Հովիկ Մխիթարյան | Շնիկով տիկինը

Առաջ-ետ, առաջ-ետ, ամեն Աստծո օրը։
Շնիկով տիկինն անցել է 80-ի սահմանագիծը։ Պահպանված դեմքը թեթևակի ակոսում են մանր կնճիռները, որ չի աղավաղում անցյալի գեղեցկության նուրբ դիմագծերը։ Ժամանակի հարվածներին չդիմացած աչքերը թեպետ խոր էին ընկել, սակայն լուսավոր էին ու կյանքի թախծոտ իմաստություն էին ճառագում։ Սիրո մոլեգնող հրդեհը վերածվել էր հասուն սիրո մոխիրներից առկայծող մայրական կանչվածության ու կնոջ հմայքի խառնուրդի, որ բարձրացնում է կնոջը իր անդիմադրելի վեհության բարձունքներին։
Տիկինը քայլում է շնիկի հետ․լավագույն, վերջին բարեկամները հիշողություններն են ու շնիկը։ Ամռանը ծառերն են հովանի նրանց զբոսանքներին, իսկ ձմռանը՝ հանդարտ իջնող ձյան մանրիկ փաթիլները։ Ամառային տապը ավելի է ջերմացնում հուշերի քաղցրությունը, իսկ ձյունը երկնքին է հասցնում օրերի հևքի դառնությունը, մինչ ծեր մարմինն ընդունում է երկնային մանրամաղ հարվածներն անտրտունջ ու համակերպված։

Օր 1
Իր քաղաքն է, իր կյանքը, մանկությունն ու ծերությունը, այդ երկուսի արանքներում անհետացող ողջ կյանքը։ Փողոցից վերև սեփական տներն էին, որ անհետանում էին ու աստիճանաբար վերածվում հսկա բետոնե ամրոցների, ջնջելով հիշողություններն այն մի կյանքի, որ անդարձ էր ու այլևս ետ չէր գալու։
Փոքրիկ շնիկը երբեմն համառում է ու դիմադրում, չի ենթարկվում ծեր տիկնոջը։ Նա վազվզում է ու փորձում հարմարվել նոր երթուղուն։ Նախորդ տերն այս ճանապարհով չէր քայլում, անսովոր է․․․Նրա շնային ուղեղում առկայծում է զարմանքը՝ որտե՞ղ է տերը, ինչու՞ չի գալիս, ինչո՞ւ է նոր տերն անընդհատ նույն ճանապարհով տանում․․․նա դիմադրում է, այս ու այն կողմ է նետվում, քաշքշում պարանը, փորձում կրծել։ Տիկինը չի զգում այնքան ժամանակ, մինչև շնիկը փորձում է կանգնեցնել, վայր գցել նրան․․․իր շնիկը․․․նա տեսել է Վզգոյին, խաղացել ու քաշքշել պարանը նրա ձեռից․․․
Վզգո՜, մենք միասին էինք զբոսնում, հիշո՞ւմ ես․․․ ինչքան զարմանքով էին նայում մեր հասակակիցները մեզ, անսովոր էր, հասուն զույգը՝ ձեռքերը միահյուսած, քայլում են, դանդաղ, շորորալով, ինչպես պատանիներ․․․սիրում էինք իրար, կռվում էինք, դու տանը անմիտի նման բղավում էիր վրաս, չեմ հիշում ինչ էիր ասում, որովհետև չէի լսում, չէի նեղանում, հասկանալով, որ քո տղամարդկային պատկերացումների վերջին պատառիկներն էին դրանք, ու որ դու քո հավիտենական տու՜նն էիր գնում։
Դու ծեր էիր, բայց չէիր հասկանում, որ կնոջ վրա չեն բղավում, նրան սիրում են, գրկում են, նստեցնում բազմոցին, զրուցում ու որոշում, որ միշտ նրա՛ն են հիշելու։ Դու անմի՞տ էիր, տղա․․․
Ես սպասեցի դրան մեր ամբողջ կյանքում, որ մեծանաս, սիրում էի ու գուրգուրում քեզ կնոջ, սիրահարի ու մոր, հասուն կնոջ սիրով։ Ես հավատու՜մ էի քեզ, իմ խենթ․․․ Դու սառը հողու՞մ ես ննջում, ցո՞ւրտ է այդտեղ․․․ չե՞ս մրսում։ Ես էի ձմեռները հետևում քո հագուստներին, դու փնթփնթում էիր ու դիմադրում, բայց համաձայնվում էիր․․․դու նայում էիր, ինչպես են իմ կնճռոտ ձեռքերը հագցնում քո տաք, այդ կնճռոտված ձեռքերով գործած գուլպաները, շոշափելով ուռած երակներով քո ծեր, հոգնած ոտքերը։ Հագցնում էի տաք սվիտերը, զգալով անպաշտպան, խնամքի կարոտ քո թույլ մեջքը, իսկ երեկոյան մեր մահճակալին էի դնում տաք ներքնազգեստը։ Մենք այլևս չէինք տաքանում մեր մարմիններով, հեռանում էինք իրարից ու կյանքից։ Մենք զգում էինք, ինչպես այլևս չեն սիրում մեզ աշխարհում, որովհետև ծե՜ր ենք․․․ահա թե ինչու գոռում էիր իմ վրա, այն միակի, ով անտրտունջ դիմանում էր դրան։ Բայց ես կին եմ, հոգում էի այն անպաշտպան էակի մասին, ով ծերանում էր ու կորանում, դառնում մեծահասակ երեխա․․․ ես տխրում էի ու հոգում, խնամում իմ Վզգոյին՝ թույլ ու անպաշտպան, մարմրող երակներով ու սրտով, անզոր թիկունքով, այլևս չաշխատող մարմնամասերով․․․
Դու հիմա երկնային հագուստ ես հագել, Վզգո։
Քայլում է ծեր կինը առաջ ու ետ, հուշիկ ինչպես իր երազներն ու հիշողությունները։ Նույն փողոցն է, վաղուց արդեն ասֆալտով պատված, որտեղ անցել է իր մանկությունը, որ սկզբում ծառ ու ծաղիկներ էին, սեփական տներ․․․ հիմա նույն տեղում բետոնե զնդաններ են․․․ իր անմիտ շրջապտույտով, անտրամաբանական օրենքներով, այսրոպեական սիրո անմտությամբ, ծնունդների ու մահվան զարհուրելի հերթագայությամբ ու անտարբերությամբ, ննջեցյալներին՝ առանց լացի ու սգո սրահներում մեկ անգամ էլ սպանելով ․․․ ննջեցյալներն է՞լ են տխրում միայնակ։
Դիմացի տները, անվերջ պատուհանագոգերով, վրան՝ թաղարներ, հին կոճակներ ու գրքեր, չերևացող պահարաններ, պարտադիր սպասքեղենով ու «Մադոննա» սերվիզով։ Գժվու՜մ ենք տղա, սա մեր աշխարհը չէ, դու ինչ ժամանակին գնացիր, ինձ թողիր՝ մի քիչ էլ պայքարելու․․․

Օր 2
Վզգո՜, եկ զբոսնենք միասին, այնքան շատ բան է փոխվել, կյանքն ավելի հետաքրքիր ու արագ է դարձել, շնչակտուր անելու չափ արագ։ Այս արդեն աղմկոտ փողոցը, հանդարտահոս մայթերով, հարևանների չդադարող, խաղաղ սրճխմություններով դեռևս կանգուն, վերջին սեփական տներում, դրսային պատշգամբներում, փոքրիկ, հինավուրց աթոռներով ու կիսակոտրած սեղանով, վրան՝ ջրի բաժակ, մոխրաման ու հին խաղաթղթի կապուկը։
Կիրակինե՜րը, Վզգո․․․Խորովածի բույրը ազդարարում էր կիրակի օրերը։ Որախ աղմուկ, հարևաններ, բարեկամները։ Վզգո՜, դու ամենալավն էիր խորոված անում, բոլորը գովաբանում էին, իսկ իմ սիրտը ուռչում էր հպարտությւնից՝ իմ Վզգո՜ն․․․ այդ իրիկուն ես ավելի հաճույքով էին սեղմվում քեզ, իսկ դու հիանալի հասկանում էիր ինձ։ Հիմա որտե՞ղ ես, Վզգո, եկ մեկ անգամ էլ գրկեմ քեզ, գեթ մեկ անգամ․․․
Առաջ-ետ, առաջ-ետ։ Փողոցն ու մայթն այլևս առաջվանը չէ, ուրիշ մարդիկ ու մեքենաներ են սուրում, մի քանի սեփական տներ են մնացել, հին, փոշոտ ու ծիծաղաշարժ, բայց սրտամոտ ու հարազատ։ Մենք սրա դեմ ենք պայքարում՝ սրտի ու ժամանակի, հոգու ու թվերի՝ հեռախոսներում, համակարգիչներում, ավտոմատ մուծումներում, SMS-ներում, այլ ոչ խորամանկ ժպիտներում․․․ մեր ժամանակը խորամանկ ժպիտների ժամանակն էր, Լուի դը ֆյունեսի ու Ալեն Դելոնի, Չառլի Չապլինի, Ժո Դասենի, իտալական երգերի ժամանակը, զբոսայգիների, հին, խախուտ ճոճանակների ժամանակը, որի վրա տղաները աղջիկներ էին որսում օդում, Վզգո․․․ հիմա մեռած սրտիկների ու ջղային սմայլիկների ժամանակն է, հեռախոսներում։
Ժամանա՜կը․․․ Հիմա ես ֆեյսբուք էլ ունեմ, Վզգո, թոռնիկը գրանցեց ինձ երիտասարդական գեղեցիկ նկարով, զվարճալի է, չէ՞, դու որ կենդանի լինեիր, գիտեմ, կխանդեիր, այ խենթ․․․ մի օր ընկերության հրավեր ստացա մի երիտասարդ տղայից։ Պատկերացնե՞մ, որ դա դու ես՝ կենդանացած․․․ պատասխանե՞մ, խաղամ սիրո զվարճալի ու ողբերգական խաղը, որ խղճան ծեր, միայնակ կնոջը, հաճոյախոսություններ անեն մեռյալին ու մի անգամ էլ սպանեն նրան, ով ապրում է հիշողությունների ու փոքրիկ շնիկի հետ։
Արցունքնե՜րը, Վզգո, լճանում են նիկով ծեր տիկնոջ աչքերի անկյուններում։ Նա չի սրբում, որովհետև շնիկը քաշքշում է պարանը ու ջանում ազատվել, վայր գցել վերջին ուժերով դիմադրող ծեր կնոջը․․ աղմուկ-աղաղակ, թափ, այս ո՞ւր է քշում ինձ փոքրիկ շնիկը։
Իմ արցունքնե՜րը․․․

Օր 3
Մայթին զուգահեռ ֆիզիոթերապևտիկ հիվանդանոցն է, այնտեղ քիչ այցելուներ կան, շատ չեն թանկ բուժում ստացող հիվանդներն ու նրանց այցելողները, որ գալիս էին ուշ ուշ ու արագ հեռանում։
Ծեր կինը նայում է հակառակ մայթին ծվարած-կորչող սեփական վերջի՜ն տներին․․․ նրանք էլ են անհետանալու, սրբելով ժամանակի փոշին իրենց վրայից, մինչ կփակի իր հոգնած աչքերը։ Երբեմն դեռ հավաքվում են այդ տներում հին խլյակները, սովորության համաձայն, հրավիրում բետոնե զնդաններում ապրողներին, թեյ-սուրճ խմում, հիշում անցյալը․․․ երիտասարդնե՜ր էլ են գալիս, ուրախացնում իրենց թափով ու եռանդով, աղմկում, թափռտում շուրջբոլորը, բզբզում հեռախոսներն ու հեռանում․․․ իմաստավորում մեր վերջին ժամերը։
Վզգո, հիշու՞մ ես, ինչպես էիր կոնյակ խմում, թեթև, կոկորդային անդուր կլկլոցով-դա ինձ նյարդայնացնում էր, իսկ ես ձայն չէի հանում։ Մի անգամ բարկացա ու որոշեցի վրեժ լուծել, ուրիշ ումի՞ց, եթե ոչ քեզնից պետք է վրեժ լուծեի իմ հույզերի, անցած տարիների, ողջ կյանքի համար։ Ես փորձեցի կոնյակ խմել, ստացվեց․․․ դա հետաքրքիր էր, ես թեթևություն զգացի ու մի անգամ էլ փորձեցի, հետո մի անգամ էլ ու սկսեցի կանոնավոր խմել։ Դու ոչինչ չէիր նկատում ու դա ինձ զվարճացնում էր, դառնում խաղ։ Եթե նկատեիր, չէի ժխտի, կասեի քեզ հումորով, կծիծաղեինք, բայց դու շատ էիր զբաղված և չնկատեցիր, միայն մեկ անգամ կասկածանքով ինձ նայեցիր, ես ժպտացի ու դու մտածեցիր՝ թե ա՜յս ինչ եմ մտածում, կին է, խենթ է․․․
Հիմա հատկապես այդ պահերը հաճախ եմ հիշում։ Դա մեր կյանքն էր՝ սիրով ու պարզ կենցաղով լի․․․ մենք երբեմն խաղում ենք կյանքը, հիմարանում․․․իսկ հիմա խաղից դուրս ենք, երիտասարդությունը մի կողմ է շպրտել մեզ, անմտաբար համաձայնվելով, որ իրենց դուրս շպրտվելն են արձանագրել։ Մենք ոչի՞նչ ենք, տղա, ծե՞ր ենք, իմ հեռանալու ժամանա՞կն է։
Հիմա, երբ քո մասին եմ հիշում, մեր կյանքն ու ապրած տարիները, տխրում եմ․․․ Դու սիրառատ չէիր, բայց երբ տհաճ կլկլոցով կոնյակ էիր խմում, պայծառանում էիր, ես՝ ընդհակառակը։ Դու մոտ էիր գալիս ու քսմսվում։ Դա հաճելի էր, բայց մտածում էի, որ դա կեղծ է, ինձ թվում էր, որ կոնյակն է քսմսվում։ Ինչու՞ շուտ հեռացար, հո խռով չգնացի՞ր, այնքան հանկարծակի հեռացար, չհասցրինք կարգին հրաժեշտ տալ, թե՞ մեր ամբողջ կյանքն էր հրաժեշտի նախերգանք, Վզգո։
Երբ հասկացանք՝ ինչ է սերը, դու մահացար։ Ինչո՞ւ այդքան ուշ են հասկանում սերը։ Երբ հասկանում են՝ այլևս ուժ չեն ունենում դիմանալու կրքին։

Օր 4
Ամենօրյա զբոսանք՝ ապրելու պատրանք․․․ կռանում է, շոյում շնիկին։ Շունը ձգում է պարանը, բացում սուր ատամները, ծեր կինը նորից քիչ է մնում վայր ընկնի, բայց մի կերպ պահում է հավասարակշռությունը։
Հայացքը համառորեն շրջվեց դեպի փողոցի գլխին թառած սեփական տների աստիճանաբար նոսրացող շարքին։ Նրանք զիջում էին աղմուկին ու մահվանը, պարտվում անդարձ ամպագոռգոռ, անսկզբունք ճղճղոցներին։ Աղմուկը կլանում էր ծեր կնոջ վերջին հուզումները։ Ինքն այլևս ինքը չէր, իրենը չէր իրականությունը, հսկա քաղաքի խենթությունը, երիտասարդության գժությունն ու հևոցները։ Կյանքը բոսոր, եռացող գինի՜ է դարձել, որ հարբեցնում է ու չի հագենում, կլանում ծերին ու մահվան պատրաստում երեխային։
Ժամանակը, Վզգո, սրբեց իմ հոգին, մնաց անցած մի սեր, տարեկիցների հետ հանդիպումները, թողնելով խղճուկ հիշողություններ, որ դա էլ մի օր կկորչի։ Եկողները կգրեն իրեց կյանքի պատմություններն ու կկորչեն․․․ այսքա՜ն պատմություններ, մեկը մյուսից ավելի կլանող ու զգայուն․․․
Վզգո, դա սե՞ր էր թե՞ կախվածության ու կապվածության մի խառնուրդ, որ վերցրեց իր մեջ ու հողմի գրկախառնությամբ քշեց դեպի հավերժություն, դեպի խորհրդավոր տիեզերական զարկը։ Դու մի բան հասկացա՞ր կյանքից, տղա, թե՞ ապրեցինք անմիտի պես, ոչնչացրինք իրար ու հեռացանք հավերժ։ Ոչինչ չմնաց մեր սիրուց, մեր հպումներից, մնացին կյանքի բովում անհետացող երկու խեղճ ու թշվառ, քշված անմիտ հողմապտույտից։
Քո մասին գիրք եմ գրելու, – ասում էիր դու, – ճիշտ գիրք հիանալի մի կնոջ մասին․․․ ու ստիպում, որ մերկանամ օրը ցերեկով․․․ դու գի՞ժ էիր թե՞ մի ուրիշ բան, չգիտեմ, բայց հիանում էիր իմ մարմնով, երկար նայում։ Ասում էիր, որ գիշերային կինը քեզ չի ձգում, որ կնոջը հարկավոր է ցերեկը նայել, բոլոր մանրամասներով, որ նա այդպե՜ս է հմայիչ։

Օր 5
Ծեր կինը առավոտ վաղ է դուրս ելնում տնից։ Մեքենաները չեն հասցրել ղժղժոցով առաջ սլանալ։ Մարդիկ դեռևս անհույս չեն վազում այս ու այն կողմ։ Նրանք բարկացած են անելիք չունենալուց, առիթ են որոնում կռվելու, ծեծվելու, սիրելու ու սիրվելու համար։
Ծեր կինը նյարդայնացած այս ու այն կողմ է գնում տանը․․․ դեռ վաղ է սուրճ խմելու ու շնիկի հետ ոտքով խաղալու համար-շնիկը ծվարել է իր անկյունում ու նիրհում է- պատուհաններից կախվելու, օրվա հովվերգությունը հասկանալու, դիմացի տները հայելու, մանկության, հարևանների, Վազգենի, երկնքից իջնող երկնային բանբերների՝ աղավնիների, ծվենների իմաստն ու էությունը ըմբռնելու համար։
Ծեր կինը զբոսնում է մեկ-երկու ժամ․օրը հալվում է հոգում, միայնակ-առավել շատ դեպքերում-երբեմն որևէ նախկին հարևանուհու տուն, երջանկանալու մեկ գավաթ սուրճի շուրջը։ Կոնֆետներից նախկին հաճույքն այլևս չի ստանում, միայն պայծառ գունավոր թղթերն է հաճույքով ճմրթում, շպրտում մի կողմ, ինչպես մանուկ ժամանակ էր վարվում գողացած կոնֆետների թղթերի հետ, որպեսզի գաղտնիքը չբացվի։ Հիմա թունդ, դառը սուրճի դառնությունն է վայելում․․․
Վզգո, Սուրճից հետո ես համացանց եմ մտնում, ինչպես 80-ամյա կին ու դա հիմա շատ ճիշտ է։ Ես աղջիկ չեմ, չխանդես, միայն՝ուշադրություն ու հոգատարություն է իմ ուզածը, որ ոչ մի տեղս չցավի, հոգիս՝ հատկապես, դու ինձ գիտես ու ընդունում ես, հասկանում այնպես, ինչպես կամ։ Ես չարաճիճի եմ, բայց քո կարիքն եմ զգում․․․ իմ կյանքն առանց քեզ հնարավոր չէր պատկերացնել։ Քո մահը անհեթեթ էր, դա ժամանակը հորինեց, այդպես չպետք է լիներ․․․ Այն, ինչ մնաց հիմա, ստվեր է ու երազ, որ գլորում եմ առաջ, դեպի անխուսափելի հանգուցալուծումը։ Ո՞ւր ենք գնում մենք, մարդ Աստծո, գիտե՞ս․․․
Դու հիմա գիտես մի բան, որ ես չգիտեմ։ Դու ննջու՜մ ես սառը հողում, ապրում վերերկրային մեղեդին․․․

Օր 6
Արթնանում եմ շատ վաղ, Վզգո, քունը վաղուց իմ բարեկամը չէ, ես բնազդաբար կառչում եմ վերջին պատկերներից։ Կանցնի մի քանի ժամ, կգա վերևի հարևանուհիներից մեկը և ինձ կհրավիրի հերթական սուրճխմությանը։ Կնստենք դրսի փոքրիկ գավիթում, փայտե հին սեղանի ու աթոռների շուրջը, բայց ես կնստեմ փայտե հատակին գցված խալու վրա, փափուկ ու տաք, ինչպես այն ժամանակներում, երբ դեռ չկային այս աթոռները ու ամեն ինչ ա՜յլ էր։ Հիմա մեր հոգու մոխիրներն ենք ցանում շուրջբոլորը։
Այս հավաքը ծերերի հավաք է, առանց երազների ու շղարշների, վախով ապագային հառված հայացքների, որ մեղմ հուզմունքով ու անիմանալի թրթիռով է արձագանքում մեր սրտում։ Մենք վերջին բեկորներն ենք այն սերնդի, որ մահանում է անդարձ, շպրտված ու մելամաղձոտ։ Մենք մահանու՜մ ենք, Վզգո, ընթացքում խմելով երկրորդ բաժակ սուրճը՝ կյանքի նման դառն ու խորհրդավոր։
Կհանդիպե՞նք մենք այնտեղ, որտեղ աստղեր են ծնվում ու մահանում։ Որտեղ տիեզերքը չի սլանում 36 00 հազար կիլոմետր խելագար արագությամբ։ Դու աստղերից ո՞ր մեկի վրա ես․․․ եկ գրկեմ քեզ աստղային հեռավորությունից, իսկ դու հիացիր իմ մարմնով, հիշենք ժամանակները, երբ 18, 20 տարեկան էինք ու կյանքը՝ պայծառ, մշուշից մեզ չարաճիճի աչքով անող երազ․․․ սեր ու գրկախառնություն, հիացմունք ու վայելքի ճիչ․․․մենք չէինք հավատում անմահությանը, հիմա հավատում ենք։ Կյանքը մեզ լա՜վ խաբեց, Վզգո։ Բայց եկ հավատա՜նք նրա խորհուրդներին ու գաղտնիքներին։
Գիտե՞ս, ես հիմա ամեն օր եմ ըմպում ոսկեգույն կոնյակը ոսկեջրած ըմպանակով։ Նա հուրհրատում է, ձգում, թաղում ու մոռացում խոստանում։ Նա ջերմացնում է ինձ, իմ պաղ մարմինը, որ ոչնչով այլևս չի ջերմանում, ինձ կյանքի կայծ է հարկավոր վերջին օրերի անմտությունն ու վախը սփոփելու, ոգեշնչելու, որ ավելի արագ վազեմ դեպի քեզ, դեպի մի անշուք, աշնանային սառը քամու տակ դողդողացող ծառին ապավինած գերեզմանափոսը, վրան՝ ծանր ու մռայլ տապանաքարը, իմ ծննդյան թվականով, որ մեր զավակները արդեն պատրաստել են․․․ Չմոռանամ ասեմ, մեր տապանաքարի վրա չկա՜ իմ մահվան թիվը․․․
Տղա՛, էս ինչի մեջ հայտնվեցինք մենք։ Մենք արդեն փոքրիկ լեռան ձորի մեջ ծվարած փոսում ենք․․․ խաղաղ փչում է մեղմ քամին, օրորվում են դաշտային ծաղիկները, քամին սրբում է քո տապանի վրայի չորացած ծաղիկները, որ ես նորը պատվիրեմ ու ուղարկեմ։ Մենք կնայենք լեռան կատարին քսվող ամպերին ու կհայենք մի այլ, ավելի գեղեցիկ կյանք․․․ բայց կլինի՞ այդ ավելի գեղեցիկը, Վզգո, չգիտեմ․․․ դու ինձ խաբեցիր, մենք այդպես չէինք պայմանավորվել, մենք միասի՜ն էինք գնալու դեպի կյանքի ու մահվան խորհուրդը․․․
Ես գժվու՜մ եմ այս կյանքի, խոհերի այս հնարավորությունների համար, Վզգոս, որ կարող եմ մտածել մեր անցած տարիների ու սիրո մասին։ Ժամանակն ինձ չի խաբում, նա անկեղծ է ու դաժան, սին հույսեր չի տալիս, ժամանակը խոսում է մեզ հետ այլ լեզվով։ Այդ մենք ենք գժվածի նման այս ու այն կողմ ընկում, մինչև հասկանում ենք, որ վազել պետք չէր, նույն տեղն ենք գնում ու նույն ժամանակին։
Երեկոն փռում է իր խավար թևերն ու պարուրում ինձ։ Ժամանակը շատ արագ է անցնում․․․հայելուց ինձ է նայում մի կենդանի դիակ, ձեռքերը մեկնած արևի պայծառ շողերին։
Առաջ-ետ, առաջ-ետ․․․ արևը պայծառ ժպտում է վերջին օրերի վրա, հետո զգուշորեն ետ քաշվում ծեր կնոջից, հուշիկ ինչպես երազները, նա քսմսվում է պատերին ու վերջնականապես հեռանում, անհետանում։

Օր 7
Ես մոտենում եմ պատուհանին, շնիկը քսմսվում է ոտքերիս, զգալու համար իմ պաղած մարմնի չնչին ջերմությունը․․․ նա սիրու՜մ է ինձ։ Մեր բազկաթոռը, Վզգո, այստեղ տարիներով գրկել ենք իրար, մինչև դարերի վերջը, ես հոգնած փլվում եմ նրա վրա․․․ո՞վ է ինձնից հետո նստելու այստեղ․․․ ասում ես երաժշտությու՞ն․․․մեր սիրելի երաժշտությունը՝ սաքսոֆոն իրիկնային խաղաղ զովության մեջ, երբ մի պահի մոռանում էինք այս կյանքը․․․
Հիմա ես միայնակ եմ երաժշտություն լսում։
Սավառնում եմ անհունի մեջ, ինչպես այն ժամանակ․․․ անհունն ինձ գրավում է։ Ես ավարտել եմ սիրո, կանացիության, սեռի կանչվածության իմ առաքելությունն այս երկրի վրա, ծերացել եմ (հայելին է ասում), ոչինչ չհասկանալով կյանքից, լիովին չըմբոշխնելով սիրո ողջ ելևէջները, ահա թե ինչու է ինձ ձգում անհասկանալին։ Ինձ անհաղորդ է այլևս կյանքը, ոչինչ չի հետաքրքրում, ես էլ ոչ-ոքի չեմ հետաքրքրում, շնիկից բացի․նա ինձ նայում է իր զգայուն, խոնավ ու զարմանալի պարզ աչքերով․․․ եկ գրկեմ քեզ, հավատարիմ բարեկամ․․․
Կոնյակը հաճելիորեն ջերմացնում է, մարմինս թուլանում է, ես փակում եմ աչքերս, խաղաղ նինջը պարուրում է ինձ, այնքան հաճելի է անգոյությունը, այստեղ իրականություն են դառնում մեր երազներն ու սիրո չիրականացած տենչերը։
Սե՜րը, Վզգո․․․ ինձ ընդառաջ են գալիս սպիտակաթույր, քուլա-քուլա հսկա ամպերը, ես դեպի աստղե՜րն եմ թռչում․․․
Ժամանակը բացում է իր թևերն ու գրկում ինձ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *