Ում մտքով կանցներ, թե մի պատմվածք եմ գրելու, որտեղ հիշատակելու եմ Անտուան դը Սենտ Էքզյուպերիին, Ջորջ Գորդոն Բայրոնին, մեջբերելու Օրվելին, էլ չասած՝ Իլֆի ու Պետրովի մասին։ Երևի գրող ընկերս էլ չէր ենթադրում նման բան, երբ մի օր ասաց, թե գրող լինելը մի հրաշալի զգացողություն է, իբր գրող լինելով դառնում ես մի յուրօրինակ որսորդ, իսկ մարդիկ՝ հավանական զոհեր։ Իբր՝ ձեռքդ ես վերցնում հրացանը ու սպասում՝ մինչև մեկը կարժանանա դիպուկահարի երանելի փամփուշտին ու իր անմահությունը կպսակի գրական հերոսի բաղձալի կերպարանքի մեջ։ Փաստորեն մարդիկ գրողների քթի տակ այսուայնկողմ են շարժվում ու մտքի ծայրով չեն էլ անցկացնում, թե հայտնվել են ինչ-որ մի ցնդածի թիրախում ու թե բախտները մի քիչ բերի, պատմվածքն էլ սրտից գնա, կարող են մտնել ոչ ավել ոչ պակաս՝ համաշխարհային գրականության գանձարան։ Ես, կտրականապես մերժելով գրողների առանձնաշնորհյալ լինելու մասին պնդումները, չլինելով դավադրությունների տեսության ջատագով ու պաշտպանելով որսորդության շուրջ կանաչների կուսակցության հայացքները, բնականաբար բանի տեղ չդրեցի մտագարին վայել այդ բարբաջանքները։ Բարբաջանքը՝ բարբաջանք, բայց շուտով սկսեցի նկատել, որ ինձ հանդիպող մարդիկ ակամա հայտնվում են իմ գծած շրջանագծի մեջ, պտտվում պտտվում, հետո դուրս սպրդում շրջանագծից ու գնում պահեստազոր (կներեք զինվորական անցյալից մնացած տերմինաբանության համար)՝ մի բարի օր գուցե զորակոչվելու համար։ Որոշ ընկերներ սկսեցին ինձ դատափետել մեր ընդհանուր կենսագրության մութ անցքերը փորփրելու համար, այլք՝ մեղադրեցին ինձ «բռնել տալու» համար, ստիպելով փոխել անուններն ու իրադարձությունների հաջորդականությունը։ Կիրառված խորամանկ հնարքի արդյունքում Պարթևը դարձավ Սահակ, Մելիքը՝ Լոռիս ու նման բաներ։ Տարօրինակ չհնչի՝ կար նաև հակառակ երևույթը. երբ ոմանք կաշառք էին առաջարկում անմահանալու համար, բայց ես անդրդվելի էի մնում՝ իբր գրականությունը չի կարող կեղծ հերոսների հանդուրժել։ Խոստովանեմ, որ ժամանակ առ ժամանակ ընկերոջս ասածը պղտորում էր միտքս ու բերում մի հանճարեղ գաղափարի՝ եկեք գրողին սահմանի վրա մի դիտակետ տրամադրենք ու սպասենք, թե ինչպիսի հրաշալի պատմվածքներ են ծնվելու, մեկը մեկից գունեղ ու սրտառուչ։ Արտագաղթի ճանապարհին ժամանակներն ու սերունդները այնպես են միախառնված, որ երևակայություն էլ պետք չէ, պարզապես բազմիր քո սահմանային գահավորակին, գլուխդ աջուձախ շարժիր, գրիչը թաթախիր թանաքի մեջ ու գունազարդիր մեր ժողովրդի նորագույն պատմության հեղհեղուկ էջերը։ Բոլորը հանգիստ ելումուտ կանեն շրջանագծի մեջ, կբյուրեղանան, կգոլորշիանան, էլ չգիտեմ ինչ կլինեն։ Մինչ դու կփորձես այս մարդկանց ապարդյուն բացատրել, թե արտագաղթը լավ երևույթ չէ, թե՝ չի կարելի երեխաներին ու հետագա սերունդներին զրկել հայրենիքից՝ կենացները կեռան ու հերոսները քլթքլթալով կլցվեն գրքի ստվարածավալ հատորյակների մեջ։
Եվ այսպես, Բրյուսել-Երևան չվերթի սպասասրահում մտմտում էի արտագաղթի կանխման ճանապարհների ու մեր կառավարության ռազմավարության մասին, երբ լսեցի անակնկալ հարցը.
– Կարելի՞ է մի քիչ զրուցել, վաղուց հայերեն չեմ խոսել։
Պատանու կապույտ աչքերը, պեպենոտ դեմքը, խարտյաշ մազերը և ռնգային առոգանությունը հուշում էին, որ Իռլանդիայի կողմերից է, գուցե Ավստրալիայից։ Այդ պահին տպավորություն ստացա, թե հաջորդ նախադասությամբ պիտի խնդրեր մի գառնուկ նկարել, ճիշտ ինչպես Փոքրիկ իշխանը ժամանակին զարմացրեց վթարի ենթարկված աշխարհի ամենահայտնի օդաչուին։
– Արտագաղթի թեման եմ ուսումնասիրում,- ասաց նա։
– Ի՞նչ,- կարկամեցի ես։
Երբեմն հանդիպում են չէ՞ արտասովոր արարք գործելու մոլուցքով համակված ու հայերեն սովորելու ճանապարհը բռնած օտարազգի արկածախնդիրների կամ պարզապես մոլորյալների։ Կամ, ինչպես չար լեզուներն են փսփսում Բայրոնի առնչությամբ՝ մազոխիստների, որոնք դժվարության հաղթահարման ճանապարհով փորձում են շահել սիրեցյալի սիրտը կամ քավել վաղեմի մեղքերը։ Բայց սա մեր մտաբերած դեպքերից որևէ մեկը չէր՝ պեպենոտ իռլանդացին ոչ արկածախնդիր էր, ոչ մոլորյալ, ոչ էլ առավելևս մազոխիստ։
֊ Ես կամավորական եմ, ֊ ներկայացավ նա։
Քանի որ քսան տարի սահմանին պահպանվող զինադադարը օրերս խախտվել էր, կամավորական շարժումը նորից մտել էր իր իրավունքների մեջ, մարդիկ մի գլուխ հերթագրվում էին, հասնում առաջնագիծ, մի քանի սելֆի անում, վերադառնում։ Իսկ եթե կար շարժում, բնականաբար սելֆիի սիրահարների շարքերում պետք է որ լինեին նաև քրիստոնեական համերաշխության գաղափարով տոգորված օտարերկրացիներ։
– Զիզի-բիզի ուսապարկերդ էլ երևի լի են գաղտնի գերճշգրիտ զենքերով,- կատակեցի ես։
– Չէ, չէ, չէ,- ծիծաղից մեռավ նա,- սա Ձեր իմացած կամավորականը չէ, սա մի համաշխարհային շարժում է, որն ունի բացառապես խաղաղասիրական նպատակներ, մենք ընդամենը օգնում ենք այն մարդկանց ովքեր օգնության կարիք ունեն։ Ես կամավորական շարժման առաջամարտիկ եմ, աշխարհի քաղաքացի։ Հայաստանում իմ առաքելության գլխավոր նպատակն է կանխել ահագնացող արտագաղթը։
Այ քեզ բան, փաստորեն գործի են անցել լուրջ ուժեր, աշխարհի ինչ-որ քաղաքացիներ, կարելի է հանգիստ լինել մեր հայրենիքի պայծառ ապագայի համար։ Ես, ոգեշնչված հայտնի համահեղինակ երգիծաբանների սրամտությամբ, նույնիսկ ուզում էի գլուխ գովել, թե այս կամ այն քաղաքում դասախոսություն եմ կարդացել «Պայքար արտագաղթի դեմ թեմայով», բայց վերջին պահին մտավախությունը՝ թե պեպենոտ իռլանդացին կամ ավստրալիացին դժվար թե կարդացած լինի խորհրդային այլախոհ գրողներին, հաղթեց, ու ժամանակին կծեցի լեզուս։ Փոխարենը, որոշեցի հին չարչրկված անեկդոտը պատմել։ Մի մարդ հոգեբուժարանի պատուհանի տակով անցնելիս նկատելով վերևից ընկնող մարմնամասերը՝ հետաքրքրվում է, թե ինչ է անում ինքնախարազանման հեղինակը։ Վերջինս ցուցամատը դնում է շուրթերին և ճաղերի արանքից արտածող խորհրդավոր ժպիտով շշնջում. «Սուս, մանրից ցվրվում եմ»։
– Բոլորովին ծիծաղելի չէր, ինքնախարազանում, թե արտագաղթ՝ նույն բանն է- ծեփեց կամավորական շարժման պեպենոտ առաջամարտիկը ու բարձրացավ ինքնաթիռ։
«Հայաստան մեկնող ինքնաթիռը զուտ փոխադրամիջոց չէ։ Հայաստան մեկնող ինքնաթիռում խտացված են մարդկային ճակատագրեր, ուս-ուսի ապրում են ողբերգություն և բերկրանք, Հայաստան մեկնող ինքնաթիռում թագավորում է պատմության ամենամեծ անարդարությունը»։ Մինչ մոգոնում էի առաջիկա պատմվածքի նախաբանը, անասնական ոռնոցի ելևեջները պարուրեցին ինքնաթիռի սրահը։ Նման անմարդկային վերաբերմունք վաղուց չէի տեսել, չորս ոստիկան՝ յուրաքանչյուրը պատասխանատու մի վերջույթի համար։ Բայց հանկարծ չմտածեք, թե զոհը չորքոտանի էր, բնավ։ Զոհը հասարակ մահկանացու էր, դեռ մի բան էլ ավելին՝ մեր միս ու արյունից։ Դեռ մի բան էլ մարդու իրավունքների պաշտպանության բնօրրանում՝ Եվրոպայի ուղիղ կենտրոնում։
– Դասական դեպորտի օրինակ, եթե հիմա ժողովուրդը բողոքի՝ նրան կիջեցնեն ինքնաթիռից և վեց ամիս իրավունք չեն ունենա ձեռք տալ, հաշվարկը կառուցված է մարդկանց խիղճը շարժելու հույսի վրա,֊ բացատրեց քիչ այնկողմ անհանգիստ խլվլացող գիտունիկը,֊ճապոնական հոգեբանկան հնարք է։
֊ Օգնեք, մեջներդ հայ չկա՞,֊ ոռնում էր չորքոտանին՝ օդանավի վերջին շարքում, որտեղ իրենց ծանր պարտականություններն էին կատարում չորս առողջ բելգիացի ոստիկանները։
֊ Ես էս օդանավի կապիտանի մերը, ուղեկցորդուհիների ու նրանց մայրիկների մերը, բելգիական ոստիկանության ու սովետական միության մերը,֊ շարունակում էր ոռնալ մեր արյունակիցը՝ ռուսերեն, բայց բնորոշ հայկական ակցենտով։
֊ Ախ այս վրացիները, այս վրացիները,֊ չեն էլ ամաչում,֊ նախատում էր կողքս նստած ռուս տիկինը։ Ռուսաստանը քիչ էր, հիմա էլ Եվրոպայում են իրենց խայտառակում։
Ես տմբտմբացնում էի գլուխս ու մտքում ներողություն հայցում հարևան ժողովրդից։
-Ինձ կսպանեն, կմորթեն, հետո կանցնեն իմ ընտանիքին,- շարունակում էր ոռնալ չորքոտանին։
– Տեսնես ինչու բերանը չեն փակում,- հարցնում էր ռուս տիկինը։
– Իրավունք չունեն, խոսքի ազատություն է,- իմաստուն հայացք ընդունելով պարզաբանում էի ես։
– Տեղ հասնելու հաջորդ օրը ինձ սպառնում է անխուսափելի մահ՝ կտտանքների միջոցով,- աղեկտուր ճչում էր կալանավորը։
– Մահն էլ է քեզ քիչ,- շշպռում էր էր ռուս տիկինը, ֊ քեզ պետք է հրապարակային ցցի հանեն, կախաղան բարձրացնեն, ինչպես Իրանում են անում։
– Բա ասում եք մարդու իրավունքներ, մարդու իրավունքներ, բա ուր մնաց ձեր ազատ ժողովրդավարական Եվրոպան,- ոռնում էր մեր հայրենակիցը։
– Ինչ ազատ Եվրոպա, ձեր նմաններին ոչնչացնել է պետք, մոմ պետք է վառեք, որ ողջ եք մնացել, բան չմնաց ազատ Եվրոպային, ևս մի տասը-քսան տարի, ու այլադավանները կգրավեն Եվրոպայի վերջին մնացուկները,- գայթակղությանը չդիմացավ մի տարեց բելգիացի տղամարդ,֊ Մուհամեդը անցյալ տարի ճանաչվել է Բրյուսելի ամենատարածված անունը։ Օրվելը ճիշտ էլ գրել էր՝ Եվրոպայի վերջին մարդը։
– Շտանդառտ-էն-Ֆյուրեր, Հիտլեր կապուտ։ Հարյուր անգամ արտագաղթել եմ, ես անբուժելի եմ։ Ես Եվրոպայի վերջին մարդն եմ,- շարունակում էր ոռնալ մեր հայրենակիցը,- ինձ ինքնադատաստանի կենթարկեն, խարույկի վրա կենդանի կենդանի կխորովեն, օգնեք, ձեր մեջ հայ չկա՞, գոնե մի հոգի։
Պարզվեց՝ ինքնաթիռում հայ չկար, բոլորը վրացի էին, ռուս, թուրք, ինչ կուզեք, միայն թե ոչ հայ։ Ոչ ոք չէր ցանկանում չորքոտանու հետ ընդհանուր բան ունենալ։ Հենց էլ թող սպանեն, կտտանքների ենթարկեն, հրապարակային կախեն կամ ցցի հանեն, այրեն խարույկի վրա, որ իմանա արտագաղթի ամբողջ հմայքը, որ իմանա, թե ինչքան վատ բան է երեխաներին հայրենազրկելը, եվրոպական այլասերված բարքերին տուրք տալը, ձրիակերի թոշակ ստանալը։ Բա չէ զահլա կա։
֊ Մեր մեջ հայ կա֊ հանկարծ զրնգուն ձայնով ճչաց կամավորական շարժման կարկառուն ակտիվիստը՝ Իռլանդիայից, գուցեթե Ավստրալիայից։ Ինձ սովորեցել են օգնության հասնել զրկանքի մեջ գտնվող մարդկանց։
Ինքնաթիռի որոշ ապշահար ուղևորներ վկայում են, թե ինչպես է տղայի թիակների տակից ճեղքվել մաշկը, ինչպես են թևատակերից ցցվել սպիտակ փետուրները, ինչպես է պեպենոտ կամավորականը հրեշտակի անմեղսունակ ժպիտով բարձրացրել սևազգեստ չորքոտանուն ու ոստիկանների սարսափահար հայացքների ուղեկցությամբ դուրս թափանցել ինքնաթիռի վթարային դռնակից։ Ոմանք էլ ձայնին խորհրդավոր հնչերանգ տալով շշնջում են, թե ոչ մի թևեր էլ չեն եղել, այլ գանգի վրա սև պոզեր են բուսնել, եղունգների տակից՝ ճանկեր դուրս պրծել, իսկ շուրթերից՝ երկարել արնածոր ժանիքները։ Ամեն դեպքում երկու վարկածների պաշտպաններն էլ լսել են, թե վերջին պահին ինչպես է մեր հայրենակիցը հասցրել գոռալ.
– Կորչի արտագաղթը, չաո բամբինո։
Տուն հասնելուն պես զանգահարեցի գրող ընկերոջս ու ասացի, որ խոսելու բան ունեմ։ Ասացի, որ Բայրոնը մազոխիստ չի եղել։ Վստահեցրեցի, որ մենք փրկված ենք՝ արտագաղթի հաղթահարման բոլոր նախադրյալներն առկա են։ Հետո ներողություն հայցեցի թերահավատության համար։ Պատմեցի, որ այսօր որսը լավ էլ հաջող է ստացվել ու երկու նապաստակ եմ խփել՝ կամավորական շարժման ինչ-որ պեպենոտ իռլանդացի ու հարյուր անգամ արտագաղթած մի սևազգեստ չորքոտանի, զտարյուն հայ։