Վազգեն Սարգսյան | Դրախտ ես դու, դրախտ, Փառանձեմ

Հոգին ցավի գնդապետի, որ էդ կրակը բերեց-գցեց հանդապահի 62 տարեկան սիրտը ու նրա 62 տարվա, թվում էր, հանգած, դանթած արյունը ալեկոծեց-պղտորեց։ Պատանու նման շփոթվեց հանդապահը, լեզուն կապ ընկավ։ Գեղեցիկ կանայք էլի էր տեսել, բայց այս մեկն ուրի՜շ պտուղ էր։ Ծնկները փայլեցնելով մեքենայից իջավ, ջինջ աչքերով ժպտաց թե չէ, հանդապահն գգաց, որ իր կարծրացած սիրտը ճաք տվեց, ու այդ ճաքի միջով բոցեղեն կինը այնքա՜ն անժամանակ ներս մտավ։ Ինչե՜ր միայն չարեց… Կոշիկների սար-սար կրունկներով հանդապահի սիրտը կտոր-կտոր արեց, բայց էդ ի՜նչ հաճելի ցավ էր։ Մազերը շաղ տվեց, հոլանի թևերը պարպեց դեպի արևն ու մնչաց. «Հրա՜շք է»։ Ու, զարմանայի բան, ամեն օրվա արևը, աշնան ժլատ արևը հանկարծ հրաշալի դառավ, ու նրա ջերմությունը երբեք ավելի քաղցր ու ցանկալի չէր եղել։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ, ո՞վ կպատկերացներ, որ աշխարհից կտրված էս մի բուռ քար ու քռեն, էս մամռակալած շամբուտը, իր լոր ու կաքավից` ինչպես հանդապահն իր պառավից խռոված, էն տխուր բլրակույտը, էն, էն ցանցառ փշատենին՝ ղռերի տոնածառը, որի շուրջ 6 ծույլ ոչխար պահապան շան մզզոցի տակ շուրջպար էին բռնել, հանդապահի իր բլբլոտած տնակն, ու այդ ամենի հետ գորտերի միալար կռկռոցն անգամ կարող էին հրաշալի լինել։ Հրաշալի էին։ Աշխարհը հրաշք էր։ Հանդապահը ծեր ու հզոր արծիվ էր. ոչխարներից ամենասիրալին ճանկեց-բերեց ու կնոջ ոտքերի տակ գետին գարկեց։ «Ժամ պահիր»,– ասաց գնդապետին։ Չորս րոպե ու կեսում մորթեց-մաշկեց–հերն անիծեց՝ կնոջ գարմացած-հիացած հայացքի տակ։ Չէ, ուրի՜շ պտուղ էր այս կինը, մի հայացքով, մի փուչ խոսքով չորս րոպե ու կեսում ոչխար մաշկող, վաթսուն և երկու տարեկան տդամարդուց իր համար թիթեռ ու զատիկ հավաքող տղեկ սարքեց։ «Օր ջոջության՝ խայտառակության»,– մտածում էր հանդապահը, վազվզելով թիթեռների ետևից։ «Վերցրու, Փառանձեմ»,– մրմնջում էր հերթական թիթեռը կնոջը մեկնելիս։ «Իմ անունը Փաոանձեմ չէ, Գոհար է»,– ծիծաղում էր կինը։ Զարմանալի այս «բիձուկը» Գոհար կնոջը զվարճացնում էր։ Նրա բռնած թիթեռները կինը տեղնուտեղը բաց էր թողնում՝ ահա ամբողջ իմաստը այդ թիթեռախաղի, որից հետո հանդապահի ձեռքը էլ հրացանին չգնաց. թիթեռ բռնող մատները էլ կրակե՞լ կզորեն։ Իսկ եթե այդ նույն մատների մեջ կնոջ քնքուշ մատները բաժակ են դնում, արդեն հաշիվներդ վերցրեք։ Նրա տվածը թե թույն էլ լիներ՝ հանդապահը մեռոնի տեղ կխմեր։ Երևի թույն չէր, քանզի խմելուց հետո աշխարհը հանդապահի աչքում ավելի սիրունացավ, ամեն բան իմաստավորվեց՝ նույնիսկ սեփական կյանքը, որի հանդեպ ամենաքամահրական վերաբերմունքը ուներ։ Գնդապետի մեքենան երգում էր։ Կինը կիսախուփ աչքերով երազամ-պարամ էր երգի տակտով։ Լավ էր պարում։ Տեսնես ի՞նչ էր երազում։ Պայծառ մի թախիծ իջավ հանդապահի հոգուն։ Արձակեց փամփշտակալն ու փռվեց դեղնականաչ խոտերին։ «Հերն անիծած կյանքի, որ քթներիս տակով անցավ, ու չհասցրինք անգամ հոտ քաշեյ»։
Կյա՜նքը… Ջահել տղամարդիկ էին, հիմա չի էլ հիշում, թե որտեղի՞ց էին պալիս, քանի՞ գործ էին կիսատ թողել, ու՞ր էին գնում։ Չէին էլ շտապում, գարնան երեկոյի միջով, ասել-խոսեյով գնում էին։ Աշոտը կանգ առավ, ժպտաց՝ զարմանալի բարի ժպիտով։ «Սիրտս ծակեց»,– ասաց։ «Արի, է՛,– ասացին,- դու սրտիդ տեղը գիտե՞ս։ Կույր աղիքդ կլինի»,– ասացին։ Նա էլ ծիծաղեց։ «Իմ արև, տղերք,– ասաց,– սրտիս մեջ ոնց որ դանակ խրեին»։ «Չմեռնե՞ս»,– խնդացին։ Նա էլ խնդաց։ «Բայց երեխեքիս արև, տղերք, սիրտս փիս ծակեց»։ Ով գիտե, երեխեքի մասին ի՞նչ մուրազներ աներ սրտում… Քթի տակ ժպտաց, քայլ արեց կանգնած տեղից ու… փռվեց գետին։ Մինչև իրենք վրա կհասնեին, արդեն մեռած էր… Էս չի՞ մարդ կոչվածի կյանքը։ Իսկ աշխարհում ինչքան հրաշալիքներ կան, ինչպիսի՜ թիթեռներ կան, որ կարելի է բռնել ու բաց թողնել, բոնել ու բաց թողնել։ Ու հանդապահը նախանձեց գնդապետին՝ ինչպես հայրը երջանիկ որդուն կնախանձեր։ Բարի վայելում ցանկացավ նրան։ Հանդապահը նաև գնդապետի որսորդական շանը նախանձեց. պարելուց հոգնած կինը գրկել-շոյում էր շան գլուխը… Իր գլուխը երբվանի՞ց այդպես քնքուշ չեն շոյել։ «Փաոանձե՜մ…»։ Ու չեն շոյի։ Էլ ե՞րբ… Չէ, թերևս կշոյեն։ Դագաղում։ Կինը բայաթին կքոքի. «Այ, մեռնեմ քեզ, վայ մեռնեմ քեզ, ջան մեռնեմ քեզ, թագավոր ջա՜ն…»։ Հա, մեռնելուց հետո կարելի է, մեռնելուց հետո թագավոր էլ ես դառնում, գիտնական էլ։ Քաղցրանամ ես։ Իսկ կենդանության օրոք կարևորը ձմռան կարտոլի ու պանրի պաշարն է, անասունների գլխաքանակն է, բրդե տեղաշորերի թիվը, լաքապատ հատակի փայլը, որ քո ցեխոտ կոշիկների հետ անհամատեղելի բան է։ Ու դու ի՞նչ տղամարդ ես, որ ամբողջ կյանքում մի մեքենա առնելու փող չկարողացար ետ գցել…
Հանդապահը խռոված էր իր կնոջից, ամսից ավելի տան չէր գնացել: Ոչ ջահել ժամանակ մի կարգին բան հասկացավ նրանից, ոչ ահել ժամանակ… Իսկ դա շոյիր, շոյիր էդ շան գլուխը, անաստվածի աղջիկ, իսկ հանդապահը թող երազի-մտածի, որ իր մնացած կյանքից 5 տարի կտար այս պահին էդ, էդ շան տեղում լինելու համար։ Վեց տարի էլ կտար։ Տո, ամբողջ կյանքը կտար, միայն թե… լավ, լավ, մի՛ բարկացիր, ծեր մարդ էր, մտքի ծայրով մի բան անցկացրեց, հազար ներողություն։ Կյանքը հանդապահին վաղուց է սովորեցրել ոտքը իր վերմակի չափով պարզել։ Չենթարկվողը միտքն է, որ մեկ էլ տեսար լոպազ-լոպազ դուրս եկավ վերմակի տակից։ Ոչինչ, չկծող շուն է, կթափառի, կթափառի ու էլի բունը կգա։ Հանդապահի բաժինը մի թիզ վերմակ է ու էդ վերմակի տակից ուրիշի երջանկությամբ ուրախանալը։
Այ, այսպես թեք ընկնի, չուտի, չխմի ու կարոտ աչքերով նայի քեզ, անաստվածի աղջիկ, կո՜ւշտ նայի։ Այդքանով էլ հանդապահը գոհ է, Աստված շատ չհամարի… Բայց այսօր այս ի՞նչ է կատարվում հանդապահի հետ, արյանը երակներում ո՞նց է բռնկվել, միտքը ոչ մի կերպ չի տեղավորվում մի թիզ վերմակի տակ։ Միտք ու արյուն իրար հետ դաշինք են կնքել ու հանդապահի նամուսի հերն անիծում են։ Հանդապահին բերում գցում են քո պիրկը, անաստվածի աղջիկ, նռներիդ գինով հարբեցնում, խեղդում են խեղճին վարսերիդ ծովում։ Հանդապահի շունչը կտրվում է։ Դու էդ փոքրիկ բաժակով հանդապահին ի՞նչ տվիր, անաստվածի աղջիկ…
Լավ, խեղճը հիմա ի՞նչ հող տա իր գլխին, ուր գնա կորչի… Հրացանն առնի ա մտնի շամբո՞ւտ… Հա՛, հրացանն առնի ու մտնի շամբուտ, հա՛։ Կղզի կա շամբուտի հեռու՜ խորքերում, զարմանալի կղզի։ Ջուրը այդ կղզու ափերին տաք է ու ցանկալի։ Թոնե հավերժական, թափանցի՛կ շղարշով կղզին բաժանված է մնացած աշխարհից։ Խնկեղեգն է բուրում՝ դառն ա հաճելի: Իսկ խնկեղեգի բուրավետ գրկում ապրում է աշխարհի ամենահպարտ, ամենասիրուն ու դալար եղեգը։ Այ, այդ ամենասիրուն եղեգն է բերելու հանդապահը ամենասիրուն կնոջը։ Հա, իսկ եղեգնուտի մեջ թաքնված է այն թռչունը, որ կյանքում մի անգամ, սրանի՜ց… 29 տարի առաջ հայտնվեց – ծրտեց հանդապահի ուսին ու թոա՜վ, թաքնվեց եղեգնուտում։ «Չկրակե՛ս,– ասաց որսընկերը,– բախտիդ թռչունն էր»։ Հաջորդ օրը քադաք էր գնալու, խաղող էր տանելու շուկա, ու որսընկերն ասաց. «Ուսիդ ծերտը չմաքրես, բախտի նշան է, քադաքում գործերդ հաջոդ կգնան…»։ Բախտի թռչունը յուրաքանչյուր մարդու ուսի կյանքում գոնե մեկ անգամ նստո՞ւմ է… Կյանքի բախտավորների ուսերին նստում ու մնում է, բույն է դնում։ Երանի նրանց։ Սրանց նախանձող ձեռներեցները մեկ անգամ իրենց ուսին նստած թռչունի ոտքից կառչում, պատեպատ են զարկվում, քարեքար են զարկվում, բայց երբեք մատները չեն թուլացնում, ամրության նրանց մատներին։ Նրանք ավելի բախտավոր են, քան մի կտոր դմակի մեջ թաքնված, Աստծուց գաղտնի ապրողները, որոնք թռչունի գալն ու գնալն էլ չեն իմանում։ Բայց նույնիսկ սրա՜նք բախտավոր են նրանցից, ում ուսին թռչանի միայն ծրտելն է լինում, ովքեր հետո, ամբողջ կյանքում, տենչում են ու չեն հասնում, տենչում են ու… եսիմ, հույսի մի շող նրանց՝ էդ երազողներին, տառապող-չվհատվողներին։ Երկինքն օգնական։
Թե ասենք բախտի թռչունի ետևից հանդապահը շատ էր վազ-վազ տվել՝ չէ։ Հանդապահը թե բախտի ետևից վազեր, հայրենիք ո՞վ պաշտպաներ, ընտանիք ո՞վ կերակրեր, անդամալույծ ծնողի հոգս ու հավերժ դժգոհ կնոջ նազ ո՞վ քաշեր։ Դժվար էր անցել հանդապահի կյանքը, շամբուտում քայլելու նման, մինչն ծնկները միշտ հոգսի ու կարիքի մեջ խրված։ Մի անգամ փորձեց վերանալ հանդապահը այդ ամենից, մոռանալ ամեն բան, ապրել հաճույքի համար, փող ծախսել թեթև՜, առանց յուրաքանչյուր կոպեկը մտքում հաշվելու։ Ու կողովով խաղողը շուկայում թողեց հանդապահը։ Ու հրեղեն կնոջ ետեից գնա՜ց… Կնոջ տիրու տունն էլ շինվի, ամբողջ շուկայի աչքն իր վրա, քաղաքով քայլում էր՝ ողջ քաղաքի աչքն իր վրա, կոշտ ու կոպիտ հանդապահի ինչի՞ն հավանեց… Հետո էլ ասում են, թե կյանքում հրաշքներ չեն կատարվում… Ժպտալո՜վ, ժպտալո՜վ իր ետևից հանդապահին տարավ ամենաշքեղ հյուրանոցի ամենաշքեղ համարում բանտարկեց։ Մի ամբողջ օր։ Ու մի ամբողջ օր հանդապահը մոռացավ կյանքում ամեն բան։ Օրհնվեր սերը, ինքը ծնվել էր սիրո ա վայեյքի համար։ Մի ամբողջ օր հանդապահը թագավոր էր։ Ոնց որ հեքիաթում: Ոնց որ երազում։ Գրկի մեջ կին չէր, կրակ ու բոց էր, որ ինչքան այրում, այնքան ավելի ցանկալի էր դառնում։ Ու մի ամբողջ օր թպրտաց հանդապահը նրա սիրո բորբ ուռկանում։ Ու մրմնջաց եդեմներում սավառնող հանդապահի սիրավառ հոգին. «Դրա՜խտ ես դու, դրա՜խտ, Փառանձեմ…»։
Սթափվեց, ուշքի եկավ հանդապահը քաղաքից գյուղ մեկնող գնացքում, տոմսավաճառի ոչնչացնող հայացքի տակ, երբ ձեռքը տարավ գրպանը և մի քոռ կոպեկ չգտավ։ Այդ պահից, ահա, մի կլոր տարի օրվա վայելքը հանդապահի քթերից կաթիլ աո կաթիլ դուրս եկավ։ Ետպատերազմյան առաջին ձմեռն էր. սով, սառնամանիք, երեխեքը մանր, ձեռքները բերաններին չէր հասնում, իսկ հայրիկ չեղածը վառելիքի ու կարտոլի փողը մի օրում մսխել էր։ Իրենք ոտաբոբիկ` ինքը քաղաքից սպիտակ վերնաշապիկով էր վերադարձել, որ հանել–կախել էր պահարանում ու չէր թողնում, թե մեկնումեկը մատով դիպչի։ Ի՜նչ իմանային խեղճ երեխեքը, որ հայրիկ-չեղածը իրենց բերանից կտրած փողով վերնաշապիկի հետ քաղաքից դրախտային մի բույր էր բերել, որ ամեն անգամ, իր ամենադժվարին պահերին շնչում ու վերանում էր այս աշխարհից։ Ու չհասկացան երեխեքը, որտեղի՞ց հասկանային, թե սպիտակ վերնաշապիկի տված տաքությունը ի՞նչ էր լինելու, որ քարածուխի վերջին կտորի հետ չարացած հայրիկը այրեց շունչը փչող վառարանում։ Չի հասկանա նաև 47-ին ծնված Փաոանձեմ աղջիկը, թե ինչո՞ւ է հայրը իրեն բոլոր քույրերից ու եղբայրներից շատ սիրում…
Քայլում էր հանդապահը շամբուտով ու նրան թվում էր, թե իր կյանքի դժվարին ճամփաներով ետ է քայլում։ Ու փնտրում էր լուսավոր այն արահետը, որ սիրո ու վայելքի ուռկանն էր տանելու։ Հիմա, տարիների հեռավորությունից կյանքի տվածուրիկ այն օրը հանդապահին երազ էր թվամ, քաղցր երազ։ Ու չէր կարողանում հասկանալ հանդապահը՝ օրն իսկապե՞ս ապրել է, թե՞ պատրանք է եղել։ Հոգին ցավի գնդապետի, որ էդ կրակը բերեց-գցեց իր 62 տարեկան սիրտը, ու իր 62 տարվա մարած արյունը ալեկոծեց–պղտորեց։ Չէ, գնդապետն ի՜նչ, Աստված էր ուղարկել կնոջ տեսքով այդ հրեշտակին, որ տակնուվրա անի իր դանթած հոգին, հոգեդարձի բերի մեռնող արձագանքները։ Եղեգ կտանի նրան հանդապահը, աշխարհի ամենասիրուն եղեգը։ Ահա և կղզին՝ թոնե հավերժական շղարշով իր գանձերը աշխարհից թաքցրած-կանգնած։ Ո՞ւր կորավ իր թռչունը, ինչո՞ւ էլ երբեք չհայտնվեց, ո՞վ նեղացրեց նրան… Բայց… Սպասիր, ո՞վ է իր անունը տալիս։ Եվ ինչ քա՜ղցր է կանչում. «Արի՜ արի՜»… Հանդապահը կանգ առավ, սրեց լսողությունը։ Կանչը մեկ էլ կրկնվեց, ու ինչ-որ ժպիտ թրթռաց օդի մեջ։ Հանդապահը քայլ արեց կանչի ուղղությամբ։ Լույսի շո՜ղը… Հանդապահը չհասկացավ՝ երկնքի՞ց ճառագեց, թե՞ օդի մեջ թրթռացող ժպիտից պոկվեց լույսի այդ շողը։ Շողը բռնած գնա՜ց, գնա՜ց… Դուռը հանդապահի առաջ մեղմի՜կ բացվեց, ու արդեն շատ մոտիկից լսվեց ձայնը. «Արի՜, արի՜»։ Ձայնը բռնած հանդապահը գնա՛ց, գնա՛ց… Ինչ-որ մեկը ամուր գրկեց հանդապահին ու իր տաքուկ ծոցն է քաշում։ Իսկ խաղողը շուկայում անտեր մնաց… Երեխեքը սովա՛ծ… Երեխեքի հերն անիծած, որ ինքն է, էս հրացանը ինչո՞ւ է հետը քարշ տվել քաղաք… Ո՞ւմ է պետք հրացանը։ Հրացանի հերն անիծած… Փաոանձե՜մ… Հիմա հանդապահը դեն կնետի հրացանը, կփակի աչքերը ու ինքնամոռաց կսուզվի քո գիրկը, ու էլ երբեք չի փախչի քո գրկից, երբեք-երբեք…
Նույն պահին հեռու քաղաքի ծերանոցում սայլակին գամված Փաոանձեմ պառավի ականջները ձայն կտան. «Դրա՛խտ ես դու, դրա՜խտ, Փաոանձեմ»… Ու նրա ցամաքած աչքերից արցունքները հեղեղի նման կհոսեն։ Բայց չի կարողանա հիշել խաղող ծախող այն գյուղացու անունը, որն իր գրկում լաց էր լինում։ Ու հազարերորդ անգամ չի հասկանա, թե առյուծի նման ուժեղ այն տղամարդը ինչո՞ւ էր լաց լինում։ Որտեղից հասկանա…
Գնդապետն ա Գոհար կինը երկար կսպասեն հանդապահին, իսկ երբ մութը վրա կտա և հանդապահը չի հայտնվի, կգնան նրան որոնելու։ Եվ հանդապահի փոխարեն միայն նրա հրացանը կգտնեն՝ եղեգներին կառչած ու չեն հասկանա, որտեղի՞ց հասկանան, որ ծուռկող հանդապահին վերջապես այցելել է իր բախտի թռչունը և տարել է նրան: Ա՜յն օրվա գիրկը։ «Գոհա՜ր»,– կշշնջա սարսափահար գնդապետը, ու կինը արցունքների միջից կպատասխանի նրան. «Իմ անունը Գոհար չէ, Փառանձեմ է իմ անունը»…
«Գարուն», 1986, N 5

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *