Վահան Սաղաթելյան | Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով…
Ավետիք Իսահակյան

Լուսաբացի ալարկոտ արթնության մեջ սուրճս նոր էի խմել, երբ ընկերս զանգահարեց և, երեկվա տեսած ու դեռ հուշ չդարձած պատկերը իր մեջ կրկին արթնացնելով, շուտասելուկի աշխույժ եռանդով վրա տվեց. «Դու երևի թե վաղուց չես զարմացել ու անզարմանք ապրելուց հոգիդ չորացել է. ես հիմա քեզ մի տեղ կուղարկեմ, կգնաս այնտեղ ու մի լավ կզարմանաս»: Եվ զարմանքի բուն նյութը շրջանցելով՝ մանրամասն բացատրեց, թե ինչպես պիտի գնամ այդ տեղը, ու վերջում լրացուցիչ տեղեկացրեց. «Այնտեղ կյանքի համը կորցրած բարի, լավ մարդիկ կան, հետդ մի երկու շիշ գինի վերցրու, ուրախ կլինեն»:
Հեռահար ենթադրությունների մտաթնջուկում խճճված՝ ես իմ առնելիքն առա և գնացի ընկերոջս նկարագրած տեղն ու… գտա իմ մե՜ծ զարմանքը:
Խեղված ճակատագրերի տեր մարդկանց մի խումբ, ծառերի ստվերոտ խորքում, աշխարհի մեծ ժխորից կտրված ու մելամաղձոտ հափշտակվածությամբ ընթերցանության էր տրված: Տարբեր տարիքի մարդիկ էին՝ ճակատագրի նույն կեղևում ամփոփված: Նրանց շուրջբոլորը գրքերի հսկայական կապոցներ կողք-կողքի ու իրար վրա շարված էին, կապերից արձակված գրքերը քարե դարակների վրա խնամքով դարսված էին, և առաջին տպավորությունս շատ արագ արձանագրվեց՝ բացօթյա ընթերցարան՝ անտուն մարդկանց համար: Զարմանքի միգամած շղարշն աչքերիս մեջ՝ մոտեցա, բարևեցի: Եվ մի տեսակ անորոշ սպասման մեջ՝ նրանց կողքին արձանացա: Նրանց միջի ակնոցավորը գլուխը գրքի վրայից դանդաղ բարձրացրեց, ակնոցի վերևից նայեց ինձ, նայեց ձեռքիս տոպրակին ու աշխուժորեն բարձրախոսեց. «Օհո,- ասաց,- մեր մասին հոգացող է հայտնվել: Առաջ արի,- տանտիրոջ հյուրընկալությամբ ժպտաց,- խեր ըլլի, հո էս գրքերի տերը չե՞ս, փոշմանել, եկել ես՝ ետ տանես»: «Չէ,- ասացի,- անցորդ եմ, սովորական անցորդ, տեսա՝ մոտեցա»: «Էդ լավ է, որ տեսել՝ մոտեցել ես, ու մեզ հետ միասին քեզ էլ ես հավատացնում, որ սովորական անցորդ ես, սիրուն հեքիաթ ես պատմում ու էդ լավ է, հոգուդ բույնը, ուրեմն, դեռ ավերված չէ: Դե նստի,-ասաց,- մի քարի վրա տեղավորվի ու հիացի. ամբողջ համաշխարհային գրականությունն էստեղ է,- ձեռքերը տարածելով՝ ինքն իր խոսքի մեջ պայծառացավ,- որը կամենաս՝ վերցրու, կարդա ու վերադարձրու. գրադարանի ֆոնդ կա, բան կա…»: Ու մաշված, անկենդան ժպիտով փայլ տվեց ճմրթված դեմքին: «Մինչև ընթերցելը գուցե մի-մի բաժակ…,- կմկմացի ես,- հենց էնպես՝ ծանոթության կարգով»: «Չխանգարա,- աշխուժացավ Ակնոցավորն ու գրադարանավարի իրավունքով բախտակիցներին հրահանգեց.- Տղերք, Աստված մեզ բարերար է ուղարկել, մարդուն չնեղացնենք»:
Ես ժպտալով տեղավորվեցի մոտակա քարին ու ձեռքիս տոպրակը բացեցի: Նրանք ինչ-որ անհասկանալի ու բութ զարմանքով շրջապատեցին ինձ: Թվով չորսն էին. Ակնոցավորը՝ միջահասակ, դիմագծերը կոպիտ, միտքը ճկուն. Մորուքավորը՝ տարիքն առած, կորամեջք, խելացի աչքերով. Դաջվածքներովը՝ չոր ճյուղի պես թեթև, ջղային շարժուձևով, ձեռքի երակները կապտած. Ջահելը՝ կապուտաչյա, հուսահատությունից թևաթափ, խամրած աչքերում հրաշքի ակնկալիք: Նստել ու դեռ զարմացած, ասես հեռուների մշուշներից ինձ էին նայում: Եվ մեր զարմանքները, այդ պահից սկսած, համախոհ դաշնությամբ միաձուլվեցին իրար. իմ զարմանքը բացօթյա գրադարանի, նրանցը՝ իմ «առատաձեռն» այցելության շարժառիթով:
Զրույցի փակ դուռը մի-մի բաժակ գինով բացվեց, և մեր խոսքուզրույցը հետագծվեց զավեշտից անդին: Ակնոցավորն ասաց. «Գլխի եմ, թե ինչու ես եկել, նրբանկատությունդ գնահատում եմ, չտված հարցդ էլ կռահում եմ, դրա համար էլ ես ասեմ՝ դու լսի: Մոտ մի ամիս առաջ, ուրեմն,- հեքիաթասածի անշտապ հանգով պատմեց,- մի ինքնաթափ մեքենա մոտեցավ մեզ, կանգնեց, վարորդը դուրս եկավ, թե՝ էս գրքերը որ էստեղ թափեմ, հո դեմ չե՞ք լինի: Եվ պատասխանի չսպասելով՝ մոտեցավ, որ ինքնաթափման մեխանիզմը միացնի: Սպասի, այ մարդ, վրա տվինք մենք, հո աղբ չի, որ թափես, գրքեր են, չէ, վերջապես: Մի քանի մարդ ենք, մենք մեր ձեռքով վռազ կդատարկենք: Նա թե՝ ես էդքան ժամանակ չունեմ: Մոտներիս փողերը՝ մի երեք հազար դրամի չափ, հավաքեցինք, տվինք իրեն՝ ձենը կտրեց: Ու երեք հազար դրամով երեք հազար գիրք իջեցրինք ինքնաթափից: Էդ ընթացքում, որ մենք աշխատում էինք՝ նա պատմեց. «Մի գրագետ, պատվարժան մարդու ողջ գրադարանն է,- ասաց,- որ մեկ-մեկ հավաքել էր դեռ էն կարդալու դարում: Նրա մեռնելուց հետո Մոսկվայում բնակվող թոռը տունը միջի եղած-չեղածով ծախել է գրքերից զզվող մի ցմփորի: Էդ ցմփորը ինձ հարյուր դոլար տվեց ու պատվիրեց. «Էս գրքերը տար մի տեղ վառի-կորցրու»: Ես էլ ինչ անեի. ծախելու բան չի, որ տանեմ բիրիկով մի տեղ հանձնեմ (ո՞վ ա գժվել՝ հիմա գրքին փող տա), մի տեղ պիտի թափեի՝ էստեղ ինձ ամենահարմարը թվաց. դեմը ցրտեր են, ձեռքի հետ կվառեք, կտաքանաք»: Էս էլ մենք,- եղելությունը պատմեց ու իր խոսքն հավելեց Ակնոցավորը,- էս էլ մեր հինգ հազար տարվա մշակույթի ավարտը: Ի՞նչ ես շշմած բերանիս նայում, բաժակները լից,- հրահանգեց իրենց միջի Ջահելին,- լից, խմենք մեր հինգ հազար տարվա մշակույթի կենացը»: Ու մաշված, անկենդան ժպիտով դարձյալ փայլ տվեց ճմրթված դեմքին: Գինին խմելուց հետո Ակնոցավորը նկատելի աշխուժացավ ու մի տեսակ մենախոսության հանգով ծաղրաժպիտ հեգնեց. «Հինգ հազար տարվա մշակու՜յթ, լոպազ շան որդիք. սուրբ մարդկանց փառքն ու անունը շահարկելով, նրանց գերեզմաններից հանում եք, թե՝ վեր կացեք, ձեր կենացն ենք խմում, հետո մոռանում եք վերաթաղել և նրանց շիրիմների վրա դղյակ եք կառուցում ու անունը դնում՝ հինգ հազար տարվա մշակույթ»: Եվ մի փոքր լռելուց հետո արդեն հասցեավորված տխրության մեջ մտավ ու միտքը համալրեց. «Էս գրքերն էլ մեզ նման բոմժեր են,- ասաց,- սրանք էլ գրքերի մեջ են բոմժ, նորօրյա շքեղ գրքերի, որ նորօրյա բդեշխների պես դատարկ ու անիմաստ են. արժեքավորը միայն թուղթն է ու միայն թուղթը»: Իր տխրության մեջ մի փոքր լռեց, հետո շրջվեց իմ կողմն ու ասաց. «Երևում է գրքերի հանդեպ սեր ունես, գրող հո չե՞ս»: Ես գլխով արեցի: «Ըհը,- ասաց,- ճիշտ հասցեով էլ եկել ես. ես հիմա գրադարանի ֆոնդից քեզ մի լավ գիրք կնվիրեմ, և դու շատ կուրախանաս»: Եվ կողքի բաց կապոցից վերցրեց Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքն ու շապիկին մակագրեց՝ «Ներկայի բոմժից՝ ապագայի բոմժին»: Եվ դառը ժպիտի միջից մեղավոր-անմեղ տոնով հորդորեց. «Չնեղանաս,- ասաց,- մեզ դիպվածն է բոմժ դարձրել, ձեզ՝ հասարակարգը կդարձնի»: «Այդ հասարակարգը պապից ստացած ժառանգություն չէր, մենք ստեղծեցինք,- ասացի,- մեր հավաքական կամքն ու ձայնը հրապարկներում միահյուսեցինք և պաշտոնական գրասենյակներում կնիքի տակ դրինք»: «Մոլորություն է,- ասաց,- անփորձ երեխայի կույր մոլորություն: Սրտներս բացված կակաչի պես վառ էր ու մենք՝ ցնծության երկինքներում. մեր բաց ափի մեջ ճակատագրի բեկված գիծը չնկատեցինք, մեր աչքաբիբերը երազանքի փայլից մշուշվել էին, կուրացել էինք, չտեսանք… Համատարած ժխորի մեջ մեր մոլոր վարքը մեր ներսում փափուկ քնացրինք ու… մեր մեջ քնած մարդագայլին արթնացրինք: Մեր հույսն ու հավատը դրինք թաթի տակ և մատաղացու գառան հնազանդությամբ վզներս տվինք նրա հյուսած գույնզգույն պարանին՝ դու մեզ առաջնորդ ու պահապան, քո կամքը մեզ համար օրենք… Իսկ գայլն ինչ կուզի՞… Ու մարդագայլ դարձած գայլը հոշոտեց մեզ. մեր ուղեղն ու փորոտիքը, մեր սիրտն ու հոգին, մեր խաչն ու հավատը…Եվ հիմա մենք կանք ու չկանք, հեքիաթի՝ «Լինում է, չի լինում»-ի պես, և մեր լինել-չլինելու գոյաքարշ գլխին ողորմաթասի պես հնչող մարդագայլի ոռնոցն է. «Անկախության գաղափարը ձեզ՝ երազող գաղափարականներիդ, ձեր երազանքը ձեզ հալալ լինի, ցնծացեք, բայց մեր վայելքի սեղանից, ինչքան հնարավոր է, ինչքան աչքներդ կկտրի, հեռու մնացեք ու մեր բացված ախորժակը մի հարամեք»:
Ասես ծառերի ալարկոտ ստվերներում մարմրող ինչ-որ մեկը չէր ու բանավեճերի թեժ ակումբներում իր սկզբունքը զնգացնող հռետոր էր. միտքը զարմանալիորեն հստակ էր, տրամաբանությունը՝ անխոցելի, իրականության ընկալումը՝ թափանցիկ – տեսանելի… Զգացվում էր, որ մանկությունը գրքերից խռով չէր անցել, ջահելությունը չէր խամրել կարիքի խորշակից ու մինչ չարաղետ անկումը՝ ձիավոր էր եղել՝ թշվառության մեջքը դաղող մտրակն էլ ձեռքին… «Դու պիտի մեծ լսարաններում լինեիր, նախնական հիացմունքս չթաքցրի ես,-գիրքը ձեռքիդ, միտքդ՝ աշխարհի թաց ու չորը տնտղող-չափակշռող…»: «Մատդ ճիշտ տեղին դրիր,- ասաց,- մեծ լսարաններում էի՝ փիլիսոփայություն էի դասավանդում՝ «Դիալեկտիկական մատերիալիզմ», բայց իմ դասավանդած փիլիսոփայությունը նոր տերերին հին թվաց, ու ես կեցության լուսանցքում հայտնվեցի. մարդու անկումը մի պահ է,- իր մասնագիտությունը վերհիշեց,-աչքաթարթի մեջ վրիպեցիր՝ հատակում ես: Տե´ս,- մատով ցույց տվեց մուրուքավորին,- ֆիզիկայի բնագավառի դոկտոր է, Բրոունյան շարժումը Հայոց համազգային շարժման հետ շփոթեց ու… գժանոց ընկավ: Գժանոց չընկավ,- ինքն իրեն ուղղեց,- գժանոց տարան, որովհետև ճիշտ խոսքը մատի փուշ էր ու ասեղի միջնորդություն էր պետք: Հետո կյանքն իրենն արեց՝ հույսը հալվեց հալածանքների մեջ, կարիքը չանչավորվեց, ու գիտությունների դոկտորը հանձնվեց ջրերի բնազդին: Ու խնդրեմ՝ հիմա դեմդ քարի վրա նստած է»:
Նրանց միջի Ջահելը մատռվակի դերը ստանձնել էր արդեն՝ բաժակները նորից լցրեց: Մորուքավորը խոհամած դեմքով նայում էր անորոշ մի կետի: Դաջվածքներով մարդը Ակնոցավորին լսում ու ագահաբար ծխում էր: Ժամանակի հաշիվը կորցրած մի աքաղաղ ձորի հեռավոր խորքից իր բաժին ծուղրուղուն ազդարարեց ու լռեց: Ես մեր նախնական զրույցին անդրադարձա ու Ակնոցավորին ասացի. «Թող մեր մեջ քնած Աստծուն արթնացնեինք, ինչո՞ւ մարդագայլին արթնացրինք. մենք մեր թշնամին էի՞նք, թե՞ խելքներս հացի հետ էինք կերել»: Ծալած ոտքը առաջ դրեց, մեջքն ուղղեց, գինուց կում արեց, ասաց. «Որովհետև մենք մեր մեջ քնած Աստծուն չենք ճանաչում. մենք բոլոր դռների տեղերը գիտենք,- օդի մեջ այդ բոլոր պայմանական դռների տեղերը մատնացույց արեց,- Աստծո դռնից բացի: Դրա համար էլ Աստված մեզ մեր միջի մարդագայլի դիմաց անպաշտպան թողեց ու մեր ականջին շշնջաց՝ դուք իրար լավ ճանաչեք, որ վերջում ինձ որոնելը ձեզ համար անհրաժեշտություն դառնա»: «Էդ մեկը հաստատ,- նրա խոսքը հաստատեց Մուրուքավորը: -Աստծուց օգնություն խնդրում, բայց սատանայի հետ ենք սեղան նստում: Ու որ սեղանի հացը վերջանում է, սատանային չէ, դարձյալ Աստծուն ենք հիշում. մուրացիկի մեր ձեռքը պարզում, ասում ենք. «Տեր Աստված, մի քիչ հաց տա՞ս, ուտենք»: Մորուքավորի խոսքին չէ, ես Ակնոցավորի մտքին անդրադարձա, ասացի. «Հիմա որոնում ե՞նք, թե՞ դեռ մոլորության մեջ ենք»: Դաջվածքներով մարդը խեղդվելով հազաց, խաղաղվեց ու մտքի մեջ պահածը բարձրաձայնեց. «Դեմոկրա՜տիա, ասաց,- չէ մի չէ տերտերի քարոզ…»: Ես ու Ակնոցավորը իրար նայեցինք, իբր՝ ինչ կապ ուներ: Դաջվածքներով մարդը դժգոհության իր խոսքն ասել ու ինքն իրենից գոհ՝ գինի էր խմում: Դեռ իմ հարցը օդում կախված՝ Ակնոցավորը պատասխան խոսքի տուտը բռնեց, ասաց. «Դուք չգիտեմ, բայց ես իմ Աստծուն վաղուց եմ գտել ու ձեր բարձրադաս հասարակությունից ինձ հիմնավորապես մեկուսացրել եմ: Ես չեմ ուզում ապրել մի միջավայրում,- երդվողի հանդիսավոր ծիսակարգով ձեռքի ափը սրտին դրեց ու երեխայի պես անկեղծ բացվեց,- որտեղ առնետը կատու է խժռում, երկրի փորոտիքը լափողը երկրի հզորացման կենացն է խմում: Թյո՜ւ,- ասաց,- սիրտս խառնում է…»: «Բա ո՞վ է մեր փոխարեն մարդագայլի դեմն առնելու,- ես նրա հոգին թեթևակի փորփրեցի: -Դու քեզ մեկուսացրել ես, ես բեզարած եմ ու հավես չունեմ, նա տկար է ու կյանքի համը կորցրել է, բա մեր հավատի զանգը ո՞վ է ծլնգացնելու. մեր արթնության զանգը ղողանջելո՞ւ է վերջապես, թե ուտողներին ասենք՝ բարի ախորժակ և բահը վերցնենք ու գլուխներս կախ մեր բաժին փոսը փորենք»: «Զանգը չի ղողանջի,- մեր զրույցին խառնվեց Մուրուքավորը,- զանգի լեզվակը պոկված է, ու ձայնը փորի մեջ մարել է: Իսկ մարդագայլն էլ արդեն հոշոտել է մարդուն: Այնպես որ՝ ընտրիր ինքդ,- իմ առաջ պայման դրեց,- կամ հրացան ես, կամ՝ թիրախ, մնացածը հոգեհանգստի սեղանի բաժակաճառ է»: Ակնոցավորը նրան լսեց ու իմ հարցին պատասխանեց. «Գրչի մարդ ես,- ասաց,- ես ասեմ՝ հետևությունը դու արա. երբ գիրք կարդացողին գրքի իմաստությունից վանում ու խրտնեցնում են, այդ մարդագայլի տեսքով՝ աղետն է վրա գալիս: Եվ այդ աղետաբեր մարդագայլը թափով ոհմակավորվում է, մտնում է տուն ու բակ, դպրոց ու դասարան, մատուռ ու գրասենյակ և լույսի առաջ պատուհանները պինդ-պինդ փակում է…»: «Եվրո՜պա, դարձյալ խոսքի խառնվեց Դաջվածքներով մարդը,- ես քու անվարտիք մերը… Բայց մենք էլ ենք մեղավոր,- անսպասելիորեն մեղքի բաժին առավ ուսերին,- էդ լրբացած աշխարհում էլ երևի թե լավ բաներ կան, բայց մենք լավի առաջ աչքներս փակում և աղբն ու այլանդակությունը շալակում՝ մեր տուն ենք բերում»: Ակնոցավորը գինուց կում արեց, մտքի կորած թելը գտավ ու կիսատ մնացած խոսքը շարունակեց. «Հա,- ասաց,- հիմա երբ մենք այդ պատուհանները բացենք ու մեր ձեռքը դեպի լույսն ու իմաստնությունը պարզենք, երբ մեր մտքում մեր թռիչքի ու անկման բարձրությունը ճշտենք, արթնության զանգը հենց այդ պահից էլ կղողանջի մեր հոգում: Ես շնորհակալ եմ էն հանճարեղ տգետին,- բաժակը բարձրացնելով՝ նա թամադայի դերի մեջ մտավ,- ով մեզ աշխարհի իմաստունների մտքերին մեկ անգամ ևս հաղորդակից դարձրեց, ու մեր օր-օրի խավարող հոգիները լուսավորեց: Հիմա մենք իմաստուններին կարդում ու մեր մտքերով չէ՝ իմաստունների մտքերով ենք իրար հետ հաղորդակցվում: Ափսոս միայն, որ աշխարհի իմաստուններն էլ մեզ հետ բոմժեր դարձան: Մեռած ու մոռացված բոմժեր…»:
Ծառի ճյուղին նստած ծիտը այդ պահին սկսեց երգել: Ծառի տակ մի կատու, ինքն իր մկանների մեջ լարվել, գետնին տափակել ու սևեռուն նայում էր մի կետի: Թմբի լանջին թիկնած սալքարն ի վեր մի մողես վազեց, կես ճանապարհին մտափոխվեց, ընթացքի մեջ թափը կտրուկ սանձեց, մի ոտքը բարձրացրեց տաք սալքարից, գլուխը թեքեց մեր կողմն ու այդ դիրքով քանդակվեց: Թփերի ստվերոտ խորքից դուրս եկավ այդ խմբի միակ կինը՝ խմբի հինգերորդ անդամը և խումարի մշուշներում ճոճվելով ու ընթացքից արտասանելով՝ մոտեցավ մեզ:
Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են տարել…

Եկավ մեր կողքին կանգնեց, շրջվեց դեպի ինձ ու խնդախուճուճ նազանքով ասաց. «Գերապատիվ այր, բարով եք ժամանել բոմժերի թագավորություն: Ո՞ր մի անսանձ քամու թևերով, քունջուպուճախներում վխտացող ոգիների ի՞նչ զորավոր միջնորդությամբ է ձեր պայծառ միտքը շեղվել դեպի գետնաքարշ ստվերների պուրակ»:
Քառասունն անց, ինքն իր սրտի վախճանը շրջանցած կին էր, բայց կինն իր մեջ դեռ արթուն էր, որ թեպետ կեցության դառնաշնչից բեկվել, բայց ապրելու կամքը սրտի մեջ պահած, դեռ օտար մեկի կանչի լույսը աչքերում աղոտ փլփլացնում էր: Նրա աչքունքի խաղի մեջ կանացի անթաքույց տարփանքը դեռ հյուսվում-քանդվում էր մայրամուտ ապրող երազախաբության հետ: «Գուսան Բոմժուհի,- նրան հանդիսավորությամբ ինձ ներկայացրեց Ակնոցավորը,- համալսարանի բանասիրականը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո, ասպիրանտական ուսումը մեր մոտ է շարունակում…»: «Մեծերը բոլոր ժամանակների ժամանակակիցն են,- Գուսան Բոմժուհու արտասանած տողին անդրադարձավ ու դեմքի կնճիռների թնջուկում խոժոռվեց Մուրուքավորը: -Գրիչը ճերմակ թղթին դրել ու թքել է մեր ապրած աննամուս ժամանակի ճակատին»: «Անշուշտ,- ասաց Ակնոցավորը,- մտքի զորությունը երկնքից է իջնում, որ երկրի վրա սարդոստայն կապած դառնությունը ցրի»: Նրանց միջի Ջահելը բաժակները նորից գինի լցրեց ու բաժակներից մեկը տվեց Գուսան Բոմժուհուն: Ես ասացի. «Դժվար է»: «Հեշտ չի»,- իմ խոսքը քամուն տալով՝ հաստատեց Ակնոցավորը:
Եվ հենց այդ պահին կատուն զսպանակվեց ու թռավ և մուկը բերանում՝ փախավ թփերի խորքը: Սալքարին քանդակված մողեսը արագ պոկվեց տեղից ու փախավ, թաքնվեց մեծ քարի հետևում: Ծիտը ճյուղի վրայից խուճապահար թռավ, օդում մանգաղվեց ու կորավ ծառերի խորքում: Ակնոցավորն ասաց. «Կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է բռնում»: Մուկ ու կատվի մասին նրա խոսքը պարապ խոսք չէր ու հասցեավորված էր. գինուց կում արեց ու այլաբանեց. «Էդ կատուներից դուք էլ ունեք, չէ՞,- ասաց,- մրցանակի փայլը տեսան թե չէ՝ գլխին կանգնած են: Տեսակի հարց է,- միտքը լրացրեց,- հատկապես անտաղանդների համար՝ ինքնահաստատման մոլուցք»: Ես լավատեսի թիկնոցն ուսերիս առա ու ինձ համար ևս անսպասելի վստահեցրի: «Ապաշնորհն ինչքան էլ կենսունակ լինի, միևնույն է, ուշ թե շուտ՝ հրեղեն խոսքի հանդեպ կարոտը իր ուղին հարթելու է: Էդ ես չեմ ասում,- արդարանալու հանգով բացատրվեցի,- էդ բանաստեղծն է ասել.

Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

«Բա ո՜նց,- ասես իմ խոսքին էր սպասում. միանգամից պայծառացավ ու ոտից-գլուխ հեգնանքի դիմակ դարձավ Գուսան Բոմժուհին,- գիշերն արի էստեղ ու տես, թե ծառերի տակ ու իրար շնչի նստած խորտկարանների բացուխուփ սենյակներում էդ հրեղեն խոսքը ի՜նչ ամեհի վայնասյունով է թափ առնում, սատանի քամու պես պտտվում ու, երկրի ամոթը շուրթին, երկինք համբառնում, թե ոնց է քո ազգի պատկառելի որձը լլկում ու հոշոտում քո ազգի մատղաշ լրբերին: Անպատվության ցեխը երեսներին, մեղքը՝ խղճներին, ամոթը՝ ոտքերի տակ, անառակության լաթերը առագաստ սարքել ու առանց հիշողության ապրում են. ոչ մա՜յր ունեն, ոչ՝ քույր ու աղջի՜կ, ոչ երկրի հետ կապ ունեն, ոչ՝ երկնքի, զուտ ծամող արարածներ են. ոտից գլուխ՝ որովայն: Ողորմի քեզ, բանաստեղծ,- միայն իրեն հայտնի զգացումով մի պահ լռեց ու խաչակնքեց,- լույս իջնի գերեզմանիդ»: Ու արտասանեց.

Ամպի հոնքին նայիր,
Աղունդ փռելուց առաջ,
Մի քիչ քեզ ծառ զգա,
Կացինդ սրելուց առաջ:

Մորուքավորն ինքն իր խոհերի մեջ ամպոտած-մռայլ ծխում էր, նստած տեղից հանկարծ ու միանգամից ելավ կանգնեց, երկնքի գաղտնիքը վերծանող քրմապետի սառնախոհ հանդարդությամբ մտքերը ժողվեց և մի տեսակ պղնձաձույլ ղողանջով իր ներսից արձագանքվեց.
Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին,
դարձնում է գողին ազնիվ, բարեհույս,
Ապուշին հանճար, վախկոտին կտրիճ,
տգեղին՝ չքնաղ ու պոռնիկին կույս:

Ակնոցավորին ինչ-որ անանուն թախիծ էր պատել, այդ լլկողների և լլկվողների, անասնացած հասունների ու պղծված մատղաշների անառակաշունչը սրտին առել, համրացել էր: Ու խառը-խրթին մտքերով տարված՝ ինքն իր ներսից մաճառվում էր: Գինու բաժակը բարձրացրեց և մի տեսակ ջղային ու անհասցե գանգատվեց. «Պարտվել չեն կարողանում, շան տղերքն ախր հե՜չ չեն կարողնում պարտվել, որովհետև մեջները հոգի ու սիրտ չկա. բարևելիս և դեռ ուտելիս ու ջուր խմելիս անգամ ուզում են հաղթող լինել»: Եվ գինուց կում արեց ու ինքն էլ գնաց բանաստեղծի մտքի արահետով:
Տխրությունով սիրով,
Բախտով հարբած եղիր,
Մի քիչ պարտված մնա,
Մի քիչ Աստված եղիր:

Եվ նոր միայն իր խոհ ու թախծից ետ եկավ ու միտքը շարունակեց. «Հիմա ում տակը աթոռ ես քաշում, ասում է՝ էս սարն իմն է, էս սարի վրա ապրողներն իմն են, էն մյուս սարին ձեռք տվողի էլ… Մեր մեծ պապ Հովհաննես Թումանյանը դրանց մասին լավ է գրել. «Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը»: Ու, ցավոք, դրանք են մեր երկրի տերերը…»:
Դաջվածքներով մարդը, որ գաղութի կյանքը, ի վերջո, բոմժականով էր ամփոփել, տերեր բառը լսելով՝ անհասկանալի այլափոխվեց. մի պահ աշխուժացավ, ապա գունատվեց, հավանաբար հին կյանքի շառաչուն աղմուկն արթնացավ ականջներում և թեպետ երբեմնի հրեղեն թափից լքված ու ինքն իր վարքուեռանդի մեջ մարած էր արդեն, բայց թե մարդ էր, ապրում էր ու աշխարհի թացուչորի հանդեպ դեռ իր կռիվն ուներ, ձեռքի ծխախոտը ջղային շպրտեց, ասաց. «Էդ տերերի մասին մի բան էլ ես եմ կարդացել, քե՜ֆս բերել է: ՀՀՇ-ն եկել էս ազգի շնչին մառախուղի պես նստել էր,- վերհուշի ծանր խոհի մեջ կնճռոտվեց-մռայլվեց,- ոչ իրենք էին աշխարհից բան հասկանում, ոչ աշխարհն՝ իրենցից. ասում էին՝ կառուցենք ու քանդում էին, ասում էին՝ դրախտ ու դժոխքի դարպասներն էին ցույց տալիս, իրենք խոսում՝ իրենք լսում էին, և որ ուրիշն էր խոսում ու իրենց դեմ էր խոսում՝ գլխին բամփում էին…»: «Էդ ամեն ինչն իբր մեզ ինչի՞ ես պատմում,- նրա խոսքն ընդհատեց Մորուքվորը,- մենք չենք տեսել ու չգիտե՞նք, թե՞ մեր մեջ խավարի ու ցրտի հիշողությունն ես արթնացնում»: Դաջվածքներով մարդը նրան լսեց, բայց չպատասխանեց, ինքը դեռ իր կիսատ մնացած մտքի քուջուջի մեջ էր, շարունակեց, ասաց. «Բայց թե բանաստեղծը հենց նրա համար է բանաստեղծ, որ իր վրա հաչողին շան տեղ չի դնում…»: Հիմա կարծես թե խոսքն ավարտել էր արդեն, բայց զգացվում էր, որ նրա նախնական ընդվզումը դեռ կիսատ էր ու ամբողջական չէր, և հավելումը ուրիշի զորավոր խոսքն էր լինելու: Ու եղավ. մի տեսակ մարած հուշերի վերարթնացումով աչքերը կկոցեց ու, դեռ չասված խոսքի կանխավայելքով, արտասանեց.

Փոխվել են տերերն ու դերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Ես սրանց տիրոջ մերերը…

Գուսան Բոմժուհին մի պահ ինքն իր մտքերի մեջ լարվեց, հետո ինչ-որ բան հիշելով՝ Դաջվածքներով մարդու միտքը լրացրեց, ասաց. «Քո էդ ՀՀՇ-ի ղեկավարությունը խիստ էր վիրավորվել բանաստեղծից և հաշտությունը եղել էր այն, որ նախնական տեքստը մեղմվել ու չորրորդ տողը դարձել էր. «Աղոթեմ, որ մահս շտապի»: «Բա,- ասաց,- էդ են. ոտքիդ թաթին կանգնում են, ասում ես՝ ցավում է՝ վիրավորվում են»: Հետո լռեց ու շրթունքների նկատելի շարժումներով ինչ-որ բան էր մտմտում, նայեց երկնքին, նայեց ծառերին, ինքն իր մեջ Դաջվածքներով մարդու խոսքից հիմնավորապես օտարվեց, ճակատի մազափունջը հետ տարավ ու օրիորդական նազանքով կոտրատվեց. «Դուք մեծերի գրածներն եք արտասանում,-ասաց,-ես էլ արտասանեմ իմ հորինածը»: Եվ սուտ հազով կոկորդը մաքրեց, ասմունքողի խորհրդավոր կերպարի մեջ մտավ, աչքերի փայլը տեղը բերեց ու արտասանեց.

Ձախորդ օրեր եկան մնացին,
Հանճարեղ միտքը փոշիացրին,
Ազգի ուսյալը օտարվեց-գնաց,
Անմահ պոեզիան բոմժերին մնաց:

Նրա խելք ու շնորհքով հիացած Մորուքավորը բեկված-միամիտ շնչով թևավորվեց. «Մարդիկ բարձրացող և իջնող վերելակի մեջ են,-ասաց,-ի՞նչ իմանաս, էս աղջիկը գուցե բարձրացող վերելակի մեջ էր ու բանաստեղծ պիտի դառնար»: Գուսան Բոմժուհին պայծառացա՜վ. «Ես գոնե էստեղ մի քանի հոգանոց լսարան ունեմ,- ինքն իր մեջ պարծեցավ-մխիթարվեց,- որ ինձ լսում ու գնահատում են, էդ քաղաքակիրթ աշխարի բանաստեղծներին հիմա ո՞վ է կարդում կամ՝ գնահատում. փայտի նման իրենք իրենց մեջ վառվում, մոխրանում են…»:
Կատուն մռութը լիզելով դուրս եկավ թփերի խորքից: Մողեսը դարձյալ նույն տեղում քանդակվել էր: Ծտի ծլվլոցը հիմա հեռվից էր գալիս: Մտաթնջուկը մի պահ ինձ իր գալարների մեջ առավ, և միտքս մրուրվեց ու արագ թանձրացավ: «Հետո՞,-Ակնոցավորի կողմը շրջվելով՝ անորոշության տոլապն ընկա,- բա վերջը՞»: «Հետո, էլ,-չհասկացվեց՝ մի տեղ կարդացե՞լ էր, թե՞ հանպատրաստից ձևակերպեց, ասաց. -Աստծուց խնդրենք, որ մեզ ազատի կուշտ մարդկանց աղետից, մենք մեր սովածության հախից կգանք»: «Բա մեր ե՞սը,-արժանապատվության թիկնոց առա ուսերիս,- բա մեր եսի երեսին ո՞նց ենք նայելու»: Դեմքը մի տեսակ երկարավուն ձգվեց ու նա թևաթափ հաշտությամբ արձանագրեց. «Եթե կարծում ես, թե հնարավոր է թշվառության մեջ տեր կանգնել սեփական ես-ին՝ չարաչար սխալվում ես. բոմժը աշխարհին բոմժի աչքերով է նայում»: Գուցե թե այլևս անիմաստ՝ ես մի փոքր անտեղի ըմբոստացա, ասացի. «Ախր մարդ ենք, չէ՞, վերջապես, մեր հպարտության մեջ իրավունք և ուսերիս վրա պարտականություն ունենք, ասենք՝ չկա՞նք, հաշիվ չե՞նք»: Տխրության մելամաղձը դեմքին առավ, ասաց. «Կեցության բանձևն ես մոռանում՝ իրավացի է նա, ով ավելի շատ հնարավորություններ, ուրեմն նաև իրավունքներ ունի, իսկ պարտավորությունները բոմժերի նման անտեր են և բոմժերի նման անտեր ու անհասցե էլ թաղվում են»: «Բա արև՞ը, բա լո՞ւյսը,- բանաստեղծական արահետ մտա ու ծիածանի կամարի տակ պար բռնեցի ես,-ծաղկած ծիրանենինե՞րը, թռչունների ճախրա՞նքը, ձիերի սլա՞ցքը…»: «Ամեն մի կյանք իր կեղտն ու մաքրությունն ունի,- հայացքը մեզանից կտրել ու անորոշ հեռուներին էր հառել,- մենք մեր կյանքի մաքրությունն ապրել ենք արդեն, մնացել է կեղտը, կապրենք, թե չենք ապրի՝ միայն Տիրոջն է հայտնի…»:
…Ես նրանցից հեռացա կոտրված սրտով: Ասես քայլում էի ամայի անապատում: Որոշ տարածություն անցնելուց հետո կանգնեցի, ետ նայեցի. խումբն արդեն իրեն լրիվ տվել էր խրախճանքի բնազդին: Գուսան Բոմժուհին քարե պատվանդանին կանգնել, ճախրանքի պատրաստվող թռչունի նման թևերը տարածել ու հայացքը անորոշ հեռուներին՝ գինավառ արտասանում էր. «Լրբերը սրբեր են դառել, սերը սրբել են տարել… Լրբերը սրբեր են դառել …Լրբերը…Լրբերը…»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *