Լու Սյուն | Խելագարի օրագիրը [1]

Դպրոցում ես մտերմություն էի անում երկու եղբայրների հետ, որոնց անուններն այստեղ չեմ նշի։ Բայց երկար տարիների բաժանումից հետո մենք աստիճանաբար կորցրինք կապը։ Վերջերս լուր հասավ, որ նրանցից մեկը ծանր հիվանդ է, ու քանի որ տուն էի ուղևորվում, շեղվեցի ճանապարհիցս՝ նրանց  այցելելու համար, բայց եղբայրներից միայն  մեկն էր տանը։ Հենց նա էլ ինձ պատմեց կրտսեր եղբոր հիվանդության մասին։

— Շնորհակալ եմ, որ այդքան հեռվից եկել ես մեզ տեսակցելու,— ասաց նա,— բայց եղբայրս արդեն վաղուց ապաքինվել ու գնացել է տնից և սպասում է թափու պաշտոնի նշանակվելուն։

Շապիկի ձևավորումը՝ Լիլիթ Ալթունյանի

 Լայն ժպիտը դեմքին՝ նա ինձ ցույց տվեց եղբոր՝ երկու մասից բաղկացած օրագրերը՝ բացատրելով, որ դրանք ինձ հնարավորություն կտան հասկանալու եղբոր հիվանդության էությունը, և որ ինքը  ոչ մի արտառոց բան չի տեսնում՝  դրանք իր հին ընկերոջ հետ կիսելով։ Օրագրերը վերցնելով՝ վերադարձա տուն և ուսումնասիրելով գրառումները՝ եզրակացրի, որ հիվանդը տառապել է «հետապնդման մոլուցքով»։ Տեքստն անրեևակայելիորեն խառն էր ու անհասկանալի, բացակայում էին ամիս-ամսաթվի մասին նշումները, և միայն թանաքի գույնից ու ձեռագրի տարբերությունից  կարելի էր ենթադրել, որ տարբեր կտորներ գրվել են տարբեր օրերի։ Եվ, այնուամենայնիվ, ես գտել եմ որոշ հատվածներ, որոնք կապակցված են, ու ներկայացնում եմ ստորև՝ հուսալով, որ դրանք օգտակար կլինեն բժշկական հետազոտությունների համար։ Տեքստում եղած վրիպակները չեմ ուղղել, միայն մարդկանց անուններն եմ փոխել, քանի որ բոլորն էլ հասարակ մարդիկ են և նրանց անունների իսկությունը էական նշանակություն չի հաղորդում տեքստին։

 Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, այն օրագրի հեղինակն է ընտրել ապաքինվելուց հետո ։

Ապրիլի 2, 1918[2]

1

Այս գիշեր լուսինը պայծառ է։

Ավելի քանի երեսուն տարի չէի նկատել այդ տեսարանը, ուստի այսօր, երբ ի վերջո տեսա այն, անսովոր թարմություն զգացի և հասկացա, որ անցած ավելի քան երեսուն տարիներին երազի մեջ եմ եղել։ Բայց պետք է զգույշ լինեմ։ Հարևան  Ճաոյի շունն ինչո՞ւ պետք է երկու անգամ  ինձ այդպես նայեր։

Վախս անհիմն չէ։

2

Այս գիշեր լուսին չկա. վատ նշան է։ Առավոտյան զգուշորեն դուրս եկա տնից։ Պարոն Ճաոյի աչքերում տարօրինակ մի բան կա. նա կա՛մ վախենում է ինձանից, կա՛մ ուզում է վատություն անել։ Մի անկյունում իմ մասին փսփսացող մի յոթ-ութ հոգանոց խումբ էլ տեսա, որոնք բայց համ էլ վախենում էին, որ  կնկատեմ իրենց։ Ճանապարհին ինձ հանդիպած բոլոր մարդիկ իրենց նույն կերպ էին պահում։ Նրանցից մեկը հատկապես չար էր. երբ տեսավ ինձ, լայն ժպտաց։ Ես ոտքից գլուխ փշաքաղվեցի՝ հասկանալով, որ նրանց նախապատրաստությունն արդեն ավարտված է։

Չցանկանալով վախեցած երևալ՝ շարունակեցի ճանապարհս։ Առջևիցս  մի խումբ երեխաներ էին քայլում, նրանք էլ էին իմ մասին խոսում։ Հայացքները պարոն  Ճաոյի հայացքի պես տարօրինակ էր, դեմքները՝ սարսափելի գունատ։ Մտածեցի՝ ինչով եմ վիրավորել այս երեխաներին, որ նրանք էլ են ինձ այդպես ատում։  Չդիմացա ու գոռացի. «հե՜յ, ի՞նչ եք ուզում», բայց նրանք փախան։

Մտածում եմ՝ ինչ ունի իմ դեմ պարոն Ճաոն, ճանապարհին հանդիպած մյուս մարդկանց ինչով եմ վիրավորել։ Միակ բանը, որ մտքիս էր գալիս, ավելի քան  քսան տարի առաջ  տեղի ունեցած մի դեպք էր,  երբ պատահաբար ոտնատակ էի տվել «Պարոն Հնադարի» մատյանը  և այն ժամանակվանից բարկացրել էի նրան։ Ճիշտ է, պարոն Ճաոն  անձամբ ծանոթ չէր այդ  «Պարոն հնադարին», բայց երևի  ինչ-որ տեղից իմացել և որոշել է ինքն էլ թշնամանալ ինձ հետ, մյուսներին էլ համոզել և իր կողմն է  քաշել։ Իսկ երեխանե՞րը։ Չէ՞ որ քսան տարի առաջ նրանք նույնիսկ  ծնված չէին, ուրեմն ինչո՞ւ էին այսօր այդպես ակնապիշ ինձ նայում։ Կա՛մ վախենում են ինձանից, կա՛մ էլ ուզում են վատություն անել։ Այս ամենը վախեցնում, զարմացնում և նաև տխրեցնում է ինձ։

Հասկացա. հավանաբար նրանց ծնողներն են այդպես սովորեցրել։

3

Ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Պետք է  ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ է կատարվում։

Այս մարդկանց  գանահարել են իրենց գյուղապետները, ծեծի են ենթարկել ազնվականները, հարկահավաքները բռնազավթել են նրանց կանանց, իսկ  վարկատուները նրանց ծնողներին վաղաժամ գերեզման են ուղարկել, բայց նրանք երբեք այդչափ անտանելի ու սպառնալի տեսք չեն ունեցել, որքան երեկ։

Ամենատարօրինակը երեկ փողոցում հանդիպած այն կինն էր, որը, հարվածելով որդուն, ասում էր. «սատանի՛ ճուտ, մինչև քեզ մի բերան չկծեմ, չեմ հանգստանա», իսկ ինքն ամբողջ ընթացքում ինձ էր նայում։ Չկարողանալով ինձ զսպել՝ վախից վեր թռա, կանաչավուն դեմքով ու ցից ատամներով զարհուրելի այդ ամբոխը սկսեց հռհռալ։ Ծերուկ Չընն ինձ  տուն քարշ տվեց։

Տուն քարշ տվեց, բայց այստեղ էլ  տնեցիներն են ձևացնում, թե չեն ճանաչում ինձ։ Նրանց աչքերի մեջ այն նույն հայացքն է, ինչ մյուս բոլորի աչքերում։ Աշխատասենյակ մտնելուն պես հետևիցս կողպեցին դուռը, ասես հավ կամ բադ էին բռնում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում։

Մի քանի օր առաջ Գայլի ձագ գյուղի մեր վարձակալներից մեկն ասաց, որ սով է  սկսվել։ Նա եղբորս պատմեց, որ գյուղացիները ծեծելով սպանել են գյուղի ամենաատելի մարդուն, հետո նրա սիրտն ու լյարդը հանել, յուղի մեջ տապակել են ու կերել՝ քաջությունն ամրապնդելու համար։ Ես փորձեցի միջամտել զրույցին, բայց վարձակալն ու եղբայրս մի քանի անգամ խեթ նայեցին ինձ։ Միայն այսօր հասկացա, որ նրանց աչքերում այն նույն արտահայտություն էր, ինչ փողոցում հանդիպած մյուս մարդկանց։

Այդ մասին մտածելիս ամբողջ մարմնովս սարսուռ անցավ։

Եթե նրանք մարդ են ուտում, ինձ էլ կարող են ուտել։

Եթե մտածենք, այն կնոջ՝ «մինչև քեզ մի բերան չկծեմ, չեմ հանգստանա» գոռոցը, կանաչավուն դեմքով ու ցից ատամներով զարհուրելի ամբոխի ծիծաղը, գյուղացու պատմությունը՝ դրանք բոլորը ակնհայտ նշաններ են։ Հիմա հասկանում եմ, որ նրանց ասածները լի են թույնով, նրանց ծիծաղը՝ լի սրերով, իսկ շողշողացող սպիտակ ատամներն էլ նման են մարդակերների ատամներին։

Իմ կարծիքով ես չարագործ չեմ, բայց այն օրվանից, երբ տրորեցի «Հնադարի մատյանը», դժվար է ասել։ Հավանաբար, նրանք ինչ-որ բան են ծրագրում, բայց ինչ՝ չեմ կարողանում հասկանալ։ Բացի այդ, բավական է՝ նրանք բարկանան մարդու վրա, անմիջապես նրան չարագործ են անվանում։ Հիշում եմ, երբ ավագ եղբայրս ինձ շարադրություն գրել էր սովորեցնում, ու ես լավ հերոսի դեմ հակափաստարկ էի գտնում, նա այդ հատվածը գոհունակությամբ շրջանակի մեջ էր առնում, իսկ երբ չարագործին արդարացնելու պատրվակ էի գտնում,  ասում էր. «Եզակի տաղանդ ունես»։ Ինչպե՞ս կարող եմ կռահել, թե նրանց մտքին ինչ կա, հատկապես երբ քիչ է մնում՝ մարդ ուտեն։

Միայն մանրակրկիտ հետաքննությունը կարող է հստակություն բերել։ Աղոտ հիշում եմ, որ հնագույն ժամանակներում մարդիկ, կարծես, ուտում էին միմյանց։ Որոշեցի ստուգել, բացեցի պատմության գիրքը․ այնտեղ ամսաթվեր չկային, բայց ամեն էջում լիքը  բառեր կային՝ «մարդասիրություն», «արդարություն», «բարոյականություն» և «բարեգործություն»։  Այդպես էլ չկարողացա քնել և գիշերվա կեսն անցկացրի գրքերը թերթելով, մինչև որ բոլոր տողատակերից սկսեցի նկատել նույն երկու բառերը. «մարդ ուտել»։

Այդ բոլոր բառերը, գյուղացու ասած բոլոր խոսքերը տարօրինակ ժպիտով ինձ էին նայում։

Ես էլ եմ մարդ. ի՞նձ էլ են ուզում ուտել։

4

Առավոտյան նոր էի հանգստացել, երբ ծերուկ Չընը բերեց ճաշը՝ մի աման բանջարեղեն, մի աման շոգեխաշած ձուկ՝ կարծր ու սպիտակ աչքերով, բերանը մարդակերների նման բաց։  Մի քանի փխրուն կտորից հետո արդեն չգիտեի՝ ձուկ եմ ուտում, թե՞ մարդ։ Ամբողջ կերածս հետ տվեցի։

— Եղբորս ասա,— ասացի Ծերուկ Չընին,— որ սիրտս նեղվում է, ուզում եմ այգի գնալ՝ զբոսնելու։ Նա առանց պատասխանելու դուրս գնաց, բայց կարճ ժամանակ անց հետ եկավ ու դուռը բացեց։

Տեղիցս չշարժվեցի․ ուզում էի հասկանալ, թե ի՛նչ են որոշել այս անգամ։ Վստահ էի, որ ինձ այդքան հեշտ բաց չեն թողնի։ Իսկապե՛ս, այդպես էլ եղավ։ Եղբայրս ներս մտավ մի ծեր մարդու հետ։ Այցելուս դանդաղ քայլերով մոտեցավ ինձ՝ աչքերում չարագուշակ փայլ ու նաև վախ, որ կնկատեմ. այդ պատճառով գլուխն իջեցրել էր ու ակնոցի ծայրով էր ինձ նայում։ «Այսօր քեզ լավ ես զգում, հա՞»,— ասաց եղբայրս։ «Այո՛»,— պատասխանեցի ես։ «Բժիշկ Հոն իմ խնդրանքով եկել է քեզ զննելու»,— ասաց եղբայրս։ «Լա՛վ»,— ասացի, բայց գիտեի, որ ծերունին իրականում ծպտված դահիճ է։ Նա պարզապես օգտվեց զարկերակս ստուգելու պատրվակից․ ուզում էր տեսնել, թե որքան եմ գիրացել, որ իրեն էլ մի կտոր միս հասնի։ Բայց  ես չեմ վախենում: Թեև մարդու միս չեմ ուտում, բայց նրանցից շատ ավելի քաջ եմ։ Ձեռքերս բռունցք արած առաջ մեկնեցի՝ տեսնելու, թե ինչ է անելու նա։ Ծերունին նստեց, փակեց աչքերը, դաստակս երկար պահեց ձեռքերի մեջ ու որոշ ժամանակ անշարժ մնալով՝ բացեց իր խոժոռ աչքերն ու ասաց. «Շատ մի մտածիր, մի քանի օր հանգստացիր, կլավանաս»։

Մի մտածիր։ Մի քանի օր հանգստացիր։ Որ չաղանա՞մ։ Բնականաբար, նրանք այդպես ավելի շատ ուտելիք կունենան։ Ի՞նչ «լավանալ»։  Այս մարդիկ անսովոր խորամանկ են․ համ ուզում են մարդ ուտել, համ էլ երկչոտում են, տարբեր հնարքներ են մտածում, բայց չեն համարձակվում արագ գործել։ Ծիծաղից կմեռնեմ։ Իսկապես, չկարողացա ծիծաղս զսպել ու սկսեցի հռհռալ։ Այնքա՜ն զվարճալի էր։ Ես գիտեի, որ ծիծաղիս մեջ քաջություն ու շիտակություն կար, և իմ այդ տոկունությունից  ծեր մարդն  ու եղբայրս գունատվեցին։ Բայց իմ  քաջությունը էլ ավելի  էր  սնում  նրանց՝ ինձ ուտելու ցանկությունը։  Այդ պատճառով ծեր մարդը դռնից մի քանի քայլ հեռանալով՝ եղբորս ականջին փսփսաց․ «Անհապաղ ուտել»։ Եղբայրս գլխով արեց։ «Փաստորեն, դո՞ւ էլ»։ Հա, ոնց չէի կռահել, հարազատ եղբայրս ուզում է ուտել ինձ։

Իմ հարազատ եղբայրը մարդակե՛ր է։

Իսկ ես՝ մարդակերի՛ եղբայր։

Ինձ վիճակված է մարդակերների բաժին դառնալ, բայց ինքս էլ մարդակերի կրտսեր եղբա՛յր եմ։

5

Վերջին օրերին իմ ենթադրությունները մի փոքր փոխվել են. հնարավոր է, որ ծեր մարդը ծպտված դահիճ չէ, այլ իսկական բժիշկ, բայց միևնույն է՝ մարդակեր է։ Նրանց գիտության հիմնադիր Լի Շըճընի[3] «Բընցաո… բան» դեղագրքում հստակ գրված է, որ կարելի է եփած մարդու միս ուտել։ Եվ նա դեռ կարող է ասել, որ մարդակեր չէ՞։ Ինչ վերաբերում է եղբորս, կասկածներս անհիմն չեն։ Երբ նա ինձ ուսուցչություն էր անում, հիշում եմ, մի անգամ ինքն է պատմել, որ սովի ժամանակ մարդիկ կարող էին «փոխանակել երեխաներին և ուտել նրանց»[4]։ Հիշում եմ՝ մի անգամ էլ խոսք գնաց մի չար մարդու մասին, և եղբայրս ասաց, որ նրան սպանելը քիչ է, պետք է «կաշին քերթել»։ Ես այն ժամանակ փոքր էի, ու սիրտս ժամերով տրոփում էր վախից։ Մի քանի օր առաջ էլ, երբ Գայլի ձագ գյուղի վարձակալը պատմեց սիրտ ու լյարդ ուտելու դեպքի մասին, եղբայրս բոլորովին էլ զարմացած չէր, շարունակ գլխով էր անում։ Ակնհայտ է, որ հոգու խորքում նա էլ է անխիղճ։ Եթե երեխային կարելի է փոխանակել ուտելու համար, ապա ամեն ինչ էլ կարելի է փոխանակել, ամեն ինչ էլ կարելի է ուտել։ Նախկինում ես պարզապես լսում էի նրա խրատներն ու անտեսում, բայց հիմա հասկանում եմ, որ խրատելիս ոչ միայն նրա շուրթերն են թաթախված եղել մարդու ճարպի մեջ, այլև մտածել է մարդ ուտելու մասին։

6

Շուրջս համատարած խավար է։ Չգիտեմ ցերեկ է, թե՞ գիշեր։ Ճաոյենց տան շունն էլի հաչում է։

Առյուծի պես կատաղի, նապաստակի պես վախկոտ, աղվեսի պես խորամանկ…

7

Ես գիտեմ նրանց հնարքները. նրանք չեն ուզում, կամ ավելի ճիշտ, չեն համարձակվում բացահայտ սպանել ինձ, քանի որ վախենում են անեծքի տակ ընկնել։ Փոխարենը նրանք ամենուրեք թակարդներ են լարում, որպեսզի ինձ ինքնասպանության մղեն։ Պարզապես հիշելով այս օրերին փողոցում հանդիպած մարդկանց տեսքը, եղբորս պահվածքը՝ գրեթե ամեն ինչ պարզ է դառնում։ Նրանց ամենամեծ հույսն այն է, որ ես կքանդեմ  սեփական գոտիս, կամրացնեմ առաստաղի հեծանից ու կկախվեմ։ Այդպիսով նրանք կհասնեն իրենց ուզածին՝ առանց մարդասպանի խարանի, և պատկերացնում եմ, թե ինչպես կհռհռան հրճվանքից։ Բայց եթե դա էլ չստացվի, մեկ է, վաղ թե ուշ մահանալու եմ վախից կամ մելամաղձությունից։ Ճիշտ է,  թերևս ավելի նիհար կլինեմ, բայց դա նրանց չի խանգարի ուրախանալ․ չէ՞ որ  իրենց ուզածին հասած կլինեն։

     Միայն թե լեշ լինի։ Հիշում եմ՝ ինչ-որ գրքում կարդացել եմ «հայինա»[5] կոչվող անճոռնի աչքերով տգեղ գազանների մասին, որոնք սնվում են լեշի մնացուկներով․ մանրացնում ու կուլ են տալիս նույնիսկ ամենամեծ ոսկորները։ Այդ մասին մտածելն անգամ սարսափելի է։ «Հայինան» գայլի ցեղակիցն է, գայլը՝ շան ընտանիքից։ Մի քանի օր առաջ Ճաոյենց տան շունը ինչո՞ւ պետք է մի քանի անգամ վրաս նայեր, եթե նրանց  հանցակիցը չէ, կամ այն ծեր մարդը, որ հայացքը թաքցնում էր ինձնից, բայց, ո՛չ, նրանք չեն կարող ինձ մոլորեցնել։

Ամենաշատը եղբորս համար եմ ցավում։ Նա էլ  է մարդ, ինչո՞ւ չի վախենում, դեռ մի բան էլ միացել է  այդ խմբին, որ ինձ ուտի։ Եվ ի՞նչ է սա․ վաղեմի սովորությո՞ւն, որ գլուխ է  բարձրացրել նրա մեջ, թե՞ խիղճն է կորցրել ու գիտակցելով հանցանք է գործում։ Ես անիծո՛ւմ եմ բոլոր մարդակերներին, ու եթե ուզում եմ նրանց վերափոխել, պետք է հենց եղբորիցս սկսեմ։

8

Այս փաստարկները պետք է որ նրանց վաղուց հասանելի լինեն․․․

Հանկարծ քսանն անց մի երիտասարդ եկավ, դիմագծերը մշուշոտ էին, բայց դեմքին լայն ժպիտ կար։ Նա ինձ գլխով արեց, բայց ժպիտը կեղծ էր։  Հարցրի նրան.

— Մարդակերությունը ճի՞շտ բան է։

Նա ժպտալով պատասխանեց.

— Հո՞ սովի տարի չէ, ի՞նչ մարդ ուտել։

Ես այդ պահին հասկացա, որ նա էլ է մարդակերների խմբից։ Համարձակություն հավաքեցի և պնդեցի հարցս.

— Ճի՞շտ է։

— Ինչո՞ւ ես այդ մասին հարցնում․․․ Համա թե կատակասերն ես․․․ Հաճելի եղանակ է այսօր։

— Եղանակը, իրոք, հաճելի է, լուսինն էլ՝ պայծառ։ Բայց ես քեզ հարց եմ տալիս՝ ճի՞շտ է։

Նա տատանվեց, բայց ի վերջո կակազելով պատասխանեց.

— Ո՛չ։

— Եթե սխալ է, հապա ինչո՞ւ են մարդիկ դեռ շարունակում մարդ ուտել։

— Չի կարող նման բան լինել։

— Եթե չի կարող նման բան լինել, հապա ինչպե՞ս է, որ մինչև հիմա Գայլի ձագ գյուղում շարունակում են մարդ ուտել։ Եվ բոլոր գրքերում էլ այդ մասին գրված է թարմ կարմիր արյունով։

Նա գույնը գցեց և աչքերը պլշած ասաց.

— Գուցե… գուցե միշտ է այդպես եղել։
— Բայց դա արդարացո՞ւմ է։

— Հերի՛ք է։ Չպետք է այդ մասին խոսես։

Ես տեղիցս վեր թռա ու լայն բացեցի աչքերս, բայց նա արդեն անհետացել էր։ Ամբողջ մարմինս քրտինքով էր պատված։ Նա եղբորիցս շատ ավելի երիտասարդ էր, և չէի սպասում, որ նա էլ է միացել այդ խմբին։ Իհարկե, նրան ծնողներն են այդ ամենը սովորեցրել։ Նա էլ իր որդուն կսովորեցնի։ Նույնիսկ երեխաներն են ինձ գազանի պես նայում։

9

Մի կողմից ուզում են մարդ ուտել, մյուս կողմից վախենում են, որ իրենց կուտեն։ Այդպես խորը կասկածամտությամբ էլ միմյանց են նայում…

Ի՜նչ հանգիստ կլիներ կյանքը, եթե հրաժարվեին այդ մտքերից, զբաղվեին իրենց գործերով, զբոսնեին, ուտեին, քնեին։ Ի՜նչ հեշտ կլիներ ամեն բան։ Բայց ո՛չ, նրանք բոլորը՝ հայրեր ու որդիներ, եղբայրներ, ամուսիններ, ընկերներ, ուսուցիչներ, աշակերտներ, նույնիսկ լրիվ անծանոթ մարդիկ, մեկ մարդու պես միացել են այս դավադրությանը և անգամ մահվան վախից չեն ուզում  այս ամենին վերջ դնել։

10

Վաղ առավոտյան գնացի եղբորս փնտրելու. նա կանգնել էր նախասենյակի մուտքի մոտ ու նայում էր երկնքին. ես կանգնեցի նրա հետևում և առանձնակի հանդարտությամբ դիմեցի նրան.

— Եղբա՛յր իմ, քեզ մի բան պիտի ասեմ։

— Խոսի՛ր,— արագ շրջվելով իմ կողմ՝ գլխով արեց նա։

— Մի քանի պարզ բան, բայց որոնց մասին դժվարանում եմ խոսել։ Եղբա՛յր, վայրենիները ինչ-որ ժամանակ մարդու միս են կերել, բայց հետագայում նրանց համոզմունքները փոխվել են, և նրանցից ոմանք հրաժարվել են մարդակերությունից, այս դրական ձգտումը նրանց մարդ է դարձրել, իսկական մարդ, իսկ մյուսները շարունակել են մարդակերությամբ զբաղվել։ Ճիշտ ինչպես սողունները․ նրանցից ոմանք էվոլյուցիայի ընթացքում դարձան ձուկ, թռչուն, կապիկ, վերջապես՝ մարդ, իսկ մյուսները չձգտեցին կատարելագործման և մինչև օրս սողուններ մնացին։ Եղբա՛յր, մարդակերի ամոթը մարդ չուտողի առջև ավելի մեծ է, քան սողունինը՝ կապիկի առջև։

Հազարավոր տարիներ առաջ արքայական խոհարար Իյան[6] շոգեխաշել է իր սեփական որդուն ու հրամցրել այն Ծիե և Ճոու[7] կայսրերին։ Մենք բոլորս գիտենք, որ դա սկսվել և շարունակվում է Փանգուի՝[8] երկինքը երկրից բաժանելու պահից։ Կամ այդ հեղափոխական Սյու Սիլինը[9], մի քանի տարի առաջ չէ՞ր, որ նրա սիրտն ու լյարդը կերան։ Հետո Գայլի ձագ գյուղում բռնված այն մարդուն են կերել։ Իսկ անցած տարի էլ մանթոն[10] թաթախել են մահապատժի ենթարկվածի արյան մեջ և այն կերցրել թոքախտով հիվանդին։

Եվ հիմա  հերթը հասել է ինձ ուտելուն։ Ես հասկանում եմ, որ դու նրանց դեմ միայնակ ոչինչ չես կարող անել, բայց  ինչո՞ւ միացար նրանց խմբին։ Մարդակերներից լավ բան մի՛ սպասիր։ Եթե կարող են ինձ ուտել, ուրեմն կարող են ուտել նաև քեզ, հետո էլ իրար կուտեն։ Բայց ընդամենը մի փոքր քայլ, վճռական բեկում, ու բոլորս խաղաղություն կունենանք։ Թող որ մինչև հիմա անհնար է եղել այս ամենը, բայց մի՞թե հիմա չենք կարող ավելի լավը լինել, եղբա՛յր, ես գիտեմ, որ մենք կարող ենք։ Ես հավատում եմ, որ դու կարող ես մերժել, ինչպես մի քանի օր առաջ մերժեցիր վարձակալին, երբ նա խնդրեց վարձավճարն իջեցնել, իսկ դու ասացիր, որ հնարավոր չէ։

Խոսքիս սկզբում նա պարզապես անտարբեր ժպտում էր, բայց որքան խոսում էի, նրա հայացքը դառնում էր ավելի դաժան, իսկ երբ սկսեցի բացահայտել նրանց գաղտնի մտադրությունները, դեմքը մթնեց։

Դարպասից դուրս մարդկանց ամբոխ էր հավաքվել. նրանց մեջ էին նաև Ճաոն ու իր շունը։ Նրանք խռնվել էին մուտքի մոտ՝ հետաքրքրությունից պարանոցները երկարած։ Մի մասի դեմքերը չէի տեսնում, կարծես շղարշով ծածկված լինեին, իսկ մյուսների դեմքերը, ինչպես այն ժամանակ, գունատ էին, նույն բացված ժանիքներով ու ծուռ ժպիտներով։ Ես բոլորին ճանաչեցի. մի խումբ մարդակերնե՛ր։ Բայց գիտեի նաև, որ նրանք տարբեր են․  ոմանք կարծում են, որ ինչպես հնում, կարելի է մարդկանց ուտել, մյուսները թեև հասկանում են, որ մարդ ուտել չի կարելի, միևնույնն է, ուզում են, բայց վախենում են բացահայտվելուց։ Որքան շատ էի խոսում, այնքան ավելի էին նյարդայնանում ու շարունակում էին անտարբեր ժպտալ։

Այդ պահին եղբայրս, ցույց տալով իր իսկական, անհաշտ էությունը, գոռաց․

— Դու՛րս բոլորդ։ Ի՞նչ կա գժին նայելու։

Ահա թե ինչ․ նրանք փաստորեն  որոշել են ինձ գիժ կարգել։ Դավադրությունը շատ լավ էր կազմակերպված. նրանք երբեք չեն փոխվի։ Եվ երբ պահը գա ինձ ուտելու, նախատելու փոխարեն նրանց կկարեկցեն։ Վարձակալի պատմածը, որ գյուղացիները մի չար մարդու են կերել, հենց այս ժանրից է, ամեն ինչ գնում է ըստ գրվածի։

Ծերուկ Չընը փոթորկի պես ներս խուժեց դարպասից, բայց որքան էլ նրանք բոլորը ուզում էին ինձ լռեցնել, ես դեռ ասելիք ունեի հավաքվածներին։

— Դուք դեռ կարող եք փոխվել, զղջացե՛ք։ Հավատացե՛ք, ապագայում  աշխարհի վրա մարդակերների համար տեղ չի լինելու, և եթե չփոխվեք, բոլորիդ էլ կուտեն։  Քանի երեխա էլ ունենաք, ձեզ կվերացնեն իսկական մարդիկ, ինչպես որսորդներն են սպանում գայլերին, ինչպես ոչնչացրել են սողուններին։

Ծերուկ Չընը քշեց ամբոխին։ Եղբայրս ինչ-որ տեղ էր անհետացել։ Հետո Ծերուկ Չընն ինձ համոզեց ներս մտնել։ Սենյակում անթափանց խավար էր։  Գերաններն ու հեծանները դողացին իմ գլխավերևում, հետո սկսեցին ընդարձակվել, ծանրանալ․․․ Ծանրությունն այնքան մեծ էր, որ չէի կարողանում շարժվել։ Նրանք իմ մահն էին ուզում։ Բայց ես հասկացա, որ այդ ծանրությունն իրական չէր, ու դուրս պրծնելու ճիգեր գործադրեցի, քրտինքի մեջ կորած՝ համառեցի.

— Փոխվե՛ք  ձեր սրտերում։ Շուտով մարդակերների համար տեղ չի լինելու…

11

Արևը դուրս չի գալիս, դուռը մնում է փակ. օրական երկու անգամ սնունդ։

Ես վերցնում եմ ուտելու փայտիկները և հանկարծ հիշում եմ եղբորս. ես գիտեմ, որ նա է փոքր քրոջս մահվան պատճառը։ Քույրս դեռ աչքիս առաջ է, հազիվ հինգ տարեկան՝ սիրունիկ ու անպաշտպան։ Հիշում եմ մորս անզուսպ հեկեկոցները, ու թե ինչպես էր եղբայրս աղերսում նրան չլացել։ Հավանաբար ինքն էր կերել քրոջս, ու մորս լացն անխուսափելիորեն մեղքի զգացում էր առաջացնում։ Եթե միայն խիղճ ունենար…

Չգիտեմ, մայրս արդյոք գլխի՞ էր ընկել։

Նա հավանաբար գիտեր, բայց ոչինչ չասաց, միայն լաց էր լինում, երևի պարզապես համակերպվել էր։ Հիշում եմ, մի օր, երբ չորս կամ հինգ տարեկան էի ու բակում նստած վայելում էի ամառային զովը,  եղբայրս ասաց,  որ երբ ծնողը հիվանդանում է, հավատարիմ զավակը պարտավոր է իր մարմնից մի կտոր միս կտրել ու տալ հիվանդ ծնողին։ Իսկ մայրս նրան չհանդիմանեց։ Մի կտոր միս ուտողը ամբողջական մարդ էլ կուտի։ Բայց մինչ օրս, երբ հիշում եմ, թե ինչպես էր նա հեկեկում, սիրտս կտոր-կտոր է լինում։ Ինչ հակասական է մարդը․․․

12

Էլ ուժ չունեմ մտածելու։

Հիմա եմ հասկանում, որ ամբողջ կյանքս ապրել եմ մի վայրում, որտեղ չորս հազար տարի շարունակ մարդու միս են կերել։ Հիշում եմ, երբ քույրս մահացավ, այն ժամանակ եղբայրս էր տան գործերը վարում, և ով գիտե, գուցե քրոջիցս մի մաս թաքուն խառնել է մեր ուտելիքին։

Գուցե ես էլ անգիտակցաբար քրոջս մսից եմ կերել, իսկ հիմա հերթը հասել է ինձ…

Եվ միայն նոր հասկացա, որ չորս հազար տարվա մարդակերության պատմություն ուսերիս՝ ինչպե՞ս կարող եմ  իսկական մարդու աչքերի մեջ նայել․․․

13

Միգուցե դեռ կան երեխաներ, որոնք մարդ չե՞ն կերել։

Փրկե՛ք երեխաներին։

Ապրիլ, 1918

Թարգմանությունը չինարենից՝ Ռոբերտ Ծատուրյանի

[1] Հեղինակի առաջին պատմվածքն է։ Այն տպագրվել է 1918 թվականի մայիսին «Նոր երիտասարդություն» հանդեսում, որտեղ  առաջին անգամ օգտագործել է «Լու Սյուն» կեղծանունը։

[2] Այս առաջաբանը գրված է դասական չինարենով, իսկ պատմվածքի մնացած մասը ժամանակակից լեզվով։

[3]  Լի Շըճըն (1518–1593) Մին դինաստիայի անվանի դեղաբան-խոտաբույժ է, կազմել է «Բընցաո Գանմու» չինական ավանդական բժշկության հանրագիտարանը, որը տպագրվել է 16-րդ դարի վերջին։ «Եփած մարդու միս կարելի է ուտել» խորհուրդ հանրագիտարանում չկա, դա պարզապես «խելագարի» երևակայությունն է։

[4] «…փոխանակել երեխաներին և ուտել նրանց»  և քիչ ավելի ներևում նշված «կաշին քերթել» արտահայտությունները վերցված են մ․թ․ա երրորդ դարի հին չինական  «Ծուո ճուան» («Գարնան և աշնան տարեգրության») մեկնաբանությունների աշխատությունից։

[5] Բորենի։

[6] Պալատական խոհարար։

[7] Առասպելական Սիա և Շան թագավորությունների վերջին տիրակալները, որոնք հայտնի են իբրև ահարկու բռնակալներ։

[8] Չինական դիցաբանության մեջ երկնքի ու երկրի արարիչը։

[9] Հեղափոխական, 1907 թվականին ձերբակալվել է Անխուեյ նահանգի նահանգապետին սպանելու համար։ Մահապատժի է ենթարվել լինչըն՝ մանր կտրտանքների ենթարկելու եղանակով, իսկ նահանգապետի թիկնապահը հանել ու կերել է նրա սիրտն ու լյարդը։

[10] Չինական շոգեխաշած հաց։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *