Կարեն Ղարսլյան | Դստերակորույս

Լուսանկարը՝ Յանա Կարսլյանի

Ներողություն
Դուստրեր համայն հայոց
Ներողություն
Հայոց լեզվի անունից
Նրա հպարտ լեզվակիրների
Բոլոր սերունդների անունից
Որ չեն համարել ձեր կորուստը
Ձեր ծնողների համար
Բավականաչափ էական
Որպեսզի ծանրաբեռնեն հայերենի
Առանց այդ էլ հսկայածավալ բառապաշարը
Ձեր բացակայության ողբերգությունն արտացոլող
Մեկ բառով

Բառարանները շշկռված իրար են նայում
Կոկորդիլոս Գենայի պես
Դռնչել
Դսնավուր
Դստերագիր
Դստիկոն
Դսրովանք
Չէ
Դստերակորույս
Չկա
Գուգլը շվարեց

0 արդյունք 0,25 վայրկյանում
Գրագիտությունս կասկածի տակ դրեց
Ու լուծումներ առաջարկեց
• Ստուգեք բառի ուղղագրությունը
• Փորձեք օգտագործել այլ հիմնաբառեր
• Փորձեք օգտագործել ավելի տարածված հիմնաբառեր
Որդեկորույս կա
Զավակակորույս կա
Մայրակորույս էլ կա
Հայրակորույս էլ կա
Ծնողակորույս էլ կա
Չէ
Դստերակորույս
Չկա

Չկաս
Որովհետև քեզ աբորտ են արել
Սեռով պայմանավորված
Անցանակալի հղիության ընդհատման պես
Քեզ վիժեցրել են
Սեռով պայմանավորված
Ամեն անցանակալի հղիությունն ընդհատելիս

Ներողություն դուստրեր համայն աշխարհի
Ներողություն իմ Մայա

Բայց և
Շնորհավո՛ր
Շնորհավո՛ր լինի
Այս սահմռկեցուցիչ բառի նորամուտը
Թեկուզ հայոց դանդաղաշարժ բառարաններն արհամարհեն
Դստերակորույսը
Գուգլը հաստատ կցուցադրի
Առնվազն
Այս
Մեկ արդյունքը

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *