Խանե Ղուկասյան | Փաթեթավորում

Ցերեկ, երեք անց քսանհինգ, շոգ
Շա՜տ շոգ
Արև, կանաչ խոտ, բոստան
Տրակտորի ժանգոտած լաֆետ
Մեջը դագաղներ…
Շա՜տ դագաղներ
Դատարկ են.
Ինձ մեկը հարցնում է՝ քոնն ուր է
Ասում եմ՝ իմը դեռ դատարկ չէ,
Չեմ ուզում այն բացել,
Շորերս դեռ դրա ներսում են,
Ապրում են ինձնից բաժան,
Մինչև քայքայվելը.
Իրար վրա ու կողք շարված դագաղներ
Ուր են տանելու
Լցնելու՞,
Ինչո՞վ,
Փաթեթավորման նման է
Չէ՞,
Գործի պահեստում լիքը փաթեթավորման թուղթ կար
Թղթե գլանակներ էին,
Կամեռա կար
Աչքերի նման հետևող,
Խաղեր, գրքեր
Մոտիվացիոն գրքեր
Գործի ընթացքում մոտիվացիա էլ էի ստանում,
Ցուցանակ` «Քեզ մոտ դեպրեսիա է»,
Կարճ էին խոսակցությունները
Դրսի ու ներսի,
Կատուների մլավոց,
Լիքը կատուներ
Միայն նրանք էին խաղաղ այնտեղ
Մեկի անունը Տխուրիկ
Տխուր մռութով,
Մյուսինը` Քնքուշիկ՝
Կլոր դեղնանարնջագույն աչքերով,
Վազում են փաթեթավորման թղթերի վրայով.
Ապրանքների կույտեր, նվերի տուփեր
Դրանց մեջ մտնող աշխատողներ
Արդեն ուզում են մեռնե՞լ
Թե կատակ են անում
Հահ կատակ էր,
Տուփերը շարված են տոնական ձևավորման համար
Դատարկ են
Դագաղների նման մերկ ու մութ.
Հոգնած դեմքեր, ուռած աչքեր
Կարճ մազեր, կարճ կյանք
Զանգեր, հաղորդագրություններ
Ու դրանց շարունակող հառաչանքներ,
Դեղին լույս, գործից ազատվել ցանկացող համակարգիչ
Դեպի վեր բարձրացող ծառի արմատ
Ու՞ր
Երկի՞նք,
Չէ ոնց որ չի ձգի հասնել էնտեղ
Վերև,
Գլխացավ
Անտարբերություն
Դրա ֆոնին գեղեցիկ է միայն հնչող երաժշտությունը.
Ուր էինք հասե՞լ
Հահ
Փաթեթավորմանը
Չեմ կարողանում կոկիկ փաթեթավորել
Ուրախ դեմք, նվերի տուփ, գիրք
Մանավանդ վաղ առավոտյան
Ստիպված պտտում եմ թղթերը
Թեմատիկան Նոր տարի,
Ո՞նց արդեն տարվա վերջ
Դուրս եմ գալիս տարվա վերջով
Մնալու եմ առանց Նոր Տարվա
Առանց թղթերի փաթեթավորման
Մի կերպ կապրեմ
Հա՜հ մի կերպ.
Չորսն անց քսանհինգ,
Սառը օդ, բայց արև
Աշնան արև է, դեղին խոտ ու դաշտ
Էլի դագաղներ
Շատ են
Շատ-շատ,
Շագանակագույն են ու փայլուն
Փաթեթավորման թղթերի նման անհրապույր
Կույտերով լցված են,
Բայց դատարկ են
Ներսն էլ փոշոտ
Էլի մեկը հարցնում է քոնն ու՞ր է
Ասում եմ, որ իմը դատարկ չէ
Ուզում եմ բացել
Միջից շորերս վերցնել
Ցուրտ է հագնելու ժամանակն է.
Անհամար «փաթեթավորման տուփեր»
Դրանց մեջ իմի տեղ չեմ գտնում
Վերջ հա՞
Մնացի անշո՞ր,
Մնացի դատարկ մյուս դագաղների նման
Վերջը էնքան եմ սառելու
Դրանցից մեկնումեկի մեջ մտնեմ
Փակեմ ու երևի տաք կլինի արդեն
Դագաղի մեջ տա՞ք է,
Մութ է,
Շորերս էդպես էլ չգտա
Դատարկ փայտե կաղապարի մեջ կսառեմ,
Հը՞ն,
«Քեզ մոտ դեպրեսիա է»
Ննջիր,
Ու էլ դուրս չգաս մռայլ դագաղիցդ,
Որը վաղ թե ուշ ազատվելու է մարմնիցդ…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *