Բլաս դե Օտերո | Կնոջ մարմին՝ ոսկե ծով

Բլեզ դե Օտերո

Բլաս դե Օտերո (իսպաներեն՝ Blas de Otero, 1916, մարտի 15 – 1979, հունիսի 25), իսպանացի բանաստեղծ: Միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրիդում։ հրապուրվել է ցլամարտով, նույնիսկ ելույթ է ունեցել որպես սիրող-ցլամարտիկ։
Համալսարանն ավարտելուց հետո դառնում է փաստաբան, իրավախորհրդատու։ Զբաղվում է փիլիսոփայությամբ և գրականությամբ։
Բլաս դե Օտերոյի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1942-ին
Մահացել է Մադրիդում:

 

Կնոջ մարմին` ոսկե ծով

Կնոջ մարմին` ոսկե ծով,
որտեղ սուզում ենք մեր ձեռքերը և ստանում
մի կապույտ կայծակ, մի քանի կույտ
տարածված լույսի` ոսկե սաղարթում:

Կնոջ մարմին կամ ոսկե ծով,
որտեղ, ձեռքերը սիրելով, մենք չգիտենք,
թե արդյոք կրքերն ալիքներ են, իսկ թիակները`
ձեռքեր, թե միայնակ թևերը ոսկուց են…

Կնոջ մարմին` լացի աղբյուր,
որտեղ այդքան լույսից,
այդքան նուրբ հպումից հետո
այդքանից հետո` ցավ է:

Հնչում է Աստծու մենությունը: Մենք զգում ենք
երկուսիս մենությունը: Եվ մի շղթա, որ
չի հնչում, այլ Աստծու մեջ խարսխում է հոգիներ և տիղմեր:

 

Մարդ

Պայքարելով, մարմին առ մարմին մահվան հետ
անդունդի ծայրին կանգնած` բղավում եմ
Աստծուն: Իսկ նրա լռությունը` որոտալով,
խեղդում է ձայնս անշարժ դատարկության մեջ:
Օ՜, Աստվա՛ծ: Եթե պետք է մեռնեմ, ուզում եմ`
արթուն լինես: Եվ գիշեր ու զօր չգիտեմ` երբ
լսես ձայնս: Օ՜, Աստվա՛ծ: Ես մենակ եմ խոսում `
ստվերներին ճանկռոտելով վեր բարձրանում, որպեսզի տեսնեմ քեզ:
Բարձրացնում եմ ձեռքս, դու այն կտրում ես:
Բացում եմ աչքերս և կենդանի աչքերս կտրտում ես:
Ծարավ եմ, և ավազներդ աղ են դառնում:
Այս է մարդը արարծը` սարսափի մեջ կորած:
Լինել և չլինեը` հավերժական և վաղանցուկ:
Շղթայված թևերով հրեշտակ:

 

Բավական է

Մի պահ պատկերացրի իմ սարսափը,
իսկ եթե Աստված` միակ կենդանի էակը, գույություն չունենար,
կամ որ գոյություն ուենալով միայն լիներ`
հողի, ջրի, կրակի, ստվերի, քամու մեջ:
Եվ որ մահը, օ՜, ցնցում լիներ,
սանդուխքի անլույս դատարկ անցք,
մի դատարկ անսահմանություն, որ սուզվեր`
հուսահատ և ամայի լռության մեջ:
Այդ դեպքում, էլ ինչո՞ւ ապրել, մոր զավակներ,
ինչո՞ւ  քարանալ, ինչո՞ւ խաչվել:
Բավական է, վե՛րջ տուր, օ՜, Աստվա՛ծ, մեզ վատ մի՛ վերաբերվիր,
կամ եթե ոչ, ապա թող որ սրընթաց նետվենք
քեզ վրա` խռպոտ գետը, որ հորդում է:

 

***
Ճիշտ է, որ քեզ դուր է գալիս ինքդ քեզ տեսնել
երաժշտության ծովի մեջ սուզված, թույլ տալ, որ
այդ ալիքները տանեն քեզ, ինքնամփոփվել
այդքան խորը և թաքնված լույսի մեջ:

Եթե այդպես չէ, այլևս մի՛ սիրիր, այլ ինձ տուր կյանքդ,
քանի որ նա է արվեստի էությունն ու ճիչը,
դու Աստծու կողմից մաս առ մաս վիրավորված,
ես ուզում եմ միայն քո այդ ցավը լսել:

Ծովե՜ր, ալիքնե՜ր, իմ հոգում կհնչեն
ազատ, աչք ծակող լույսեր, երբ դու`
սիրուց կուրացած, ձեռքերիս մեջ նվագված, կթրթռաս իմ մեջ:

Եվ ես կճանաչեմ այդ պաշտելի երաժշտությունը
Աստծու թևերի, վարդագույն լույսի
և ամբողջ ծովի ալիքներով` նման քո ձեռքերին:

 

 Սկզբում

Եթե կորցրել եմ կյանքս, ժամանակս, այն ամենը,
ինչ ջուրը նետեցի, ինչպես ամուսնական մատանին են նետում,
եթե կորցրել եմ ձայնս մացառուտներում,
հիմա ինձ մնում է խոսել:

Եթե տանջվել եմ ծարավից և քաղցից,
այն ամենը, ինչ իմն էր, հետո պարզվեց` ոչինչ էր,
եթե ջնջել եմ ստվերները լռության մեջ,
հիմա ինձ մնում է խոսել:

եթե բերանս բացեցի` տեսնելու համար
հայրենիքիս մաքուր և սարսափելի դեմքը
Եթե բերանս բացեցի դրանցից պոկվելու համար,
հիմա ինձ մնում է խոսել:

 

 

***
Աշխարհը նման է ճյուղերը կտրած ծառի:
Արտաքսված սերունդների:
Ավերակների վրա հենված մարդկանց,
որոնց զրկել են ճակատագրից:

Պատռել գետը ծովի մեջ,
ինչպես մի հսկա կուսաթաղանթ,
օրորվում են ծառերը կանաչ լռության մեջ
աստղերը ճարճատում են, ես լսում եմ նրանց:

Միայն մարդն է մենակ: Որովհետև գիտի, որ կենդանի է,
բայց և մահկանացու: Բանն այն է, որ զգում է` ինչպես է
կյանքի ժամանակը դեպի մահը հոսում:

Բանն այն է, որ մարդն ուզում է մնալ: Շարունակել գնալ
մահի հոսանքին հակառակ` մինչև հավերժություն:
Վախենում է նայել: Փակում է աչքերը
Ողջերի քունն առնելու համար:

Սակայն մահը, ներսից է տեսնում:
Սակայն մահը ներսից տեսնում է և հսկում:
Սակայն մահը ներսից տեսնում է, սպանում է:

…. Ծո՜վը, ծո՜վը որպես հսկա կուսաթաղանթ,
Ծառերը` շարժելով կանաչ օդը,
Ձյունը լույսի բոցերում, օդում կախված:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *