Կարեն Ղարսլյան | Աշխատաֆոբիա

Լուսանկարը՝ Տիգրան Հայրապետյանի

Աշխատաֆոբիա

Առավոտ շուտ
Գոռացի
Զարթուցիչը զարթնեց
Լողացավ
Ատամները խոզանակեց
Նախաճաշեց
Նորությունները դիտելով
Սուրճով
Կոշիկները վաքսեց
Ու գնաց գործի

Ուշ երեկոյան
Զարթուցիչը վերադարձավ
Ընթրեց
Թեյ խմեց
Սերիալ նայեց
Ու պառկեց քնելու

Առավոտ շուտ
Գոռացի
Զարթուցիչը զարթնեց
Շռեց
Ցնցուղի տակ
Ատամները խոզանակեց
Հագնվեց
Կոշիկները վաքսեց
Ու շտապեց գործի

Ուշ երեկոյան
Զարթուցիչը վերադարձավ
Ընթրիքը կիսատ թողեց
Պառկեց անկողնուն
Ու հեռուստացույցի բլբլոցի տակ
Քնի անցավ

Առավոտ շուտ
Գոռացի
Զարթուցիչը տեղից չշարժվեց
Սպասեցի մինչև ուշանա ու
Ճվացի
Զարթուզիչը վեր թռավ անկողնուց
Շռեց լվացարանի մեջ
Լվացվեց զուգարանի ջրով
Ատամները վաքսեց
Կոշիկները խոզանակեց
Ու ճղեցրեց գործի
Ուշ երեկոյան
Զարթուցիչը վերադարձավ
Մտավ ներս
Փռվեց ընթրիքի սեղանին
Ու անջատվեց

Առավոտ շուտ
Ճչացի
Զարթուցիչը զարթնեց
Հագնվեց
Դուռը բացեց
Ու քնի անցավ
Հո չոռնացի
Զարթուցիչը դուրս
Թռավ գործի

Ուշ երեկոյան
Զարթուցիչը վերադարձավ
Ու վաննայի մեջ
Հանգեց

Առավոտ շուտ
Գոռգոռացի
Զարթուցիչը զարթնեց
Բայց տեղից չշարժվեց
Գրկեցի
Չիշիկացրի
Հագցրի
Դռնից դուրս տշեցի
Հայդե գործի

Ուշ երեկոյան
Զարթուցիչը վերադարձավ
Ու փուլ եկավ
Իր օրագրի դատարկ էջի դիմաց
Ստեղնաշարի վրա

ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
ՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌ
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
ՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎՎ
ՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ
ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ
ՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇ
ՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕՕ
ՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒՒ
ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ
Առանց շռելու
Առանց լվացվելու
Առանց հագնվելու
Առանց խոզանակելու
Առանց վաքսելու
Առանց զարթնելու
Պոկվեց գործի

Ուշ երեկոյան
Զարթուցիչը վերադարձավ
Ու խռմփացնելով փռվեց
Դռան շեմին

Առավոտ շուտ
Էլ ճղճղացի
Էլ վայեցի
Էլ ճղավեցի
Էլ զրնգացի
Էլ զնգզնգացի
Էլ վնգվնգացի
Էլ կնձկնձացի
Կոկորդս մաքրեցի
Էլ բղավեցի
Էլ գոռգոռացի
Զարթուցիչը չզարթնեց
Հիստերիկ
Աղմուկ–աղաղակ
Գոռում–գոչյուն
Վայնասուն
Զարթուցիչը տեղից չշարժվեց
Հարայ–հրոց
Ծեծ ու ջարդ
Ջարդ ու փշուր
Քիթ ու մռութ
Բոքսի ցխի
Քացուս տակ
Գցի լղի լղճի
Բուռը տվեցի

Զարթուցիչը
Մնաց

Մնաց

Հո չբոռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռաց

Քնիցս վեր թռա
Վա՛յ քո՛ւ
Էլի ուշացա
 

Պոկվեցի գործի

 

Սիզիփոսի ապառաժի առասպելը

 

Հաճախ եմ իմ շրջապատում ասում, որ չեմ ուզենա գործի
ընդունել աշխատանք ունեցող մարդու: Ինձ մարդ է պետք,
որին աշխատանքն ունի: Ես ուզում եմ, որ աշխատանքը
ստանա մարդուն, ոչ թե մարդը՝ աշխատանք: Ու ես
ուզում եմ, որ այդ աշխատանքն այնքան ամուր բռնի
այդ երիտասարդին, որ ուր էլ նա լինի, ընդմիշտ
աշխատանքինը լինի: Ուզում եմ, որ աշխատանքը նրան իր
ճիրանների մեջ պահի, երբ գնա քնելու, իսկ առավոտյան
ուզում եմ, որ նույն այդ աշխատանքը նստած լինի նրա
մահճակալի ոտնամասում ու ասի նրան, որ վեր կենալու ու
գործի գնալու ժամանակն է: Ու երբ աշխատանքը ստանում
է այդպիսի մարդու, ուրեմն նրանից մի բան դուրս կգա:

— Չարլզ Քեթերինգ (Charles Kettering)

Սթրե՞ս ես ապրել գործի տեղը: Երեք անգամ խոր շնչիր ու
ժպտա:

— Ջեյմս Քլիըր (James Clear)

 

Գողացի՛ ինձ ստեղից
Գողացի՛ ինձ շեֆիցս
Գողացի՛ ինձ աշխատակիցներիցս
Գողացի՛ ինձ հաճախորդներիցս
Տա՛ր ինձ ստեղից հենց հիմա
Հոգնել ու զզվել եմ արդեն
Աղաչում եմ ինքս ինձ
Ժպտալով բոլորին
Թալանի՛ սրանց
Թախանձեցի ինքս ինձ
Ու վերջապես դուրս թռա
Գործի տեղից

Կոճկում եմ ամրագոտին
Սխալի վրա գիծ քաշող խմբագրի պես
Աշխատավայրս լեղապատառ փախչում է
Լապտերասյուները լեղապատառ փախչում են
Անտառները լեղաճաք ծլկում են
Քաղաքը լեղաճաք ծլկում է
Այնտեղից
Ուր ինձ մեքենան է տանում

Դոփում են դոփում են դոփում են
Հաճախորդները
Մթի մեջ
Դոփում են մտրակում են լեզուներով
Լեզվակներով ու քթանցքերով
Պատուհաններն այս մեքենայի
Մոտ են հեռու են
Աջ ու ձախ ցխվում են հողմապակուն
Հաճախորդները որ միշտ ճիշտ են
Դոփում են դոփում են
Միշտ
Ճիշտ քունքիս մեջ
Հիմա
Դոփում են
            Դոփում են
                           Դո՛փ
                                   Դո՛փ
                                           Հո՛փ

Հագիցս հանեցի ամրագոտին
Հագիցս հանեցի մեքենան
Հագիցս հանեցի քաղաքը

Վարձով տանս պատերը
Երկար ծուռմռտիկ ստվերիս են քսմսվում
Կարոտած կատվի պես

Մտնում եմ բերանի մեջ
Վաղն առավոտ շուտ
Նա ինձ կթքի մազագնդի պես
Որը
    Կգլորվի
            Բլուրն
                   Ի
                       Վար
                            Կրկին

 

Ուղեղս
ամբողջ կյանքում
այնպես էր լվացվել որ
ինձ միշտ Սիզիփոսի հետ էի
նույնականացնում մինչդեռ
Ես ոչ այլ ինչ եմ քան
Գլորվող քարը

Թռավ վրաս
Միայնակ մարմնեղ շունս
Փաթաթվելով վնգստալով
Հագիցս հանեցի շանս այգիս ու հետքերս

Աշխատանքային համազգեստով
Նվերի պես փաթեթավորված
Ինձ գործատուս ուղարկել է ինձ
Իմ տան հասցեին
Ես նվեր եմ
Որն ինձ պարտքով է տրվում
Մայրամուտին
Մի քանի ժամով
Մինչև արշալույս
Ամեն օր
Արևն արյուն թքեց
Աղջամուղջի վրա
Ու կորցրեց գիտակցությունը
Փռվեց քաղաքի վրա
Փշրվելով կտուրներին
Ծորելով կատուների շների ու մարդկանց դեմքներն ի վար
Գնում են մահամերձ օրվա հետ
Վերջին տեսակցության
Քայլելով արևի փշրանքների վրայով

Հագիցս հանեցի մայրամուտը
Հետևիցս փակեցի դուռը
Ու շտապ հանեցի
Ժամանակավոր նվերի փաթեթավորումը
Քար որին նետել են մայրամուտին
Ու հավաքելու են արևածագին
Ժամանակ ունեմ մինչև արշալույս
Արշալո՛ւյս
Արևածագը վե՛րջնա
Ժամ
Կետն է
Քանի հետևիցս չեն եկել
Քանի չեն պահանջել պարտքի ամբողջական մարում
Տոկոսներն էլ վրայից

Հագիցս հանեցի ժամը 18-ը
Որն ինձ ազատագրում է աշխատանքից ամեն օր
Հագիցս հանեցի ժամը 6-ը
Որն ինձ աքսորում է աշխատանքի վայր ամեն օր
Հագիցս հանեցի աշխատանքս
Հագիցս հանեցի հեռախոսս
Հագիցս հանեցի հեռուստացույցս
Ինտերնետս ու կոմունալ վարձերս
Հագիցս հանեցի բոլոր նորություններն ու հնությունները
Հագիցս հանեցի բոլոր այն նորությունները
Որ մնում են նորություն

Երբ ունկնդրում եմ Բախ
Լսում եմ տիեզերքը
Երբ ունկնդրում եմ Բեթհովեն
Լսում եմ մարդուն այդ տիեզերքում

Ես միացնում եմ երկուսին միաժամանակ
Ու լսում մարդու ու տիեզերքի համակեցության
Դաժան կակոֆոնիան
Ու էկզիստենցիալ ողբերգության անհեթեթությունը
Չեմ անջատում
Պիտի հարմարվեմ
Պիտի դիմանամ
Չէ՞ պապ
Պիտի
Հագիցս հանեցի հորս
Հագիցս հանեցի դիմացկունությունս
Հագիցս հանեցի հարմարվողականությունս
Հագիցս հանեցի տիեզերքը
Հագիցս հանեցի մարդուն

Հագիցս հանեցի տարվա չորս եղանակները
Որ նվագվում են այս երեկոյան
Ուոլթ Դիզնի համերգասրահում
Թանկարժեք տոմսերի կույտի առաջ

Հագիցս հանեցի դաստիարակությունս
Որը միշտ ցավեցնում էր փոքր չափի կոշիկի պես
Հագիցս հանեցի ոտքերս կապկող կոշիկներս
Ու անավարտ վեպերս
Դարսված դարակում որտեղ
Տեսա կտրված եղունգներս
Որոնք պահել էի որպես հումք
Ապագա կոլաժներում
Լուսնի շեղբը պատկերելու համար
(Թե՞ հուսահատ փորձ
Կտրելու հայոց կոլեկտիվ ցեղասպանական ցավը
Օսմանյան լուսնի շեղբերը
Որ անընդհատ վերաճում են մատներիս ծայրերին)
Հագիցս հանեցի ազգային պատկանելությանս զառերը
Հագիցս հանեցի քաղաքացիությանս փշալարերը
Հագիցս հանեցի անձնանունս ու ազգանունս
Հագիցս հանեցի բոլոր կարդացածս գրքերը
Ինչպես նաև բոլոր երբևէ իմացածս բառերը
Բացի նրանցից
Որոնցով պատրաստվում եմ
Ի վերջո ավարտել
Ու հագիցս հանել
Բանաստեղծությունը

Պոեզիան առևանգել է
Աշխարհի ողջ գեղեցկությունը
Ու որպես փրկագին
Պահանջում է ընթերցում

Ես երբեք չեմ կարողացել
Չբանակցել այս ահաբեկչի հետ
Սակայն ոչ այլևս
Հագիցս հանեցի պոեզիան
Հագիցս հանեցի գեղեցկությունը
Հագիցս հանեցի բոլոր գեղեցիկ ստերս
Մերկացնելով իմ մերկ ճշմարտությունների
Անճոռնի մարմինը
Այնքան սոսկալի
Որ ստած լինելու մեղադրանքները
Կարող էին վերածվել մեղադրողների
Հետին թվով արտահայտված երախտագիտության
Որ խնայել էի իրենց
Չգրաքննված գիտելիքի սարսափից
Ապա հագիցս հանեցի ողջ սարսափը
Ապա հագիցս հանեցի ողջ գիտելիքը
Ապա հագիցս հանեցի գրաքննությունը
Ապա հագիցս հանեցի երախտագիտությունը
Ապա հագիցս հանեցի մեղադրողներին
Ապա հագիցս հանեցի բոլոր անճոռնի
Մերկ ճշմարտությունները

Ճշմարտությունն ու սուտը
Դաշնակիցներ են
Մարդու դեմ մղվող պատերազմում
Նրանք միշտ հաղթում են

Հագիցս հանեցի հաղթանակներս
Հագիցս հանեցի պարտություններս
Հագիցս հանեցի դրանց միջակայքում եղած-չեղածը

Հագիցս հանեցի աստծո դիակը
Նրա գոյության սուտը
Եվ նրա սպանության կամ անմահության մասին
Եղած բոլոր մեծամիտ ասույթները
Աստծուն սպանելով երբեք չես ազատագրի մարդկանց
Աստծո բռնատիրությունից

Միայն կազատագրես աստծուն
Մարդկային հավատի բռնատիրությունից
Հագիցս հանեցի հավատքի նեխող դիակը
Հագիցս հանեցի աթեիզմի նորածին մարմինը
Հագիցս հանեցի բռնատիրությունը
Հագիցս հանեցի ազատագրվածության բարդույթը
Հագիցս հանեցի դրանից ազատագրված լինելու
Մոլորությունը

Երբ ոգին ազատ է
Մարմինը դառնում է թիրախ

Մարմինը կրակմարիչ պարփակող
Ապակե խցիկի պես բան է
Պիտի կոտրես
Արտակարգ իրավիճակում
Ավելի կարևոր բան փրկելու համար

Հագիցս հանեցի ամեն
Կարևոր բան

Իմ բանականությունը ոչ այլ ինչ է
Քան զսպաշապիկ
Որը հագցված է իմ երևակայության թռիչքի վրա
Իմ գործողությունների այրման վրա
Ու սիրո վրա
Ու ատելության վրա

Հագիցս հանեցի ատելությունս
Հագիցս հանեցի սերս
Հագիցս հանեցի սերմս
Հագիցս հանեցի գործողություններս
Հագիցս հանեցի երևակայությունս
Հագիցս հանեցի բանականությունս
Բոլոր առարկաներից
Ու կենդանի էակներից
Հեռացրի «իմ» դերանունը
Տկլոր փռված այս տան մեջտեղում
Որն ասես հագիս
Հսկայական տձև հելոուինյան հանդերձանք լիներ
Ու քնի անցա

Առավոտ կանուխ արթնացա միևնույն ժամին
Ու ամենայն մանրակրկիտությամբ
Ու նույն հերթականությամբ
Նորից ամեն ինչ հագա
Ու նորից
Գլորվեցի
Գործի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *