Հովհաննես Գրիգորյան | Ես իմ գրածը հաճույքով եմ կարդում

Հովհաննես Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյանի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել 2008 թվականին գարնանը, բայց հանգամանքների բերումով ամբողջությամբ չի տպագրվել: Մի փոքրիկ հատված լույս է տեսել «Երեկոյան Երևան» թերթում: Ամբողջությամբ հրապարակվում է առաջին անգամ: Շատ հարցեր մինչ այսօր էլ մնում են արդիական:

Արքմենիկ Նիկողոսյան -Պարոն Գրիգորյան, ուզում եմ մեր զրույցը սկսել գրող-հասարակություն հարաբերությունների, գրողի` հասարակության մեջ ունեցած դերի մասին ինչ-որ հարցադրմամբ, բայց զգում եմ, որ դա կարծես թե իրեն սպառած հարցադրում է: Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Հովհաննես Գրիգորյան – Իմ խորին համոզմամբ` գրողին կողմնորոշել հասարակական, քաղաքական, գրական կամ ինչ-որ հանրային և, ընդհանրապես, թեմատիկ-ոլորտային շերտերի վրա, կարծում եմ, սխալ է, որովհետև գրողն այդ բոլորն է` միասին վերցրած: Այսինքն` նա պետք լինի իր ժամանակի ամենաիրազեկ մարդկանցից մեկը և տեղյակ լինի ցանկացած ոլորտից: Այլապես նրա գրականությունը, մանավանդ եթե արձակագիր է, կլինի կոմպլեքսավորված գրականություն, կոմպլեքսավորված արձակ, ավելի շատ էմոցիաների, զգացմունքների վրա հիմնված, ինքնասպանություն գործող հերոսներով հագեցած: Հերոսներ, որոնք ոչ այնքան գործ են անում, որքան անիծելով ու հայհոյելով են զբաղված: Եվ դա որևէ հետք չի թողնի գրականության մեջ: Ունեցել ենք գրականության մեջ մի շրջան, անցումային շրջան կոչվածը, երբ հիմնականում այդպիսին էր թե’ պոեզիան, թե’ արձակը: Զգացվում էր, որ այդ գրականությունը ստեղծած գրողներն անպայման օժտված մարդիկ են, բայց, ցավոք, բանից անտեղյակ: Նրանք չէին իմանում, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Նրանք չգիտեին, որ մենք հասարակարգային, այն էլ` իրար հակադիր հասարակարգային փոփոխությունների գնացող մի շրջան ենք ապրում և պարզապես հայհոյում էին: Լավին էլ էին հայհոյում, վատին էլ, բայց անցումային այդ շրջանը չէր կարող լավ լինել, դա անհնարին է, այդպիսի շրջաններում անպայման ինչ-որ բան կորցնում ես… Բայց եթե չգիտես ինչի մեջ ես ապրում, դու, պարզ է, հեռանկար չես տեսնում, դու չգիտես ինչ է լինելու մի քանի օր հետո, մի քանի տարի հետո, որովհետև գրականության ժամանակը, ի տարբերություն իրական ժամանակի, շատ ավելի խոշոր չափումներով է: Գրականության ժամանակի մեջ օրը դետալ է ընդամենը և կարող է դեր խաղալ կամ չխաղալ: Բայց, միևնույն է, գրողը պետք է իմանա այդ օրը: Ես այսպիսի մոտեցումով եմ նայում գրողին: Էլ չեմ խոսում գրականագետների մասին, որոնք պետք է մի քիչ ավելի շատ իմանան, քան նույնիսկ գրողները, հատկապես հասարակական-քաղաքական հարցերում, որպեսզի կարողանան գրողներին ասել, որ, եղբայր, դու պարտավոր չես ընտրությունների ժամանակ աթոռակռիվներին մասնակցել,բայց պարտավոր ես իմանալ այդ մասին: ես ինքս ընդհանրապես դեմ եմ, երբ արվեստի ու գրականության մարդը մտնում է այդպիսի կռիվների մեջ, բայց պետք է իմանաս, թե ինչի համար է այդ կռիվը, պետք է ճանաչես այդ կռվողներին, իմանաս, թե ինչ մղումներով են նրանց առաջնորդում, որպեսզի կարողանաս անհրաժեշտության դեպքում այդ ամենը պատկերել: Որպեսզի ընթերցողը, որը չի մասնակցել այդ ամեն ինչին ու կարդում է քո գրականությունը, որոշակի պատկերացում ունենա այդ օրերի մասին:

Ա.Ն. – Ձեր ասած այդ անցումային շրջանում թերևս առավել սուր էր դրված մարդու արժևորման հարցը: Ըստ Ձեզ` վերջին տարիներին ինչպե՞ս արժևորվեց մարդը հասարակության ու նաև գրականության մեջ:

Հ.Գ. – Անցումային շրջանում մարդը որևէ արժեք չուներ, նրա վրայով անցնում դառնում էին, նրան թաղել էին խավար, ցրտի մեջ, մարդկանց սավանի մեջ փաթաթած էին տանում թաղում: Մարդուն` սովետական տարիների ամենամեծ կապիտալին: Այսինքն` արժեք չուներ այլևս մարդը, ոտքի տակ էր գնացել: Այդպես լինում է ցանկացած ծայրահեղ իրադրություններում, գաղթի ժամանակ է լինում, երկրաշարժի ժամանակ: Պարզապես մեր անցման փուլը, քանի որ կողքից նայող սթափ հայացք չկար, վերածվեց տարերային աղետի: Այդս պատճառով` հացի հերթում կարող էիր տեսնել` մեռած մարդ է ընկած, կամ ասենք` ավտոբուսը կանգնում էր, դիակ էին իջեցնում կանգառում, մարդը մեռել էր ավտոբուսի մեջ: Բարեբախտաբար, դուրս եկանք կամ դուրս ենք գալիս այդ շրջանից: Հիմա մարդը քիչ-քիչ արժևորվում է: Դա սկսվեց ձայնից, այսինքն` երբ որ մարդը զգաց, որ իր ձայնը քվեարկության ժամանակ արժեք ունի, գալիս, իր ձայնի համար փող են առաջարկում, նա ինչ-որ տեղ հպարտության զգացում ապրեց: Եթե ձայնը արժեք ունի, հետևաբար` արժեք ունի նաև այդ ձայնի տերը: Հիմա այդ մարդը արժե, ասենք, 5000 դրամ, բայց դա արժևորման պրոցեսի սկիզբն է միայն: Ամենաբարձր արժեքն այն է, երբ մարդն իր ձայնը չի ծախում: Այսինքն` երբ նրա ձայնը անգին է: Հիմա, ցավոք սրտի, մենք ամենա, ամենա ներքևի սանդղակում ենք: Բայց ոգևորող է այն, որ արժևորման պրոցեսը սկսվել է: Թեկուզև կոռուպցիայի գնով:
Իսկ ահա գրականության դերն այդ հարցում շատ փոքր է: Ռոմանտիզմի հետ միասին վերացավ դա: Մանավանդ որ` ռոմանտիզմը առաջին համաշխարհային պատերազմին բախվելով` անհետացավ, որովհետև բոլոր գրողները հասկացան, որ ոչ մի վայրկայնով չհետաձգեցին պատերազմը, այն դեպքում, երբ ստեղծվել էր հակապատերազմային ահռելի ու արժեքավոր գրականություն: Գրականության խնդիրն ուրիշ է: Նա մարդու մեջ հնարավորություններն է ուզում տեսնել: Նա որոնում է մարդու հնարավորությունների շրջանակը, այն, թե ինչերի է ընդունակ մարդը: Ոչ թե ինչպիսին դարձնել նրան, այլ քաղաքակիրթ ձևերով ինչ-որ բան բացատրել, ընդ որում` ավելի հաճախ ոչ թե դաստիարակելով, այլ վախեցնելով, ցավոք սրտի:

Ա.Ն. – Իսկ այն, որ մեր գրականության հերոսը բոմժն է՞ր…

Հ.Գ. – Բոմժն էր, որովհետև ամենահեշտը էր բոմժ պատկերելն էր: Մյուսներին պատկերելու համար դու պետք է պատկերացում ունենայիր նրանց մասին, իմանայիր` ում հետ գործ ունես:

Ա.Ն. – Հիմա դա պատճառաբանենք գրողի` տեղեկացվածության պակասով, թե՞ ժամանակի հերոսն էր բոմժը…

Հ.Գ. – Չէ, ժամանակի հերոսը չէր բոմժը, տեղեկացվածության պակասն էր: Մյուս կողմից` գրողների մեջ որոշակի անտարբերություն կար մեր երկրում, հատկապես իշխանությունների ներսում, վերին օղակներում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Դա գուցե նաև խորհրդային ժամանակներից մնացած սովորություն էր: Ասենք` այն ժամանակներում ու՞մ էր հետաքրքրում գերագույն խորհրդի աշխատանքը, դա փակ տարածք էր: Բարեբախտաբար, շատ բան է փոխվել հիմա: Գրականությունը բավականին ակտիվացել է: Գրողների տեղեկացվածության մակարդակն ընդլայնվել է, թեպետ դեռ բավարար չէ: Չնայած մի քանի գրողներ ունենք, որոնք այդ առումով բացառություն են: Ընդհանուր մակարդակը խիստ ինքնուսական է:

Ա.Ն. –1990-ականները համարվում էին հակագրական ժամանակներ: Այդ առումով հիմա փոխվե՞լ է ինչ-որ բան, գրակա՞ն են մեր ժամանակները:

Հ.Գ. – Նախ` սխալ են և հակագրական, և գրական որակումները: Թերևս ավելի ճիշտ կլիներ խոսել գեղագիտականի ու հակագեղագիտականի մասին: Երբ որ կարևորվում է նյութականը, դժվար է մարդկանցից գրական կամ գեղագիտական ինչ-որ բան պահանջել: Հիմա, երբ որոշակի բարեկեցություն կա, ազատ ժամանակ է գոյացել, և այդ ազատ ժամանակը մարդը սովորաբար տրամադրում է արվեստին ու գրականությանը: Առայժմ, ցավոք սրտի, այդ արվեստն ու գրականությունը չակերտների մեջ կարելի է վերցնել, բայց սա նույնն է, ինչ մարդու արժևորման այն պրոցեսը, որի մասին քիչ առաջ խոսում էինք: Կարևորը որ սկսվել է, սկսել են գիրք կարդալ, թեկուզև դեռ սերիալային, սիրավեպային մակարդակի գրքեր, թատրոն, կինո են գնում, հայկական սերիալներ են նկարվում, թեկուզև ոչ բարձրակարգ…

Ա.Ն. – Ինչպե՞ս կբնութագրեիք մեր արդի գրականության ընդհանուր վիճակը:

Հ.Գ. – Մեր գրականությունը անցումային շրջանում կենդանի մնաց. դա շատ մեծ առավելություն է: Մանավանդ որ` եղավ մի պահ, երբ հնչեցին հոգեհանգստի նվագներ, մահախոսականներ գրվեցին: Հիմա նոր անուններ են եկել, հրաշալի երիտասարդ գրողներ ունենք արդեն: Կարևոր է, որ նրանք սկսել են յուրացնել հներին, սկսել են արժևորել անցյալը: Որովհետև մինչև չարժևորես անցյալը` առաջ չես կարող գնալ: Դա մղում է նաև գեղագիտական, ստեղծագործական վեճերի: Թեպետ երբեմն ծիծաղելի բաներ էլ են անում:

Ա.Ն. – Վերջին շրջանում կարդացե՞լ եք մի ստեղծագործություն, որը ձեզ անչափ տպավորել է:

Հ.Գ. – Դժվարանում եմ ասել: Ես շատ եմ կարդում: Բայց ունեմ, անշուշտ, ունեմ իմ նախընտրած հեղինակները: Օրինակ, Գուրգեն Խանջյանի յուրաքանչյուր նոր գործ պատրաստ եմ հաճույքով կարդալ:

Ա.Ն. – Իսկ ստեղծագործական առումով ի՞նչ է անում Հովհաննես Գրիգորյանը:

Հ.Գ. – Հովհաննես Գրիգորյանը վերջապես ավարտեց իր «Գերեզմանիա» արձակ գործը: Այստեղ փորձել եմ ստեղծել իրազեկ մարդու գրականություն: Ամեն դեպքում ես ինքս իմ գրածը մեծ հաճույքով կարդում եմ:

Հարցազրույցն արտատպված է «Գրանիշ» պարբերականից, թիվ 4, 2014թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *