Անի Ամսեյան | Կապույտ աշխարհի կարոտով

Անի Ամսեյան

Թռչնի փետուր լինեի,
պոկվեի,
մնայի երկնքիդ մեջ:

 

***

Արմատից հանված, դաշտային,
մեռնո՜ղ, փոքրիկ ծաղիկներ`
սեղանիս վրա`
ջրով սափորում…
սովորեցրեք ինձ հրաժեշտի երգը
այդքան խաղաղ երգել:

 

***

Պատուհանիս տակ
շատախոս, փոքրի՛կ թռչուն,
այսօր այնքան պարզ եմ հասկանում լեզուդ…
Չլինի՞ հանդիպել ես նրան,
ով լռում է վաղուց…

 

***

Քեզ ինձ կապողը
այնքան բարակել,
թել է դարձել,
որ վախենում եմ այսօր նայել այդքան
կեռ ու սուր լուսնին:

 

***

Հսկա լեռ էիր
ես` գագաթիդ փոքրիկ մի քար:
Մի քանի վարկյան դղրդացիր,
գլորվում եմ քանի դար է:

 

***

Վաղուց լուր չունեմ քեզանից:
Եվ այնքան հանգիստ ու խաղաղ եմ ապրում
առանց ինձ:

 

Ծիածան

Արտասվում էի,
կողքիս էիր:

 

***

Քեզ տեսնելու համար
հեռավորություն է պետք:
Այնքան մեծ ես`
կողքիդ մոլորվում եմ:

 

***

Նրան,
ով այսօր ասաց՝
«գուցե սիրում ես ինձ»…
Նրան,
ով խաբեց ինձ այսօր,
հիմա ամենքից շատ եմ սիրում:

 

***

Լողում ծովիդ վրա
ու չէի հագենում:
Ուզեցի հպվել,
լցվեցիր մակույկիս մեջ…
…խորտակվեցի:

 

***

«Ձեր զանգը կընդհատվի, քանի որ ձեր հաշիվը սպառված է»:
Մեծ երջանկություն.
ինչ-որ մի ձայն այսօր խոսեց ինձ հետ:

 

***

Տեսա,
թե ինչպես
փոքրիկ մի տերև
լարել ուժերը,
կառչել ճյուղից,
կռվում էր քամու հետ:
…Լաց եղա`
հիշելով հեռավոր այն երեկոն,
երբ քամուն հանձնեցի քեզ:

 

***

Գիշերը դու ես`
չվերջացող անգամ լուսաբացին,
և լուսաբացն ես դու`
ինքդ քո շողերի մեջ,
ցերեկը` տարվա ցանակացած եղանակին,
և երեկոները խաղաղ ու թեթև երկնքի տակ
ԴՈՒ,
բոլորը դու ես:

Եվ չգիտեմ,
չգիտեմ՝ ինչու եմ ժամացույցին նայում երբեմն:

 

***

Ափերիդ մեջ սառչող թեյի բաժակն եմ:
Չէիր ուզում խմել,
չգիտես ինչու՝ եփեցիր:

 

***

Բոլոր լուսացույցները
թարթում են իրենց կանաչ աչքը հիմա:
… Միայն թե ես չգիտեմ
ուր գնալ:

 

***

Բանաստեղծությո՛ւն՝
չոր ու կոպիտ փշերի մեջ՝ քարերի արանքում,
անմշակ ու փոքրի՛կ ծաղիկ՝
պատահաբար ծլած,
դու գիտես՝ նա չի ջրի քեզ,
դու չես սպասում արևին նրա:
Մնա ինձ հետ այս գիշեր,
մինչև կկտրեն ցողունդ,
կհանեն հողից և թերթիկներով քո սեր կգուշակեն…
Մնա.
ես շատ եմ վախենում:

 

***

Ավերակ էի երազում տեսնել հեռանալուցդ հետո
և չէի հասկանում իմաստը բառի.
քանդուքարափ քաղաքն իմ մեջ,
արմատախիլ ծառերը,
կոտրված երկինքը,
անտուն թռչունները
և անվերջանալի փոթորիկն այս
քո աչքերի գույնն ունեն…
…ամեն ինչ ճիշտ էր:

 

***

Քանի չկաս,
ինքնաթիռները միշտ էլ ընկնելու են,
երեխաներ են գետում խեղդվելու,
զինվորներ են գնալու՝ չգան,
հրաբուխներ են ծածկելու քաղաքներ,
և քաղցկեղը շարունակելու է ճյուղեր գցել աշխարհում:
Սովորույթի համաձայն՝
ես խեղդելու եմ օրը լրահոսում
և վերջին էգոիստի նման շարունակելու եմ հավատալ,
որ, եթե այստեղ՝ կողքիս լինեիր,
գուցե սիրո մասին էլ մի բան ասեր աշխարհը:

 

***

Մի՛ կանգնիր,
հեռանալուց առաջ այս քաղաքի
բոլոր փողոցներով անցի՛ր…
Ես ու բանաստեղծությունը այսուհետ պիտի ապրենք այստեղ:

 

***

Ես՝ ճաղապատ վանդակի ներսում,
հույսս՝ մի թռչուն՝
հեռու սարերում:
…Այսօր նույն երգն ենք հիշել:

 

***

Սովորել եմ լռությանդ այնքան,
որ եթե այսօր
մի տերև պոկվի,
ընկնի հողին,
կցնցվեմ պայթյունից:

 

***
Արցունքի երկու կաթիլ՝
երկու այտից հոսող,
խառնվում շուրթի վրա
և սիրտ չեն անում անգամ
իրար հետ խոսել:

***

 

Մոլորվեցի.
անձրևը ջնջել էր
ոտնահետքդ:

***

Դու՝ ականապատ դաշտ,
և տունս՝ քո մեջ:
Ինչպե՞ս …
ինչպե՞ս են այսքան խաղաղ սավառնում թռչունները
երկնքիդ միջով:

***

Լինելս չէիր զգում:
Թե չլինեմ,
գոնե ինչ-որ բան կզգա՞ս:

 

 

***

Մեղավոր չէինք
ոչ դու
և ոչ էլ ես,
պարզապես
քամին չշաղախեց ինձ
քեզ համար:

***

Չես կարդում գրված բանաստեղծություններս,
և դրանք չեն գրվում այլևս
հույսով:
Գուցե չգրվածնե՞րը կարդաս:

***

Տանս դուռը բաց էր,
հիշում եմ,
բայց շփոթված բանալի եմ փնտրում հիմա:
Տունս եմ շփոթել,
թե ինձ,
չգիտեմ:

***

Ուրիշ քաղաքի կարմիր-դեղին մայրամուտը
և դու՝ գույների մեջ այդ…
Ինչո՞ւ,
ինչո՞ւ են այս հրակեզ երկնքի միջով այդքան թեթև սավառնում թռչունները,
երբ այրվում եմ ես՝ հողին այսքան ամուր կանգնած:

***

Այս քաղաքից հեռանալը չէ որ այդքան ծանր էր,
դժվար էր պատկերացնելը,
որ եղանակը տարբեր է լինելու,
և չես իմանա՝
Նա
այնտեղ հիմա
մրսում է,
թե տաք է:

***

Պաղ քամի էր:
Ոչ մի տերև չպոկվեց ծառից
բացի ինձնից:

***

Այնքան քաղցր էին
սեր աղերսող շուրթերը,
և դրանք քոնը չէին:

***
Անիմաստ թափառումներ
օտար քաղաքներում…
Մինչդեռ
այնքան պարզ է ամեն բան
աշխարհը տեսնելու համար՝
երկու թափառող ձեռք միայն,
որ քոնն են,
փշաքաղ մարմնին իմ:

***

Այլևս չես գալիս ու չես գնում երբեք,
բայց մի ճանապարհ կա, որից աչք չեմ կտրում,
ամեն եկող- գնացողի հետ վեր եմ թռչում
սրտիս միջով անցնող
միակը ճանապարհներից,
որտեղ չես քայլում:

***

Ամեն ինչ պարզ է,
Սե՜ր իմ:
Մենք կսողանք գրկից գիրկ՝
մոռանալով շունչ առնել:
Մենք,
որ անմարնմին էինք,
չենք գտնի հպումը
երբեք
եղունգներով մխրճված ոռնացող մարմիններում`
մոլորյալ, խեղճ, կորսված,
Սե՜ր իմ:
…Մինչդեռ տաքուկ անկողնում մարդիկ կապրեն թմրությամբ երանելի,
պարզությամբ, որը մերժեցինք,
հորինած հոգիներով մերժեցինք:
Կսողանք, այո,
և դա կլինի այն կյանքը, որը ընծայվեց մեզ:
Այսքանը:
Ահա և ողջը:
Եվ միակ բանը, որ կարող եմ խնդրել քեզնից՝
մի լսիր ճիչերս
(դրանք ընդամենը քարերն են),
շարունակիր,
սե՜ր…
Իմ ճանապարհը
քո հետագիծն է:

Կապույտ աշխարհի կարոտով

Գինու գավաթի մակերեսին՝ լողացող մի նավ՝ հեռու հորիզոնում,
ծովի երկու խոշոր կաթիլ՝ քո փիրուզ աչքերը,
որ նկարում են հեռացող մի գիշեր՝
կապույտ, ինչպես երկինքը,
կապույտ, ինչպես քամին,
և հետագիծը կապույտ մի թռչնի՝ ազատ մի երկնքում:
-Ես չունեմ ոչինչ
բացի այս նավից,
ուրիշ ոչինչ չունեմ,
ՈՒՆԵՑԱԾՍ՝ ՔԵԶ,-
ասում էր նա ինձ:
Երկնքում՝ փոքրիկ լուսատուներ շաղ տված,
քամու մեջ՝ ավազի հատիկներ,
մեր հոգու ափին՝ դիզվող բեկորներ՝ անցյալից ու ապագայից,
կեսը՝ ջուր, կեսը՝ հող, կեսը՝ կրակ,
մեր թոքերում՝ նույն ամբողջական օդը,
որ կբաժանենք շուտով՝ աշխարհի տարբեր ծայրերը տանելու,
արտաշնչելու դատարկ ու մերկ խցերում մեր՝
բաժանման վերջին րոպեները հաշվելով:
Մենք փակում ենք մեր կոպերը,
ճչում վերջին ճիչերով ու հառաչներով:
…Ճերմակը՝ հրաժեշտի գույն:

Կտավն ավարտված է:

 

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

  • լևոն սարգսյան says:

    Մաքուր և յուրօրինակ խոսք է, հիանալի պատկերավորություն: Անին ՀՈՒՅՍ է:

  • Ando says:

    Ani jan hetaqrqires grum eselem grum ete hetaqrqrem karoxes gtnel indz fejsbuki ays hasceov https://web.facebook.com/andranik.abrahamyan.5

  • Պատկերաւոր ու գեղեցիկ, նուրբ հոգէաշխարհ…

    Գինու գավաթի մակերեսին՝ լողացող մի նավ՝ հեռու հորիզոնում,
    ծովի երկու խոշոր կաթիլ՝ քո փիրուզ աչքերը,
    որ նկարում են հեռացող մի գիշեր՝
    կապույտ, ինչպես երկինքը,
    կապույտ, ինչպես քամին,
    և հետագիծը կապույտ մի թռչնի՝ ազատ մի երկնքում:

    Շնորհակալութիւն, Անի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *