Միլենա Խաչիկյան | Կյանքը՝ սահմանին կամ հո կրակոց չկա՞

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Կեսգիշերն անց էր, երբ սենյակս կարճատեւ աղմուկով լցվեց։ Մոտեցա պատուհանին. հրավառություն էր՝ ինձնից երկու պատշգամբ այն կողմ. «Երեւի մի կարեւոր առիթ ունեն»,- փորձեցի իբր արդարացնել՝ միեւնույն է, չհասկանալով՝ հրավառության այդ ինչն է սիրելի կամ ինչու հենց հիմա… Լույսերը շուտով մարեցին, դադարեց նաեւ աղմուկը մարդկանց. իմ անտարբեր հայացքի տակ նրանք մտան իրենց տները, եւ գիշերվա բնականոն անդորրը վերականգնվեց։

Ես մնացի պատուհանի մոտ։ Գլխումս դեռ թարմ էին օրվա անցուդարձի հետքերը. տուն էի վերադարձել, բայց ինչպես մայրս է ասում, մտքերս աշխատանքի վայրում էին։ Լուրերի հետ՝ ճիշտ եւ սուտ, ազնիվ եւ անազնիվ, ուրախ եւ տխուր:

Լուրերի հետ, որ երբեմն այնպես չես ուզում գրել։

***
Ներքին Կարմիրաղբյուրը Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից է, գտնվում է սահմանից 1.5 կմ հեռավորության վրա: Մեզ՝ քաղաքաբնակներիս համար այս հեռավորությունը անպատկերացնելի կարճ է, իսկ գյուղի բնակիչների համա՞ր.
– Մեզ համար էլ է կարճ, բայց շատ ժամանակ մենք ուղղակի չենք մտածում այդ մասին,- մի առիթով պատմեց ինձ չքնաղ այդ գյուղի չքնաղ աղջիկներից մեկը՝ Ավագյան Լիան,- եթե ամեն րոպե մտածենք, երեւի թե տանից էլ դուրս չենք գա:
Երկու տարի առաջ՝ Ապրիլյանից հետո էր, որ զրուցեցինք… Շատերիս համար կյանքը բաժանվեց մինչ Ապրիլյանը եւ Ապրիլյանից հետոյի, իսկ նրանք, ովքեր կրակահերթի տակ մանկություն ունենալու, խաղաղ ապրելու իրենց իրավունքի համար են պայքարում, պատերազմից առաջ ու հետո չունեն, նրանք ապրում են լուռ, լռության մեջ են ապրում՝ հաճախ տեսնելով եւ զգալով շատ ավելին, քան մեր լսածն ու գրածն է…

Լուսանկարը՝ Հետքի

-Լիա՛, վտանգի մեջ ապրելն ինչ-որ պահի դառնո՞ւմ է սովորական:
-Չեմ սիրում, որ ասում են՝ սովորական,- մի քանի րոպե լռեց, հետո… – Բայց գիտե՞ս՝ երեւի իրոք սովորական է:
Հաջորդեց մի ուրիշ լռություն. Լիան ընկավ մտքերի մեջ, ես փորձեցի չխանգարել…
-Գիտե՞ս՝ ես ինձ համար չեմ վախենում, այլ մամայի, եղբորս… Այսօր էլ, երբ զանգում եմ տուն, միշտ հարցնում եմ՝ հո կրակոց չկա՞,- ասաց Լիան՝ հիշելով, որ դեպք է եղել անգամ, երբ մարդ գնացել է իր դաշտ՝ խաղողքաղի, եւ հենց այնտեղ էլ՝ զոհվել. խաղողի այգիները սահմանից 200 մետր հեռավորության վրա են։
Տանն ապաստարան ունեն, որ հայրն է կառուցել մի քանի տարի առաջ, երբ սահմանին իրավիճակը սովորականից սրվել էր. կրակում էին ամբողջ գիշեր եւ միայն լուսաբացին դադարեցնում…

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

-Մի անգամ ապաստարան իջնելիս մահից եմ պրծել. փամփուշտն ուղիղ դիմացովս է անցել. դա, գիտե՞ս, ինչ մեծ սթրես է,- ասաց Լիան՝ նշելով, որ շատերի մոտ առողջական խնդիրներ են առաջանում,- ընկերուհիս աչքի սպազմ ունի, եղբայրս գիշերները հաճախ վեր է թռչում…
Քաղաքաբնակին հատուկ միամտությամբ հարցրի, թե ինչ են անում ապաստարանում․
-Էրեխեքով խոսում ենք դեսից-դենից, իսկ պապան… Պապան չի խոսում, ու ես գիտեմ, որ իրեն այդ պահին խոսեցնել պետք չէ։
Հետո հիշեց գյուղի դպրոցը, որ մի քանի տարի առաջ վերանորոգեցին։ Հիմա դպրոցի ամենամեծ խնդիրը, ըստ Լիայի, մասնագետների պակասն է. նույն ուսուցիչը իրենց դասավանդում էր եւ ինֆորմատիկա եւ հայոց եկեղեցու պատմություն եւ հասարակագիտություն եւ ռուսերեն: Ինչքան էլ տխուր լինի, նա դա հասկանում է. ասում՝ ամեն մեկը հո չի՞ ցանկանա գալ, այսպես ասած, «գյուլլի բերան», աշխատել: Սրանից բացի, դասարանները երկկոմպլեկտ են. երկու-երեք դասարան՝ հիմնականում մեկ-երկու տարի տարբերությամբ, նույն տեղում եւ նույն ուսուցչի հետ են դաս անում…
-Ես տասը տարի երկկոմպլեկտ եմ սովորել, անգամ ինձնից երեք տարի փոքրերի հետ եմ նստել, բայց 12-րդ դասարանում ամեն ինչ փոխվեց. մենք առանձնացանք, երբ «Դասավանդիր Հայաստանում» ծրագրով գյուղ եկավ ՀԵՊ-ի ուսուցչուհի Մարիամ Մարիկյանը, ով դասղեկ նշանակվեց մեր չորսհոգանոց դասարանին,-ասաց Լիան՝ անկեղծանալով,- նա այդ տարվա ամենալուսավոր կետն էր, որովհետեւ խմբակներ բացեց, աշխուժություն մտցրեց մեր կյանք…
Հարցրի՝ ի՞նչ զգացողություն էր չորսհոգանոց դասարանում սովորելը, կատակեց՝ որպես աշակերտ՝ դաժան էր. ամեն օր դաս էին հարցնում.
-Իսկ ավելի լուրջ՝ ես դրա հետեւանքները զգացի, երբ եկա Երեւան. շատ դժվար էր համալսարանի վաթսուն հոգանոց լսարանին հարմարվելը:
Լիան փամփուշտների հավաքածու ունի. փոքր տարիքում սկսել է հավաքել կրակոցներից հետո գտած փամփուշտները: Թեեւ գյուղում ընդունված է, որ դրանք պիտի հանձնեն, որովհետեւ վտանգ կա, որ տաքանալու դեպքում հանկարծ կարող են պայթել, բայց նա բոլորից թաքուն հավաքում եւ պահում էր՝ այն մտքով, որ օրերից մի օր հետ կկրակի եւ իսկապես կպատժի թշնամուն.
-Գիտե՞ս՝ հիմա էլ եմ նույն մտքով հավաքում, – Լիան ժպտաց, իսկ ես չհասկացա՝ կատակո՞ւմ էր թե՞…
…Երեկ էլ, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեց հրետակոծությունը գյուղի ուղղությամբ, խոսեցի նրա հետ. ապաստարանում էր: Երեւանից Կարմիրաղբյուր դեսից-դենից զրույցներ չձգվեցին, փոխարենն իմ մտահոգ հարցերին իրեն հատուկ լուսավորությամբ Լիան լռեցրեց. «Ապաստարանում էնքան ջերմ է մթնոլորտը, որ չես պատկերացնի… Մեզ էս ջերմությունն է փրկում»:
***
«Հուլիսի 14-ին Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել ՀՀ չորս զինծառայող՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը եւ Գրիշա Մաթևոսյանը… Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»:

Մեզ մեր ջերմությունն է փրկում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *