«Ես ուզում եմ ինձ նվիրել ինչ-որ բանի, թեկուզ ինչ-որ սխալ բանի»։
Յուկիո Միսիմա
Անձնական կյանքը ձախողվում էր։ Անվերադարձ փակել էր հարաբերությունները կնոջ հետ, ում սիրում էր, հարբեցողությունն այլևս անկառավարելի էր դարձել։ Փողի մասին խոսք լինել չէր կարող, չափից դուրս թույլ էլ աշխատելու համար ու խրված էր պարտքերի մեջ։ Երբեմն խաղադրույքներ էր կատարում ձիերի վրա։ Ընկերները կարծում էին, որ բանաստեղծությունները տխուր ու «խոստովանական» են։ Ամեն օր ասում էր ինքն իրեն, որ էլ երբեք չի գրի, բայց մեկ էլ հայտնվում էր գրամեքենայի դիմաց։ Անընդհատ ու անընդհատ։ Քանզի մտածում էր, որ եթե այս խելագար աշխարհը մի բան կփրկի, ուրեմն հաստատ պոեզիան է լինելու։ Երբեմն չէր էլ մտածում աշխարհը փրկելու մասին։ Այս բանաստեղծությունները տպագրվել են, երբ Դենիելը 26 տարեկան էր՝ 1985 թվականին ․․․ մինչ այդ՝ 1984 թվականի գարնանը նրան տեղափոխել էին Տորոնտոյի Արևմտյան հոգեբուժարան։
Ուղիղ տասը տարի անց՝ 1994 թվականի փետրվարի 13-ին, շարունակական խորը դեպրեսսիայի արդյունքում Ջոնսը ինքնասպանություն է գործում։ Նա 33 տարեկան էր։
Խիզախները երբեք բանաստեղծություն չեն գրում
Խիզախները առավոտ շուտ մեքենաներով շտապում են
գործի, ընկնում փողոցային պատահարների մեջ,
բանկեր թալանում։ Խիզախները ունենում են երեխաներ, հարաբերություններ,
գրավ դրած իրար։ Խիզախները էս ամենը երբեք
չեն գրում տետրերի մեջ։ Խիզախները մեռնում են կամ էլ
մեռած են արդեն։
Համարձակություն է պետք հեռուստացույց նայելու համար,
հարդարելու մազերը, ուտելու։ Համարձակություն է պետք
կանադական ռուբմի գործարանը պայթեցնելու ու քսանհինգում
ինքն իրեն մեղավոր ճանաչելու համար։
Իոսիֆ Բրոդսկին աքսորվել է իր պոեզիայի համար և հիմա
ապրում է խիզախների երկրում։ Նրանք հավանում են այդ բանաստեղծությունները
այնտեղ։ Բայց խիզախները չեն կարդում դրանք, որովհետև
Մոսկվայում հերթ են կանգնած փողոցներում
ուտելիք գնելու հույսով։ Պետք է տղամարդ լինել երջանկությունը ըմբռնելու
ու բանաստեղծության չվերածելու համար։
և միայնակ իմ սենյակում
կանչում եմ ինչ-որ նոր մեկին, ցանկացած մեկին։ Մեկին, որ ուժ կտա լինել և հարցականի տակ չդնել գոյությունը։ Ինչ-որ մեկին, որ ուժ կտա հեռու մնալ կաֆեներից ու գրադարաններից։ Մեկին, որ ուժ կտա չդիմել Կանադայի Արվեստների Խորհուրդ։ Մեկին, որ ուժ կտա այլևս չգրել բանաստեղծություն։
Բայց ոչ մի բան։ Ոչ ոք։ Փողոցները չեն
պայթեցրել։ Մեքենաները սուրում են։ Ժամացույցը
մի մատնաչափ էլ շարժվեց
Էռնեստո Կարդենալը չի գրի բանաստեղծություն
քանի դեռ Միացյալ Նահանգները պատերազմում են իր երկում։ Սա կարդացել եմ
Փլեյբոյում։ Հետո ուշադիր նայում էի
մի մերկ կնոջ լուսանկարի․ նրա ոտքերը բացված էին
ներդիրով մեկ ու, մինչ սերմնահեղուկը տարածվում էր ձեռքերիս, ես գիտեի,
որ նա երբեք չի գրի բանաստեղծություն
Տորոնտոյում գարուն է։ Ես սիրահարված եմ։
Քառասունվեց օր հոգեբուժարանում անց կացնելուց հետո
Սովորեցի լռություն պահպանել։
Սովորեցի չվստահել ոչ ոքի, փողերս էլ թաքցնել ծաղկամանների
տակ։ Սովորեցի իմ իսկ բանաստեղծությունները
ծածկագրել։ Սովորեցի հաշվել սիգարետներս ու դատարկել
մոխրամանը։ Իմացա օրվա մեջ երեք անգամ ուտելու
կարևորությունը։ Եւ իմացա, որ Հիսուսը սիրում է ինձ, քանզի
հեռուստացույցն էր այդպես ասում։ Ես իմացա դռների ու
լուսամուտների նշանակությունը։ Սովորեցի մաքրել
ատամներս։ Սովորեցի թույլտվություն խնդրել
սափրվելու համար։ Իմացա էլեկտրական սարքերի
վտանգների մասին։ Սովորեցի, որ սենյակս
պիտի վակումացվի առավոտյան վեցին
ԿՀՎ-ի փորձերի պատճառով,
քանզի գեղեցկուհի հոգեբույժ Նադյան
իրականում ռուս լրտես էր։ Ես սովորել եմ
քնած ձևանալ բուժքույրերի էլեկտրական լապտերների տակ։ Ես
սովորել եմ չքնել առհասարակ։ Սովորել եմ նշել օրվա ժամը,
շաբաթվա օրերը։ Ես սովորել եմ
դեղերի համար նշանակված ժամերին հազալ
թղթե բաժակի մեջ։ Ես սովորել եմ չատել, կամ, գոնե,
ցույց չտալ ատելությունը։
Քառասունվեց օր հոգեբուժարանի
սենյակում անց կացնելուց հետո, ես սովորել եմ չծիծաղել
երբ ուրիշ ոչ մեկը չի ծիծաղում։
Ատելության բանաստեղծություն Լոուրենի համար
Ես ատում եմ քեզ որովհետև ես ատում եմ ինձ։
Ես ատում եմ քեզ որովհետև խմած եմ ու չեմ հիշում, որ քեզ սիրած լինեմ երեկ։
Ես ատում եմ քեզ որովհետև դու չես թողնում հանգիստ խմեմ։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ ընկերներիս։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ ընտանիքս։
Ես ատում եմ քեզ որովհետև բոլորին կներեմ սարսափի պահին։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ իմ կառավարությանը։
Ես ատում եմ քեզ որովհետև իմ գործողություններն ու բառերը անզոր են դրա դեմ։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ հարուստներին, որոնք էդքան փող ունենալով, ապրում են կեղտի պես։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ աղքատներին, որոնք իրենց փողերը ծախսում են գարեջրի վրա, ոչ թե ատրճանակների։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ աշխատավորներին իրենց հիմարության ու խարդախության համար, ու մեկ էլ այն բանի, որ իրենք էլ են ատում։
Ես ատում եմ քեզ որովհետև մենք բարձր չենք ծիծաղում ֆաշիստների վրա ու պաշտպանում ենք նրանց երեխաների պես։
Ես ատում եմ քեզ որովհետև անարխիստները վիճաբանում են նորաոճ ռեստորաններում։
Ես ատում եմ քեզ որովհետև ատում եմ քո ընտանիքին ու տունը, որտեղ ապրում են։
Ես ատում եմ քեզ որովհետև հարբեցողը պառկած է մեջքի վրա ու ոտքերով քացի է տալիս դռանը։
Ես ատում եմ քեզ որովհետև չեմ կարող օգնել նրան վեր բարձրանալ։
Ես ատում եմ քեզ որովհետև որովհետև կանգնած էի դռների մոտ, աչքերս չռած ցեմենտին ու արյունս եռում էր հիդրոաշխատարկի ջրերի պես։
Ես ատում եմ քեզ որովհետև բետոնը չի ճաքել։
Ես ատում եմ քեզ որովհետև անձրև չի եկել։
Ես ատում եմ քեզ որովհետև մի պանդոկում, որտեղ ճաշում էի, օտարերկրացի մի պարող բարակ ոտքեր ուներ ու տատուներ ազդրերին։
Ես ատում եմ քեզ որովհետև չհավանեցի կերածս։
Ես ատում եմ քեզ որովհետև ոչինչ չարեցի այսօր։
Ես ատում եմ քեզ որովհետև դու սիրում ես ինձ։
Ես ատում եմ քեզ որովհետև դու ուզում էիր ինձ ու դեռ ուզում ես։
Ես ատում եմ քեզ որովհետև ես վաղ առավոտան կարթնանամ հիվանդ ու քո խռմփացնող դեմքը կհամեմատեմ սառույցի վրա դրված ձկան կտրած գլխի հետ։
Ես ատում եմ քեզ որովհետև դու գեղեցիկ ես։
Ես ատում եմ քեզ որովհետև ձեռքերս ոտքերիդ արանքում գտնում են մեր չծնված երեխաների տիղմը։
Ես ատում եմ քեզ որովհետև չեմ ուզում երեխաներ։
Ես ատում եմ քեզ այն հազարավոր գիշերների համար, որ միասին անց կկացնենք՝ ատելով ու սիրելով։
Ես ատում եմ քեզ որովհետև չէի ցանկանում քեզ 1981-ի հուլիսի 18-ին։
Ես ատում եմ քեզ որովհետև շուտով լյարդս կսպանի ինձ։
Ես ատում եմ քեզ որովհետև հեռուստացույցով Galloping Gourmet նայելիս Ջեք Քերուաքի ստամոքսը պայթեց նույն թույնից, երբ քառասունյոթ տարեկան էր։
Ես ատում եմ քեզ որովհետև կմեռնեմ ատելով։
Ես ատում եմ քեզ որովհետև ամեն ինչ, որ փորձեցինք ու կփորձենք դաձնել կատարյալ եղել է ու կլինի այն ինչ եղել է ու կլինի։
Ես ատում եմ քեզ որովհետև ես սիրւմ եմ քեզ։
Ես ատում եմ քեզ որովհետև սա կարող եմ իմանալ միայն հարբածության մի քանի րոպեների ընթացքում։
Ես ատում եմ քեզ որովհետև չեմ կարող հավատալ իմ անհավատությանը։
Բենզեդերին
Երեկոները նստում էինք կաֆեներում
խոսելով նկարիչներից հեղափոխություններից
ամենից որ կարող էինք անել, որ մենք երբեք չենք անի,
խմելով գարեջուր մեր բառերի դատարկությունը ծածկելու համար
ժամանակ առ ժամանակ միայն բենզեդերինն է,
որ մեզ ստիպում է շարունակվել
և գիշերները մեր սիրածների հետ, որոնց էլ չենք ուզում
բայց որոնց կարիքն ունենք
կամ պատուհանների մոտ
բանաստեղծությունների հետ որոնց էլ չենք հավատում
Լռությունն է, որից վախենում ենք
և առօրյա գործերի մեջ դանդաղ խեղդվելը, որը այն չէ, ինչին սովոր ենք
Սա ամենն է, որ ուզում ենք
բայց այն չէ, որ ուզում ենք
հավանաբար միայն վախի մի կտոր է,
որ չենք կարողանում ըմբռնել
չկա վախ
չկա ոչինչ
չետ տվեք այն մեզ
չետ տվեք մեզ ինչ էլ որ այն լինի. նույնքան գեղեցիկ, նույնքան դաժան, նույնքան անիմաստ
հետ տվեք
ովքեր էլ լինեք
գովազդային վահանակներ, առևտրի կենտրոններ, հրշեջներ, թե գիշերներ։
Մեր սերունդը
Վերջիվերջո ոչնչանալու վախն էր,
որ սպանեց մեզ։
մեծամասնությունն էդպես էլ
չհաղթահարեց երկրորդ աշխարհամարտը ու դանդաղորեն
տարալուծվեց հեռուստացույցների մեջ։
մնացածի համար գործընթացն ավելի
դանդաղ էր։ Նախևառաջ հուսահատությունը վրա հասավ ու
հետո կռիվները մեր ներսում։ Մենք երես թեքեցինք
մեր իսկ տրակտատներից ու մենակ
հերն անիծեցինք մեր լյարդերի։ Մենք էլ չէինք քնում
կամ քնում էինք չափից դուրս շատ։
շուտով տեղի տվեցին մեր նյարդերը ու
վերջույթները սկսեցին ցնցվել անթաքույց։ Մեր ակնագնդերը,
ազատ ու արձակ իրենց խոռոչներում, դուրս ցցվեցին։ Մեր մտքեը միացան
կրկվող ոչնչի մեջ։ Մենք կազմաքանդվեցինք
ներսից։ Մենք մոռացել էինք ինչպես են սիրում
դրա համար էլ երեխաներ չծնվեցին։ Մնացին
միայն ուտիճներ, մի քանի ցաքուցրիվ բանաստեղծություն ու մեր
կուրության ապացույցները։
Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի