Հայկ Հովյան | Էրիվան noir։ Սև բերդի անկումը

Երեքշաբթի օրը կրկին սկսեցին տարածվել շշուկներ, թե ծերունի Մազմանը պատրաստվում է ինքնասպան լինել:
Երեքշաբթին ընդհանրապես շաբաթվա ամենաանշուք օրն է:
Այն ոչ ամենաատելին է ինչպես երկուշաբթին, ոչ գոնե շաբաթվա մեջտեղն է չորեքշաբթու նման, ոչ հինգշաբթի է, երբ հաջորդ օրը մախմուր ուրբաթն է, ոչ քչախոսն է բուն ուրբաթի պես և ոչ էլ կրկնակի կարճ է մյուս օրերից ինչպես շաբաթն ու կիրակին:
Երեքշաբթին… իդեալական օր է ինքնասպան լինելու համար:
– Իդեալականն էն կլինի, որ էսքան ասելուց հետո գոնե մի անգամ էս անտեր սոխը մեջը չլինի,- Պողոս ապին շաուրմայի միջից ձգեց-հանեց կարմիր սոխի դիլիմն ու զզվանքով ճպպացրեց սեղանի եզրին` շարժելով սրահի անկյունում ծվարած ռուսախոս հավաքարարուհու լուռ զայրույթը,- դժվար ա արա՞…
Կողքի սեղանին նստած անհամապատասխան զույգն անհանգիստ նայեց առաջները դրած սպասարկման կտրոնի ու էկրանին վառվող կանաչ թվերի միջև արդեն ահագին ժամանակ է ոչ մի կերպ չկրճատվող տարածությանը:
Արայի արժանացած ջահելն, իրեն չլսելու տված, ձեռն առավ կլորավուն բերանով դանակը` մսազանգվածից նոր շերտեր քերթելու պատրվակով ու անցավ կաֆելապատ սյան հետևը՝ վառարանների ջերմությունից առանց այն էլ շառագունած դեմքն ավելի շիկացնելու:
Պողոս ապին իրեն շաուրմայից լավ գլուխ հանող էր համարում, իսկ շաուրման Էրիվանում պաշտամունքային երևույթ էր` ուրույն մշակույթով ու ավանդույթներով:
Պողոսն աչքերը փակ կարող էր տարբերել քաղաքի գրեթե բոլոր հանրահայտ շաուրմաներն իրարից:
Թումանյանինը, Չարենցինը, Տերյանինը, Աբովյանինն իրենից լավ ճանաչող չկար:
Նա կարող էր անգամ ատենախոսություն պաշտպանել` «շաուրմայի լեզվական և արտալեզվական առանձնահատկությունների զուգադրական քննությունը» թեմայով:
Գիտեր՝ որտեղինի լոշիկովն էր լավը, և որ մեկի լավաշովն էր նորմալ կշտացնող, իսկ որի հացովը «ժոգ» չէր գցում… գիտեր, որ մեկի ֆրին է էն օսլայած թանկերից` տանելու համար առավել հարմար ու որինը սովորական կարտոֆիլով` ավելի էժան, բայց հետը վերցնելու համար հակառակը շատ անհարմար, քանի որ և տեսքն էր լխկոտում և ձեթն էր դուրս տալիս ճանապարհին… Նա ճանաչում էր բոլորի միս բերողներին, մարինադը բռնողներին ու սոուսները սարքողներին… գիտեր, որ ժամին պիտի խոզը վերցնել և որ ժամին տավարը` որ շշից կախ չէր պատրաստվում սովորաբար, այլ առանձին էր տապակվում, հետևապես ուշ ժամերին ավելի նախընտրելի էր քան ողջ օրը շշից կախ տված խոզը կամ հավը… գիտեր՝ որտեղ կարելի է հանգիստ ասել կծուն շատ դնեն ու կետչուպ-մայոնեզը լիուլի անեն, որտեղինն է լավ՝ ընդմիջմանը ուտելու համար ու որը՝ ընկերոջը պատիվ տալու համար… գիտեր այն ճակատագրական արժեքը, որից ավելի էժան շաուրման ուտել չէր կարելի և ոչ մի դեպքում… գիտեր շաուրմայի, գիրոսի, ղարսի ու դոների, ինչպես նաև հունական կամ կիպրական պիտաների կառուցվածքաբանական տարբերությունները… գիտեր ինչ պատասխանել, երբ շաուրմիստան` նույն ինքը շաուրմի բարիստան, շուստրիաբար համոզում էր` ասելով՝ «Հավը ուշ կլինի, արի խոզ տամ» … նա գիտեր անգամ, թե քաղաքում, որտեղ կարելի էր համտեսել աբերդինյան անգուսի մսից պատրաստված թիթիզ կամ լոշիկի փոխարեն լահմաջոյի մեջ փաթաթվող սրբապիղծ տարատեսակները:
Պողոս ապին լուրջ շաուրմագետ էր, որպիսիք քիչ կային էս կողմերում ու եթե ապրելիս լիներ Էրիվանից արևմուտք ընկած կուլտուրական քաղաքներից որևէ մեկում, շատ հավանական է, որ իր սեփական սյունակը վարեր տեղի խոհարարական ամսագրերում:
Բայց որպես լուրջ շաուրմագետ՝ Պողոսն ուներ մի կարևոր թերություն: Տանել չէր կարողանում սոխը` շաուրմայաստեղծ բաղադրիչներից մեկը ու այն ինչն ամեն անգամ հաջողությամբ մոռանում էին չավելացնել պատրաստողները:
Ընդհանրապես շաուրմայի բաղադրիչների համադրումը մի առանձին արվեստ էր, և լավ շաուրմիստան պարտավոր էր հիշել րոպեում 2 շաուրմա արագությամբ փաթաթվող խմորե բարուրների պարունակության համադրությունները` որն ամեն ինչով, որն առանց կետչուպ, որն առանց կծու ու սոխ, որը միայն կանաչիով բայց շատ մայոնեզով, որը ձմեռվա սեզոնին առանց թթու վարունգ… դե վերջը, որքան հաճախորդ, այնքան կոմբինացիա:
Բնականաբար ամեն շաուրմիստա չէ, որ տիրապետում էր լավ հիշելու և արագ կողմնորոշվելու այդ մարտարվեստին ու առավել հաճախ փնթիաբար շփոթում էր` «հույն ու հիարը» խառնելով իրար…
Որպես երկրորդ պորտ էրիվանցի՝ դա խիստ զայրացնում էր Պողոս ապիին ու ինչպես չզայրացներ, երբ խոսքը գնում էր այնպիսի ծիսական արարողակարգի մասին, ինչպիսին շաուրմա «խփելն» էր՝ շատ ավելի սրբազան, քան սրճախմությունն ու խաշակերությունը միասին վերցրած:
Պողոսը շաուրմի լխտիկ փաթթոցը գլխից վեր պահած, նոր էր բացել գաղջախոս բերանը սույն միջին վիճակագրական օբյեկտի հասցեին մի երկու ոսկեղենիկ հիշոց դրոշմելու պատրաստակամությամբ, երբ նեղլիկ պատուհանից մռութը դուրս հանած կակազող խոհարարը կռնչաց սրահով մեկ`
– Աաաասուուուուում են Մազմանննննն էէէէէէէսօր ինքնաաաաասպան է լիիիիիինելու:
«Մազմանը… ինքնասպան է լինելու» բառերը լռվեցին խոզամսի ջլոտ փռթիկի ու Պողոսի մորմոքած ուղեղի արանքում:
Էրիվանում դեռ ոչ ոք ինքնասպան չէր եղել… երբեք:
Մերձարևադարձային այդ քաղաքին բաժին հասած սոդոմգոմորյան մեղքերն անգամ ի զորու չէին մեղսավորության զգացում ծնել էրիվանցիների սրտերում, և ստիպել պատասխանատվություն վերցնել՝ կատարած հանցանքերի համար գոնե ինքնասպանվելու:
Ոչ-ոք… անգամ մեկը կամ երկուսը, գոնե հոգեկան ճգնաժամի ու խենթության պահին… երբեք:
Իսկ մարդկային մեղքերի այդ գեհենն իր օրում ինչ ասես տեսել էր… դավաճանություն, մատնություն, լկտի սուտ, երեսպաշտություն, կեղծ կուռքեր, սրիկա հերոսներ, սրբագրված հանցանքներ, հրահրված պատերազմներ, խեղված ճակատագրեր, կարված գործեր, կորսված կյանքեր, արյան վրա տաքացված ձեռքեր, ծախված հոգիներ, կտտանքի ենթարկված մարմիններ, կրակի մատնված հայրենիքներ, սնափառությանը զոհ գնացած պատանիներ… ինչ այլանդակություն ասես, բայց ոչ ոք, բացառապես ոչ ոք ինքնասպան չէր եղել Էրիվանի՝ իբրև թե երկու հազար քանի հարյուր տարեկան պատմության ընթացքում: Նույնիսկ ամենասարսափելի հանցանքի հեղինակներն ամեն գնով պատրաստ էին գործել նորանոր հանցագործություններ ու կոծկել հները, միայն թե իրենք չլինեին կատարվածի մեղավորն ու պատասխանատուն: Իսկ արդարադատությո՞ւնը կասեք ․․․ արդարադատություն չկար Էրիվանում, բայց փոխարենը կար մի հավատ, մի միֆ, մի ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն, թե այդ ինքնասպանությունը փրկելու է քաղաքը՝ նրան պարուրած մոգական անեծքներից:
Նզովելով իրենց բաժին հասած ճակատագիրը՝ էրիվանցիք կուրորեն հավատում էին այդ երանելի իրադարձությանն, ու զոհաբերության սպասումից քաղաքը պարզապես կաթվածահար էր լինում: Մարդիկ սպասում ու սպասում էին, իսկ ինքնասպանությունը չկար ու չկար:
Խենթացած բնակիչներն արդեն իրենք էին փնտրում, գտնում, հորդորում ու սպառնում ինքնասպան լինելու իրենց նախընտրելի թեկնածուներին, որոնք իրենց վրա կվերցնեին առաջնային մեղքն ու կազատեին վերջապես քաղաքը դարավոր տառապանքերից:
-Էդ պիտի տեսնցվի,- ատամին կպած կանաչին լեզվի ծայրով քերեց Պողոսն ու շաուրմեն ձեռքն առած՝ դուրս սողաց,- հաջող Արտաշ, մոտդ էլ եկող չկա:
Էրիվանը չափերով մի բուռ էր: Մի 30 րոպե էս կողմ, մի 30 րոպե էն կողմ, ու վերջ… պրծնում էր անտերը:
Կիսաանապատի ու նախալեռների արանքում ծվարած մի գորշ վարդագույնություն:
Փողոցները փոշոտ, մայթերը բավականին նեղ` երկու հոգով գոնե մի 100 մետր իրար կողքի հանգիստ քայլելու համար, շենքերը խառը` ոչնչոտ սիրունոտներից սկսած մինչև ուղղահայաց աճած բազմահարկ ետնախորշեր, մայթերը խորդուբորդ, անհասկանալի վայրուվերումներով… մի իսկական մղձավանջ հաշմանդամների ու մանկասայլակ քշողների համար: Շինություններն անողոքաբար իրար շալակ ելած, ճարտարապետությունն՝ անկանոն` գերազանցապես սովետական շրջանի՝ արանքներում խրճկված դուբայավայել անդեմ կառույցներով, հանրային վայրերը սոցիալիզմից ժառանգված, նոր շինված շենքերը՝ կապիտալիզմից սերված, տուֆի, ապակու ու մետաղի մի աջաբսանդալ: Ճիշտ է, քաղաքում դեռ կարելի էր հանդիպել մի քանի, հարյուրամյա հնության սևաթույր շենքեր, բայց դրանք էլ վաղուց չէին մարմնավորում Էրիվանի իրական դեմքը: Աղմուկը շատ, կանաչը քիչ, ձմեռները մի կերպ տանելի, ամառներն անտանելի…
Գորշ վարդագույն այս քաղաքի մասին կարելի էր անվերջ պատմել սիրելի ընթերցող, բայց դժվար էր հասկանալ, թե ինչ էր Էրիվանը… նոր էր, հին էր, ժամանակակից էր, ցարական էր, սովետական էր, պարսկական էր, ուրարտական էր, եվրոպական էր, ինչ էր, բայց մի բան անհերքելի էր… Էրիվանը նաիրյան քաղաք էր:
Նաիրյան էին մարդիկ, շենքերն ու մայթեզրի քարերը, նաիրյան էին Կասկադի ձախ ափի սրճարաններն ու Հրազդանի աջ ափի վթարայինները, նաիրյան էին անգամ կռտված շներն ու ավտոյակոխ եղած փողոցները, որոնց մի կեսն էլ գրեթե միշտ փակ էին` հանրահավաքների պատճառով:
Ախ այդ հանրահավաքները… Էրիվանը հանրահավաքների մայրաքաղաքն էր` նրա ինքնության անբաժանելի մասը:
Ամեն քիչ թե շատ իրեն հարգող խաչմերուկ տարվա գոնե կեսը փակ լիներ պիտի՝ վրաններով, այգիներից քարշ տված նստարաններով, նավթի վառարաններով, բուշլաթ հագած հոպարներով ու արևածաղիկ կեղևահան անող մոքիրներով, բարձրախոսներից հորդացող պաթոսով ու ֆիդայական երգերով, փողոցն արգելափակած սև, սպիտակ նիվաներով ու եռագույնի բոլոր հիսուն երանգներով:
Էրիվանի հոգին հանրահավաքների մեջ էր թևածում և երևի թե ոչինչ այնպես չէր բնութագրում նաիրյան այս քաղաքին, որքան իրար գլխի հավաքված վճռական մենակների հավաքական գվվոցը:

Պողոս ապին ծուլորեն մոտեցավ անփույթ կանգնեցրած, փտած անվածածկերով աստրային, աղմուկով բացեց ետևի դուռն ու ձեռքի պիջակը նետեց նստարանին: Ցերեկներն արդեն բավականին տոթ էին:
– Յուղը փոխել ա պետք,- հիշեց, մռթմռթաց:
Զզված զխկացրեց գունաթափ եղած դուռն ու հայացքը նետեց պուրակի ծառերին: Կախ ընկած տերևները, մեղմիկ սոսափով իրար քսվելով, կարծես ինչ-որ բան էին շշնջում, ու Պողոսն անգամ զարմացած ականջ դրեց մի պահ:
Շուրջը խաղաղություն էր, թվաց, որ նույնիսկ քաղաքի անդուլ ձայները մի տեսակ հեռվից էին գալիս: Արևն ալարկոտ խաղում էր տարին երկու անգամ պարտադիր սալարկվող մայթերին, ու օդն էլ սովորականի պես անտանելին չէր կարծես:
Պողոս ապին աչքերը փակեց, խոր շունչ քաշեց երկարատև ուխտագնացության մեկնող պիլիգրիմի նման ու քայլեց՝ կախ ընկած շալվարը կոնքերից վեր ձգելով։
Դրսում մայիսն էր` էրիվանյան ամենագեղեցիկ ամիսը:
Նա կտրեց անցավ իրար խճճված մի երկու նեղլիկ փողոց ու հենց առաջին խաչմերուկում խրվեց թարմ հանրահավաքի մեջ: Շուրջօրյաներից էր:
Մի 3-4 օր կլիներ արդեն նստած էին:
Դա ինչ էր… Էրիվանը ամիսներով ու տարիներով ձգվող հանրահավաքներ էլ էր տեսել: Էս մեկը Արմենականներն էին:
Բարձրախոսներն անհասկանալի խշշում էին, ու Պողոսը կանգ առավ՝ հասկանալու տեղի ունեցողը: Ավանդույթ էր Էրիվանում, ոտքն անպայման կախ գցել երկու դեպքում` հանրահավաքներ և ավտովթարներ հանդիպելիս, անգամ, եթե ոչ մի հետաքրքրվածություն չունես, մեկ է… իրեն հարգող էրիվանցին պարտավոր էր գոնե մի քանի րոպե կանգ առնել` հետևից խցանում առաջացնելով:
Բարձրախոսը ձեռքն առած ճաղատը բավականին խարիզմատիկ ձայն ուներ: Վատ չէր խոսում, հռետորական արվեստին էլ կարծես տիրապետում էր վարժ, անգամ կարելի կլիներ ասածներին հավատալ, եթե չլիներ նախկին քաղաքապետը լինելու հանգամանքը: Չնայած որ էրիվանցիների հիշողությունը բավականին կարճն էր ու արագ մոռանում էին նույնիսկ վերջերս գլխներին եկածները, բայց հազիվ էր անցել մի երկու տարի այն օրերից, ինչ ճաղատը պաշտոնյա էր, ու հիմա աչքերը պեծին տալով խոսում էր այնպես, կարծես ոչ էլ երբևէ իմացել էր քաղաքապետարանի տեղը:
Պողոսը հասցրեց որսալ բոցաշունչ ճառի միայն վերջին մի քանի բառերը:
-… և քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած այդ անձնավորությունը, ահա, քաղաքը վերածել է աշխարհաքաղաքական մի հետանցքի, որտեղ ով ինչ ուզում՝ անում է, – մազոտ ձեռքը արտիստիկ տնկեց դեպի վեր,- ով…ինչ…ուզում…անում է․․․
Պողոս ապին մտքին զոռ տալուց կարմրած աչքերը պտտեց դեպի վեր` ձեռքի ուղղությամբ, ուր մռթնաց արևի ճամփան փակում էին դեմ ու դեմ կանգնած երկու աշտարակները` Էրիվանի Բարադ-Դուրն ու Օրթհանկը՝ մռայլ, մարդատյաց ու անշունչ. քաղաքապետարանի ու «կանյաչնու» ցցուն առանցքները՝ որպես հիշեցում հասարակ մահկանացուների գլուխը շոյող երկու ձեռքերի` պետության երկաթե և շուկայի իբր թե անտեսանելիի:
Ճակատագրի հեգնանքով զույգ աշտարակները կանգնած էին նույն այն պատմական վայրում, ուր ժամանակին Էրիվանի բերդն էր խոյացել, ու քաղաքի վերջին սարդար Հուսեյն-Ղուլու խանը պալատի իր պատուհանից կրակում էր Հրազդանի ձորի դիմացի ափով անցնող հասարակ մարդկանց էշերի վրա:
Աշտարակներից սևը` «կանյաչնունը», քաղաքի բիզնեսի որջն էր՝ ձեռնարկատիրության փարոսը, Ատլանտի թոթված ուսը, էրիվանյան երազանքի մարմնացումը: Պատուհանները նեղ, գույները մռայլ, ճարտարապետությունը խիստ դասական ու վրայի նախշերն էլ խիստ ժողովրդական։
Վարդագույն աշտարակը` քաղաքապետարանինը, հակառակը, ավելի շատ համարձակն էր, քան զուսպը, ավելի հետաքրքիր, բայց ոչ պակաս անմարդկային:
Դա ամենքին վերևից նայող իշխանության ոգին էր, ուժի մենաշնորհի հուշակոթողն ու շարունակականության խարիսխը:
Պատուհաններն էլի նեղ, գույները տրամադրող, վրայի ժամացույցը ճշգրիտ աշխատող ու նախշազարդումներն էլ ոչ պակաս ազգայնական:
Բայց որակյալ քանդակներն ու աշտարակների վեհաշուք գագաթները չէ, որ գրավել էին Պողոսի մշուշոտ ուշադրությունը, այլ չարաբաստիկ նեղ պատուհաններից ցած նայող երկու կերպարանքները:
Սիրելի ընթերցող, ամենևին էլ պետք չէ փորձել այդ կերպարանքներին նմանեցնել ձեզ ծանոթ որևէ մեկին: Հավատացեք, դրանից մոգությունը միայն կփչանա:
Այդ երկուսն ասես Աստվածամոր տաճարի մի մի Քվազիմոդո լինեին կամ սյուների գլխին թառած անճոռնի գարգոյլներ, որ իրենց թաքստոցից անթարթ հետևում էին քաղաքին ու մարդկանց:
Հայացքներն օտար, ձեռքները՝ մեջքներին խաչած ու փորները՝ մարմնի առանցքից բավականին առաջ ցցված: Նայում էին նրանք ցած դիվական անտարբերությամբ ու զզվանքով. կարծես հավաքված ամբոխը ոչ մի ժառանգական ու մարդկային կապ այլևս չունենար իրենց հետ:
Չար մի հեգնանքով նույնպիսի ատելությամբ նայում էին դեպի վեր և ներքևում հավաքվածները: Նրանք ոչ մի հարգանք ու ակնածանք չէին տածում աշտարակներից նայողների նկատմամբ: Նայում էին՝ ասես մի նվաստացնող ու կեղեքող օտարի:
Բարձրախոսն առած ճաղատը ձեռքը զայրույթով թափահարեց վարդագույն աշտարակից լուռ նայող գարգոյլի ուղղությամբ: Ու զավեշտալին այն էր, որ ոչ վաղ անցյալում հենց ինքն էր վերևից նույն կերպ նայում այն ամբոխին, որի կենտրոնում այսօր կանգնած էր: Անկասկած, եթե մի դիպվածով վաղը նա կրկին հայտնվեր աշտարակի նեղլիկ պատուհանի ետևում, շարունակելու էր նույն ատելությամբ շանթել վերից վար` իր այսօրվա զինակիցներին:
Բայց հիմա նրան մնում էր միայն ներքևից զայրութախառը նայել վերևում հանգրվանածին` երազելով աշտարակի պատուհանի մոտ նորից հայտնվելու մասին:
Այսպիսին էր Էրիվանի բանը, կարևոր չէ, թե ով է, կարևորը՝ ում հերթն է:
– Այ էն է, էն վերևում թառածն է մեղավորը մեր բոլոր մեղքերի ,- բառերի հետ ամբոխը նռռաց ցասումից,- փրկել է պետք քաղաքապետի աթոռը` ճարպակալող այդ հետույքից ․․․
Այդքանն էլ բավական էր, որ հավաքվածների մեջ շշուկները սկսեին ականջից ականջ անցնել` պատմելով քաղաքին վարակած ախտերի, զոհաբերության անհրաժեշտության, իշխանավորների սատանային ծառայելու ու անցյալին երանի տալու մասին` մոռանալով, որ այդ մեղքերն աշտարակներում նստածների անբաժան բեռն էին դեռ ուրարտացիների ժամանակներից: Շշուկներն իրար զարնելով աստիճանաբար բազմապատկվեցին՝ վերածվելով մի աներևույթ բզզոցի ․․․ Մազմանն ինքասպան պիտի լինի ․․․
– Արա՛, բայց ճիշտ ա է ասում, կերան կյանքներս,- շաուրմից մի բերան կծեց Պողոսն ու զգաց, թե ինչպես ծալված մոմաթղթի արանքից համեմունքագույն յուղի ծորը ձգվեց դեպի կիսամաշ վերնաշապիկի օձիքը,- սենց բանի…
Դեռ հիշոցը չավարտած ետևից խուլ գվվոց առավ. մայթին աճած սոսիների տերևները պոկռտելով՝ վրա էր գալիս` Պողոսի թիկունքին գոլ շնչելով: Պտտվեց անշտապ:
Պարզ էր, նեղլիկ հրապարակով երթ էր անցնում: Դա էլ մի ուրիշ էրիվանյան փորձանք էր:
Բազմահազարանոց ամբոխը անցնում էր փողոցեփողոց, գալարվում վիշապի պես, ու օդը լցնում հիպնոսացնող ֆշշոցով:
Հմուտ երթավարները կառավարում էին այդ մարդկային հազարոտնուկը բավականին վարպետորեն: Անգիր գիտեին, որ խաչմերուկներով տանել, որ առավել մարդաշատ երևա ամբոխը, որ մասերում ձգեին, երկարացնեին երթի պոչերը, ոնց նկարվեին լրատվականների համար, ոնց թույլ չտային շարքերին փլվել, բարձրախոսներից ինչեր գոռային և, վերջապես, ինչպես կաթվածահար անեին քաղաքի՝ տեղից էլ նստատեղային երթևկությունը` բազմապատկելով հայհոյանքների տեղատարափն իրենց հասցեին և միևնույն ժամանակ ավելացնելով ճանաչելիությունը:
Մասնակիցներն արշավում էին զոմբիացած, սովորաբար փոքրիկ խմբերով, իրար թևանցուկ` կարծես պաշտպանվելով անբարյացկամ հայացքներից: Վարանողները քայլում էին մայթերին քիպ` ամեն րոպե գնացքից թռչելուն պատրաստ:
5-րդ շարասյունն էր անցնողը:
Ոչ-ոք Էրիվանում չէր հիշում, թե որտեղից էր գալիս այդ արտահայտությունը և կդժվարանար մեկնաբանել, թե ինչ էր դա նշանակում, բայց իրեն հարգող ամեն Էրիվանցի, նայելով մարդու դեմքին, պարտավոր էր որոշել՝ 5-րդ, 6-րդ թե որ շարասյունից էր դիմացինը: Պետք չէր գիտենալ թե իրականում ինչ տեսք է ունենում որևիցե շարասյան ներկայացուցիչը, դա ամենևին էլ կարևոր չէր: Էրիվանցին դա պետք է զգար ենթագիտակցորեն, մեկ շանթող հայացքով չափեր ոտքից գլուխ:
Նայեցի՞ր, վերջ…. դատավճիռը պատրաստ լինի պիտի։
Կասկածել ու մեղադրել կարելի էր ում ասես…հատկապես նրանց, ում առանձնապես չէիր համակրում:
5-րդ շարասյունցու պիտակը բոլորից զազրելին էր, նույնիսկ ավելի վիրավորող, քան անգամ տխրահռչակ սորոսականը:
Դա ազգի դավաճանի, ծպտված լրտեսի և ազդեցության գործակալի մի խառնուրդ լուտանք էր, որից խորշում էին բոլորը:
Բայց արի ու տես, որ դրանով հանդերձ նրանք ամենուր էին: Միֆական, աներևույթ, անմահների մի գունդ, որոնց ոչ-ոք չէր տեսնում, շնչառությունը թիկունքում զգում, բայց հնարավոր չէր լինում բացահայտել:
– էրիվանը փրկել չի լինի,- բարձրախոսից անվերջ կրկնում էր բնիկ գորիսեցու ձայնը,- պիտի քանդել ու նորը սարքել… Էրիվանը փրկել չի լինի, պիտի քանդել ու նորը սարքել…
Քաղաքի երկու հազար քանի ամյակին նվիրված ցայտաղբյուրների կասկադից արձագանքում էր այդ ձայնն ու տարածվում ուրարտական պուրակից էլ անդին` … քանդել ու նորը սարքել, Էրիվանը փրկել չի լինի… փրկել չի լինի…քանդել ու նորը սարքել․․․
Փողոցով սողացող հազարաոտ վիշապի շունչը հիպնոսացնողն էր. մտնում էր մարդու ուղեղի գալարների արանքն ու մաշկի տակ, մթագնում էր երևակայությունն ու ստիպում էր հավատալ միմիայն իրեն:
– Արա, հա էլի … ճիշտ ա ասում… փրկել չի լինի,- Պողոս ապիի հայացքը պղտորվել ու մոլորն էր դարձել:
Արդեն չգիտեր՝ իրեն էր թվում այս ամենը, թե աչքին էր երևում երթը, 5-րդ շարասյունն ու մնացածը: Գուցե ոչ էլ 5-րդն էր, ինչից որոշեց: Գուցե ոչ էլ երթ կար:
«Էրիվանը փրկել չի լինի, Էրիվանը փրկել չի լինի» ․․․ հառաչը գնալով մոտենում էր ու Պողոսի ականջներում չարագույժ արձագանքում՝ «Մազմանն էսօր պիտի ինքնասպան լինի»․․․
Գլուխը պտտվում էր: Աչքը գցեց ձեռքի շաուրմին: Տեղում էր: Սա էր միակ իրականը: Կծեց ինքնակորույս: Երկու ձեռքով բռնվել էր փաթթոցից` իրականության միակ առանցքից:
Երթն ալիքվելով հասավ Պողոսին, կտրեց գետնից ու սկսեց տարուբերել վանկարկումների կատարներին:
Պողոսը փորձում էր բրդուճը ձեռքից բաց չթողնել հանկարծ, իր միակ իրականությունը, իր ունեցածն էս խառնակ ժամանակներում, իր շաուրմեն` խոզի, առանց սոխ, բայց մնացած ամեն ինչով:
Մարդկային ալիքն անսպասելի վեր նետեց Պողոսին ու մի պահ թվաց, թե թռիչքի պահին բաց կթողնի հանապազօրյա փաթթոցը:
Աչքի դիմացով կյանքն անցավ ու վախով պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե շաուրման հանկարծ սահեր ձեռքից ու հայտնվեր խառնամբոխի կրունկների տակ՝ ոտնակոխ լինելու:
Իր խմորե բարուրը, կյանքի ձեռքբերումն ու փորհաց վաստակը: Անկարելի էր:
Պողոսը երկու ձեռքով կախվեց բրդուճից ու վերջին ճիգերը լարելով` փորձեց ցատկել հեռու:
«Էրիվանը փրկել չի լինի, Էրիվանը փրկել չի լինի» մրմնջացող զանգվածներն անցան վերջապես գնու այծքաղների երամակի պես, ու Պողոս ապին՝ հանց մի Սիմբա դժվարությամբ ոտի կանգնելով՝ սկսեց շորերը թափ տալ:
-Ձեր մերն էլ ըտեղ, արա,- շաուրմեն քնքշորեն գիրկն առնելով՝ քրթմնջաց:
«Խաչմերուկի կողմը գնալ չարժե… շառից-փորձանքից հեռու»,- մտածեց ու զգուշորեն անցավ դիմացի մայթը:
Ընդամենը երկու փողոց էն կողմ էլի մարդիկ էին հավաքված ծառերի տակ: Ակտիվիստներն էին։ էդպես էլ ասում էին՝ թացը չորից չզատելով… ով էր դրանցից գլուխ հանում:
Պողոսը զայրացած հայացք նետեց չորս բոլորը: Մի քար, մի ծառ, մի պատ, մի սրբազան սունկ… պաշտպանելու բան լինի` նստացույց անողները տեղում կհայտնվեն:
Էրիվանում զգուշանում էին ակտիվիստներից… համարյա այնքան, որքան 5-րդ շարասյունականներից, բայց, ի տարբերություն վերջինների, ակտիվիստներն իրական մարդիկ էին` մսից, արյունից ու մի քիչ էլ մարդու իրավունքներից:
Ակտիվիստներին Էրիվանում ոչ-ոք չէր հասկանում… բացի հենց իրենցից:
Ի՞նչ էին անում, ի՞նչի համար էին անում, ու՞մ համար էին անում, ո՞նց ու ի՞նչ միջոցներով` էրիվանցիք գլխի չէին… և անկեղծ ասած ոչ էլ հետաքրքրվում էին: Չսիրելու համար չիմացությունն էլ բավարար էր:
Պողոս ապին անհանգիստ պտույտ եկավ կանգնած տեղը: Վրան արդեն ազդում էին տարատեսակ խմբակները:
-Արա, սրանք էլի մի էշ բանի համար հավաքված կլինեն, հա,- մտածեց` հայացքը նետելով մեկ-երկուսի ձեռքի ցուցանակներին,- արա, հա էլի, արա:
Ախ, Էրիվանի այդ ամենահաս արան, որով կարելի էր կանչել, ճամփել, վիրավորել, զարմանալ, հիշել, հայհոյել, նվաստացնել ու սեր արտահայտնել:
Արա, այ, արա․․․
Պողոսն անգամ քնած ժամանակ էր արայավատ լինում` « խխխխռ…. արա բոզը փսսսսսսս արա….. խխխխխխռռ»… հորդում էր ներսից, բարակ շղարշով ծածկում մարմինը ու պաշտպանիչ դիմակի պես սնուցում կենարար էրիվանականությամբ։
Ծառի հովին նստած՝ կապտավարս երիտասարդներից մեկը ցուցադրական պարզեց ձեռքի ցուցանակը` «Ակտիվիստներ բոլոր երկրների, միացե՜ք»…
– Սրանք բոլոր երկրներին միանալու համար էս գրողի տարած քաղաքն էլ կվառեն: Ինչպես իրեն հարգող ամեն էրիվանցի, Պողոսը նույնպես ոչ մի կերպ չէր վստահում ակտիվիստներին. հաստատ թշնամու համար էին աշխատում, բա էլ ում․․․
-Տո էդ երկրների ուզածն էլ հենց Էրիվանը քանդելն ա` ներսից, այ սրանց ձեռքերով,- կնիքեց կողքով պատահական անցնող մի վարժապետ,- ու գիտե՞ս ինչի…
Պողոսը հայացքը հարցական պտտեց:
-Որովհետև էս քաղաքում դեռ ոչ-ոք ինքնասպան չի եղել ․․․ 5000 տարի ա, է,-բազմիմաստ տնկեց վեր չորացած ցուցամատն ու քշեց առաջ:
– Արա, բայց ճիշտ ա ասում,- ամեն վստահ տոնով ասվածին համաձայնելու հետ մանկուց սեր ունեցող Պողոսը ձեռքը տարավ ճակատին: Արևն էր արդեն կաթվածահար անում, թե շուրջն ամեն ինչ իրոք պտտվում էր, գլխի չընկավ:
Մատներով շոշափեց լավաշի փխրուն մակերևույթը: Շաուրման․․․ նա էր միակ իրականն, ու ատամներով մխրճվեց` ուշքի գալու համար: Շարժվել էր պետք… թող պաշտպանեն իրենց քարը, թուփն ու ակտիվարիատը: Դեռ վնաս չկա:
Ցայտաղբյուրից հորդող ջուրը իսկը տեղին էր։ Մի կուշտ խմեց, հագեցավ։ Աչքը գցեց մոխրագույն սալի վրա գրված անվանն ու կոտրված մեխակի պատկերին:
– Աստված բալեքիդ ․․․ ,- քթի տակ մռթմռթաց ու ջուրն ափով քսեց ծոծրակին։
Նիհարիկ սակուրաների գցած ստվերները ոչ մի կերպ չէին մեղմում էրիվանյան արևի տապն ու Պողոսը կկոցած աչքերով ծիկրակեց տերևների արանքից։
Արարատն էր:
Սովորական էրիվանյան օրերի պես լեռը հազիվ էր երևում քաղաքը խժռող ծխածածկույթի տակ։ Ստորոտն էր միայն տեսանելի ու աղոտ ուրվագիծը կնճռոտ ծերուկի։ Ցերեկներն էդպիսինն էր նա․․․ միֆական ուրվականի պես աներևույթ ու միայն պարզկա գիշերներին, երբ լեռան լանջերին սկսում էին վառվել օտարի ճրագները՝ Արարատը նյութականություն էր ստանում, միս ու արյուն ձեռք բերում։
Պողոսն անշարժ կանգնեց մի քանի ակնթարթ, ձգվեց: Անգամ չերևացող Արարատով հնարավոր չէր չհիանալ, ախր: Լեռների լեռն էր, անհաս փառքի ճամփան էր, թուրքի բեռն էր, սրբության սրբոցն ու գիր գրոցն էր, սփյուռքահյուրերի աչքի լույսն ու Էրիվանից երևացող աշխարհի ծայրն էր, որից անդին էլ ոչինչ չկար, տիեզերական դատարկություն: Արարատն էր…
-Ախ Արարատ, Արարատ ,- թլոշ ձայնով մղկտաց ու շաուրմից մի լավ կըծ փախցնելով՝ թեքվեց փողոցի անկյունը:
Սակուրաների վարդագույն շարքը դեռ շարունակվում էր նեղլիկ փողոցով ու գնում հասնում 4-5 հարկանի վթարային շենքերին, որոնց տանիքներից վեր Արագածի գագաթներն էին պեծին տալիս:
Պողոսը կանգ առավ։
Ալմաստ վահանը փայլում էր իր ողջ շուքով, այնքան պարզ, հստակ ու իրական, որ թվում էր, թե ուր որ է քառագլուխ գագաթները կփլվեն քառահարկ վթարայինների ու հատուկ ցուցանակներով համարակալված սակուրաների վրա…
Պողոս ապին, տեսարանից ազդված, անգամ մի պահ դադարեց ծամելը, ապա քիթը վեր քաշելով՝ ետ նայեց ու շարունակեց կուլ տալ պոկած յուղալի պատառը:
-Ախ Արարատ, Արարատ… Ախ Արարատ, Արարատ,- ու գլուխը կախ քայլեց սակուրաներուն շուքին տակ:
Ահագին անցավ էդպես լուռ, շաուրմայի մնացորդը ձեռքին զգուշավոր պահած, երբ դիմացը բացված բավականին անդուր բարձրունքը սկսեց անվերջանալի թվալ, հորիզոնը ձգվեց գնաց-հասավ քաղաքից էլ անդին, Արագածի գագաթներից հեռու ու ձուլվեց երկնքի կապույտին:
-Էլ չեմ կարում քաշեմ, արա,- ֆսսաց՝ օդն անհագուրդ ներս քաշելով: Էրիվանը շնչահեղձ անող դքերի քաղաքն էր, ու ի հեճուկս զարգացած եվրոֆիֆիների՝ ոչ մի կերպ չէր կարողանում դառնալ հեծանիվների ու առողջ ապրելակերպի ֆասադային քաղաք: Այն մնացել էր Դքի Նորոյի ու Շահումյանի Սև Դքի քաղաքը, և երբևէ չէր էլ կարող դառնալ որևէ այլ բան… ճակատագիրն էր էդպիսինը․․․
Պողոսը մի քանի քայլ էլ զոռով գցեց առաջ ու հայացքը գամեց բարձրունքի գլխին բացվող տեսարանին:
«Քաղաքի արևմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բլուրի վրա— խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ — բազմել է Բերդը։ Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին։ Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա. նստել է ծանր ու հաստատ։— Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես — և հետո, մեկը մյուսի ետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթև, զանազանաձև սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք-կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։ Ասում են, որ այդ բերդը շինելիս նաիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն — ահա, թե ինչու է այդ բերդը անխորտակելի»: Կյանքի ընթացքում կարդացած միակ գրքից ընդամենը այսքանն էր հիշել Պողոսն, ու ինչպես բարեպաշտ թիֆլիսեցին կխաչակնքվեր Մետեխի վանքի կողքով անցնելիս, այնպես էլ նա էր ամեն անգամ քթի տակ մտմտում Սև բերդը տեսնելիս:
– Ահա թե ինչու է այդ բերդը անխորտակելի,- կրկնեց՝ նորից ու ծնկներին ուժ տալով բրթեց իրեն առաջ:
Բերդի շուրջ բոլորն արդեն բազմություն կար հավաքված:
Մոլախոտերով պատված անխնամ աստիճանահարթակից ցած տարածվող դարավանդների ու քարքարոտ թմբերի վրա կարելի էր տեսնել հավաքված ողջ Էրիվանը: Նախկին ու ներկա մեծավորներից բռնած, մինչև մտավորականներ ու թյուրիմացաբար գրողներ, յոթը երկրի ծպտված լրտեսներից ու ծախու կուսակցականներից, մինչև դրածո կամակատարներ, հանրահավաքների մշտական մասնակիցներ, շարասյունների երդվյալ զիվորներ, երկու մոր ծիծ ուտող գառ ակտիվիստներ, ինքնագոհ վեցնոցներ, բարեպաշտ հոգևորականներ, անբարեխիղճ առևտրականներ, զինվորականներ, գողականներ ու բոզականներ… և բոլորի շուրթերին միայն մի բան էր.
– Մազման, դուրս արի …
Պողոսը, շունչը մի կերպ տեղը բերելով, մոտեցավ խիտ կանգնած շարքերին ու թիկունք առ թիկունք հաղթահարելով՝ սկսեց առաջանալ` փորձելով գտնել ամենահարմար վայրը՝ տեղի ունենալիքը լավագույնս ըմբոշխնելու սպասումով:
Թեթև քամի էր սկսել խաղալ, որ ամեն երեկոյի պես նախալեռներից շտապում էր դեպի Արարատյան դաշտ՝ մի կերպ մեղմելու էրիվանյան անտանելի շոգը։ Արևն արագացրել էր ընթացքն ու շտապում էր անցնել սև շինության սուրուլիկ կատարների ետևը` կարծես վատ զգալով իր ներկայությունից:
Մազմանը վաղուց էր՝ ինչ դուրս չէր եկել մարդամեջ:
Անգամ կարելի կլիներ կասկածել՝ կենդանի է արդյոք ծերուկը թե ոչ։
Նույնիսկ քաղաքի հիմնադրման երկու հազար քանի ամյակի տոնախմբությունն էր բաց թողել, որին ամբողջ քաղաքն էր պարտադիր մասնակցում:
Մազմանն Էրիվանում առասպելական կերպար էր: Նա քաղաքի հնագույն ընտանիքներից մեկի վերջին ժառանգներից էր, որորնք դարեդար հայտնի էին, որպես մերժված մարգարեներ: Նրանց զգուշացումներն իրականություն դառնալու վատ հատկություն ունեին, իսկ իրականությունն ընդունելը հարիր չէր և ոչ մի Էրիվանցու, ուստի մարգարեներին միշտ էին ատել նաիրյան այս քաղաքում:
Հավաքված ամբոխը գվվում էր բոռերի պարսի պես, խմբվում իրար գլուխ ու հանկարծակի ցվրվում դարավանդներով մեկ։
– Մազման, դուրս արի,- բզզանքը ոչ մի րոպե չէր դադարում, պտտվում էր Սև Բերդի շուրջն ու պահանջկոտ թակում դուռ-լուսամուտները:
Արևի նարնջագույնին տվող սկավառակը դեռ ամբողջությամբ չէր հասցրել շրջանցել հրաշագեղ այդ կառույցը, երբ փայտյա դռները բացվեցին անսպասելի ու թիկունքն ուղիղ պահած՝ ծերունին դանդաղ քայլերով դուրս եկավ մարդկային զանգվածների վրա կախված պատշգամբ, անշտապ հասավ բազրիքին ու հենվեց ձեռքերը լայն դրած:
Հագին մինչ ծնկները հասնող սպիտակավուն շապիկ էր` կախված կրծքերի քրտնած ուրվաբծերով, ճաղատացող գլխի մազափնջերը՝ խռիվ, քամուն աջուձախ տված, դեմքը կոկիկ սափրված ու մաշված, ծխամորճը շուրթերի ծալքերի արանքն առած:
-Մազմանը… ,- ամբոխը ախ քաշեց` իր քմահաճույքների իրականանալուն չհավատացող երեխայի պես:
Հուզմունքի, բավարարվածության ու հետագա անելիքները չիմանալու ալիքը ծածկեց հավաքվածներին՝ մատնելով խոր լռության, այնպես ինչպես շաղակրատ թութակների վանդակին նետված ծածկոցն է ստիպում վերջիններիս պապանձվել:
Պողոսը զգուշորեն իրար եկավ: Բարձրացավ մոտակա թմբի վրա ու վիզը ձգեց վեր: Մի քիչ էլ, ու թվում էր՝ երկար քիթը կքսվի պատշգամբի եզրին: Աչքերը բարձրացրեց:
Ծերունին իրեն էր նայում: Հայացքը պարզ, հայրական գորովանքով։
Պողոս ապին անակնկալի եկած ետ-ետ գնաց՝ հազիվ խուսափելով գետնին տապալվելուց: Մազմանի ոտքերի մոտ հայտնվելն էր պատճառը, թե նրա ինքնասպանության պահանջը, բայց Պողոսը մի պահ ամոթխած կախեց գլուխը, ձեռքերն անուժ թողեց ցած ու ճակատին քրտնքի կաթիլներ երևացին:
Քանի-քանի անգամ էին էսպես հավաքվել ու սրա-նրա մահը պահանջել, բայց դե Էրիվանում երբեք ոչ-ոք ինքնասպան չէր եղել այդպես էլ: Սպանություններ՝ որքան ուզեք, բայց այ ինքնասպանություն` երբեք:
Ախ այդ անինքանսեր էրիվանցիները:
Մազմանն ինքը էրիվանցու նման չէր: Չէ, էրիվանցի էր, բայց ամենևին նման չէր:
Եվ դա վախեցնում էր մնացածներին: Վախեցնում և ատել էր ստիպում, ատել նրան ով նման չէր իրենց:
Մազմանն ուրիշ էր ու դա զգում էին բոլորը… գուցե այլմոլորակային էր, կախարդ` ով գիտե: Նա տեղով անեծք էր, ու բերում էր մարդկանց միայն վախ և հիասթափություն։
Ամբոխի մեջ անհանգստության ալիք անցավ:
Գալ, հավաքվելը մի պատմություն էր, բայց այ ինքնասպանությունն իրականում պահանջելը՝ լրիվ այլ:
Հատկապես, երբ վստահ էին, որ ոչինչ էլ տեղի չի ունենալու:
Հավաքվում էին սովորաբար, մի քիչ աղմկում ու ցրվում տներում: Ինքնասպանության թեկնածուին մնում էր մի քիչ դիմանալ պատուհանի ետևում թաքնված ու վերջ` կարելի էր հանգիստ խղճով շարունակել ապրելը: Էրիվանում ոչ մի միջադեպ մեկ օրից ավել տաք չէր մնում: Էրիվանը մեկ օրանոց թեմաների քաղաքն էր:
Ոչ-ոք չէր սպասում Մազմանի հայտնությանը, և անսպասելիության ալիքը անակնկալի էր բերել բոլորին:
Ծերունին կանգնել ու անշարժ նայում էր հավաքվածների դեմքերին, զգում վախը, ակնածանքն ու դաջված անելանելիությունը:
Շուրթերի անկյունում թեթև քմծիծաղ ծռվեց։ Վաղուց չէր հանդիպել համաքաղաքացիներին․․․ ու կարիքն էլ չուներ երևի․․․ ինչ ունեին պատմելու խեղճ այդ նաիրցիք իր միայնության մեջ աստվածների հետ շփվող Մազմանին ․․․ ու ինչ ուներ նրանց ասելու ինքը՝ մարգարեացած ծերունին, ում ամեն մի բառին բաժին էր հասնում միջինում երկու լուտանք և երեք հայհոյանք։
Մազմանից լավ ոչ-ոք չէր ճանաչում էրիվանցիներին ու նրանց միֆական հոգիները: Այդ միֆերից մի քանիսն էլ նրա խղճի վրա էին իրապես ծանրացած:
Իրականությունից կտրված նաիրյան քաղաքը ոչ մի կերպ չէր ցանկանում հաշտվել գոյություն ունեցող աշխարհի, ժամանակների ու նրանց բերած իրողությունների հետ: Դա էլ քաղաքը կանգնեցրել էր կործանման, իսկ բնակիչներին խենթության շեմին: Մի միֆ, մի ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն․․․
Ծերունին ուշադրությամբ նայեց հավաքվածների դեմքերին` անգամ չփորձելով նմանեցնել դրանց իրեն ծանոթ որևէ մեկին: Մոգությունը դրանից միայն կփչանար:
Իրենն էին բոլորն էլ, իր միսն ու արյունն էին, իր թողած ժառանգությունն ու հետնորդներն էին, որ ատում էին Մազմանին թշնամուց առավել:
Էրիվանում չէր կարելի փորձել մարգարե լինել, քաղաքը դա չէր ներում:
Նրանց ճշմարտությունը չէ, որ հետաքրքրում էր, դա պետք չէր նրանց բոցավառ հոգիներին, նրանց միայն հավատալ էր հարկավոր և որքան էլ կեղծ լինեին այդ հավատալիքները, էրիվանցիները կյանքի ու մահու կռիվ էին տալու դրանց գոյության համար։
-Մազմանննն,- հետևի շարքերից խուլ մռնչոցը սկսեց առաջանալ, եկավ-հասավ առաջին շարքերին ու հավաքական Էրիվանցու շուրթերի արանքից դուրս հորդեց պահանջկոտ,- Մազման… ժամանակն է:
Ծերունին չէր փորձում հակառակվել: Լուռ հենվել բազրիքին ու նայում էր գվվացող զանգվածին: Նա կարծես տեսել էր այս ճակատագրական ակնթարթը իր տեսիլքներում:
Հայացքն առավ Պողոսին` կիսատ շաուրմեն ձեռքին, փոքր-ինչ հուզված, իրեն ու իրականությունը կորցրած: Ժպտաց Մազմանը:
Կարծես ցանկանար շոյել գլուխը Պողոսի:
Ախ, միամիտ… դու էստեղ ի՞նչ էս անում, ի՞նչ էս կորցրել… գոնե գիտե՞ս ինչի էս եկել, ախ քաղաքը փրկե՞լ էս ուզում, զոհաբերություն տեսնե՞լ էս ուզում, անեծքներից ազատվե՞լ էս ուզում … ստահակներին հավատա՞լ էս ուզում:
Պողոսը նայեց շուրջ բոլորը: Չէ… իրոք իրեն էր ժպտում ծերունին, հենց իրեն:
Հավաքվածները համարձակություն առած՝ «Հիմա, հիմա, հիմա» սկսեցին բղավել:
Պողոսն էլ աշխուժացավ ու մի երկու անգամ արձագանքեց թույլ բերան, դեռ անվստահ: Չէր սիրում ետ մնալ ամբոխից։
Ահանգնացող որոտը կտրվեց գետնից ու բարձրանալով՝ հասավ ծերունու ոտքերին:
«Հիմա, հիմա, հիմա»….
Թե այդ ինչը` հիմա… սպասվելիք դրախտը՞, ավետյաց երկիրը՞, անհոգ ապագա՞ն, երջանիկ կյանքը՞… ինչը հիմա:
Ոչ ոք չգիտեր դա, բայց գիտեին մի բան, որ ինքնասպանությունը պետք էր, ճար չկար ուրիշ… ով էր տեսել երկու հազար քանի տարեկան քաղաք, որտեղ երբևէ ոչ մեկն ինքնասպան չէր եղել, չլսված բան էր և ուրիշ ոչ մի պատճառ չէր կարող լինել իրենց դժբախտություններին: Միայն հանուն արժանապատվության կատարված ինքնասպանությունը կփրկեր իրենց նզովքներից: Աշխարհն ինչ ուզում է, թող անի ու ասի, իրենք պիտի իրենց հարցը լուծեն… և լուծեն հիմա… «Հիմա, հիմա, հիմա»…
Արևը Սև Բերդի թիկունքից վախվորած նայում էր, շառագույնով ներկում տիրապետումը կորցրածների դեմքերն, ու ոսկեշող ալիքը տարուբերում էր խենթացած ամբոխներին ասես մի օրորոց: Վերջապես, վերջապես մոտ է բաղձալի զոհաբերությունը, և զոհն ինքն էր դուրս եկել իրենց ընդառաջ: Եվ այն էլ՝ ինչ զոհ… Մազմանը` մարգարեն ու չարագուշակը, քաղաքի հիմնադիրների ժառանգը, իրենց վախի ու ատելության մարմնացումը:
Ինչը կարող էր լինել ավելի բաղձալի ընծա հին ու նոր աստվածներին, քան Մազմանի մարմինը և այդ ընծան նվիրաբերող կռապաշտների պես էրիվանցիք ծիծաղում, գոռում էին խենթացած, շուրջպար բռնում ու մռնչում` «Մազման…. հիմա, հիմա, հիմա»…
Պողոս ապին զգուշավոր գիրկն առավ շաուրմի պատառը….
-Ձեռքից չառնեն հանկարծ… աննորմալ են սրանք,- փնփնթաց քթի տակ:
Աննորմալ էին, բա ինչ: Եվ քանի նորմալությունը մեծամասնությունն էր որոշում, միակ աննորմալն էստեղ Մազմանն էր` աղետի մասին զգուշացնող մարգարեն: Իսկ զգուշացման ու չարագուժելու նեղ սահմանը վաղուց ջնջված էր Էրիվանում:
Մարգարեներին չէին լսում, նրանց միայն խաչում էին, որ չհամարձակվեն կազմաքանդել իրենց առասպելները: Ոչ ոք չուներ դրա իրավունքը Էրիվանում:
Մազմանը ձեռքի շարժումով մի կողմ տարավ ճակատին ընկած մազափունջը, ապա ուղղեց վաղուց հանգած ծխամորճը:
Իրենից լավ ոչ ոք չէր հասկանում էրիվանցիներին ու նրանց սնող միֆականությունը: Իրենից լավ ոչ ոք չգիտեր, որ անգամ իր մարգարեականությունն է … առասպել:
Նոր աշխարհում ինքն էլ ամեն բան չգիտեր ու հին ժամանակների պատկերներով իր զգուշացումները միշտ չի, որ իրականություն էին, բայց ով էր դրան հետևողը… ճիշտ, սխալ նրա ասածները էլ չէին լսում, հասկանում․․․ ամեն բառը տեղում դառնում էր թունավոր մի անեծք ու սկսում ախտահարել էրիվանցիների հիվանդ հոգիները։ Նոր ժամանակները կարիքն ունեին նոր մարգարեների:
Մազմանը մի տրոյական Կասանդրա էր` դժբախտ ու անիծյալ, առասպելների զոհն ու ինքն իրենով միֆականը, քաղաքացիների վախի ու ատելության աղբյուրը:
Ծերունին հոգոց հանեց: Նոր զգուշացումները նոր վախեր էին ծնում, նոր վախերը բերում էին նոր ատելություն, նոր ատելությունը` նոր նախապաշարմունքներ, իսկ նոր նախապաշարմունքները ծնում էին նոր առասպելներ:
Բավական է… կոտրել էր պետք այդ արատավոր շղթան: Իր գոյությունն ու կյանքը չպետք է դառնային հերթական առասպելն ու միֆը, չպիտի Էրիվանին կերակրեին նոր հեքիաթներով: Քանի ինքը կար, կային նաև վախն ու ատելությունը, հետևաբար և նախապաշարմունքները:
Եթե իր գոյությունը միայն ատելություն ու վախ էր բերում, իր մահը գոնե պիտի ազատեր քաղաքը նզովյալ համարվելու կապանքներից։
Մազմանը հայացքը գցեց պատշգամբի տանիքը կապող սևացած գերաններին: Ամուրն էին երևում: Շաբաթ-կիրակի տեսակցության եկող թոռների ճոճանակից մնացած պարանները տարուբերվում էին ծույլ:
Էրիվանն ազատել էր պետք սին պատրանքներից: Ձեռքը տարավ օղակի հանգույցին:
Ներքևում ևս զգացին Մազմանի վճռականությունն ու ձայները մի պահ քարացան: Մի՞թե, միթե իրականանում է պապերի երազանքն ու հանուն արժանապատվության իրենք ականատեսն են լինելու չտեսնված մի իրադարձության:
Մազմանը երեքշաբթի օրը ինքնասպան է լինելու:
Մազմանը` վախի, նախանձի ու ատելության մարմնավորումը, աղետի անխուսափելիության խորհրդանիշը, իրենց անհոգ օրերն անիծողը …. Մազմանը…
Ծերունին ձեռքն առավ օղակն ու անշտապ անց կացրեց վզովը: Ծխամորճը խանգարում էր։ Խնամքով հանեց բերանից ու դրեց բազրիքի եզրին։ Թոռները սիրում էին վերցնել, խաղալ ․․․
Ներքևում քար լռություն էր: Հայացքը նորից դարձրեց շփոթված կանգնած Պողոսին: Ժպտաց:
Միամիտս… տեսնե՞ս հասկանալու ես, որ այս քաղաքը ոչնչով անիծյալ չէ, դժբախտ ու դժգույն չէ, որ սա սովորական մի քաղաք է անգամ առանց որևէ զոհաբերության ու շարունակելու է մնալ նույն-նույնը նաև զոհաբերությունից հետո…տեսնե՞ս հաշտվելու ես իրականության հետ վերջապես․․․ խաղավելու ես արդյո՞ք ․․․
Մազմանը ձեռքերը մի կողմ տարավ։
– Եվ դրա համար թող չպահանջվի էլ ոչ մի զոհ ինձնից բացի,- ու մարմինը ծուլ ընկավ ճոճանակի պարանից:
Ամբոխը ճչաց անսպասելությունից և երջանկության սպասվելիք բերկրանքից:
Պրկված պարանները սկսեցին ճռճռացնել գերաններին ու Սև Բերդի քարերը հառաչելով ձայնակցեցին։ Թվաց՝ անգամ, ուր որ է վեր կկանգնի հսկա շենքն ու կքշի հեռու արյունարբու ամբոխներին՝ վերջ տալով մահաբեր այդ ներկայացմանը։ Բայց, ավաղ, քարերը միայն հառաչել գիտեին։
«Հիմա, հիմա, հիմա» վանկարկումները սկսեցին մեղմիկ օրորել խռխռացող մարմինը:
Անձրևների աստծոն մատուցած զոհաբերությունից հետո ձեռքերը վերև պարզած կռապաշտների պես էրիվանցիք չոքեցին հանկարծ պարանից կախ ընկած մարմնի առջև:
Պարանոցի խարխլվող ողերի ճարճատյունը հատիկ-հատիկ արժանանում էր հիացական բացականչություններին, ասես մի մահախոսական, մի վերջին էլեգիա ․․․

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,—
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ,—
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ` եղերական ու անբասիր․․․
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․

Կապտող ոտնաթաթերը վանկարկումների տակ ցնցվեցին մի վերջին անգամ և ամեն բան մարեց:
Արևի ճառագայթները սահեցին ծառերի կատարների վրայով ու լուռ հեռացան՝ սգալու երկու հազար քանի տարեկան Էրիվանի կուսազրկումը:
Իրականացավ:
Թե ինչ էր լինելու հետո, ոչ-ոք չգիտեր: Մազմանն էլ չկար, որ զգուշացներ հետոյի մասին: Մազմանը չկար, ու նրա հետ չկային վախն ու ատելությունը… փոխարենը կար ահագնացող դատարկությունն ու անորոշությունը:
-Բիձեն շռել ա տակը,- լռությունը պատռվեց հանկարծ: Մազերը կողքի վրա կոկիկ սանրած մանչուկը բառերը քինոտ թքեց ճամփեզրին: Արյունռուշտ հայացքներն ուղղվեցին դեպի պատշգամբը։
Եվ իրոք, ծերունու շալվարի տակից մեզի դեղնագույն շիթը ծորալով իջել էր ցած, խառնվել հողին՝ իր հետևից թողնելով թաց, գարշահոտ մի լճակ, ուր արտացոլվում էր մահկանացու լինելու ողջ թշվառությունը. մահվան մեջ ոչ մի վեհություն չկա։
-Ա, մի ձենդ կտրի, գյադա՛, թե քո ինչ ստեղ լինելու ժամանակն է,- մազերը կողքի վրա սանրած մանչուկի վզակոթին հասցնողը Պողոսն էր:
Ինչ իմանար, որ նրանց ժամանակը դեռ նոր էր գալու: Գյադաների ժամանակը ․․․
Պողոսը մոլոր աչքերը պտտեցնում էր աջ ու ձախ, փորձում հասկանալ կատարվածը, մերթ նայում էր իրար ականջի քչփչացող ամբոխին, մերթ՝ հայացքը գցում կախված ծերունուն, ու գլխի չէր՝ վերջը Մազմա՞նն էր իրենցից մեկը` նզովյալ մի էրիվանցի, թե՞ իրենք էին ամեն մեկը մի Մազման, ում զոհաբերության հետևից գնալու էին հաջորդ անգամ։
Պանդորայի արկղն այլևս բաց էր, ու արյունարբու աստվածներն էլ կանգ չէին առնելու մինչև վերջին էրիվանցին։
Շաուրմայից մնացած պատառը բերանը տանելով՝ Պողոս ապին մի վերջին անգամ անտարբեր հայացք գցեց ճոճանակի պարանից տարուբերվող մարմնի ուղղությամբ:
– Ահա թե ինչու է այդ բերդը անխորտակելի,- ատամի տակ ընկած պատահական սոխը զզվանքով կուլ տվեց ու քայլեց դարավանդներից գլխիկոր իջնող ամբոխների հետևից:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *