Հենրի Միլլեր | Խեցգետնի արևադարձը

(Հատված վեպից)

Ես ապրում եմ Բորգեզե վիլլայում: Չորս կողմը կեղտի նշույլ անգամ չկա, ոչ էլ տեղը չդրած աթոռ: Մենք մեն-մենակ ենք էստեղ ու մեռած:
Անցած իրիկուն Բորիսն իր վրա ոջիլներ հայտնաբերեց: Ստիպված էի սափրել թևատակերը, թեպետ դրանից հետո էլ քորը չանցավ: Ո՞նց կարելի է ոջլոտել սրա պես ընտիր տեղում: Բայց կարևոր չի: Մենք երբեք չէինք մտերմանա, Բորիսն ու ես, եթե էդ ոջիլները չլինեին:
Բորիսը հենց նոր շարադրեց իր տեսակետները: Նա եղանակի գուշակ է: Վատ եղանակը կշարունակվի, ասում է: Էլի փորձանքներ, էլի մահ, էլի հուսահատություն: Ոչ մի տեղ փոփոխության թեթևակի նշան էլ չկա: Ժամանակի քաղցկեղը շարունակում է մեզ կրծել: Մեր հերոսները կամ ինքնասպան են եղել, կամ դրանով են զբաղված: Ուրեմն հերոսը Ժամանակը չէ, այլ` Ժամանակի Բացակայությունը: Մենք պետք է համաքայլ շարժվենք, մեկտեղ ընթանանք դեպի մահվան բանտը: Փախչելու հնար չկա: Եղանակը չի փոխվելու:

Սա իմ երկրորդ աշունն է Փարիզում: Թե ինչի համար եմ հայտնվել էստեղ, չեմ էլ հասկանում:
Ոչ փող ունեմ, ոչ հոգեպահուստ, ոչ էլ հույս: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Մի տարի, նույնիսկ կես տարի առաջ մտածում էի, թե արվեստագետ եմ: Հիմա արդեն չեմ մտածում դրա մասին, արվեստագետ եմ: Ինչ կար-չկար, որ գրականություն էր, պոկվել է ինձնից: Փառք Աստծու, էլ պետք չի գրքեր գրել:
Իսկ սա՞: Դե, սա գիրք չի: Զրպարտանք է, չարախոսություն, անվանարկում: Գիրք չի սովորական իմաստով: Չէ, երկարատև անարգանք է, մի կում թուք Արվեստի սֆաթին, աքացի Աստծու, Մարդու, Ճակատագրի, Ժամանակի, Սիրո, Գեղեցկության… ինչ որ կուզեք, դրա քամակին: Ես կերգեմ ձեզ համար, մի քիչ լարից ընկած, բայց կերգեմ: Կերգեմ, մինչ դուք շունչներդ եք փչում, կպարեմ ձեր կեղտոտ դիակի վրա…
Երգելու համար պիտի բերանդ բացես: Պիտի երկու թոք ունենաս ու մի փոքր էլ երաժշտությունից գլուխ հանես: Պարտադիր չի ակորդեոն կամ կիթառ ունենալ: Էականը երգելու ցանկությունն է: Ուրեմն սա երգ է: Ես երգում եմ:

Քեզ համար եմ երգում, Տանյա: Կուզենայի ավելի լավ երգել, ավելի քաղցրահունչ, բայց էդ դեպքում երևի չէիր համաձայնի ինձ ականջ դնել: Դու լսել ես ուրիշների երգը, ու նրանք քեզ անտարբեր են թողել: Կամ շատ լավ են երգել, կամ էլ բավականաչափ լավ չեն երգել:
Հոկտեմբերի քսանքանիսն է: Էլ չեմ հետևում օրացույցին: Կասես` երա՞զս է շարունակվում անցյալ տարվա նոյեմբերի 14-ից: Ընդմիջումներ էլ կան, բայց երազների միջև են, և գիտակցությունը դրանք չի դրոշմել: Աշխարհն իմ շուրջը տարրալուծվում է` տեղ-տեղ ժամանակի կղզյակներ թողնելով: Աշխարհը ինքն իրեն խժռող քաղցկեղ է… Կարծում եմ, որ երբ մեծ լռությունն իջնի ամենուր և ամեն ինչի վրա, վերջապես երաժշտությունը կթագավորի: Երբ ամեն բան նորից կքաշվի ժամանակի արգանդը, վերստին քաոս կտիրի, իսկ քաոսն այն պարտիտուրն է, որով ստեղծվել է իրականությունը: Դու, Տանյա, իմ քաոսն ես: Դրա համար եմ երգում: Ես չեմ նույնիսկ, այլ մեռնող աշխարհը, որի վրայից պլոկվում է ժամանակի կաշին: Իսկ ես դեռ ողջ եմ, թավալ եմ տալիս քո արգանդում. դա է իմ պատկերելիք իրականությունը:
Ննջում եմ: Սիրո ֆիզիոլոգիան: Հանգստացող կետաձուկն իր երկումետրանոց անդամով: Չղջիկը` pռnis libre1: Ոսկրավոր անդամ ունեցող կենդանիներ: Ուրեմն` ցցոսկր: «Բարեբախտաբար, – ասում է Գուրմոնը,- մարդը կորցրել է այդ ոսկրավոր կառուցվածքը»: Բարեբախտաբա՞ր: Այո, բարեբախտաբար: Պատկերացրեք ցցոսկրով շրջող մարդկային ցեղը: Կենգուրուն երկու անդամ ունի, մեկը` առօրյայի, մյուսը` տոների համար: Ննջում եմ: Նամակ մի կնոջից, որը հարցնում է, թե գրքիս համար վերնագիր գտա՞: Վերնագի՞ր: Իհարկե. «Գողտրիկ լեսբուհիները»:
Ձեր անեկդոտի՜կ կյանքը: Պարոն Բորովսկու արտահայտությունն է: Չորեքշաբթի օրերը ճաշում եմ նրա հետ: Կինը` մի սմքած կով, սեղանի գլխին է: Հիմա անգլերեն է սովորում. նրա սիրած բառը «նողկալին» է: Վռազ հասկանում ես, թե էդ Բորովսկիներն ինչ ոռի դեմքեր են: Բայց սպասեք…
Բորովսկին վելվետե կոստյումներ է հագնում ու ակորդեոն նվագում: Անդիմադրելի համակցություն, մանավանդ եթե նկատի առնենք, որ վատ նկարիչ չի: Հավատացնում է, թե լեհ է, բայց չէ, իհարկե: Հրեա է Բորովսկին, հայրն էլ ֆիլատելիստ է եղել: Փաստորեն ամբողջ Մոնպառնասը հրեաներ են կամ կիսահրեաներ, որ ավելի վատ է: Կարլն էլ, Պոլան էլ, Քրոնստադտն էլ, Բորիսն էլ, Տանյան էլ, Սիլվեստրն էլ, Մոլդորֆն էլ, Լյուսիլն էլ: Բոլորը, բացի Ֆիլմորից: Հենրի Ջորդան Օսվալդն էլ հրեա դուրս եկավ: Լուիս Նիքոլսն էլ: Նույնիսկ Վան Նորդենն

1 Ազատ առնանդամ (ֆրանս.):
ու Շերին են հրեա: Ֆրենսիս Բլեյքն էլ է հրեա կամ հրեուհի: Տիտուսը հրեա է: Մի խոսքով, հրեաները ձյան պես պատել են ինձ: Սա գրում եմ ընկերոջս` Կարլի համար, որի հայրը ևս հրեա է: Էս ամենը կարևոր է հասկանալ:
Բոլորի մեջ ամենահաճելի հրեան Տանյան է. հանուն նրա ես էլ հրեա կդառնայի: Ինչո՞ւ չէ: Արդեն հրեայի պես եմ խոսում: Հրեայի պես էլ անճոռնի եմ: Բացի դրանից, ո՞վ է հրեայից շատ ատում հրեաներին:
Վերջալույսի ժամն է: Կապույտ ապակե ջուր, ցոլցլան ու տարրալուծվող ծառեր: Ժորես պողոտայի մոտ ռելսերն իջնում են ջրանցք: Լաքապատ կողերով երկար թրթուրը գահավիժում է, ասես «ռուսական բլուրներ» ատրակցիոնում: Սա Փարիզը չի: Քոնի Այլենդը չի: Եվրոպայի ու Կենտրոնական Ամերիկայի բոլոր քաղաքների մթնշաղոտ խառնուրդն է: Իմ տակ երկաթուղու կայաններն են, ռելսերի սև ոստայնը, որ կարծես ճարտարագետի նախագծածը չի, այլ քմայական նախշ, բևեռային սառույցի էն երկարուն ճաքերի նման, որոնք դրոշմվում են լուսանկարներում սևի տարատեսակներով:

Ուտելիքն ինձ անսահման հաճույք պատճառող միակ բանն է: Իսկ մեր չքնաղ Բորգեզե վիլլայում գրեթե երբեք փշուր անգամ չկա: Ինչ խոսք, ահավոր է մեկ-մեկ: Քանի անգամ խնդրել եմ Բորիսին, որ նախաճաշի համար հաց պատվիրի, բայց միշտ մոռանում է: Ըստերևույթին, ինքը դուրսն է նախաճաշում: Վերադառնալով` քչփորում է ատամները, իսկ այծմորուքին ձվի մնացորդներ կան: Դու մի ասա` նրբանկատությունից է ռեստորան գնում. սիրտը չի տալիս աչքիս առաջ կուշտ նախաճաշել:
Ինձ Վան Նորդենն է դուր գալիս, բայց չեմ բաժանում նրա կարծիքն իր մասին: Համաձայն չեմ, օրինակ, որ փիլիսոփա է կամ մտածող: Պցմեռ է, էդքան բան: Նրանից երբեք գրող դուրս չի գա: Ոչ էլ Սիլվեստրից դուրս կգա, թեկուզ անունը շողշողա 50.000 մոմանոց էլեկտրական կարմիր տառերով: Հիմա ես գրող եմ համարում միայն Կարլին ու Բորիսին: Գրելացավով են բռնված: Հուր-կրակն է ներքուստ այրում: Խենթ են, իսկ լսողությունից զուրկ: Տառապյալներ են:
Մյուս կողմից` Մոլդորֆն էլ է յուրովի տառապում, բայց խենթ չի: Մոլդորֆը խոսքի հարբեցող է: Ոչ երակներ ունի կամ արյունատար անոթներ, ոչ սիրտ, ոչ էլ երիկամներ: Շարժական պահարան է` անհամար դարակներով, իսկ դարակների վրա` պիտակներ, որ գրված են սպիտակ թանաքով, շագանակագույն թանաքով, կարմիր թանաքով, կապույտ թանաքով, բոսորագույնով, զաֆրանով, բաց մանուշակագույնով, սուսրով, ծիրանագույնով, փիրուզով, օնիքսով, Անժուի գինով, հարինգով, սիգարով, պղնձականաչով, գորգոնզոլա պանրով…
Գրամեքենան տարել եմ մյուս սենյակը, որտեղ գրելիս կարող եմ ինձ հայելու մեջ տեսնել:
Տանյան Իրենի նման է: Հաստ նամակների է սպասում: Բայց ուրիշ Տանյա էլ կա, մեծ պտղի պես Տանյա, որն ամենուր ծաղկափոշի է սփռում, կամ, ասենք, Տոլստոյից մի փոքրիկ հատված, ախոռի տեսարան, որտեղ թաղում են վաղածնին: Տանյան տենդ է, նաև` les voies urinaires1, «Լիբերտե» սրճարանը, Վոգեզների հրապարակը, Մոնպառնաս բուլվարի վառ փողկապները, զուգարանների մութը, անխառն պորտվեյնը, «Աբդուլլա» սիգարետը, «Պաթետիկ սոնատի» ադաջոն, ձայնի ուժեղացուցիչները, անեկդոտների երեկոները, սուսրով թրծված կուրծքը, լայն գուլպակալները, «ժամը քանի՞սն է», շագանակներով լցոնված ոսկերանգ փասիանները, նրբագեղ մատները, գիշերվա փոխվող միգամած աղջամուղջը, փղախտը, քաղցկեղն ու զառանցանքը, տաք ծածկոցները, պոկերի խաղանիշերը, արյունավառ գորգերն ու փափուկ ազդրերը: Տանյան ի լուր ամենքի ասում է. «Ես նրան սիրում եմ»: Եվ մինչ Բորիսը վիսկիով սիրտը կվառի, վրա է բերում. «Նստիր էստեղ… Օ, Բորիս… Ռուսաստան… Ի՞նչ անեմ: Դրանով եմ բերնեբերան լի»:
Գիշերը, Բորիսի այծմորուքը բարձին տեսնելիս, ծիծաղս բռնում է: Օ, Տանյա, ո՞ւր են հիմա տաքուկ ծակդ, հաստ, լայն գուլպակալներդ, փափլիկ, պարարտ զիստերդ: Մահակիս ոսկորը վեց մատնաչափ է: Քունջուպուճախդ լրիվ կքրքրեմ, սերմից փքված Տանյա… Քեզ փորատակի մղկտոցով ու թարսած արգանդով կուղարկեմ տուն` Սիլվեստրիդ մոտ: Հա, նա գիտի կրակ անել, ես էլ գիտեմ բոցը բորբոքել: Շամփրում եմ քեզ թեժ նետերով, Տանյա, ձվարաններդ եմ հրով շիկացնում: Սիլվեստրդ սկսել է մի քիչ խանդե՞լ: Ինչ-որ բա՞ն է գլխի, հա՞:
Գերանիս թողած հետքերն է զգում քո մեջ: Պռունկներդ լայնացրել եմ, ինչքան ծալք կա` հարթուկել: Ինձնից հետո կարող ես ձիերի, ցլերի, ոչխարների, բադերի, սանբեռնարների տակը մտնել: Կարող ես գորտեր, չղջիկներ, մողեսներ խոթել հետանցքդ: Կարող ես արպեջո նվագելով քաքել կամ պորտիդ փանդիռի լարեր քաշել: Քեզ խրելիս, Տանյա, տեղը տեղին եմ խրում: Եթե քաշվում ես հրապարակավ կոխվելուց, առանձի’ն կխրեմ: Մի քանի մազ էլ կպոկեմ քո ծակուլիկից ու կկպցնեմ Բորիսի դնչին: Համփ կանեմ ծլիկդ ու երկու ֆրանկանոց մետաղադրամներ կթքեմ…

Կապտամանուշակ երկինք` իսպառ զերծ խուճուճ ամպերից, անվերջանալիորեն ձգվող ազազուն ծառեր, սև ճյուղեր, որ նման են լուսնոտի ժեստերի… Մռայլ, ուրվակերպ ծառեր` թանկանոց սիգարի

1 Միզուղիներ (ֆրանս.):

մոխրի պես դալուկ բներով… Վսեմ լռություն, լիովին եվրոպական: Փակ փեղկեր, կողպված խանութներ: Սիգարետի կամիր ցոլքեր տեղ-տեղ` ի նշան տեսակցության: Շենքերի հատու ճակատներ` գրեթե խստաշունչ, անթերի, եթե ծառերի նետած ստվերների վետվետանքը չլինի: Օրանժերիի մոտով անցնելիս ես ուրիշ Փարիզ եմ հիշում` Մոեմի, Գոգենի Փարիզը, Ջորջ Մուրի Փարիզը: Մտածում եմ էն սարսափելի իսպանացու մասին, որն ապշեցնում էր աշխարհին` ակրոբատիկ ցատկեր գործելով մի ոճից մյուսը: Մտածում եմ Շպենգլերի ու պետական հեղաշրջման նրա ահազդու կոչերի մասին, և ինձ թվում է` «ոճը», «մեծ դպրոցի ոճը» արդեն չկա: Ասում եմ` էս մտքերով եմ տարված, բայց ճիշտ չի. Սենը անցնելուց, լույսերի կառնավալը հետևում թողնելուց հետո է միայն, որ ուղեղիս թույլ եմ տալիս նման մտքերով խաղալ: Իսկ էդ պահին ոչինչ էլ չեմ մտածում, բացի մի բանից, որ համակ զգայնություն եմ` մի ամբողջ մոռացված աշխարհ արտացոլող այդ ջրերի հրաշքից շանթահար: Ափերի ամբողջ երկայնքով ծառերը ծանրորեն կքված են գետի պղտոր հայելու վրա: Երբ քամի է ելնում և սրանց համակում մեղմիկ շրշյունով, սրսփում են ու արտասուքի կաթիլներ թափում հորձանք տվող ջրի մեջ: Շունչս կտրվում է դրան ի տես: Ոչ ոք չկա, որին կարողանայի իմ զգացածի թեկուզ մի մասնիկը փոխանցել…
Խնդիրն էն է, որ Իրենինը ոչ թե հեշտոց է, այլ` ճամպրուկ: Հաստ նամակներ է ուզում ճամպրուկը խցկելու համար, հսկայական. avec des choses inouies1. Այ, Իլոնան տեղով ծակ է:
Գիտեմ, որովհետև ցայլքից մի քանի մազ էր ուղարկել մեզ: Իլոնան վայրի էշ է, որ հոտոտելով` հաճույք է գտնում: Ամեն բլրի վրա բոզություն է արել, երբեմն էլ հեռախոսախցերում ու պետքարաններում: Մահճակալ է առել Կարոլ թագավորի համար ու սափրվելու բաժակ` նրա անվանատառերով: Պառկել է Լոնդոնի Թոթնեմ Քորթ փողոցում ու փեշը վեր քաշած` ձեռնահարել իրեն: Մոմեր, կերոններ, դռան բռնակներ էր գործի դնում: Ամբողջ երկրում նրան հարմար չափսի անդամ չկար… Ոչ մի հատ: Տղամարդիկ ոտքով-գլխով մտնում էին նրա մեջ ու գունդուկծիկ դառնում: Նրան աճող-երկարող անդամներ էին պետք, ինքնապայթուցիկ հրթիռներ, զմուռսով ու կրեոզոտով քլքլթացող յուղ: Եթե թողնեիր, պլոր-շլորդ կկտրեր և ընդմիշտ իր ներսում կպահեր: Էս Իլոնան միլիոնից մեկն էր. ծակը` լաբորատոր նմուշ, ու աշխարհում լակմուսյան թուղթ չկար, որով հնար լիներ դրա գույնը որոշել: Փչան էլ էր մեր Իլոնան: Ոչ մի մահճակալ էլ չէր առել իր Կարոլ թագավորի համար: Վիսկիի շիշը գլխին բամփելով էր թագադրել, իսկ լեզուն ստով ու կեղծ խոստումներով էր պտտվում: Խեղճ Կարոլ. կարող էր միայն գունդուկծիկ դառնալ նրա մեջ

1 Չտեսնված չափսի բաներ (ֆրանս.):
ու հանգել: Իլոնան շունչ քաշեր թե չէ` դուրս էր պրծնում սատկած կակղամորթի պես:
Ամեհի, հաստափոր նամակներ, avec des choses inouies. Անբռնակ ճամպրուկ: Անբանալի հոր: Նա գերմանական բերան ուներ, ֆրանսիական ականջներ, ռուսական քամակ: Պուցը միջազգային էր: Դրոշդ բարձրանալու հետ կաս-կարմիր էր կտրում: Ժյուլ Ֆերի բուլվարում մտնում էիր դրա մեջ, դուրս գալիս Պորտ դը Լա Վիլետում: Փորոտիքդ սայլին էիր շպպացնում, կարմիր սայլին, որ, իհարկե, երկանիվ էր: Ուրք և Մառն գետերի միախառնման տեղում ջուրը, հոսելով ամբարտակներից, ապակու պես անշարժ է կամուրջների տակ: Իլոնան պառկած է էնտեղ, և ջրանցքը լի է ապակով ու տաշեղներով. պատկառուկներն արտասվում են, իսկ լուսամուտները քրտնել ենմշուշամած տռոցից: Իլոնան միլիոնից մեկն է: Համակ ծակ ու ապակե ոռ, որտեղ կարելի է Միջնադարի պատմությունը կարդալ:

Անգլերենից թարգմանեց
ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆԸ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *