Մոհամմադ Ռահմանյան | Ժաննա Դ’արկը կրակների մեջ [1]

«Ժաննա Դ’արկը կրակների մեջ»  ստեղծագործությունը Մոհամմադ Ռահմանյանի  «Ռմբակոծության ժամը» պիեսի երկրորդ մասն է: Պիեսը բաղկացած է երեք մասից, որոնք պատերազմի «դեմ»  հրաշալի մոնոդրամաներ են:

 

ԳՈՐԾՈՂ ԱՆՁ

ԿԻՆ (Շառլոտ) Քառասունհինգ տարեկան: Անգլիացի: Պատառոտված շորով, վերքոտ, թոշնած դեմքով: Կիսախելագար վիճակում: Գլուխը սափրած:

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ– 1945թ. ապրիլի 13:

ՎԱՅՐ– Գերմանիա, Մեկլենբուրգ, զնդան`Ռավենսբրուկի համակենտրոնացման ճամբարում:

Մայրամուտ: Նախ տեսնում ենք լույսի աղոտ ցոլք, որը ներս է ընկնում զնդանի աջ պատի լուսամուտից, ապա զնդանն ամբողջությամբ լուսավորվում է: Կենտրոնում զնդանի դուռն է: Դիմացը սեղան է, որի մի ոտքը ջարդված է: Սեղանի վրա կան ափսե, եզրերը վնասված բաժակ, կեռ պոչով պատառաքաղ, ջրով լի փոշոտ թաս և մի տրցակ խաղաթուղթ: Աջ կողմում դույլ է, որի մեջ հոգում են բնական կարիքները, ձախ կողմում` եռահարկ մահճակալ` վրան ծղոտե ներքնակներ և երկու պատառոտված բարձ: Սեղանի վերևում լամպ է կախված: Սեղանի և մահճակալի միջև շուռ եկած աթոռակ կա: Աթոռակի վերևում` երկրի և երկնքի արանքում, հղի կնոջ մարմին է ճոճվում

Դուռը շրխկոցով փակվում է: Անվասայլակի վրա պարաններով կապկպված մի կին է նստած: Ականջների մեջ բամբակ է խցկած: Բերանը սավանով կապել են: Երեսին միայն աչքերն են երևում: Կինը ջանում է ազատվել կապանքներից: Սկսում է աղիողորմ լաց լինել: Կապկպված ձեռքերով շարժում է սայլակի անիվները: Այս ու այն կողմ է գնում: Ճչում է: Հասնում է անկողնուն և մի քանի անգամ գլուխը խփում մահճակալին: Որոշ ժամանակ մնում է ընդարմացած: Հետո գլխով հարվածում է կախված կնոջ մարմնին, որն սկսում է պար գալ օդում, այնուհետև անվասայլակը բախվում է սեղանին և պտույտ տալիս նույն տեղում: Կինը ջանում է ծամծմել բերանին կապած կտորը, բայց ջանքերն անօգուտ են: Մի քանի անգամ ուժգին հարվածում է դռանը: Ցավից ճչում է. ճիչերը հետզհետե վերափոխվում են ողբի: Գլուխը թափահարում է, ասես ցանկանում է այդկերպ ազատվել կապանքներից: Ապա որոշ ժամանակ անշարժանում է: Կարծես հասկանում է, որ ճիգերն անօգուտ են: Հոգնած ու տանջալլուկ ընկնում է անվասայլակի մեջ, երկարաշունչ տնքում, հետո աստիճանաբար լռում: Լռություն: Կինը բարձրացնում է գլուխը և հայացքը հառում դիմացը: Մի պահ դեմքը փայլում է, կարծես ելք է գտել: Հոնքերը վեր է քաշում` մեկիկմեկիկ ու միասին: Հանգիստ մոտենում է մահճակալին: Բերանին փաթաթված կտորի հանգույցը գցում է մահճակալից և գլուխն ուժգնությամբ հետ քաշում: Կտորը պատռվում է, բայց կնոջ շրթունքների անկյունում վերք է բացվում: Կինը դառը ժպտում է: Շապիկի գրպանից ատամների օգնությամբ փոքր դանակ է հանում, կռանում, դանակը տարուբերում է թոկերի վրա: Միաժամանակ ծիծաղում է: Ծիծաղն աստիճանաբար վերափոխվում է քրքջոցի. պարանների կտրտմանն ու ազատվելուն զուգընթաց հրճվագին ճչում է և աչքերը կլորացնում: Դանակը նետում է սեղանին և անհասկանալի բառեր արտաբերում:

ԿԻՆ– Վառարան… Խառնել… Մինչև… Ընտանիքը… Թույլ… Այն կողմը…Բոմ… Օռ… Լեն…Մենք…Մա… (Աստիճանաբար դադարում է ծիծաղել: Սայլակի վրայից վեր է կենում և մոտենում դույլին): Մա… Մա… Մագ… Մագ…

Գլուխը մտցնում է դույլի մեջ և փսխում: Թվում է` սիրտն ու թոքերը դուրս են թափվում: Նստում է ծնկների վրա և շարունակում փսխելը: Անցնում է մի քանի րոպե: Կինը գլուխը բարձրացնում է: Շրթունքների անկյունի վերքի արյունը չորացել է, փոխարենը բերանից մաղձոտ արնաջուր է ծորում: Ծնկները դողում են, աչքերն ասես մեռած մարդու աչքեր լինեն: Կինը թեզանիքով մաքրում է բերանի անկյունը:

Պիտի մի քիչ խոսեմ… Մի քիչ… Լսո՞ւմ ես, Մագի՛: Ուզում եմ խոսել… Խոսել… Ինչո՞ւ ես բարձրացել այդտեղ, անամո՛թ աղջիկ: Չլինի՞ նորից խելքդ գցել ես: Հե~յ, հիմա՛ր կին… Քեզ հետ եմ: Լսո՞ւմ ես: Օ~ֆ, պարզ է, պարզ է, որ լսում ես… Դու… Դու միշտ լսում ես ինձ… Դու, դու լավ կին ես, Մագի… Քանդիի նման չես… կամ Նատաշայի: Նրանք զզվելի անբաններ են, որ անընդհատ այն տղային` այն լողլող զինվորին աչքով են անում և բարձրացնում իրենց զգեստների փեշերը… Չէ՛, չէ՛, այդ մասին չեմ ուզում խոսել… Թո՛ղ գրողի ծոցը գնան բոլորն էլ… Ուզում եմ պատմել… երազի մասին, որ երեկ գիշեր եմ տեսել: Ըս-ըս-սկիզբը չեմ հիշում. մառախուղ էր կամ մութ… Հետո դաշտ էր` ձյան մեջ կորած. նման էր… նման էր Սիբիրին… Իսկ և իսկ Օլգայի պատմածի պես էր. ճերմա~կ-ճերմա~կ… Մրսում էի, դողում էի: Կոպերս սառցակալել էին, աչքերս չէի կարողանում փակել… Ստիպված էի ամեն ինչ տեսնել… Թիկունքումս` մառախուղից ու խավարից այն կողմ, ինչքան աչքս կտրում էր, դիեր էին… բոբիկ ու վտիտ… Չգիտեմ` ինչի՞ց էին մահացել… Ռումբերի՞ց, թե՞ քաղցից: Դիմացն արյունոտ սապոգների շարան էր` վարդերի պսակի նման… Ծարավ էի: Հետ նայեցի: Արյունը ծորում էր մեռածների մարմիններից` կարմիր-կարմիր ներկելով ձյունը… Ես ծարավ էի, Մագի՛… Հնարավոր չէր… Հավատա՛, հնարավոր չէր այդ արնաշաղախ ձյունն ուտել: Ես զզվում եմ արյան համից. աղի է ու տհաճ… (Թքում է): Հետո… Հետո առաջ նայեցի: Սա-սա… սա… սապոգներից արյուն էր կաթում… Կաթ-կաթ: Ճերմակը կաթ-կաթ լուծվում էր նրա մեջ: Անհետանում էր… Կաթ-կաթ: Եվ ես դեռ ծարավ էի… Եթե մի պատուհան լիներ… (Արագ, մի շնչով) 1934-ի հունվարին Չեխոսլովակիայում, երբ շղթայված ձեռքերով շարք էինք կանգնել սլաքավարի խցիկի առաջ, և երկու հարյուր սառած կանանց ատամների կափկափոցը բռնել էր կայարանը, Սառա Հաֆմանը ծարավ էր. երիտասարդ, գեղեցիկ աղջիկ էր` քսան տարեկան, երկնագույն աչքերով, երկու երկար հյուսքերով… Երբ մարդը ծարավում է, ի՞նչ է անում, Մագի՛: Լուսամուտի ապակիները խոնավ էին: Սառան լեզուն հպեց սլաքավարի խցիկի սառցակալած պատուհաններին, բայց լեզուն կպավ ապակուն: Սառան ճչաց, մենք օգնություն կանչեցինք: Ձյուն էր գալիս, և Սառայի լեզուն սառել էր: Մի միաչքանի զինվոր մոտեցավ, նայեց Սառային, հանեց դանակն ու կտրեց աղջկա լեզուն… Երբ հեռանում էինք կայարանից, Սառան գնացքի միջից նայում էր սլաքավարի խցիկի պատուհանին առհավետ սոսնձված լեզվի կտորին և ջանում էր հուզմունքը զսպել… Սառան վախենում էր, վախենում էր արցունքներն էլ սառցակալեն… Ուրախ եմ, Մագի՛… Ուրախ եմ, որ իմ երազում պատուհան չկար, թե չէ չէի կարողանա այս ամենը պատմել քեզ … Երբ արթնացա, ապրիլի տասներեքի արևը նոր էր ծագում, և դու նստած էիր այս աթոռակին ու նայում էիր ջրով լի թասին: Ցանկացա երազս քեզ պատմել, բայց դու… բարձրացրիր գլուխդ և ժպտացիր… (Բարձրացնում է գլուխը: Անկեղծ ու անմեղ ժպիտ է հայտնվում շուրթերին): Ի~նչ գեղեցիկ ժպիտ ունես, Մագի՛: (Շուրթերը հավաքում է և երեխայի նման հուզվում): Շատ… Շատ գեղեցիկ էր… (Նայում է կնոջ մարմնին): Մա՛գ, նայի՛ր: (Ձեռքերը պարզում է դեպի մարմինը): Եղունգներս երկարել են: Նույնիսկ մեկը չեմ կրծել: Տակը մաքուր-մաքուր է… Խոսի՛ր, Մագի՛: (Պաղատագին հայացքով նայում է մարմնին: Նստում է անվասայլակին, մոտենում, բռուցքով հարվածում սեղանին: Ձայնը փոքրինչ խռպոտ է դառնում): «Շառլո՛տ… Շառլո՛տ: Անամո՛թ աղջիկ: Որտե՞ղ ես: Ո՞ւր ես գնացել, անպիտա՛ն»: (Ցատկում է սեղանի վրա: Սովորական ձայնով, սեթևեթանքով) Ես այստեղ եմ, Մա՛գ: Պատուհանից Մեկլենբուրգի զինվորների շքերթն եմ նայում… Ի՞նչ… Ի՞նչ ես ասում, Մա՛գ: Աչքով անե՞լ: Չէ՛, հավատա, ոչ մեկին աչքով չեմ արել… Շառլոտը խելոք աղջիկ է… (Մի փոքր վշտագին) Այն օրվանից հետո, երբ գլուխս սափրեցին, էլ ոչ ոք ինձ չի նայում… Ասում են` ճամբարը լիքն է լվերով ու ոջիլներով… Ինչո՞ւ միայն իմ մազերը խուզեցին: Իմ երկար, գեղեցիկ մազերը… (Եղունգներն է կրծում): Ռիչին մատները մտցնում էր մազերիս մեջ ու ասում`վարսերդ վարդաբույր են: Մագի՛… Բիրմինգեմի աղտոտ առավոտները, երբ օդից ծխի ու տիղմի հոտ է գալիս, վարսերը օծվում են վարդաբույրով … (Հեկեկում է): Ատում եմ քեզ… Ատում եմ քեզ, Մագի՛: Կեղտո՛տ վհուկ: Ինչո՞ւ թույլ տվեցիր` գլուխս սափրեն: Ինչո՞ւ չթողեցիր` ինձ պաշտպանեմ: Ինչո՞ւ դու և մյուսները բռնեցիք ձեռքերս: Ուզում եմ դնգստել քեզ, մազերդ մեկիկ-մեկիկ փետել: Կարիք չկա, որ երազս մեկնես: Ես իմ մազերն եմ ուզում… (Կծկվում է մի անկյունում): Բոլոր եղունգներս կկրծեմ: Բոլո՛րը: Ոտքերիս եղունգներն էլ կկրծեմ… (Բարձրացնում է ոտքը և կրծում եղունգները): Ձեզ ի՞նչ, թե կհիվանդանամ: Ո՞ւմ համար նշանակություն ունի: Եթե նույնիսկ մեռնեմ, ոչ ոք կարևորություն չի տա: Կխմբվեն շուրջս ու կասեն. «Օ~հ, խե՛ղճ Շառլոտ, ի՛նչ վատ եղավ, որ մեռար: Էլ ո՞վ է օդում պտույտներ անելով` ծիծաղեցնելու մեզ: Օ~հ, մեր սիրելի ծաղրածու»: (Տեղից ցատկում է, մոտենում սեղանին, վերցնում դանակը): Ծաղրածո՞ւ: Հա՛, ծաղրածու: (Դանակը պարզում է մեր կողմը): Հա՛, ես ծաղրածու եմ: Իմիջիայլոց, մի քիչ էլ թեթևամիտ եմ, պոռոտախոս, ստոր ու շատախոս… Էլ ի՞նչ եմ: Ասե՛ք: Էլի՛ ասեք: Ես չեմ նեղվում, բայց հնարավոր է` այս դանակով ձեր սիրուն մարմնից մի քանի փոքրիկ կտոր կտրեմ … Դուք հո՛ Շառլոտին ճանաչում եք… Նա երբեք չի ստում… Երբ ասում է մի քանի փոքրիկ կտոր, նշանակում է` չի ցանկանում ձեր գլխին փորձանք բերել և ձեր նրբագեղ ու նկարազարդ մաշկը փչացնել… Իմ մաշկը ո՛չ նրբագեղ է, ո՛չ նկարազարդ… Հաստ է, թոշնած ու խորշոմած… Մտածում եք` ինչպե՞ս եմ ողջ դուրս պրծել Բուխենվալդից : Վայր, ուր մարդիկ փորում են սեփական գերեզմանը, հետո բոբիկանում, խաղաղ ու անձայն շարք կանգնում հրաձիգների ջոկատի առաջ ու… մահանում: (Դանակը սահելով ընկնում է ձեռքից): Ես այնտեղից եմ եկել, Մա՛գ… Կանանց բարաքի պատասխանատուն էի… Վերջում կաշեփոկով ու կեռչանով աշխատել էի սովորել … Պատմելու բան չէ… Ֆրաու Իլզա Կոխը` Բուխենվալդի քածը` Բուխենվալդի պետի կինը, շոյում էր այտերս ու ասում. «Մաշկդ կոշտ է, սատանա՛»: (Շոյում է այտերը): Ֆրաո՛ւ… Այսօր բերված բանտարկյալների մեջ մի գնչու կա` ոտքից գլուխ պատված դաջվածքներով … Կարող ենք նրան ուղարկել Թերապևտիկ բաժին… (Համբուրում է մատերի ծայրերն ու փչելով` համբույր ուղարկում: Սեթևեթելով հեռանում է): «Սատանա՛ Շառլ, բա՛յ»: (Մոտեցել է կախված մարմնին: Գլուխը թաքցնում է մարմնի հետևում: Սարսափահար ու ահաբեկված): Սարսափելի էր, Մա՛գ: Ես վախենում եմ: Ինձ մի տեղ թաքցրո՛ւ: Աստված սիրես, Մա՛գ: (Պտտվում է): Դաջվածքներ ունեցող բանտարկյալներին ներարկումներ էին անում ու սպանում, հետո մորթազերծ անում և կաշին ուղարկում ֆրաու Իլզա Կոխին, և այդ բարձրաճաշակ քածը նրանց նրբագեղ ու նկարազարդ մաշկից լուսամփոփներ էր պատրաստում… Գեղեցիկ ու մաքուր գործ է, առանց արյունահեղության… Ես վախենում էի… Բազմիցս կեսգիշերին վեր եմ թռել քնից ու նայել մարմնիս… Չլինի՞ մաշկիս վրա դաջվածքներ են հայտնել… (Խաղաղված) Ո՛չ, ո՛չ, վստահ եղե՛ք, հաստակաշի Շառլոտն արվեստի հետ կապ չունի, նրան մի կերպ կարելի է օգտագործել Totenbuch-ի համար, կամ էլ ուղարկել գազախցիկ: Շառլոտն ուշիմ աղջիկ է, կեռչանով աշխատելը շատ արագ սովորեց… (Մոտենում է սեղանին: Նստում է աթոռին և ինքնագոհ` ոտքը ոտքին գցում): Այդ գործի համար բավական է` սուր լսողություն ունենաս… Երբ մարում են գազախցիկի վերջին ձայները, սեղմում ես մեջտեղի կեռչանը… (Սեղանի վրայից վերցնում է պատառաքաղը): Կեռչանը ներքև է իջնում… (Պատառաքաղն իջեցնում է ներքև): Կեռչանն իջնում է ներքև… (Պատառաքաղն իջեցնում է ներքև): Հասնում է մարմիններին… (Ցույց է տալիս` պատառաքաղը ուժեղ խփելով կախված մարմնին): Նրանք բոլորն էլ մերկ են… Մորեմերկ… Կին ու տղամարդ… Արյունոտ, խոնավ, կապտագույն բուրգ է… Առանց բացառության` բոլորն էլ մեռած… (Ակամա ծիծաղում է): Լրջացի՛ր, Շառլո՛տ: Մեռնեմ աչքերիդ: Հիմա պիտի լծակը բարձրացնես վերև… (Պատառաքաղը դժվարությամբ վերև է բարձրացնում, միաժամանակ ծիծաղում է): Ասում եմ` լրջացի՛ր, անամո՛թ կին: (Դարձյալ ծիծաղում է): Ա՛խ, ա՛խ, չեմ կարողանում ծիծաղս զսպել… Այն հղի կինը հագուստը չէր հանել: (Լրջացած) Հա՞: (Ծիծաղելով) Երբ դիերը կեռչանով վերև էի բարձրացնում, նրա ոտքերի արանքից մի բան թրմփաց… (Ծիծաղը սաստկանում է): Թըմբլ-մըմբլ երեխա էր, որի գանգի փշրվելու ձայնը շատ ծիծաղելի էր… Ընկավ կղկղանքի ու կեղտի մեջ… (Ուժգին ծիծաղից բռնում է սիրտը): Նույնիսկ… ժամանակ չունեցավ լացելու … Լացելու… (Ծիծաղը փոխվում է լացի`տրտմալի ու տառապագին: Լացելով էլ պատառաքաղը բերանն է մտցնում ու հանում ): Այդպես կարողացա սնունդ հայթհայթել: Այդպես կարողացա ողջ մնալ: Այդպես մի՛ նայիր ինձ, Մա՛գ: Այս վեց տարիների ընթացքում, երբ աշխարհն արյան ու մահվան հոտով է բուրում, մի՞թե հնարավոր է ողջ մնալու համար այլ ճանապարհ գտնել: Մտածում ես` միայն ե՞ս էի: Չէ՛, գեղեցկուհի՛ս: Կարծում ես` ո՞վ էր պոկում դիակների ոսկե ատամներն ու փետում մազերը: Ո՞վ էր դիերը վառարանը լցնում: Դու ի՞նչ գիտես Օսվենցիմի ճերմակազգեստ հրեշտակների մասին, Մա՛գ: Երբ ընտրում էին գազախցիկի զոհերին, երգչախումբը պատրաստվում էր… (Պատառաքաղը դիրիժորի փայտիկի նման ձեռքն է առնում): Պատրա՛ստ… Սկսեցի՛նք: (Օպերետի ռիթմիկ և ազդեցիկ հնչյունների ներքո կինը հուզված և տպավորված տարուբերում է փայտիկը): Ճերմակազգեստ հրեշտակներն սկսում էին երգել «Ուրախ այրին» օպերետը… Լսո՞ւմ ես, Մա՛գ: Լսի՛ր, գեղեցկուհի՛… (Միաժամանակ լսվում է կանանց ու տղամարդկանց հեծկլտոց): Դա Օսվենցիմի մահվան քայլերգն է… Մի քանի քայլ այն կողմ մարդիկ շնչահեղձ են լինում գազախցիկներում… (Լացի ու ողբի ձայներն այնքան են սաստկանում, որ երգչախմբի ձայնն էլ չի լսվում): Մտածում ես` ինչով են տարբերվում այդ նրբակազմ երգիչները մարդասպան դահիճների՞ց: Ոչնչո՛վ: Միայն ուրախ են… Ուրախ են, որ իրենք չեն հայտնվել գազախցիկում… Վայր, որտեղ հայտնվողները բավական է` քիմիայից մի քիչ գլուխ հանեն` հասկանալու համար, որ այնտեղից այլևս դուրս չեն գալու: Ինչո՞ւ… Որովհետև  «Ցիկլոն B» օքսիդը, որն ստացվում է կապտաթթվի բյուրեղացումից, մահաբեր է, և բավական է մեկ անգամ շնչես այն օդը, որում ալիք են տալիս ջրածնի ցիանիդի բյուրեղները, որպեսզի շունչդ փչես: Դա էլ ճամբարի բժիշկներից եմ սովորել: Ուրիշ շատ բաներ էլ եմ սովորել: Ես այլևս այն տասնութամյա սիրահարված աղջնակը չեմ, որի վարսերի բույրն արբեցնում էր բիրմինգեմցի բարձրահասակ երիտասարդին: Երիտասարդ, որ մահացավ Իպրում, և աղջիկ, որ վայրագ կին դարձավ և վերջին մի քանի տարիներին շատ բան սովորեց: Սովորեց ինչպես հագեցնել ծարավը… երբ տասնչորս օրով դադարեցվում է ճամբարի ջրամատակարումը, և մարդիկ խումբ-խումբ մեռնում են… (Երկու մատները դնում է բերանն ու սուլում): Երեխե՛ք, պատրա՛ստ: Վա՛զք: (Սկսում է վազել): Վազե՛ք: Ավելի՛ արագ: Դե՛, դե՛, անբաննե՛ր: (Ավելի արագ է վազում): Վազե՛ք: Պիտի քրտնեք… (Ուժասպառ` նստում է ծնկների վրա): Այժմ շորերդ… հանեք… և լիզեք միմյանց… Դե՛: Շների նման լիզեք իրար… Ճիշտ է` քրտինքն աղի է ու տհաճ համ ունի… բայց գոնե ծարավից չեք մեռնի: Դա իմ գյուտն է` պառավ Շառլոտի` Օսվենցիմի, Տրեբլինկայի, Բելզենի, Սոբիբորի, Խելմնոյի, Բուխենվալդի և էլի հազար ու մի անիծյալ համակենտրոնացման ճամբարների հնգամյա օգտակար աշխատանքային փորձով… Որտեղ ասես ապրել եմ` շան բնում, արտաքնոցում, հին, խարխուլ փռերում, լվերով ու ոջիլներով լի բարաքներում, ընդհանուր զուգարանում, որտեղ հազար երկու հարյուր մարդու համար տասը փոքր զուգարանակոնք կար, և կղկղանքն ու արտաթորանքը թափվում էին դռներից ու պատերից… Չորս այլ սրիկաների հետ քեզ գցում են մի տեղ, որն ունի երեք մետր երկարություն, երկու մետր լայնություն և մեկ մետր բարձրություն, և դու ստիպված ես ծնկաչոք ման գալ… Հենց այդտեղ էր, որ այն գարշահոտ ֆրանսուհուն սպանեցի: Նրա անունը Բրիջիդ էր: Ողջ գիշեր փսխում էր ու չորսբոլորն աղտոտում… Գարշահոտից խելագարվում էի: Մյուս աղջիկների աչքն իմ ձեռքին էր: Ես հանեցի դանակս, դրեցի նրա կոկորդին… և շնչափողը կտրեցի: Քեթին ծնկաչոք մոտեցավ պատուհանին և բղավեց. «Հե~յ, բանտապա~հ, այստեղ մի սրիկա ինքնասպան է եղել, մարմինը հոտել է… Եկե՛ք, տարե՛ք»: (Ուշադիր նայում է կախված մարմնին): Ցավում եմ, գեղեցկուհի՛… Դու էլ ես հոտում… (Մոտենում է դռանը): Առաջին օրը, երբ այս գեհենը մտա, առաջինը դու ինձ ողջունեցիր: Երբեք չեմ մոռանա… Օլգան նստել էր անվասայլակի վրա և երկար վարսերը փռել սեղանին: Մարին երկար եղունգներով նրա մազերի միջից հանում էր անիծները և լցնում լուցկու տուփի մեջ: Դու նստել էիր սեղանի մոտ և նայում էիր ջրի թասին… Ես ներս մտա` եղունգներս կրծելով: Ձախ բազուկս քոր էր գալիս լվի խայթոցից… Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց: Ես բռունցքով խփեցի զնդանի դռանը… Երեքդ էլ գլուխներդ բարձրացրիք: Ես ծիծաղեցի ու ասացի.  «Բարև՛, անիծյա՛լ սրիկաներ: Այս գեհենում մի այլ սրիկայի համար տեղ կճարվի՞»: Հետո դու դարձյալ նայեցիր ջրի թասին ու ասացիր. «Աստղերը հուշել էին մոտալուտ դժբախտության մասին: Նե՛րս արի, սրիկա՛»: Հենց այդ պահից հասկացա, որ մարգարե ես… գուշակ, կախարդ: Նայեցիր ափիս մեջ ու ասացիր. «Դժվար օրեր ես ապրել, աղջի՛կ»: Եվ ես հավատացի քեզ… Հավատացի խոսքերիդ, գուշակություններիդ: Ասացիր` գուշակել ես  «Հինդենբուրգ»-ի վթարը: Ասացի` բախտս նայի՛ր, Մագի՛… (Ճակատն է մատնացույց անում): Այստեղ է գրված… Գիտեմ… Ուշադի՛ր նայիր: Չե՞ս տեսնում: Ուրեմն ջրի թասի մեջ նայի՛ր… Այնտեղ հաստատ մի բան կտեսնես… (Նստում է անվասայլակին, մոտենում սեղանին, նայում ջրի թասի մեջ: Ձայնը խռպոտում է):  «Հավերժությունը մոտ է… Մեր նողկալի կյանքի վերջին շատ չի մնացել: Ամեն ինչ փուլ է գալու և այրվելու… Մահը մեզ է սպասում… Ողբերգական մահը… Արցունքի աղբյուրները ցամաքելու են, արյան լճակները` լցվեն… Անտառը ինքնաձիգների կրակոցներից ծերանալու է… Ձմեռվա վերջին ձյունը ոչնչացնելու է վերջին ծաղիկները… Երկգլխանի երեխաներ են լույս աշխարհ գալու, որոնք մայրական կաթի փոխարեն վառոդի ու վիսկիի խառնուրդ են խմելու… Երկրագնդի երեսին մահացածներին թաղելու տեղ չի գտնվի … Նրանք թափված կլինեն փողոցներում, կծածկեն քաղաքները… Նրանցից շատերը սովյալների բաժին կդառնան, մյուսներն էլ կքայքայվեն ու կանհետանան: Աշխարհը կթաղվի կեղտի կույտի տակ… Հետո մի օր… ամենաավեր ավերակների միջից ու ամենակեղտոտ անկյուններից դուրս կգա թավշե տերևներով կենսախինդ ու կենսալի մի կարմիր ծաղիկ… և աշխարհը պատրաստ կլինի նորից հավերժանալու»: Այս թասի ջուրն ինչքա~ն սև է… Տարիներ շարունակ Մագին աշխարհին նայեց այս թասի միջով և մի օր էլ գնաց, կանգնեց այդ աթոռակի վրա, որ անցողիկությունից հավերժություն տեղափոխվի: (Անվասայլակով մոտենում է զնդանի դռանը): Հե~յ, բանտապա~հ: Սրիկա՛: Այս կնոջ դին նեխել է: (Բռունցքով հարվածում է դռանը: Դուռը բացվում է: Կինը զարմանքից քարանում է): Հե~յ, դուռը… Դուռը բաց է: (Նայում է դուրս ու բղավում): Հե~յ… (Ձայնն արձագանքում է): Մեկնումեկը կա՞ այստեղ: (Ձայնն արձագանքում է: Վեր է թռչում տեղից և աջ ու ձախ` միջանցքներն է ուսումնասիրում: Մոտենում է պատուհանին և ճաղերի արանքից դուրս նայում): Սա Ռավենսբրուկը չի… Սա Օսվենցիմն է: Մա՛գ, գնդակահարել են բոլորին. Լինդան, Մարիան, Նատաշան, ֆրանսուհի Ռոզին… Աստվա՛ծ իմ… Բոլորին սպանել են… Բոլորին… Բոլորն էլ բոբիկ են… Նրանց կոտորել են… Սարսափելի է… (Քարշ գալով հասնում է դույլին և փսխում: Միաժամանակ) Ինչո՞ւ… Ինչո՞ւ… Ինչո՞ւ… Մա՛գ, մոտենում ենք քո անիծյալ հավերժությանը… Մահն այստեղ է, մեր թիկունքում: (Գլուխը հանում է դույլի միջից): Կարո՞ղ է մեր հետևից էլ գան: (Սարսափահար) Ես վախենում եմ, Մա՛գ… Վախենում եմ… (Մոտենում է մահճակալին, իրեն գցում անկողնու վրա, թաքնվում ծղոտե ներքնակի տակ` գլուխը խցկելով պատառոտված բարձի տակ: Նա չի երևում, բայց մարմնի դողն այնքան ուժեղ է, որ նրա ներկայությունը նկատելի է ներքնակի տակ): Ես գնդակահարությունից վախենում եմ… Կաունասի ճամբարում հիսուն հոգանոց խմբին շարեցին հրաձիգների առաջ: Գնդակահարելու հրաման տվող ջոկի հրամանատարը թույլ չտվեց, որ վիրավորների վրա նորից կրակեն… Եվ մենք մինչև առավոտ լսեցինք նրանց տնքոցները… Չէ՛, նրանք անգութ դահիճներ չէին, պարզապես ուզում էին իրականությունը մեր երեսներին շպրտել: (Գլուխը հանում է բարձի տակից): Այո՛, իրականությունը: Ճշմարտությունն այն էր, որ ճամբարի զինվորները նկատելիորեն քչացել էին: Երբ Վերմախթի ողջ ճակատում ո՛չ թնդանոթ է ճարվում, ո՛չ զինվոր… Երբ Զիգֆրիդի գիծը այդպես քայքայվում է, բնական է, որ Կաունասի նման փոքրիկ ճամբարում փամփուշտ չի ճարվի… (Իջնում է մահճակալի վրայից): Պարտադիր չէ քաղաքագետ լինես այդ ամենը հասկանալու համար… Մագին ասում էր` Ռայխի բանակը վերջին շնչում է… Մահանալուց առաջ Օլգան իր ծանոթից լսել էր, որ նացիստ զինվորներից շատերը լքել են հենակետերը: Այն օրը, երբ լուր ստացանք, որ Աախենը դաշնակիցների ձեռքն է անցել, աղջիկներով տոն կազմակերպեցինք… Նույնիսկ Մագին մասնակցեց մեր խնջույքին… Չէ՞, Մագի՛… Այսքան դժբախտ տարիներից հետո հասնում ենք մի կետի, որտեղից հույսի շող է երևում: Հա՛, գիտեմ… Շատ արնաշաղախ ճանապարհներ ենք անցել, ցլերի նման կատաղել ենք, գայլերի նման իրար հոշոտել… Հասել ենք այստեղ. ապրիլի տասներեքի արևը մայր է մտնում, ընկներներս գնդակահարված են, դու կախվել ես, և ես մնացել եմ մենակ… Ո՞վ իմանա… Գուցե ես մոլորակի միակ կենդանի շո՞ւնչն եմ… Այն կարմիր ծաղկի նման: Ճամբարը դատարկվել է, Մա՛գ, բանտարկյալները փախել են: Միայն դու կարող էիր կռահել, որ մի օր այս կետին ենք հասնելու… Մոռացե՞լ ես այն օրը, երբ մեզ շուրջդ հավաքեցիր ու ասացիր.  «Լսե՛ք, աղջիկնե՛ր, Մոնտգոմերիի զորքերն անցել են Սոֆալան… Անցել են Բրեմենն ու շարժվում են դեպի Համբուրգ ու Բալթիկ ծով… Հավատացե՛ք, ճիշտ եմ ասում»: (Մատն ուղղում է դեպի կախված մարմինը): Խաբեբա՛ : Չհավատա՛ ք, աղջիկնե՛ր: Սա էլ այս ամսվա` ապրիլի սուտն է: Դու մեզ համոզում էիր, որ հավատանք քո խոսքերին… Ասում էիր` օդափոխության տանելու ժամանակ հրամանատարի դռան մոտ ականջ ես դրել… «Աղջիկնե՛ ր, ամերիկյան 9-րդ բանակը` գեներալ Սիմփսոնի գլխավորությամբ և 1-ին բանակը` գեներալ Հոջեսի ղեկավարությամբ, անցել են Ռուրը… Լիպշտադտում հանդիպելու են իրար… Գերմանիան շրջափակված է հյուսիսից և հարավից… Հավատացե՛ք, «ապրիլի»  սուտը չէ»: Հավատում ենք, սիրելի՛ս, հավատում ենք… (Գրկում է կախված մարմինը): Քո ընկերուհին եմ, Մագի՛: Երանի աչքերդ բացեիր ու տեսնեիր… Ճամբարը դատարկվել է. նույնիսկ մի նացիստ զինվոր չկա: Փախել են վախկոտ մողեսները, փախել են մեր զինվորների ահից… Թո՛ղ գնան գրողի ծոցը: Մենք ո՞ւմից էինք վախենում, Մագի՛, այս կեղտոտ փափկասունների՞ց: Հիշո՞ւմ ես` ինչքան եմ նրանց ոտքերն ընկել ու աղաչել, որ ինձ Բեռլին տանեն: Ես ուրիշներից ինչո՞վ էի պակաս: Ինչո՞ւ միայն Նատաշային, Լինդային, Ջեյնին տարան: Ես սիրուն չե՞մ, Մա՛գ: Ինչո՞ւ ասացին` դու ծեր ես: Ես քանի՞տարեկան եմ: Միայն մաշկս է թորշոմել, և մազերս են արմատից խուզել: Ինչո՞ւ ինձ չտարան, Մա՛գ: Մենք չկարողացանք լավ պոռնիկներ լինել… Բայց ոչինչ: Հիմա մենք այստեղ ենք, միասին, կողք կողքի… Եթե Ռիչին այստեղ լիներ, կարող էինք տոն կազմակերպել, ասել, խոսել, ծիծաղել… երգել, մինչև վերջանալը… Ամեն ինչ վերջացավ: Արդեն ազատ ենք: Կվերադառնանք մեր հայրենիքները… Գարունը Լիվերպուլում շատ գեղեցիկ է… Երբ անձրև է գալիս, մառախուղն իջնում է նավահանգստի վրա… նստում ենք մակույկն ու շրջում… (Հեռվից լսվում են վալսի հնչյուններ: Շառլոտը դանդաղ պտտվում է ինքն իր շուրջը): Կյանքն սկսվում է նորից… Տունը կվերանորոգեմ, տան դիմաց վարդերով լի ծաղկանոց կտնկեմ… Մի ծառ կաճեցնեմ, որ գարնանը կանաչի, ամռանը` կարմիրով, աշնանը` դեղինով, ձմռանը ճերմակով պատվի…

Ռումբի ուժգին պայթյունի ձայն: Կինը սարսափահար կանգնում է և ականջ դնում: Վալսի հնչյուններն ավելի ու ավելի են հեռանում: Ինքնաթիռների հռնդյուն: Ռումբի ձայն:

Սա ի՞նչ է: (Ռումբի ձայն): Նացիստները չե՞ն ուզում ձեռք քաշել: Նացիստնե՞րը: Չէ՛… Չէ՛… Չեն կարող նացիստները լինել… Նրանք ջախջախված են, այնպես չէ՞, Մագի՛… Ուրեմն ո՞վ կարող է լինել: Ո՞ր սրիկան է եկել` խլելու ինձնից երջանկությունս: Խոսի՛ր, Մա՛գ: Դու ամեն ինչից տեղյակ ես, ի՛մ մարգարե: Ովքե՞ր են սրանք, որ մեր գլխին ռումբեր են նետում: (Պայթյունի ձայն: Ինքնաթիռների հռնդյուն): Բավակա՛ն է, դե՛, բավական է: Զզվեցրել եք արդեն, անիծյալնե՛ր: Հանգիստ թողե՛ք մեզ: Չե՞ք հոգնել այսքան սպանելուց… Ի՞նչ եք ուզում մեզնից: (Արտասվում է, կծոտում շրթունքները): Չէ՛, չէ՛, չպետք է հուսահատվել: Մագի՛, իջի՛ր այդտեղից, դժբախտության թասի մեջ նայի՛ր և ասա` ո՞ւմ պիտի անիծեմ: (Մոտենում է թասին) Գերմանիան ջախջախված է, մեր բանակը հաղթանակ է տանում, Բեռլինը շրջափակված է… Ռավենսբրուկը մոտ է Բեռլինին… Մեր օդաչուները եկել են ռմբակոծելու Բեռլինը… (Ձեռքերը պարզում է դեպի երկինք) Մենք այստեղ ենք, եղբայրնե~ր: Հայրենակիցնե~ր, մենք այստեղ ենք: Տարիներ շարունակ սպասել ենք ձեզ… Ինչո՞ւ այդքան ուշացաք… (Պայթյունի ձայն: Կինը գլուխն առնում է ափերի մեջ): Լա՛վ… Լա՛վ: Հերի՛ք է… Այստեղ ինչքան նացիստ կար, արդեն ոչնչացրել եք… Մեկին ողջ չեք թողել… Թո՛ղ այս ընտրյալ ազգն էլ զգա ռումբի համը… Թո՛ղ նրանք էլ հասկանան, թե ինչ դժվար է փլատակների տակ մնալն ու փրկարարներին սպասելով` մեռնելը… Վեց տարի աշխարհը դողում էր ձեր սապոգների տակ, հիմա ժամանակն է, որ ինքներդ դողաք: Տեսե՛ք, տեսե՛ք` մեզ հետ ինչ արեցիք: (Ծնկաչոք նստում է և ձեռքերը մեկնում դեպի մեզ): Մեզ դարձրիք դժբախտ պոռնիկներ: Տղամարդկանց սպանեցիք, գեղեցիկ կանանց ու աղջիկներին ուղարկեցիք Վարշավայի, Պրահայի, Բելգրադի պոռնկանոցները… Մա՛գ… Սա ռումբի դղրդյուն չէ: Սա մեր փրկության ղողանջն է… (Մոտենում է պատուհանին) Ի~նչ չքնաղ բոցեր են: (Խոսում է` դուրս նայելով): Կեցցե՛ք, խիզա՛խ զինվորներ: Հայրենիքի հերո՛ս տղաներ: Ես` պառավս, ողջունում եմ ձեզ այս մութ ու անձուկ գետնախորշից… Գցե՛ք… Ռումբեր գցե՛ք: (Հզոր պայթյունի ձայն: Կինը սարսափահար կուչ է գալիս): Բայց եղբայրնե՛ր… Մի՛ մոռացեք մեր մասին… Այս մի քանի տարիներին մենք շատ ենք հալածվել… Լսե՞լ եք բարոխցիկի մասին: Չեմ կարծում… Մարին էլ ոչինչ չէր լսել, ժպտալով ներս մտավ և շարունակում էր ժպտալ նույնիսկ այն ժամանակ, երբ ցանով էր պատվում դեմքը… Բայց չորս րոպե հետո քրտինքն սկսեց թափվել վրայից, ժպիտն անհետացավ շուրթերից… գլուխը պտտվեց և սկսեց ջղակծկվել… «Օ~դ… Օ~դ… Մի փոքր օդ»… Մարին իրեն պատեպատ էր խփում: Թոքերը կտոր-կտոր էին լինում, երեսն ու գլուխը ճանկռում էր… (Արտասվում է) Մարի՛, սիրելի՛ս… Երանի կարողանայի գլուխդ կրծքիս սեղմել, խե՛ղճ աղջիկ… Ինչքան տառապեցիր… Գերմանացի զինվորները հղիացրին քեզ և ուղարկեցին Պրահայի հիվանդանոցներից մեկը… Ծննդաբերելուց հետո երեխայիդ սպանեցին, քեզ էլ բերեցին Ռավենսբրուկ… (Ռումբի պայթյուն): Սրանցով չի սահմանափակվում մեր գլխով անցած դաժանությունները… Այստեղ, մինչ մեր կյանքից անցնում է մեկ րոպե, մենք հազար անգամ մահանում ենք… Այստեղ մահը կրկնվող ու տաղտկալի պատմություն է, որն այլևս ոչ ոքի աչքերից արցունք չի կորզում… Հե~յ, հպարտ ու դյուցազուն օդաչուներ, երբ վերևներում ձեր աթոռներին հանգիստ նստած սեղմում եք ռումբ նետելու կոճակը, մի ակնթարթ մեր մասին մտածեք. այն մարդու մասին, որը բոկոտն անցել է բազմաթիվ փշապատ ճանապարհներ, որի անկենդան աչքերը շատ աղետներ են տեսել, որը երկու ձեռքով կառչել է կյանքին, և դժբախտության տարիների չարչարանքը կեղտի նման նստել է նրա եղունգների տակ… Դժբախտություն ասելով` նկատի ունեմ համակենտրոնացման ճամբարներում սպանված հինգ միլիոն մարդուն, ինն ու կես միլիոն գերիներին… Հետաքրքիր թվեր են, նույնիսկ «Bigshow»-ում նման մեծ թվեր չեն լինում… Հա՛, ընկերնե՛ր, Ռավենսբրուկի նապաստակ-աղջիկները դրանք բոլորից լավ գիտեն: Այդ ամենն իմանալու համար պարտադիր չէ` Մեգիի նման ջրի թասի մեջ նայեմ… Գերիներն ու սպանվածները կոպերիս տակ են… Քնած լինեմ թե արթուն` գալիս են հետևիցս. նրանց վրայից արյուն է կաթում… Մագին ասում է` մղձավանջ է, Շառլո՛տ, բայց ես գիտեմ, որ իրականություն է: Չէ՞, Մագի՛: Իրականություն, որը մարգարեին դիակ դարձրեց… Մարգարե, որ ասում էր` կարևոր առաքելություն ունի այս աշխարհում… Մի հիմար էլ էր այդպես խոսում երեք հարյուր-չորս հարյուր տարի առաջ… Կարծում էր` պիտի փրկի աշխարհը, պիտի փրկի իր հայրենիքը օտարների ճանկերից, բայց նույնիսկ ինքն իրեն փրկել չկարողացավ: Նրան դրեցին ցախակույտի մեջ և ողջ-ողջ խորովվեցին: Դու նրա նման ես, Մա՛գ: Մեզ հույս էիր տալիս, ճգնում էիր ապրել… Ռայխի բանակի ջախջախման ավետիսը միայն քո բերանից էինք լսում: Օռլեանի կույսի նման անեղծ էիր ու սուրբ: Ինչո՞ւ այդպես վարվեցիր: Մի՞թե չէիր ասում` հաղթանակը մոտ է: Մի՞թե չէիր ասում` ազատության թռչունը գալու է` պոկի այս ճաղերն ու մեզ իր հետ տանի: Ես լսում եմ նրա թևերի թևաբախումը, Մա՛գ: Եթե ողջ լինեիր, դու էլ կլսեիր… Ի՞նչ էիր տեսել ջրի թասի մեջ, որ ինքնասպանություն գործեցիր: Կյանքը քեզ համար այդքան տաղտկալի՞ էր դարձել: (Կոպիտ) Իսկ ե՞ս, անիծյալ: Ես, որ իմ ողջ կյանքը այս դույլի մեջ եմ փսխել: Արի՛… Արի՛ դու էլ քո կյանքը փսխիր: Արի թափենք մեր դառն անցյալը և մաքուր սրտով ու հուսավառ` ականջ դնենք ազատության թռչունի թևաբախումին… (Ռումբի պայթյունի ուժգին ձայն: Ինքնաթիռների հռնդյուն): Այս մեկը շատ մոտիկ էր… (Կծկվում է): Խելագարվե՞լ են այս տղաները: Ի՞նչ փորձանք են ուզում մեր գլխին բերել: Կարծես ծաղրում են: Չգիտե՞ն, որ մենք այստեղ ենք: (Պայթյունի ձայն): Հաս… Հաս… Հաստատ գիտեն… (Պատուհանից դուրս է նայում): Այդ ի՞նչ է այրվում: Կանցլերի գրասենյա՞կն է: Հուսով եմ: Գուցե Օրանիենբուրգի ճամբարն է… Մեր տղաներից շատերն այնտեղ են… Ռուս գերիներ, անգլիացի օդաչուներ, Դիմադրության ճակատի ֆրանսիացի սպաներ… Մի՞թե այդ մասին դուք չգիտեք, սրիկանե՛ր:

Հզոր պայթյունի ձայն: Կուրացնող լույսը` կրակի բոցերի նման, լուսավորում է բեմը: Կինը ճչալով գլուխն առնում է ափերի մեջ: Լսվում է ապակիների փշրվելու ձայնը: Պայթյունի ձայն: Կինը պատսպարվում է սեղանի տակ ու ճչում: Պայթյունի ձայն, և կուրացնող լուսարձակում: Կինը քարշ գալով մտնում է մահճակալի տակ: Պայթյունի ձայն: Պատերը դղրդում են: Կինը սողեսող դուրս է գալիս մահճակալի տակից` զինվորական քայլերգի ելևէջներ հնչեցնելով: Ասես հատուկ է անում, որ ռմբակոծության ձայնը չլսի: Պայթյունների ձայները գնալով հեռանում են: Կինը ցատկում է, կանգնում. ատամները կափկափում են, և աչքերի անկյուններում արցունքի կաթիլներ կան: Ծնկները դողում են: Կինը շարունակում է զինվորական քայլերգի ելևէջներ հնչեցնել:

Բում-բում… Դամ-դամ-դադամ… տրաք-տրաք-տրաք… Բում-բում-բուբում… Բում-բում-բուբում…

Կանգ է առնում: Ականջ է դնում: Շուրթերին ժպիտ է երևում: Գլխում միտք է ծագում: Ինչոր բան է փնտրում: Վազում է դեպի սեղանը: Սեղանի վրայի պարագաներն իրար է խառնում: Խելագարի նման դրանք թափում է գետնին: Անվասայլակը շրջում է: Վազում է դեպի մահճակալը: Բախվում է կախված մարմնին: Դին տարուբերվում է օդում: Կինն այս ու այն կողմ է շպրտում ծղոտե ներքնակները: Ինչոր բան է փնտրում բարձերի մեջ, բայց քանի որ ոչինչ չի գտնում, դրանք նետում է դիակի կողմը: Հոգնած ու քրտնաթոր` իջնում է մահճակալի վրայից և հենց այդ պահին գտնում փնտրածը` բամբակի երկու խծուծ, որոնք ընկած են մահճակալի ոտքի մոտ: Ուրախացած վերցնում է դրանք, համբուրում և խցկում ականջների մեջ: Գոհունակ ժպիտ է երևում շուրթերին: Հաղթանակած ու հպարտ.

Վե՛րջ… Վե՛րջ: Այլևս ոչինչ չեմ լսում: Դե՛, սրիկաներ… Ինչքան սրտներդ ուզում է, ռումբ նետեք… Ձեզնից այլ բան չի կարելի ակնկալել… Քանի որ ոչ մեկդ չգիտի, թե ով է հղիացրել իր մորը… Հա՛, արեք` ինչ ուզում եք: Ես կեղտոտ պոռոտախոս եմ, որի նմանն աշխարհը չի տեսել: Ես վայրագ կին եմ` բառի բուն իմաստով: (Ձևացնում է` իբր մաստակ է ծամում): Լավ… Հիմա ի՞նչ եք ասում, է~: Ավելի լավ է` ինձ հետ լեզվակռիվ չտաք, թե չէ կհայհոյեմ, ամենավատ լուտանքները կթափեմ ձեր գլխին: Կներե՛ս, Մագի՛, ես սաստիկ զայրացած եմ: Ինչո՞ւ այսպիսի իրավիճակում ինձ մենակ թողեցիր: Մի՞թե ընկերուհիս չէիր: Մի՞թե ինձ միշտ չէիր պաշտպանում: Նույնիսկ, երբ դանակով մի սիրուն գիծ քաշեցի հիմար Ջենիֆերի երեսին, դու կանգնեցիր իմ ու աղջիկների արանքում և թույլ չտվեցիր, որ ինձ պատժեն… Այդքանից հետո ինչո՞ւ ցանկացար, որ այդ սարսափելի գործն ի կատար ածեմ: (Նստում է անվասայլակին և մանկական անմեղությամբ խոսում): Ասացի` չեմ կարող, Մագի՛… Չեմ կարող նման բան անել: Մագին խփեց ինձ… Խփեց այստեղ` երեսիս… Ուժեղ խփեց… Կապեց ձեռքերս, կապեց ոտքերս, նստեցրեց ինձ անվասայլակին ու թոկով կապկպեց… Հետո նորից ծեծեց: Ես լաց եղա… Շատ լաց եղա… Մագին բռունցքով հարվածեց դեմքիս, որ չխոսեմ, որ չլացեմ… Բայց ես սկսեցի ուժգին հեկեկալ: Մագին կտորով կապեց բերանս, ականջներիս մեջ բամբակ խցկեց… Կծեց ոտքերս, ճանկռեց ձեռքերս… Ես լացեցի… Մագին այնքան ծեծեց, որ ուժասպառ եղա… Հետո գնաց, կանգնեց աթոռակի վրա, պարանը գցեց վիզն ու սպասեց… Ես անվասայլակը քշեցի նրա կողմը… Մագին աչքերով խոսում էր հետս: Կարծես ասում էր` դե՛, պստլի՛կ Շառլոտ, մի կողմ տար աթոռակը: (Մոտենում է դիակին և շրջում աթոռակը): Հետո Մագիի լեզուն կախվեց բերանից, դեմքը կապտեց ու սևացավ… Եվ ես, սիրտս ինչքան ուզեց, գլուխս հպեցի նրան ու սիրուն պատմություններ պատմեցի… Մամա՛ Մագի, ես սիրահարված էի… Սիրահարված էի Ռիչիին… Այն բիրմինգեմցի բարձրահասակ երիտասարդին… Շատ լավ տղա էր… Իպրի ճակատում էր ծառայում… Խոստացել էր` երբ վերադառնա, ամուսնանալու է ինձ հետ… Ա~խ, մամա՛, ի~նչ մեծ գերեզմանահոր էին փորել նրա համար. ոտքերը դուրս էին մնացել դագաղից… Ես հմտացել եմ ընդհանուր գերեզմանափոսեր փորելու գործում… (Պայթյունի ձայն: Կինը լռում է: Ռումբի պայթյունի ձայն: Կինն ականջների միջից հանում է բամբակը և շպրտում մի կողմ): Մի՛ վախեցիր, Մագի՛… Նացիստները… կրկին հարձակվել են… Պետք չէ վախենալ… Պատկերացրու` 1939-ի սեպտեմբերն է, մենք Վարշավայում ենք… և շատ բնական է, որ մեր գլխին ռումբեր են նետում… Պատկերացրու` դեռևս ոչինչ տեղի չի ունեցել, դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվել, կյանքն իր հունի մեջ է, ոչ մի համակենտրոնացման ճամբար չի կառուցվել, ոչ մի փամփուշտ չի արձակվել, մարդկանց այրող վառարարանների մասին տեղեկություն չկա, գյուղերն ու քաղաքները դիերով լցված չեն… Պատերազմի մասին լուր չկա… (Պայթյունի ձայն): Սկսվեց… Հենց այս պահից նախապատրաստիր քեզ` դիմանալու տարիների պատերազմին ու արյունահեղությանը, դռնեդուռ ընկնելուն, ավերին, սառցակալելուն, բարկ արևի տակ այրվելուն, զանգվածային մահին, բարոխցիկին, մահվան սենյակին, գազախցիկին, գնդակահարությանը, պոռնկությանը, հանցագործություններին, մարդասպանությանը, սովին, ծարավին, չքավորությանը, ողջ-ողջ թաղվելուն… Մագի՛, նախապատրաստի՛ր քեզ այս ամենին: Նոր հավերժություն է սկսվում… Այս պահին նորից է ծնվում աշխարհը, որն ավելի անարգ է, քան նախորդը… Նախկինում թշնամին էր սպանում, այսօր` մեր հայրենակից անգլիացիները… Հայրենի՞ք… Ծիծաղելի է… Անհայրենիքության դար է սկսվում… Աշխարհաբնակները երկու խմբի են բաժանվել… Մի խումբը ռումբ է նետում, մյուսը` մեռնում ռումբերի տակ: Մոտեցի՛ր ցախակույտին, Մագի՛… Ժամանակն է… Ժամանակն է, որ կրակը վառեն, ի՛մ սրբուհի: Աչքերդ փակի՛ր, որ քեզ նայող ամբոխի անտարբեր հայացքը չտեսնես: Աշխարհն այլևս կարիք չունի փրկիչների, Օռլեանի՛ տիկին… (Դանակը հանում է և մի քանի անգամ հարվածում նրան): Վե՛րջ… Դու մեռած ես… Ընդմիշտ… Նորից կազմավորվող կեղտոտ աշխարհում քո կարիքը չկա… Ողջերը զենքի կարիք ունեն, մահացածները` գերեզմանի… Լոնդոնում նոր Մաութհաուզեն են կառուցում, Նյու Յորքում` Բուխենվալդ… Գուցե Ռիչին կրկին աշխարհ գա և գերմանական Das Reish-ի զինվորական համազգեստով, ռումբի ու գնդակի տեղատարափի տակ, հոշոտող գայլի կատաղությամբ աչքերիս մեջ նայի ու ասի. «Սիրում եմ քեզ, Շառլո՛տ»… Եվ ես, ողջ էությամբ սիրուց դողալով և սիրալիր ժպիտը շուրթերիս, դանակով հարվածեմ նրա շնչերակին և դիակը ուղարկեմ բժշկական սենյակ, որ մաշկից` լուսամփոփ, ճարպից էլ օճառ պատրաստեն: Ի~նչ գեղեցիկ հեռանկար ունի մեր ապագան: Հասնում ենք, Շառլո՛տ… Հասնում ենք: Շատ հեռու չէ… Ապագան` արյունոտ սապոգներով զինվորների ուղեկցությամբ, մոտենում է… Ապագան երկաթե թևերով հավք է, որ իր ծերտով աղտոտում է տները, և դու ստիպված ես զօրուգիշեր «Ուրախ այրին» երգել, որ փլատակների տակ ծվարած երեխաների ձայնը չլսի… (Հանգիստ մոտենում է պատուհանին): Մի ռումբ է ընկել դիերի վրա… Աղջիկները մի անգամ գնդակահարվել էին, մի անգամ էլ աղճատվեցին: Դեռ շատ ժամանակ կա, որ նրանք մոխրանան… Շատ օրեր, որ հազարավոր մարդկանց մոխիրը կարողանաս լցնել փոքր քսակի մեջ և Սուլա գետը դատարկել, մոռացե՞լ էիր: Ուժեղ եղի՛ր, աղջի՛կ, և ես… ես… ես… (Մոտենում է կիսաբաց դռանը և փակում է այն): Ես… Ես… Պիտի մի քիչ խոսեմ… Մի քիչ… (Հենվում է դռանը: Եղունգներն է կրծում, քորում է թևերը): Բարև՛, անիծյա՛լ սրիկաներ: Այս գեհենում տեղ կգտնվի՞ մի ուրիշ սրիկայի համար:

Մոտենում է սեղանին, թասի ջուրը խմում: Ռումբի ձայն: Լույսի աղոտ ցոլք է ընկնում պատուհանին: Մարմինը ճոճվում է մթության մեջ` երկրի ու երկնքի արանքում: Միակ լույսը բոցն է, որ վառվում է ներսում և ռումբերի պայթյունից փայլատակում: Գիշեր է

1987թ. ձմեռ

Թարգմանությունը պարսկերենից` Նունե Հովհաննիսյանի

[1] «Ռմբակոծության ժամը » պիեսի երկրորդ մասն է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *