Գրում եմ ծնկաբաժակը խախտված մի սրտի համար իր սիրեցյալի սիրո տեղից։
Շեղջը մեծ է տերեւների խարույկից:
Ապրելու բոլոր կրակները՝ հուշկապարիկ։
Շշուկը մեծ է ագռավից:
Բարձր բարդիներից կռավող:
Եղնիկը մեծ է ձնահյուսքից:
Թիթեռը մեծ է քամիների վաշտից:
Կոնի ընկնելը մեծ է եղեւնուց:
Վայրի խնձորը մեծ է Դեմիրճյանի ծառից:
Տանձուտը մեծ է հարավային կողմից:
Տունը մեծ է տան մեջ: Ծալք է կամ վտիտ մոմ։
Բարդին մեծ է Նաիրիից:
Քո ժողովուրդը մեծ է քո ժողովրդից:
Գիհի, ակռի, արոտակ, գենի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի… քո ժողովրդի բառերը։
Հույս չի կարելի դնել հուշի վրա:
Մոռացումը մեծ է նշաններից։
Որ կյանքը շարում է ամեն շրջադարձի վրա։
Համ էլ…
Նրա պատմածը մեծ է ճանաչելի փորձից:
Նա մեծ է քեզնից իր սխալով:
Որովհետեւ…
Սեռը մեծ է մարմնից:
Կարո՞ղ ես վրեժ չծյուրել։
Լաջվա՛րդ անսասան, նայիր կնոջ իմ աչքերին: Մոռացիր կարդացածդ: Նայիր իմ աչքերին: Տեսնու՞մ ես որտեղ եմ տնկել ծառն իմ: Այլ կանանց արցունքներով ջրած ծառերի կավահողին: Քեզ հարցնում եմ` ինչպե՞ս ես սպասում խոստումի՝ մաշված բաների այս աշխարհում։
Նա պատմում էր քո՝ հեռվից գալը։
Պատմում էր որպես ահ-ահարկու մի բան։ Մոտեցող իր պատշգամբին։
Այդպես տեսնելը կարիք է։
Բացառիկը մեծ է սխալներից։
Գայթակղությունը մեծ է դավաճանության խարանից։
Շեմը մեծ է անդինից։
Կարո՞ղ ես մեծն հատել։ Քանզի լսելը մեծ է ցասումից։ Կարո՞ղ ես լսել այլայլումը նրա։
Հույզը մեծ է օրենքից։
Միտքը մեծ է հորիզոնից։
Նա այնքան, այնքա՜ն լացեց։
Քո գնալը մեծ է տառապանքից։
Դրանով լցվել էին նրա ջղերը, քունքերը, որ տրաքում էին, լեզուն, որ պատռում էր ասելիքը։
Եզրը մեծ է անդունդից։
Նրան տվել ես կենդանության հոգսը։
Ինչպե՞ս դա կրի առանց քեզ։
Նա դրեց ախր, դրեց ախր ոտքերիդ տակ: Ամենն, ինչ որ ուներ։
Տալը մեծ է ունենալուց։
Երբեք չի իմանա ինչպես շարունակել ապրել առանց քո դաժանության ու կռվի:
Նա արժանի է, տուր նրան քո դավը:
Ցավը քաշելիք է. դասը չունի խույրեր ու վեղարներ։
Կարիքը մեծ է հասկացություններից։
Սռիվը մեծ է եղածից:
Երկու աշխարհներ է կապում:
Ես քեզ մաղթում եմ վիշապի լեւըլն անցնել:
Դու չես պաղել, մի՛ ձեւացրու, մի՛ հաշվարկիր:
Կրկին մի՛ հոգնիր մտքի անդուլ պտույտից:
Հնադարը եւ այլ ժամանակներ:
Խոսրովի անտառը չորրորդ դարից:
Ըղձականը անցյալի:
Նա անընդհատ ասում էր` անեի, ասեի:
Ու այնքան էր քոնը, որ դրեց իրեն առջեւդ խոցելու։
Հիմա նա ավելի՛, ավելի շատ քոնն է։
Մեկ դառնալը մեծ է երկուսից:
Ներիր նրան, ինչպես միայն նրան կներեիր:
Փուչ պոպոքը մեծ է խոստումից:
Ի՞նչ կարող է մարդն ընդհանրապես խոստանալ: Ինչո՞ւ: Ի՞նչ աղիքներով ու սրտով: Հույսդ ինչի՞ վրա ես տարածել:
Անորոշությունը մեծ է կարգից:
Ինքդ մեկ քայլ հետ դիր: Ազատագրիր նրան խոստումների ցուցանքից:
Նա ավելի ազնիվ է, քան սեպտեմբերի գալը:
Որը հետայսու գալու է որպես գույժ։
Երանի ապագայի մեջ սեպտեմբերի այդ օրը չլիներ՝ անցյալում ծվարած: Երանի դա լիներ հոգիների ծաղկաքաղ մի երկնքի համար, որ ավելին է, քան արքայությունը սուրբ գրքերի իմացած:
Ի՞նչ է բանը:
Խզում:
Երբ չգիտես:
Հինգ հազար բեկված անուն։
Յ-ն կիսաձայն է:
Իմ կեսը մեռածների մեջ եմ փնտրում:
Օ, կնոջ դատարկված անկողին։
Եւ այնքան եմ նայել իմ երեսին, որ չգիտեմ ինչպիսինն են աչքերս։
Ձյունը մեծ է ողբից:
Մորմոքը մեծ է տանջանքից:
Արկը մեծ է պայթում:
Փամփուշտը մեծ է գլխից:
Ֆոսֆորը մեծ է փողից:
Հուսախաբությունը մեծ է խրամատից: Ծածանվող դրոշներ՝ մեր աչքերի համար՝ վայրի։
Դիմադրումը մեծ է հանգումից:
Սաստիկը մեծ է համակերպումից:
Խունկը մեծ է գերեզմանից:
Թասն` արծաթից:
Շելը մեծ է առաջնագծից:
83 հատ դրոն:
Մի երկնքում:
Մետաղյա երկինքը մեծ է միջուկային զենքից:
Հին ժամանակներում մարդիկ ամպերի տակ իրեր են թաքցրել՝ պատմում է Շիրակացին։ Հետո սպասել են նույն ամպերին, նույն ամպերի տարածվելուն։
Թաքուցյալը մեծ է գաղտնիքից։
Մեկի ամենաանձնականը բոլորի ամենաանձնականն է։ Սա ասել եմ արդեն մի այլ գրքում։
Լեզուն մեծ է լսածից:
Լեզվակը բոցեղեն կրակ է:
Բաբելոնյան կանաչ լեզուներ:
Աշտարակ-Եղրեւանի:
Անընդհատական բաներ:
Թաքնապատիր։
Ինչպե՞ս գիտես՝ ինչ:
Համասփյուռ ծաղիկ` թերթիկների տասներկու գույնով: Մատենագիրն ասում է` ամեն մեկը մի ցավ է բուժում: Կա՞ արդյոք, չկա՞։
Պաղատում եմ` լսիր:
Վսեմության համար պետք է դա էլ ապրել:
Կարողանալ լինել։
Տեսությունները չգիտեն։
Գիտե՞ս քանի բյուր գիշեր չեմ քնել` սայթաքելով անդին, ուզելով գոնե մի չնչին բան, չնչինագույն մի բան, որ չկա: Իսկ օրվա մեջ հավաքել եմ պատառիկները կյանքի խլացած հոսանքից: Բայց իմ պատերազմը չե՛մ մոռացել: Թույլ տուր նրան քո զինավորը դառնալ:
Զգալը մեծ է լինելուց։
Գիրկը մեծ է դրախտից:
Ծոցը մեծ է հրվանդանից։
Ափսոսանքը մեծ է ապրածիծ ու չապրածից։
Դեպրեսիան մեծ է մեռնելուց: Մեռնելու համար էլ ուժ է պետք, բայց ոչ նույնքան, ինչքան ընկճության։
Դիակը մեծ է դաշտից: Դաշտերի մեջ բոլ-բոլ բորենիներ ու բոսոր արեւ։
Դեւը մեծ է չարից: Նրան կարող ես հարցնել՝ ի՞նչն է քեզ անընտել պահել քեզ սահմանված քո աշխարհում։
Հառաչը մեծ է դավանանքից:
Ոտքը մեծ է գայթելուց:
Քո ապտակը մեծ է նրա մեղքից:
Լուսանկարը մեծ է անցյալից:
Գովեստը մեծ է ճանաչողությունից:
Ասելը մեծ է չասելուց:
Գրականությունը մեծ է փաստից:
Պոեզիան մեծ է լուրերից ու դրանց սարսափից:
Ես արտերի մեջ դեպի սիրո հույսը գնացող մի լուսամուտ տեսա։ Դա կազմված էր ոչնչից ու շրջանաձեւ վարսակից։
Պատանին մեծ է տարեկանի արտից։
Հոր ուրվականը մեծ է։
Բառեր, բառեր, բառեր ու թույն:
Երկրի ստվերը մեծ է լուսնից։
Փառը մեծ է աչքից, լուսնի բակից:
Ճառագումը մեծ է արեւից։
Իմ ոսկեփայլ թեփուկները մեծ են մսից:
Անյուտս, Անյուտս՝ ասաց իմ առաջին սերը, երբ քսան տարի հետո տեսավ ինձ։
Առաջին սերը մեծ է տարիներից:
Կորուստը մեծ է մահից ու բարուց:
Էշխը մեծ է Անատոլիայից: Որտեղ աճում են արնածաղիկները՝ հայկական ողնահարով։
Էշը մեծ է աշուղից:
Խաբկանքը մեծ է մուսայից:
Կասկածը մեծ է հավատամքից:
Սորունությունը մեծ է անապատից:
Անապատը կարող է զրնգալ։ Բայց ինքս երբեք չեմ լսել ականջներով։ Անապատի ձայնը քոնն է՝ պահպանելու։
Խեցին մեծ է բովանդակ ավազից:
Զանգակը մեծ է հովտից:
Խորանի փռոցները մեծ են կրոնից:
Լույսի մեջ խայտացող գավիթի վարագույրը մեծ է պատարագից:
Կողոսկրը մեծ է արարումից։
Թեւը մեծ է երկնքից: Թեւի ապրելու տարածքներ՝ բաց եթերների տակ։
Արփին մեծ է արեգակից:
Հոսանքը մեծ է գետից:
Կարող ես գետն անցնել, բայց ոչ նրա հոսելը։ Մկրտության տեղեր։
Ժպիտը մեծ է հասակից:
Համբույրը մեծ է գլխապտույտից:
Խաղը մեծ է աշխատանքից:
Թափառումը մեծ է ուղղությունից։ Աղեղնավորը թող վայր դնի աղեղը իր։
Վերադարձը մեծ է բախտից։
Սլաքը մեծ է ժամանակից։
Ծիծաղը մեծ է վատ բաներից:
Շունչը մեծ է մարմինների երթից:
Թող գոռամ, թող կրկնեմ…
Ազատություն:
Ինչպե՞ս ախր։
Կենցաղը մեծ է կյանքից:
Ցավող ուսեր, ցավող մեջք:
Մեջք մի դարձրու նրան, նա չգիտի ինչպես դա արտացոլել:
Դու ինչպե՞ս գիտես: Ինչպե՞ս ես լուծում գտել, որի մեջ չի տեղավորվում քո սիրտը: Միայն պատռտանքը նրա:
Կինը մեծ է ֆեմինիզմից։
Յոթնադավան վհուկ ու խեղճ։
Լացեր։
Լացեր։
Լացեր։
Ու չանչի մխրճում։
Երբ քո կյանքը ոչ ոք չի հասկանում։ Կանայք անգամ։
Այնքան եմ ինքս ինձ հոգնեցրել անսասանությունը կրելուց։ Բայց որ քո՛ անունն է։
Ընկալելը մեծ է հեռացնելուց։
Խուսափումը մեծ է սկզբունքից:
Անակնկալը մեծ է հաշվարկից: Կարո՞ղ եմ ու հանկարծ սկսել ապրել։ Կյանքը մտածելուց զատ։ Ինձ եմ հարցնում։
Տառոն մեծ է կանխատեսումից։
Ամեն մարդ մեծ է իր դերից:
Փշաձուկը մեծ է իր դերից։
Ծիգռովի ակուլան մեծ է օվկիանոսից:
Հառիճը մեծ է Շիրակից, ուր ապրել է Շիրակացին։
Բարբառը մեծ է կենտրոնից:
Ծաղիկը մեծ է դրամայից:
Դրաման մեծ է ապրելուց: Կյանքը մի բան դարձնելու կախարդական նոպա։
Նախշը մեծ է հարթությունից:
Տարեցի սիրահարությունը մեծ է սիրեցյալից:
Հարսնացուն մեծ է հարսանիքից:
Երազները նրա:
Դափնին մեծ է ծովից:
Ուղեկցությունը մեծ է խանդից: Ուղեկցել բոլոր ճամփաներով վարանումը նրա, որ սիրո պակասից չէ, այլ ինչ-որ բանի անդադրել մխոցից։
Հաճույքը մեծ է պատվից:
Կիրքը մեծ է զարզանդ բաներից:
Լավ խոսքը մեծ է շռայլությունից:
Արժեւորելը մեծ է արժեքից:
Հայացքը մեծ է ասելիքից:
Նրա աչքերից թափվում էին կաթիլակերպ ձկներ, սեւսիրտ լուսան, աղաչանք, մի գազան հույս ու նրա կյանքի ամենամեծ լացը։
Մոխիրը մեծ է ավանդույթից:
Աստված մեծ է սրբությունից։
Հինը մեծ է ժամանակից:
Լինելիքը մեծ է գալիքից` հազարավոր հյուսքերից նրա:
Աչքը մեծ է հեռվից: Մի ասպարեզը մարդու հանգիստ քայլքն է, երբ արեւն անցնում է իր չափ տարածք։ Միջնադարյան երկու րոպե։
Վայրկյանը մեծ է զառիթափից։
Որոտը մեծ է պահից։
Աշունը մեծ է տարուց:
Երեկը բավարար չէ:
Սիրիր նրան, քանի դեռ սիրում ես:
Անդունդը շրջիր պատվանդանի վրա:
Չիմանալն է քո կուռքը:
Կռացիր:
Խնկամանը բույս է:
Գեղեցիկը ճշմարիտն է, անցնողը ճշմարիտի լուսապակուց։
Տղամարդու ցավն ավելին է, քան երեխան:
Լացողի ծլուլը մեծ է մորից: Մամս, էնքան եմ ծերացել, որ քո տարիքին եմ արդեն։
Մի աչքով լացում եմ, մյուսով՝ խնդում խնդալով։
Խայտալը մեծ է թիթեռների բանակից, երամի՞ց, պարսի՞ց:
Կատվի բեղիկները մեծ են սակրավորից:
Դու այստեղ կժպտաս։
Կատուն մեծ է հավատարմությունից։
Հափշտակությունը մեծ է համբերելուց:
Միամտությունը մեծ է ճշտից:
Տողատակը մեծ է հանքից: Ամուլ սարի վրա ու տակ կյանքը ձեւող ձեւեր։
Նյուանսը մեծ է կոնտեքստից:
Նրա այս հեծեծումը: Հեծեծումները բազում են. հենց ա՛յս մեկը։
Քո անձը մեծ է:
Նա քեզ այդպես է տեսնում:
Ոչ փերի: Այլ ծովերի Կալիպսո:
Սահմանը մեծ է ազատությունից:
Միտքը մեծ է հավաքական մտքից: Մտալեզո՛ւ ունենալ։
Հմայքը մեծ է թափից:
Թափը մեծ է տարածությունից։
Ծունկը մեծ է ծնկումից:
Կանգնի՛ր, ա՛յ տնավեր:
Վառվողը մեծ է հրդեհից:
Ցավից գոռացողը տեսել է ճանապարհը։
Արահետը մեծ է տեսությունից: Արահետ բացելը տեսնելն ինքն է։
Ջանքը մեծ է պարտությունից:
Տագնապը մեծ է արհավիրքից:
Ճանկը մեծ է պատռվածքից:
Երակի մեջ կաթոցիկը մեծ է արյունից:
Գանգը մեծ է գլխից:
Եթե ես վերցնեմ գանգը, ավելի բան կլինեմ, քան եթե վերցնեմ կտրված գլուխը։
Թունդը մեծ է թույնից:
Հիացումը մեծ է ողջ գիտելիքից:
Զարդը մեծ է Կաղանդ պապից: Զարդ մը, զարդ մը, զարդ մը, էլի զարդեր։
Ոսպը մեծ է Զահրատից:
Թրաշուշանը մեծ է խորքից:
Քո մազերի փունջը մեծ է նրա անկողնուց:
Նա չի կարողանում դիպչել:
Բույրդ մեծ է հիշողությունից:
Դուռը մեծ է արմավենու ճյուղերից:
Ե՛տ մտիր։
Ապագան կար ու չկա:
Խռովությունը մեծ է երկրից:
Դառնությունը մեծ է ինքն իրենից:
Յոթնախոց Տիրամայր: Խաբեության փշեր:
Ճաճանչը մեծ է սրբից:
Ինքնասպանը մեծ է իր որոշումից:
Երկնաթառանչ ցավը Պաղեստինի մեծ է Պաղեստինից:
Հուռթին մեծ է ցորենի պահեստից, որ տրաքեց Բեյրութում:
Լորենին լորենի է:
Սինձը` սինձ:
Դո՛ւ եղիր քո սիրած տղայի սիրած տղան: Եվ կինը:
Ամպագոռգոռ անձրեւ:
Բուրդը մեծ է Տեղ գյուղի դաշտերում փռված` ինչպես ոչխարների երամ:
Աննա ջան, գուցե մի ուրախ բա՞ն գրեք:
Մերկությունը մեծ է Թումանյանից։
Առնանդամը ավելին է սրբազգամների բանակից:
Բանակը մեծ է քաոսից:
Բանաստեղծությունը մեծ է իր ներս բերած աշխարհից: Մեր աշխարհը՝ լեզուների հանգրվան։ Ինչքան էլ վաղանցուկ են բառերը։
Ցողը մեծ է բնությունից:
Մղեղը մեծ է տանիքը լցրած հարդից:
Նամանավանդ ոսկի։
Քնի ու արթնության տիրույթում՝ խավարի մեջ սեռը տրոփելիս:
Գանգրահեր տղա:
Իսկ ցերեկը ես մաքրում էի տունը ու լսում էի ռուսական երգեր:
Սիսեռահատիկը մեծ է դոշակից, դոշակներից ու արքայադուստրից:
Ալիսան մեծ է հեքիաթից:
Վհուկը մեծ է միջնադարից:
Թեեւ ինձ մի կակաչ էին բերել՝ որպես ներողություն: Տասնութ տարի առաջ։
Մի կակաչն էլ մեծ է, նրա առէջներն անգամ:
Խմիր ու մի՛ մխա:
Դարանակալ` դառնալ նրա ծոցի թշնամին:
Առաջին օրը հավերժ է:
Երբ դու ընկնում, ընկնում, ընկնում ես սիրո մեջ: Եւ ես անգամ չեմ չափազանցնում։
Մանուշակը մեծ է ոսկորների փոսում:
Ոսկորների փոսում…
Ու ձայնը։ Ձա՛յնը։
Լռեցրու, խնդրում եմ, լռեցրո՛ւ, խնդրում եմ, իմ լռությունը:
Հույսը մեծ է երազանքից:
Մե՛ծ է երազանքից։
Մե՛ծ է։
Երբ բանն ավելին է իրենից:
Ահռելի՛ է, քան կա։
Ես նրան սիրում եմ՝ ասաց նա։
Իմ թեւ ու ոտ՝ ասաց նա։
Օսկռների՛ս ծուծք՝ ասաց նա։
Անտանելի՛ ղախպա։
Ահռելին մեծ է ավելի ահռելիից:


Կան հաջող տողեր, կան խրթին ու խուճուճ տողեր, բայց «անհասկանալիության» դարն անցել է: Պոսմոդեռնոտ հին է: