Նազըմ Հիքմեթ | Բարո´վ եկար, իմ սեր

Բարո՛վ եկար, իմ սե՛ր, գալդ բարի՛,
Հոգնած կլինես,
Ո՛չ արծաթե թաս, ոչ վարդաջուր ունեմ
Ոտքերդ ցողելու համար։
Ծարավ ես, գիտեմ․․․
Սառը օշարակով պատվել քեզ չեմ կարող։
Քաղցած ես, իսկ ես
Չեմ կարող գցել ճերմակ ծածկով սեղան․․․
Հայրենիքիս պես խուցս աղքատ է։
Բարո՛վ եկար, իմ սե՛ր, գալդ բարի՛,
Հենց ոտքդ սենյակս մտավ,
Հատակը բետոնե դարձավ մարգագետին,
Դու ժպտացիր՝
Պատուհանիս ճաղավանդակին վարդեր բացվեցին,
Ափերս լցվեցին մարգարիտներով,
Երբ դու լաց եղար։
Գալդ լցրեց սենյակս սրտիս լիությամբ,
Ազատության լույսը խուցս մտավ։

Բարո՛վ եկար, իմ կի՛ն, բարո՛վ եկար․․․


Թարգմանությունը թուրքերենից՝ Անահիտ Կարապետյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *