Լույսը բացվելուն պես ու մինչև հաջորդ լույսը բացվելը…
Երեք թե չորս, երկու թե երեք, չեմ հիշում։ Ինչիս էլ պետք է հիշելը։
Արևը մայր մտնելիս կիսեց հորիզոնը, կտրեց հորիզոնը ոնց մի գդալ մերանը՝ կաթը։ Հորիզոնը կիսեց, մեզ էլ հետը կիսեց, մի քանիսին էլ ավել կիսեց։ Մենք ինչ-որ մեկի հորիզոնում եղած պիտի որ լինեինք, ինչ-որ մեկն էլ՝ մեր, դրա համար էլ չխնայեց, կիսեց, կտրեց, մերեց մեզ մթության հետ, մթության մեջ մերեց։ Ծովը դանդաղ ու դանդաղ, մեր մոզերի հետ խաղացող քամու հետ զուգահեռ գնում ու գալիս էր։ Ծովը փքվում ու նստում է։ Ինչքան նման է մեր շնչառությունը ծովին։
Ես ասում էի՝ պետք չէ ընտելանալ։ Պետք չէ ոչ մեկին մոտիկ ու հարազատ դարձնել։ Ախր մենք բանական ենք, մեզ ընտելացնել ու վարժեցնել չի կարելի, ոչ էլ ընտելացվել ու վարժեցվել է կարելի։ Էդ ամենը բնազդային է, անասնական՝ ընտելանալը։
Էս կյանքը դանդաղ սիրելու ու դանդաղ ապրելու կյանք է, շտապեցինք՝ կանցնի, դանդաղենք, թող հյուծի մեզ կյանքը։ Գնում ես՝ գնա, քեզ բարի ճամփա, եթե կա իհարկե։ Ճամփա չլինի՝ հետ կգաս, մի քարի տեսքով կմնաս՝ վրադ էլ՝ դաջվածք։ Բայց դե կմնաս, հետքդ կթողնես։ Ում էլ պետք է քո հետքը…
Ներում է նա, ով թույլ է։ Ներում ու մոռանում է։
Չի ներում նա, ով ուժեղ է ու ուժեղ է նաև հիշողությունից։ Այ էդպես վախեցած պետք է պահի, ամեն անգամ կողքով անցնելիս չպիտի երեսդ բռնի՝ երեսին նայես։ Դե կեր։
Տանը շատ բան չկար ուտելու, ոչ էլ փող կար ուտելիք առնելու, դուրս արի արևի տակ մի քիչ խաղ արա, բալես, հրեն, թաղի երեխեքը բռնոցի են խաղում, գնա հետները վազվզի, իրիկունը գաս տուն, հոգնած կլինես, անոթի վիճակդ քեզ երկար արթուն չի պահի, որովհետև շատ հոգնած կլինես, աչքերդ կփակես ու չես հասցնի քնել, երբ արթնանալու ժամանակը կլինի։
Այ էդպես, գնա, աչքերդ էլ չորս արա, բռնոցի ես խաղում, մի կանգնիր մեր տուկատ հավի նման ու սպասի՝ երբ են աքլորները մեջքիդ թռնելու ու բմբլահան անելու, վազիր, մեր վառեկների նման վազիր, հորդ ու պապիդ պահած Կառալյոկ գառան նման վազիր, հորոխպորդ պահած զույգ գամփռերի նման վազիր՝ անունդ էլ՝ Զանգի-Զրանգի։
Դեռ փոքր ես, արխային վազիր, վազելով ժամանակդ շուտ չի անցնելու, զբաղված լինելով աննշմար չի անցնի, էդ հետո, երբ մեծանաս, զբաղվածությունը ժամանակի արագ ընթացքի առաջին ցուցիչը կլինի, իսկ հիմա՝ քո տարիքում, զբաղվածությունը օրվա հագեցվածության ու լիքը հիշողության ցուցիչ է միայն։ Դե, այ էդպես, դու վազվզիր, ես էստեղ մեջք ջարդելով տան քարը քարին կդնեմ, այգում մի քանի ծառ կդնեմ, որ մեծանան՝ ուտես պտուղները՝ մեծանաս։ Մի քիչ է ցեմենտ ու ավազ մնացել, բոլոր պատերի ճեղքերը չեմ կարող փակել, բայց քո մահճակալը, հրեն, շիկնած պատի անկյունում է դրած, էդ անկյունի ճեղքերը փակեմ, գիշերը քամոտ է, չմրսես, բալես, իսկ մեր մահճակալի հետևի մեծ անցքը՞, քո ինչ բանն է դրա մասին մտածելը, մենք հին ոսկոր ենք, մեզ բան չկա։
Լույսը բացվելուն պես ու մինչև հաջորդ լույսը բացվելը…
Տուն արի, բալես, հոգնեցիր, արի, արի, տանը հաց չկա, ոչ էլ հացի փող կա, բայց դու պառկիր, փորձիր քնել, թախտի՞ն ես պառկել, ախր տեղաշորիդ մեջ պառկեիր՝ ավելի լավ կլիներ։ Լավ, հայրդ կգա քեզ կտանի տեղերդ կպառկեցնի։
Դե արի տար երեխին, տար պառկեցրու, ամբողջ օրը գործ ես արել, մեջքիդ հազար ու մի նեղություն ես տվել, այգում էլ երեխի համար ծառեր ես տնկել, որ մեծանան, պտուղ տան, երեխեն ուտի՝ մեծանա, բայց դե երեխեն թախտին է քնել, պետք չի՝ ստեղ մնա, էն ծակից էլ փչում է, կմրսի, գրկիր ու տար, զգույշ տար, որ չզարթնի, մեղկ է, ամբողջ օրը վազվզել է, հիմա էլ քնի մեջ ժպտում է, փորն էլ երևի ցավում է. ոչինչ չկերավ։
Այ էսպես, պառկիր տաքուկ անկողնում, բալես, վերմակդ հաստ ենք արել, որ չմրսես, մեր շորերից են կարկատան արել, որ հաստ լինի, մեր բերնից կտրած հացով քեզ մեծացրել ենք, իսկ դու քնիր, կամ մի էլ քնիր, այ էդպես, ուղղակի աչքերդ փակիր, մտածիր ծովի մասին, ինչ-որ բաներ մտմտա, գնա խաղ արա, արի տուն, պառկիր թախտի վրա, աչքերդ փակիր՝ իբր քնել ես, ամբողջ օրն էլ տանջված հայրդ թող ցավացող մեջքով կռանա, քեզ գրկած տանի քո մահճակալին պառկեցնի, մեկ է, գիտի, որ քնած չես, բայց կտանի, որովհետև քեզ դուր է գալիս, երբ քեզ գրկած տանում են, բայց քեզ ամեն ինչ կարելի է, չենք ուզում՝ մեր տուկատ հավի պես կանգնես, որ աքլորները գան, թռնեն մեջքիդ ու քեզ բմբլահան անեն, այլ ուզում ենք հորդ պահած Կառալյոկ գառան նման լինես, հորոխպորդ պահած զույգ գամփռերի նման լինես՝ անունդ էլ՝ Զանգի-Զրանգի։
Չհավանեցի:
լավն էր, մեջը մի ամբողջ վեպի փիլիսոփայություն կա, մի քիչ էլ բանաստեղծությանա նման, բայց չգիտես ինչի կարդալուց կնոջ ձայն էի լսում