Կիսաբաց նամակ Տիգրան Պասկեւիչյանի ժողովածուների շնորհանդեսի առնչությամբ
Տարեդարձդ, որի կապակցությամբ բարի գալուստ եմ մաղթում չխեղված հիսունամյաների սակավամարդ ակումբ, առիթ էր` վերընթերցելու եւ նորընթերցելու ստիխներդ, որոնցից գրեթե յուրաքանչյուրի աշխարհ գալու ուղեկիցն ու ականատեսը լինելու ուրախությունն եմ ունեցել տասնամյակների մեր մտերմության տարբեր հանգրվաններում` այն աստիճան, որ ներքին ցանկություն առաջացավ, իսկապես, գրելու ծանոթագրություններ, ավելի ճիշտ` ծանոթի գրություններ։ Մի բան, որ հուսով եմ կհասցնեմ անել, ոչ միայն, բայց` հատկապես քո գալիք ընթերցողների համար, քանի որ բանաստեղծությունը, առավել, քան արվեստի դրեւորման այլ եղանակ, խորապես եսակենտրոն է, եւ ընթերցողին հետաքրքրում է ոչ այնքան այն, թե ինչ է ասում բանաստեղծը, որքան այն, թե ինչ էր կատարվում բանաստեղծի հետ ասելու պահին` գրեթե պատմական ճշգրտությամբ։ Մինչ այդ, ստիխներիդ շնորհանդեսի այս օրը վերադառնամ մի զրույցի` ի շարունակություն իմ հոդվածի, որ ավելի քան քսան տարի առաջ տպել էիր «Ար»-ում` «Հանուն, ընդդեմ եւ շնորհիվ հանգի» վերտառությամբ, որտեղ խոսում էի որեւէ լեզվի առանձնահատկությունների հրամայական եւ որոշիչ ազդեցության մասին` այդ լեզվով գրված եւ գրվող պոեզիայի էվոլյուցիայի վրա։
Խոսքը իշխանություն է։ Յակոբսոնից մինչեւ Բարթ, մեկ այլ հարթության վրա` Ֆրոյդից մինչեւ Լական, հետեւողականորեն մատնանշվել է խոսքի իշխանական գործառույթը` այն աստիճան, որ հաճախ, եւ միշտ` թյուրիմացաբար, պահանջվում է մտավորականներից, այդ թվում մասնավորապես Մեսրոպատառ գրել դեռեւս համարձակվողներիցս, ըմբոստանալ այդ իշխանության դեմ։ Թյուրիմացաբար, որովհետեւ պահանջողները որպես կանոն խոսքի իշխանությունը շփոթում են քաղաքական իշխանության հետ, այն դեպքում, երբ խոսքի իշխանությունն, ի տարբերություն այլաբնույթ իշխանությունների (որոնք ուղղահայաց են եւ ընտրովի), հորիզոնական է եւ համատարած։ Եւ այս` խոսքի իշխանության դեմ ընդվզումն ու պայքարն ընթանում են բոլորովին ուրիշ տիրույթում, որի մասին էլ հավակնում եմ խոսել։
Մարդաբանական տեսակետից այս իշխանությունը նաեւ մշտնջենական է. շամանային բանդագուշանքներից (որոնց անվերծանելի կրկնառիթմերն, ըստ ամենայնի, առաջին քայլն են դեպի պոեզիայի նախահիմքերը) մինչեւ, ասենք, Նոբելյան մրցանակակրի վերջին բանախոսությունը, մենք գործ ունենք չընդհատվող իշխանություն իրականացնելու մի միջոցի, գործիքի, առարկայի հետ, որն էլ հենց խոսքն է, ավելի ճշգրիտ` խոսքի դրեւորման հարկադիր եղանակը` լեզուն։
Որեւէ լեզու ենթադրում է ներքին կանոնակարգում, եւ որեւէ կանոնակարգում ենթադրում է պարտադրում, ուստի եւ` արգելանքներ։ Ակնհայտորեն` եթե լեզուներն իրար նմանվում են նրանով, թե ինչ է հնարավոր արտահայտել տվյալ լեզվով, ապա նրանց միջեւ տարբերությունը բխում է այն հանգամանքից, թե ինչ հնարավոր չէ՛ ասել նույն այդ լեզվով։ Անգլերենն, օրինակ, խոսողին թույլ չի տալիս դերանունով զրուցակցին դիմելիս նրա հանդեպ դրսեւորել աֆեկտիվ վերաբերմունք։ Ռուսերեն խոսողը հարկադրված է շարունակ ընտրություն կատարել արական, իգական եւ չեզոք սեռերի միջեւ` անգամ անշունչ առարկաների դեպքում։ Հայերենն արգելում է գոյականները բաժանել սեռերի առհասարակ, իսկ անձի առման դեպքում նույնիսկ անձնական դերանվան մակարդակում։ Լատիներենի հոլավական համակարգը չժառանգած ֆրանսիացին ստիպված է իր խոսքը միշտ սկսել ենթակայով` նախադասության մնացյալ մասը ածանցելով վերջինիս։
Պարզունակ այս օրինակների շարքը չշարունակելով` նշեմ միայն, որ լեզվական կանոնների եւ արգելանքների համակարգը մեծապես ձեւավորում է տվյալ լեզուն կրողի նախ, անշուշտ, լեզվամտածողությունը, բայց ու այլեւ` աշխարհընկալումն առհասարակ։
Խոսքը պարզ ստրուկտուրալիզմի մասին չէ, այլ այն ներքին, չգիտակցված ցենզուրայի, որին ենթակա է յուրաքնչյուր անհատ` իր մայրենի լեզվի առանձահատկությունների բերումով` վերը նշված օրինակների դեպքում` քերականական մակարդակով։
Հարցի իմաստային մակարդակը գալիս է էլ ավելի համապարփակ դարձնելու լեզվի իշխանությունը, քանի որ յուրաքնչյուր բառի մեջ նիրհում է կարծրատիպ կոչվող հրեշը։ Բառի յուրաքանչյուր կիրառություն հակված է յուրօրինակ տուրք մատուցելու այդ հրեշին, որովհետեւ բառիմաստի գոյացումն իսկ կառուցված է բառի շարունակական կրկնության վրա, իսկ յուրաքանչյուր կրկնություն գալիս է հաստատելու, ամրապնդելու, բյուրեղացնելու կարծրատիպը` տվյալ բառի հաջորդ կիրառողների համար։ Եւ եթե ասում եմ` բյուրեղացնելու, ապա միայն այն վերապահումով, որ էպոխաների փոփոխությունը ժամանակ առ ժամանակ կարող է հղկել բառիմաստի այս կամ այն երանգը, բայց դա էպոխայի կնիքն է, եւ ոչ լեզուն կրողի։
Ոչ միշտ եմ համաձայն Բարթի մտքերի հետ, բայց այս մեկն ինձ կիրառելի է թվում. իր բնույթով լեզուն ֆաշիստ է, որովհետեւ ֆաշիզմը ոչ թե արգելում է խոսել, այլ ստիպում է ասել իր ուզածը։
Ընդորում, բառիմաստի ծառայամիտ հարմարվողականության մեջ տեղավորվող սերնդափաղանգներին անհնար է օգնել կողքից, արտաքին միջամտությամբ, դրսից, որովհետեւ, ավաղ, լեզուն չունի դուրս, այն ներփակ տարածք է։
Այս իմաստով է, որ, ըստ նախորդած կանխավարկածիս` խոսքի իշխանության դեմ ընդվզումն ու պայքարն ընթանում են բոլորովին ուրիշ տիրույթում, որը է՛ լեզվի հետ առճակատումը ներսից, լեզվի՛ իսկ զինանոցով, իր իսկ միջոցներով։
Հենց այս` լեզվի հետ առճակատումը ներսից, իր՛ իսկ զինանոցով, իր իսկ միջոցներով. քերականական կանոնները շրջանցելը կամ` սեփական կանոններ ստեղծելը, բառի կարծրատիպային կենսագրությունն անտեսելը, ոճական քարացած կաղապարները կոտրելը, այն է, թե` լեզվի բռնատիրական իշխանությունից ձերբազատվելու այս միակ հնարավոր ճանապարհը, այս միակ սքանչելի իշխանափոխությունը, այս միակ երանելի հեղափոխությունն ինձ համար կոչվում է գրականություն։
Այս ունակությամբ ամեն մեկը չէ, որ օժտված է։ Բայց հատուկենտ օժտվածների համար այն (գրականությունը) դառնում է էություն, կացութաձեւ, կենսակերպ։ Օրինակը` դու։