ժամանակներում ընդունված չէին, դրա համար էլ գիրքը 30 տարի շարունակ ԱՄՆ-ում արգելքի տակ էր, մինչև որ ազատվեց անվայել գրքի պիտակից: Ինձ համար ամենադժվարը հենց գռեհկաբանությունների անպատշաճ շերտը հայերեն ներկայացնելն էր և դրա օրգանական շաղկապումը ընդհանուր տեքստի հետ: Ամեն անգամ, հետևելով հեղինակի ընտրությանը, ես օգտագործել եմ և՛ նշածս մեղմասացությունները (օրինակ, fuck բառը Միլերի վեպում տասնյակ խոսակցական տարբերակներ ունի, և հերոսները տարբեր արտահայտություններ են օգտագործում), և՛ սեռական օրգաններին կամ սեռական կյանքին վերաբերվող գրական արտահայտություններ, և՛ գռեհկաբանություններ, որոնցից Միլերը չի խուսափել` ցուցադրաբար հակադրվելով ժամանակի գրականությանը, գրողներին ու կարծրատիպերին: Դժվարությունն այն էր, որ ես կողմնորոշիչներ չունեի, մենք սովոր չենք կոպիտ արտահայտություններ տեսնել տպագիր խոսքում, թեև վերջին տարիներս հատկապես երիտա- սարդական գրականության լեզուն ազատականացել է: Հայկական պարադոքսալ իրականության խնդիրն այն է, որ փողոցում, հասարակական վայրերում մարդու ականջին կարող են հասնել նման արտահայտություններ, անգամ թունդ գռեհկաբանություններ, բայց երբ այդ ամենը ֆիքսված է գրական տեքստում կամ արտաբերվում է կինոյում, թատրոնում, դա համարվում է անթույլատրելի հայհոյախոսություն, անպատկառություն և այլն: Ամեն դեպքում, այսպես թե այնպես, Միլերը սկսեց խոսել հայերեն: Եվ անջրպետվելով, լեզվական պուրիտանիզմին ու քաղքենությանն ապավինելով չէ, որ մենք պետք է այս կարգի հարցերը կարգավորենք:

Գուցե անհրաժեշտ է լեզվի պետական տեսչության ու ձեր` գրողների, թարգմանիչների, լեզվին տիրապետող մարդկանց օգնությամբ ամրագրե՞լ այդ բնույթի որոշակի բառամթերք մեր լեզվում:

– Երբ առիթ է եղել այս լեզվաշերտի շուրջ զրուցել նաև իրավաբանների հետ, նրանք էլ են փաստել, որ նույնիսկ դատարանում համապատասխան բառապաշար չկա. երբ, ասենք, սեռական բնույթի հանցագործություններ են քննվում կամ թեկուզ մի մարդ հայհոյել, անարգել է մյուսին, հնարավոր չէ հնչեցնել բուն հարցի էությունը, ասում են նույնիսկ, թե շատ հաճախ գնում, դատավորի ականջին փսփսում են, թե տվյալ մարդն ինձ այս արտահայտությունն է արել: Խոսքը փողոցի լեզուն գրականության բերելու մասին չէ, որովհետև շատերը խնդիրն այդպես են ընկալում: Փողոցի լեզուն, շատ առումներով, ավերված հայերեն է` հազար ու մի տեսակ ռուսերեն, թուրքերեն ու ադրբեջաներեն բառերով ողողված, բարբառային, ժարգոնային արտահայտություններով խճողված: Նույնիսկ մեր մամուլն է այդ բառերը ճոխ-ճոխ օգտագործում: Մինչդեռ կա նաև բնական, խոսակցական հայերենի մի շերտ, որից և շատերս օգտվում ենք առօրյայում. նորմալ լեզու է և կարող է գրականության մեջ կիրառվել: Ամեն դեպքում, թարգմանելիս ես երբեք չեմ դիմում ռուսիզմների ու թուրքիզմների, և համոզվել եմ, որ անելանելի վիճակներ չկան՝ ի հեճուկս ոմանց այն պատկերացումների, թե շատ բաներ հայերեն ուղղակի չեն հնչում: Ամեն ինչ էլ հնարավոր է հայերեն արտահայտել, անգամ այս աղետալի վիճակում, երբ հայերենը քաղաքակիրթ աշխարհի մյուս լեզուների համեմատ շատ թույլ է զարգանում, նոր տերմիններ, եզրույթներ չեն ստեղծվում. մեզ մոտ, այս առումով, խոր լեթարգիական քնի մեջ են նույնիսկ նրանք, ովքեր, թեկուզ մասնագիտության կամ զբաղմունքի բերումով, պետք է զբաղվեին դրանով: Մենք շատ աղքատ ենք ու բոբիկ բառարաններից. չկա, ասենք, խոսակցական, կենդանի հայերենի բառարան, անչափ քիչ են օտար լեզուների բառարանները, կամ, եթե կան էլ, շատ թերի վիճակում են: Այս ամենը խնդիրների անտանելի բեռ է դնում թարգմանչի ուսերին, խնդիրներ, որոնք ամեն մի թարգմանիչ ստիպված է ինչ-որ կերպ սեփական ուժերով լուծել: Սա անհանդուրժելիորեն բարձիթողի վիճակ է և ամենից առաջ՝ անտարբերություն ասեմ, թե քամահրանք սեփական լեզվի նկատմամբ: Այնինչ հայերենը հայ ժողովրդի ամենամեծ գանձն է, և սա պարզապես ինչ-որ վերամբարձ ֆրազ չէ, որ ասում եմ: Ամեն անգամ ես համոզվում եմ. մենք մեծ ազգ չենք, բայց ունենք վիթխարի հարստության ու հնարավորությունների տեր բացառիկ լեզու: Ինձ միշտ զարմացնում է, թե ինչպես է հաջողվել մի փոքր ազգի այսքան հարուստ լեզվական գանձարան ունենալ. ապշեցուցիչ ֆենոմեն է: Բայց էլ ավելի ապշեցուցիչ է, որ այդ ամենը թողած մի կողմ՝ մենք առօրյայում ամենից հաճախ խոսում ենք խառնափնթոր, աղճատ լեզվով, որը բնիկ ու զուլալ հայերենի հետ քիչ առնչություն ունի: Չգիտեմ, թե մայրենի լեզուն այսպես բարբարոսաբար խեղելն ու ոտնահարելը մինչև ուր կհասնի: Եթե ինչ-որ միջոցներ ձեռք չառնենք, ապա, ըստերևույթին, այնտեղ կհասնենք, որ մի օր էլ գլխի կընկնենք՝ այլևս հայերեն չենք խոսում: Դրա համար էլ, կարծում եմ, գրականության ու արվեստի դերն այստեղ ուղղակի անփոխարինելի է: Բոլորը կամ քնած են, կամ էլ քնած են ձևանում, գոնե մենք արթուն լինենք:

 Հարցազրույցը` Գրանիշ գրական ակումբի

Արտատպված է «Գրանիշ»  թիվ 3-ից, 2013թ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *