Օտարության մեջ ապրող հերոսին ամենից հաճախ հանդիպող զգացողությունը կարոտն է առ հայրենիք, անցյալ, անցած-գնացած օրեր։ Գիտության մեջ այս երևույթն անվանվում է նոստալգիա։ Նոստալգիան (հուն․՝ nostos-տունդարձ և ալգիա-կարոտ) տենչանք է դեպի տունը, որն այլևս չկա, կամ գոյություն չի էլ ունեցել։ Ինչպես նշում է հոգեբան Սվետլանա Բոյմը՝ սա մի ուտոպիա է, որն ուղղված է ոչ թե դեպի ապագան, այլ՝ անցյալը։ Նոստալգիան պատմության անշրջելիությունը հաղթահարելու և պատմական ժամանակը դիցաբանական տարածության վերածելու փորձ է[1]:
Ինչպես երևում է՝ կարոտախտը դրսևորվում է ներկայից դեպի անցյալ փախուստով։ Հերոսի կյանքը դառնում է մի յուրօրինակ ճանապարհորդություն՝ փախուստ դեպի անցյալ՝ մանկության քաղցր հուշեր, որոնց հաջորդում է հիասթափությունը և հետևաբար՝ հուսախաբված վերադարձը։
Իրանական սփյուռքի արձակագիրների գրեթե բոլոր հերոսները մշտապես փախուստի և վերադարձի հոգեվիճակի մեջ են: Նախ պետք է պարզել այդ կերպարների ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան փախուստի պատճառները: Այս հարցի պատասխանը տալու համար մեզ անհրաժեշտ է հայացք գցել 20-րդ դարի երկրորդ կեսի Իրանի վրա, որի բեկումնային զարգացումների մասին արդեն խոսել ենք աշխատանքի նախորդ գլուխներում:
Դժվարին ժամանակաշրջանում հազարավոր իրանցիներ ստիպված էին լքել սեփական երկիրը՝ հաստատվելով օտար միջավայրում, որը պատրաստ չէր՝ նրանց գրկաբաց ընդունելու, և բնական է՝ գաղթականներին մեծ փորձություններ էին սպասում:
Անծանոթ, օտար հասարակության մեջ հերոսը դառնում է մենակ, օտարված, և այդ դժվարությունը հաղթահարելու առաջին քայլը փախուստն է իրականությունից, որը զուգահեռվում է նաև դեպի մանկություն մտովի վերադարձով: Դեպի անցյալ ճամփորդող հերոսը հիշում է մանկության ամենից քաղցր հուշերը, մարդկանց: Հիշենք Գ. Թարաղիի «Շեմիրանի ավտոբուսը» պատմվածքը՝ «Ցիրուցան հիշողություններ» ժողովածուից: Այստեղ շղթայվում են փարիզյան ձմեռային սառնության և Թեհրանի շեմիրանյան «կորուսյալ դրախտի» մտապատկերները, Շեմիրանի ավտոբուսի վարորդը՝ Ազիզ աղան, դառնում է անցյալը ներկային կապող կարևոր օղակը: Հերոսը մտովի շարունակ պտտվում է Շեմիրանի իրենց մեծ տանը, արդեն մահացած հարազատներից մնացած քաղցր հուշերը շարունակ ձայնում են հերոսուհուն։ Նա մերթ զբոսնում է Լալեզարում, մերթ հիշում Թաջրիշի թատրոնն ու կյանքի քաղցրությունները, և այս ամենը հանկարծ բախվում են ֆրանսիական սառնությանը[2]։
«Ցիրուցան հիշողություններ» ժողովածուից մեկ այլ՝ «Մի տուն երկնքում» պատմվածքում ևս անվերջ որոնումներից հետո գլխավոր հերոսուհին՝ Մահին բանուն, գալիս է անցյալի գիրկը: «.…Դեմավենդ լեռը՝ բարձր, կանգուն ու վեհաշուք, հեռվից իրեն էր նայում: Հոր փառահեղության նման էր. երբ կանգնում էր նամազի, քամին սպրդում էր նրա աբայի տակ, թվում էր, թե գլուխը երկինք կհասնի, իսկ ոտքերը հողում արմատներ ունեն: Ինչքան լավ էր այն ժամանակ, երբ ապրում էր գագաթը դեպի երկինք հասնող այդ լեռան կախարդական ու փառահեղ բարձունքի մերձակայքում: Այդ կանգուն տղամարդը՝ պատշգամբի մարմարե երկու սյուների միջև՝ կեսօրվա աղոթքին՝ իր ստվերով մինչև աշխարհի վերջը հասած: Ի՜նչ հաճելի էր, երբ նրա աբայի տակ էր թափանցում, նստում ուսերին՝ աշխարհի ամենաբարձր գագաթին՝ հողից, կավե փոքրիկ տներից ու մրջյունի չափ աննշան ու ողորմելի մարդկանցից անդին: Ինքնաթիռի պատուհանից նայելիս էլ նույն պատկերն էր տեսնում, և թվում էր, թե վերստին նստած է հոր ուսերին, և որևէ մեկի ձեռքն իրեն չի հասնի»[3]:
Համանման մի պատկերի կարելի է հանդիպել Ազար Նաֆիսիի ««Լոլիտայի» ընթերցանությունը Թեհրանում» վեպում. «….իմ մանկության, պատանեկության տարիներին տատիս չադրան ինձ համար հատուկ նշանակություն ուներ. այն մի յուրօրինակ ապաստան էր, որ սահման էր աշխարհի և իմ խաղաղ մոլորակի միջև»[4]: Հեղինակները հատուկ շեշտադրությամբ են արտահայտել անցյալի խաղաղ հուշերում հաստատված հերոսի հոգեվիճակը, որն ասես այլևս ցանկություն չունի վերադառնալու ներկա:
Օտարված մարդու ամենից կարևոր խնդիրներից մեկն է վերադարձը դեպի ներկա, ներկայի հետ համաչափ քայլելը, սակայն, ինչպես երևում է, մանկությունը, նոստալգիկ հիշողությունները հերոսի համար կարողանում են երջանկության պատրանք ստեղծել: Հենց այդ աշխարհում է հերոսը կարողանում գտնել իր կորսված Ես-ը: Ասվածի վկան է դառնում այս խոսքը Թարաղիի «Առաջին օր» պատմվածքից. «Պիտի հետևում թողնեմ անցյալն ու վերադառնամ ներկա: Պիտի ճանաչեմ այսօրվա իմ «ես»-ը, այդ իրական կերպարին շունչ տամ վաղն ու ապագայում: Չի ստացվում: Գալիքից վախենում եմ, «այսօր»-ը դատարկ է ու անորոշ և ոչ մի տեղ չի հանգրվանում: Միայն անցյալն է, որ կա, գոյություն ունի և մայրիկի ծաղկավոր փեշի նման թաքնվելու հնարավորություն է ինձ տալիս»[5]:
Էկզիստենցիալ որոնումների մեջ գտնվող հերոսն ինքն էլ հասկանում է, որ սեփական Ես-ը միայն ներկայում, իրական աշխարհում է հնարավոր գտնել:
Անվերջ փնտրտուքի, փախուստի և վերադարձի մեջ է նաև Մարջանե Սաթրափիի հեղինակ-հերոսը՝ «Պերսեպոլիս» վեպում:
Վեպի գլխավոր հերոսը տասնամյա Մարջին է՝ Մարջանե Սաթրափին: Իսլամական հեղափոխության սահմանած օրենքներն անտանելի են դարձել նրա ազատամիտ ընտանիքի համար, կանանց պարտադրված է կրել հեջաբ: Դպրոցները հայտնվել են համատարած քարոզի մթնոլորտում: Այսպիսի պայմաններում ազատատենչ խառնվածք ունեցող հերոսուհին հաճախ է բախվում խնդիրների, և նրա ընտանիքը որոշում է իրենց դեռահաս դստերը հեռացնել Իրանից, որտեղ ապագայի ոչ մի լույս չի երևում, և որտեղ ամեն վայրկյան վտանգված է իրենց դստեր կյանքը: Վեպի առաջին հատվածն ավարտվում է հերոսուհու՝ Վիեննա մեկնելով: Հրաժեշտի ժամանակ Մարջիի տատիկը մի կարևոր պատգամ է հղում թոռնուհուն, որ պիտի ուղեկցի նրան իր ողջ կյանքում. «Երբեք չմոռանաս՝ ով ես, որտեղից ես եկել…»[6]:
Վեպի երկրորդ հատվածն արդեն պատմում է Մարջիի՝ Վիենայում ապրած կյանքի մասին: Նա այստեղ բացարձակ միայնակ է, դժվարությամբ է ընտելանում նոր միջավայրին, լեզվին: Այս ամենին ավելանում է մի անհաջող սիրավեպ, որն իր խորը հետքն է թողնում աղջկա հոգեկան առողջության վրա: Շուրջ երկու ամիս մեն-մենակ, օտարության մեջ, դրսում ապրելուց հետո Մարջին ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում: Նա իր այս ժամանակի հոգեվիճակի մասին գրում է. «Ես գիտակցում էի, որ հեղափոխությունն ինձ բաժանել էր իմ ընտանիքից, ես փրկվել էի պատերազմից, որը, սակայն, ինձ բաժանել էր իմ հայրենիքից, ծնողներից… և այս հիմար սիրավեպը, որ ինձ համարյա կործանեց»[7]:
Օտարված հոգեվիճակում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հերոսուհին որոշում է վերադառնալ հայրենի Իրան, որտեղ ընտանիքի ու ընկերների սերը կկարողանար նրան դուրս բերել մենության ճահճից: Սակայն Իրանն այևս առաջվանը չէ: Իրան-Իրաքյան պատերազմը նոր է ավարտվել, երկիրը ծանր իրավիճակում է, ողջերից առավել կարևորվում են շահիդները, կրոնական արգելքները ճնշում են մարդկանց ամեն պահի: Հայտնվելով այսպիսի մթնոլորտում՝ Մարջանեի օտարումը հասարակությունից էլ ավելի է խորանում, նա իրեն ավելորդ էր համարում թե՛ օտար Եվրոպայում և թե՛ հիմա հարազատ Իրանում: Վիենայում երկար տարիներ ապրած հերոսուհուն խորթ են իրանական բարքերը, իսլամական խիստ կանոնները, նա իր մտածելակերպով տարբերվում է հասակակիցներից: Իր այս հոգեվիճակի, ավելորդ, օտարված լինելու մասին նա գրում է. «Իմ հոգու խեղճությունն ամփոփվում էր այս մեկ նախադասության մեջ. «ԵՍ ՈՉԻՆՉ ԵՄ»: Ես արևմուտքցի էի արևելքում և իրանցի՝ արևմուտքում: Ես չունեի ինքնություն: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչու եմ ապրում»[8]:
Այստեղ ֆիզիկական փախուստին և վերադարձին զուգահեռվում է նաև հոգեբանականը: Փախուստ սեփական խնդիրներից, վերադարձ մանկության Իրան, փախուստ նոր ու օտար միջավայրից, վերադարձ հարազատների մոտ:
Հաճախ ինչ-որ ծանոթ բույր կամ համ կարող է հաղորդել անցյալի քաղցր հուշերի նոստալգիկ տրամադրություն: Գրականությունը, լինելով կյանքը պատկերող արվեստ, չէր կարող այս երևույթից անմասն մնալ: Հիմք ընդունելով սա՝ կփորձենք սփյուռքաբնակ կին արձակագիրների ստեղծագործություններում ուսումնասիրել համային կարոտախտի (Gustatory Nostalgia) թեման: Այս առումով հետաքրքրական են Մարշա Մեհրանի և Դոնիա Բիժանի երկերը: Նրանք իրենց գրականությամբ հաղորդել են իրանական խոհանոցի համը, ուտելիքից բարձրացող բուրավետ գոլորշին՝ այդ համերի միջոցով ասես կամուրջ ստեղծելով օտարության և հայրենիքի միջև:
Ուշագրավ է հատկապես Մեհրանի «Նռան ապուր» վեպը: Այն զարգանում է Իրանից Իռլանդիա մեկնած Ամինփուր քույրերի շուրջ: Նրանք օտար հողում բացել են իրանական «Բաբելոնյան սրճարանը»՝ իր ազգային խոհանոցի մոգական բույրերով: Իրականությունն այս վեպում հաճախ է կամրջվում անցյալին, իսկ այդ կամուրջը իրանական ուտեստներն են՝ Դոլմե, Ղորմ-ե սաբզի, Աշ-ե անար, Ղեյմե, Գուշ-ե ֆիլ և այլն: Իր հարցազրույցներից մեկում Մեհրանը, խոսելով սեփական գրականության մեջ ազգային խոհանոցի յուրօրինակ դերի մասին, նշում է. «…Ամեն ինչից առավել ես ցանկանում եմ, որ ընթերցողները շնչեն և համտեսեն Իրանի մեծագույն պարգևներից մեկն աշխարհին՝ նրա բուրումնավետ, նրբաքիմք խոհանոցը… ես պաշտում եմ խոհանոցը… իմ ամենասիրած ուտեստը Ղեյմեն է»[9]:
Ողջ վեպն ասես իրենց երազած խաղաղ մի անկյան համար «Բաբելոնյան սրճարանի» տիրուհիների փնտրտուքն է, որը հերոսուհիները միայն վեպի վերջում են գտնում: Գիրքը ավարտվում է արևելյան և արևմտյան բույրերի միահյուսմամբ, անցյալի և ներկայի հետաքրքիր խաչասերմամբ: Վեպն ավարտվում է կելտական բերքահավաքի ծեսի՝ Լոնազայի նկարագրությամբ, որտեղ իրանցի Մարջանի խոհերը նրան տանում են մանկության նռան այգիներ. «….Մարջանը սիրում էր հիշել, որ նուռը եղել է և միշտ կլինի հույսի պտուղ… Այն հուշում էր նրան, որ լավագույն բաղադրատոմսերը չեն գրվում միանգամից, այլ երբ լցնում ես մի գավաթ Շիրազի գինի և վայելում Բիլի Հոլիդեյի մեղմ հնչյունները»[10]:
Համային կարոտախտի մեկ այլ դրսևորման կարելի է հանդիպել Դ. Բիժանի «Մայրիկի հայրենաբաղձության կարկանդակը. պարսկական սիրտ ամերիկյան խոհանոցում» վեպում, որտեղ հեղինակը ներկայացրել է իր վտարանդի ընտանիքի պատմությունը՝ միահյուսելով իրանական խոհանոցի բույրերով ու բաղադրատոմսերով: Իր մանկության մասին Դոնիան գրում է, որ Ամերիկայում բնակվելու առաջին տարիներն իր համար անցան հոր հիվանդանոցի հատակներում խաղալով և մորն օգնելով՝ պատրաստելու պարսկական համեղ կերակրատեսակները: Նա նշում է. «Ամերիկան գաղթականների երկիր է, և մեր ընտանիքի պատմությունները հաճախ հյուսվում են մեր մանկության բույրերից, գույներից և ձայներից, արձակուրդներին մեր տատիկների ձեռքով պատրաստված ավանդական կերակուրներից, մեր նախնիների լեզվով երգի պատառիկներից, քաղաքի հարազատ բույսերի և ծաղիկների բուրումնավետ օդից»[11]:
«Մայրիկի հայրենաբաղձության կարկանդակը. պարսկական սիրտ ամերիկյան խոհանոցում» գրքում վառ են հեղինակի մոր սիրելի արծաթյա սպասքի, ընտիր ճենապակու պատկերները՝ որպես մանկությունից մնացած եզակի մասունքներ: Իսկ ներկայում Բիժանի ձեռքին միայն մայրական ձեռագրով գրված բաղադրատոմսերն են, որոնցից շուրջ երեսունը հեղինակը ներկայացնում է իր գրքում[12]:
Թե՛ Մեհրանը և թե՛ Բիժանը իրենց այս գրականությամբ փորձել են տրվել մենության հաղթահարման լավագույն միջոցներից մեկին՝ դեպի անցյալ մտովի ճամփորդությանը: Իսկ անցյալը նրանց համար մշտապես առատ կաթսաներն են, խոհանոցային եռուզեռը, իրանական յուրատեսակ ուտեստները և դրանց այն եզակի համը, որ տարածության և ժամանակի մեջ փոխվել է: Օտարության մեջ ազգային խոհանոցը այլևս չունի իր շքեղությունն ու մշտապես հիշողության մեջ դաջվող համը:
Համային կարոտախտն այն թեմաներից է, որը շատ հոգեհարազատ է հայ գրականությանը։ Քանի որ հայերս էլ, ինչպես իրանցիները, յուրատիպ, երբեմն սրբության հասնող կապվածություն ունենք մեր հացին, ավանդական համերին, մրգերին։ Ահա այս գաղափարի գեղարվեստական պատկերումն ենք տեսնում Ուիլյամ Սարոյանի «Նռնենիներ» պատմվածքում։ Թեթև հումորով հեղինակը պատմում է իր Մելիք հորեղբոր՝ ԱՄՆ-ում հայկական նռներ աճեցնելու անհաջող փորձերի մասին[13]։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեղինակը ցանկացել է պատմել զվարճալի մի պատմություն իր հորեղբոր մասին։ Սակայն այստեղ տեսնում ենք հայկական խորհրդանիշը համարվող նռան միջոցով օվկիանոսից անդին փոքրիկ Հայաստան վերստեղծելու ուտոպիական գաղափարը։
[2] Տե՛ս Երբ խաղաղ կլինի – իրանական արդի պատմվածքներ, թարգմ․՝ Ա Բագրատյանի, խմբ․՝ Ն․ Դարբինյան, Գրատուն հրատ․, Եր․, 2021, էջ 14:
[3] Նույն տեղում, էջ 245:
[4] Nafisi A., Reading Lolita in Tehran: A memoir in Books, USA, Random House, 2008, p. 136.
[5] «Գոլի Թարաղի – Առաջին օրը»
[6]https://mamnoe.files.wordpress.com/2011/12/persepolis-book-1 persian.pdf?fbclid=IwAR0L7_JBlMNwYfZfBsvDQ8rjgWLMCHCwGMeAp9in7_CSEfeI0oysNn39MBk (Թարգմ. պարսկերենից՝ Ա. Բ.):
[7]Satrapi M., Persepolis 2: The Story of a Return, New York: Pantheon, 2004, p. 87, (Թրգմ. անգլ.՝ Ա. Բ.).
[8] Satrapi M., նույն տեղում, էջ 118, (Թարգմ. անգլերենից՝ Ա. Բ.).
[9] «An interview with Marsha Mehran»https://www.bookbrowse.com/autor_interviews/full/index.cfm/autor_number/1191/marsha_mehran (Հասանելի է առ 09.05.21):
[10] Mehran M., Pomegranate Soup: A Novel, New York: Random House, 2006, p. 222. (Թարգմ. անգլերենից՝ Ա.Բ.)
[11] http://www.doniabijan.com/books (Հասանելի է առ 09.05.21):
[12] Տե՛ս Bijan D., Maman’s Homesick Pie: A Persian heart in an American Kitchen, Chapel Hill, North Carolina: Algonquin Books, 2011.
[13] Ուիլյամ Սարոյանի «Նռնենիներ» պատմվածքը հայերեն թարգմանությամբ հասանելի է https://granish.org/wiliam-saroyan-nrneninery/ հղումով: