Գևորգ Համբարձումյան | Խորտակված նավաստիների գրառումներից

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

թղթե նավակներ

ձկնիկի պես
անվերջ լող տալ
փորձելով հաղթահարել
ակվարիումի պատերից անդրադարձող
տարածությունը

չեմ կարող ավելին պատմել քեզ
ժամանակի մասին
քանզի քայլերս կարկատած փողոցներին
այնպես ծանր են շնչում

մնում է
թղթե նավակներ բաց թողնել
ջրափոսերին
սպասել ու տեսնել կործանումը
նրանց

հանիր ինձ այստեղից.

որովհետև այնպես հոգնել եմ հաղթահարել
սեփական ակվարիումի անվերջ փոքրացող
տարածությունը

ճչա ինձ
քանզի քայլերս փողոցի վերքերի մեջ
այնպես ծանր են
խրվում

մնում է
փչել բառերը որ թղթե
նավակների պես խեղդվում են
ջրափոսում

 

խորտակում

երբ նավերը լողում են
կապույտ ջրերում
մի հետևիր նրանց
մի շտապեցրու
նայիր ճերմակ առաստաղին
որ ծնունդն է նույն
անհունության

երբ նայում եմ
ճերմակ առաստաղին
կամ պարզապես ապակուց
մի խանգարեք ինձ
ես տեսնում եմ
կործանումը նավավարների
ովքեր դանդաղ
սուզվում են

երբ նավերը լողում են
անհայտ ուղեծրով
իսկ առաստաղից
թափվում են արցունքի կաթիլներ
(հարևանի բաց թողած ծորակի՞ց)
անձրև չէ
ոչ էլ պատահականություն

դու խեղդվում ես

 

ռուլետկա

ապրել որ պատահական մի օր
հարբած վարորդն անիվների տակ առնի
մարմինդ

(փողոցներում անվերջ փնտրել նրա համարանիշները)

ու մեռնել ամեն առավոտյան՝
զարթուցիչի ամեն զանգի հետ

ամեն քայլափոխի հանդիպել սեփական արյանդ
կաթիլները.
առավոտյան` լոգասենյակում սափրվելիս
հետո գիշերում՝ անկողնու մեջ

հետո երկար փողոցներում.

– դուք ինձ հիշու՞մ եք
ես այստեղ մեռել եմ

ապրել ինչպես Կեսարն՝ թիկունքը բաց
սպասելով անհաշիվ Բրուտոսներից
մեկին

առավոտն՝ ածելի է
երեկոն՝ պարան

կա՞ արդյոք ավելի կատարյալ մի բան քան
ոչինչը
ես դեպի ոչինչն եմ գնում որովհետև ճիշտն ասած
հենց այնտեղ էի

 

***
մոտեցնել կյանքը մահին
ամեն օրվա հետ
հաշտեցնել անհաշտելին

 

ճերմակ հայելիներ

ընդամենը մի հայացքը
հայելու մեջ
կարող է կործանել գիշերը:
մի՛ շտապիր քնել.
ես պառկած եմ անկողնում
ու աստղերը գլորվում են շուրջս —
աստղերը պտտվում են
ընկնում են
մեռնում.
հավատում ե՞ս

ես սա տեսել եմ
քանի, քանի անգամ
ձեռքերիս վրա
մոմե մի աղջիկ` գանգուր
մազերով,
ճերմակ զգեստները հագին
տանում եմ.
ու՞ր եմ տանում

բոլորը լուռ են, որովհետև
ոչ-ոք չկա
բոլորը տխուր են, որովհետև
ես եմ տխուր
տխուր քայլում եմ`
սառը, սառը աղջիկը
գրքիս վրա.
նրան համբույրը չի արթնացնում
էլ չի արթնացնում

հայելու մեջ
մի հայացքը
կարող է կործանել գիշերը:
ոչինչ մի խոստացիր աստղերին,
որ անհուսերեն` մեռելի պես
թափվում են հիմա:
պառկած եմ
ու բառերը տխուր են
ինչի՞ են տխուր.
բառերը լուռ, շարք բռնած
տանում են
ինձ
ձեռքերի վրա

 

փոքրիկ ասեղներ

պարզապես մի փոքր անհարմար էր
պարզապես տխուր էր մի փոքր
ես որոշեցի խմել ու մոռանալ
համակերպվել ու մոռանալ
(մոռանալ ու ապրել)

ձեռքդ դիր այստեղ
(ցավի վրա)
ահա այստեղ
մի փոքր էլ
ու սեղմիր

նայել ու չտեսնել
տեսնել ու չզգալ
զգալ ու չազդվել

ազդվել ու չհիշել
հիշել ու ապրել
կարողանալ

փոքրիկ ասեղները
որոնցից միշտ վախեցել եմ
հատիկ-հատիկ
սուզվում են մաշկիս տակ

ու վերքերն այդ երբեք չեն սպիանում
ու վերքերը երբեք չեն սպիանում

ձեռքդ դիր այստեղ
ահա այստեղ
ու սեղմիր

ցավել ու չվախենալ
վախենալ ու չմեռնել
մեռնել ու կրկին ապրել
կարողանալ

ձեռքդ դիր այստեղ
մի քիչ ձախ
մի փոքր էլ
ու սեղմիր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *