Վիկտոր Պուլեշչուկ | Կրիայի ճիչը

Ծնվել է 1957 թվին, օրենբուրգի մարզում: Ավարտել է Մոսկվայի գրականության ինստիտուտը: Ապրել է Դուշանբե- ում, աշխատել որպես «Պամիր» ամսագրի պատասխանատու քարտուղար: Տաջիկստանում բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով ստիպված էր վերաբնակվել Կրասնոդարի երկրամասում, որտեղ և ապրում է հիմա (քաղաք Գուլկևիչի): Սեփական բանաստեղծություններին զուգահեռ թարգմանություններ է հրապարակել պարսկական, տաջիկական, ռումինական, ուկրաինական և այլ գրականություններից:

Վերլիբրի մոսկովյան փառատոնների և «Իքս ժամանակ»(1998) ժողովածուի մասնակից է:

 

ԿՐԻԱՅԻ ՃԻՉԸ

Նախ, կրիան գցում էր
երման ջրի մեջ, լոկ այդպես
կարելի է զրահը զատել
կենդանու մարմնից,
իսկ դրանից հետո
բուն գործին էր անցնում:

Ահա այդ ժամանակ էլ լսեցի ես՝
ոնց էր աղեկտուր ճչում կրիան.
մերթ շնչահեղձվող ծղրտոց էր այն,
մերթ սաստիկ ճվոց, մերթ մարող շշունջ,
բայց այն էլ հետզհետե
խառնվում էր երջրի խլթխլթոցին:

Կրկին վերհիշում եմ պառավ Մարիային.
նա ծծնդով խաղաղ Դոնից էր,
պատերազմի օրոք
խնամառել է
մի որբ տղայի (պետությունը նրան
հատկացրել է հասանելիք գումար),
կրիայի զրահից մոխրամանները էր շինում:

Վերհիշում եմ դարձյալ պառավ Մարիային.
ինչպես էր նստում մեր փոքրիկ բակում
և հա՜ բողոքում տարիներից,՝
ջերոցում թաքցրել էր փոխառությունները,
մոռացել էր պառավը՝
վառել վառարանը:

Մարմինը նրա՝
ասես գրանիտե մեծաբեկոր լիներ ՝
ծանրաշարժ էր դարձել ու
աչքերը փակ.
ու թե չլիներ շուրթերի սառը, թեթև ցնցումը,
որ մատնում էր նրա աղոտ ներգությունը,
ապա կարելի էր ուղղակի կարծել,
որ աթոռակին իր համար նստած՝
հանգիստ նիրհում է:

 

ՂԱԼԱՆ

Ոչ բուդդայական շենշող տաճարները
և ոչ էլ, իհարկե, կոկորդիլոսները են
զարմացրել Ալեքսանդր Մակեդոնացուն,
երբ նա ոտք դրեց առաջին անգամ
հանելուկային Հնդկաստանի հողին:

Նրան ամենից շատ մտատանջել են տեղացի
ինքնասած փիլիսոփանները,
որոնք շրջում էին դինջ ու մորեմերկ,
սնվում էին՝ ինչ Աստված էր նրանց բաժին հանում,
չէին հնազանդվում ոչ մի օրենքի
և կանխագուշակում էին ապագանները:

Ալեքսանդրը, որ
խորին հարգանք էր տածում ուսուցիչ՝
տրամաբանական իմաստասիրության մեծանուն
հսկա Արիստոտելի հանդեպ,
և ընկալում էր աշխարհը որպես մի ամբողջություն,
վճռեց մերձենալ իրեն անպատճառ
այդ անհասկանալի ճգնակյացներին,
բայց ՝
որքան էլ թվա դա զարմանալի,
բախվեց լիակատար անտարբերության:

Եվ սոսկ նրանցից մեկը որոշեց ՝
Ղալան անունով ՝
տիրակալի մոտ ծառայության անցնել:

Հենց առաջին օրը
նա ստացավ երեք լրակազմ սպիտակեղեն,
խակի գույնի շորեր
և տոնական շքեղ համազգեստ,

իսկ մի շաբաթ անց մեկնեց ամառանոց՝
փշալարերով ամուր պարուրված,
արմավենիներով և բակի լողավազանով:

Երբ արշավանքը մոտեցավ վերջին,
նրան հատկացրին զրահապատ մի խուց՝
ստորջրյա փոքրիկ լուսամուտներով
և շուրջօրյա հրաշք լուսաերաժշտությամբ:

Ճանապարհին Ղալանը ծանր հիվանդացավ
և ցանկություն հայտնեց ինքնասպանվելու:

Ալեքսանդրը չառարկեց համառ սուֆիստին ՝
ավելին՝
հրամայեց Ղալանի համար
վառել հանդիսավոր թաղման խարույկ:

Իսկ թե որտեղ է իրադարձությունն այդ տեղի ունեցել,
աղբյուրներում լրիվ խառնաշփոթ է.՝
Ստրաբոնը հայտնում է, որ դա եղել է
Պասագարդի մոտ,
Հելիանոսը՝ Բաբելոնից ոչ շատ հեռու,
իսկ Պլուտարքոսն ու Արիանոսը ծեսի կատարման
տեղ չեն մատնանշում:

 

ՌՈՒՄԲԸ

Մի՞թե կյանքը դա
սոսկ կետագիծ է
դեպքից՝ դեպք,
փաստից՝ փաստ,
իրադարձությունից մի այլ իրադարձություն,՝
և ունայնություն է նրանց միջև…

Կամ գուցե
դադար է նոտաների միջև
և ճանապարհներ քաղաքից քաղաք…

Ահա նա մտնում է հանրակացարանի նեղլիկ
սենյակը
լիովին մերկ,
դեմքը՝ տառապանքից ծամածռված,
ասես դերասանի օտար նեգատիվ,
որ կեղծ ժպտում է լուսանկարչական խցիկի առաջ,
երյակ-կոստյում հագին,
շքեղ փողկապով ու ճարմանդներով:

Ահա ջղաձգվեց նա վերնասրահում, երեքտակ եղավ,
նախքան աջ կողմով
ցրիվ կտար կույտը ամանեղենի,
ասես դաշույնով ծաղկեփունջ է խոցում:

Ահա բակամուտքից վերցնում է մեռած երեխային՝
շորում փաթաթված,
հանց մեղադրանք համայն աշխարհին.
-Դու սպանել ես նրան:
-Դու սպանել ես նրան:
-Դու սպանել ես նրան:

Քիչ ձախ թեքված դեմքով,
բերանը բաց, նաև
հետևի աջ գրպանը
լրիվ շրջոնքված:

Մի՞թե աղբյուրները մեղավոր են,
որ գետերը զվարճանում են նավթի բծերով,
եթե լողափից երկու քայլ հեռու
բեկորներ են ընկած…

Մի՞թե հիմար է նա,
եթե մաքուր է…
որ ամենևին նա չի փոխվում
միջդիպված այնտարտամ պահերին,
որոնց մասին մենք լսում ենք մերթընդմերթ,՝
թերևս ավելացել են ճերմակ մազերը,
զարմանքը՝ մեծացել,
թաքիծը կրկնակի խորն է դարձել,՝
կյանքը նրա հոսում է միագծորեն ՝
նա չի փոխվում բնավ.
նա իրեն հավատարիմ է ռումբի նման,
որ սուրում է ցած,
որ սուրում է ուղիղ ամենքիս վրա:

 

ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱ

Վերջերս կարդացի
հնդկացիական մի հին ավանդություն:
Վերապատմեմ ձեզ:՝

Դժվարամատչելի անապատի խորքում
խոյացել է բարձր-բարձր մի լեռ, և շատ ճարպիկներ
փորձել են նվաճել կատարը նրա:

Մի օր ցեղախմբի ավագը ծեր
կանչել է բոլոր պատանիներին և ասել. «Գնացեք:
Ով գագաթ չհասնի,
թող վերադառնա
ինչ-որ խոտաբույսով, որ այնտեղ աճում է»:

Շատերը վերադարձան:

Առաջին կարմրամորթը առաջնորդին հանձնեց
բողկի, գազարի և դդմի սերմեր.
-Դուք Ալեքսանդր Նիկոլաևիչ Կուդրավինը չե՞ք:
-Դե, ասենք՝ ես եմ:
-Ստորագրեք, խնդրեմ:

Երկրորդը ուսից ցած բերեց
մայրու ընկույզներով լեցուն մի պարկ.
-Այսպես, աղունիկս,
Ստացար բաժինդ՝ կորիր էստեղից:

Երրորդը խշրտացող փաթեթի մեջ
բերել էր ժենշենի մարդկերպ արմատներ.
-Ընդունեք այն,
այսպես ասած՝
ի նշան հարգանքի:

Հնդկացիները ապաստանել էին
լեռան ստորոտում,
քարե փլվածքի մոտ,
կիսաճանապարհին:

Բայց նա, ով վերջինն էր վերադարձել,
եկել էր ձեռնունայն:

Նա բարձրացել էր գագաթը լեռան,
նա եղել է աշխարհի ունայնահար ծայրին,
և նրա անսպասելի հաղթանակի համար
պետք չէր որևէ վկայություն, նշան:

Քանզի ոչ մի բույս այնտեղ չկար:
Քանզի ընդհանրապես ոչինչ չկար այնտեղ:

 

ՈՒՇ ԱՄԱՌ

Սունդուկը հսկող
ճենապակե աղավնյակ,
սև-սպիտակ հեռուստացույց և ծռմռված տիկնիկ,
որ նայում է մեզ պատուհանագողից,
հռհռում, թվում է՝
կթռչի ահա:

Երեկո:

Զրույցն ընթանում է լայնահուն գետի պես՝
հիշողությունների կոհակներով և
անակնկալներով ու հրաշալիքներով:

Մեր մոշը, փառք Աստծո, ընկույզի չափ է՝

Իսկ ճի՞շտ է, որ մենք՝ սլավոնները, առաջացել ենք
ամազոնուհիների և սկյութների միաձուլումից:

Անցած շաբաթ հարևան ճագարանոց է
ընկել գնդավոր կայծակը ՝ իսկ ի՞նչ գույնի է
մեր առանձնասենյակի ճյուղավոր մոմակալը…

Անցած դարում, հայտնի է, վանականները
ստորգետնյա ուղի են փորել գետի տակ՝
ահա այդպես էլ ապրում ենք մենք.
ամուսինը մեռել է, փեսան՝ փախել, իսկ որդիներ չունի:

Երուն ուշ ամառ է: Ամպերը թաթախվելով
դեղին գույներով՝ դանդաղ իջնում են խոտերի վրա:

Տերևներից կարմրահուռ դարձած մառախուղը
ոլորվում է երկինք:

Ճենապակե հրեշտակը թռչում է դեպի շրջկենտրոն,
ծալում թևերն իր
և հենց զենիթից
գահավիժում ցած, որ մեզ հետ նստի ու թեյ խմի:

Նրա լուսաճաճանչ փետուրներից թափվում են ցողի
կաթիլներ,
շողարձակում է պատշգամբը մեր:

 

ԴԱՄԲԱՆԱԳԻՐ՝ ՎՏԱՐԱՆԴՈՒՆ

Ես՝ ամենագեղեցիկ մարդկանցից մեկը,
որին գիտեր միայն 20-րդ դարի Ռուսաստանը,
վախճանվել է:

Եվ մի անգամ էլ մեռա ես, եթե ոմն մեկը կարծում է՝
իբր ողջ եմ ես:

Իսկ թե, այնուհանդերձ, ինչ-որ մեկը կրկին մտածում է
իմ որպիսության մասին,
որ ես դեռ ապրում եմ հանելուկային ինչ-որ ձևով,
ապա ես մեռա անրշջելիորեն:

 

ՆՇԱՆՆԵՐ

Առավոտյան փխրեցրի նարնջի ծառերի բնատակը:
Հետո պառկեցի ճոճաթոռին՝ դիտելով երևակայական
ծովախորշը:

Պետք է դեռ հորինել կետ ձկանը:

Կարելի՞ է այնպես, որ շատրվանը խփի հինգ մետր:

Հետո թեյ խմեցի:

Ճենապակե թեյնիկի կափարիչին
գրված էր. «Շնորհավոր»:

Կատվին հորինել պետք չէ:՝

Իսկական հերոս, այսօր առնետ է սպանել
և ավարն իր քարշ տվել սանդուղքի տակ:

Լրիվ թեփի մեջ է:

Օջախի մոտ կրակն է մտահայում:

Իմ մասին է խոսքը:

Քնել ծովահայաց ամառանոցում
և զարթնել տարվա եղանակների թեթև
փոփոխությամբ.
ապրիլ, հունիս, օգոստոս, սեպտեմբեր:

Թե ես ճապոնացի լինեի ՝
ինչ էլ կատարվի, տեղի կունենա հենց այդ ժամանակ ՝
առաջին թիթեռներից մինչև ծաղկունքը տանձենու,
գամաղբի բզեզներից մինչև սոխակների
գեղգեղանքը:՝

Հեռավոր Արևելքը հավանություն չի տալիս
բացականչական նշանների:

Սպասում եմ անձրևին, որ տեսնեմ՝ ինչ է լինում
ծովախորշի հետ,
կխախտվի՞, գոնե մի անգամ հավերժության մեջ,
հորիզոնի կայուն գծագիրը…

Լեռներում գծերը բեկբեկված են:
(Լեռներում ընդհանրապես ուղիղ գիծ չկա):

Սպասում եմ երկնային ջրին, սպասում եմ ամպրոպին,
սպասում եմ փախուստի կաթիլներին,
տամկացած հողին,
որ ասեմ վերջապես.
Գեֆսիմանյան այգին հայտնվեց անձրևի տակ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *