***
Կյանքս անիվ է
Նույն ճամփով գլորվող` ամեն օր…
Աչքս տեսախցիկ է,
Ձեռքս վարագույր, ծունկս` հող:
Միտքս անապատից ջուր է հանում գաղտնաբար,
ԵՎ լույսը մեծանում է.
Մի կտոր երկինք եմ ուտում
ՈՒ մի բուռ ջուր եմ կուլ տալիս
ՈՒ պառկում եմ ավազին թմբիրի`
Անէանում եմ…
Բայց տրոփյունն ընդերքիս լսում եմ,
Սիրտս վեր է թռչում,
Մութը իջնում է քրմաբար
ՈՒ շոյում է…
***
Ակնթարթը ճեպանկարն է քո`
Չհրկիզվող պահարանում սրտիս:
Դու եկար, երբ թղթերի վրա սև`ընկած էի,
ԵՎ Աստված լացում էր վրաս…
Դու եկար, օդը տատանվեց երակներիս մեջ
ԵՎ ամայությունն աչքերիս` ջուրն ընկավ,
Հիմա խավարից խավար իմ ճանապարհին`
Լույսի երգ եմ երգում մտքիս մեջ…
***
Այնքան չխոսեցի, որ բառերը մոռացան ինձ,
ԵՎ փոշին տրորեց աչքս…
Օրերս գնացին, մնացին քարափին
ՈՒ չեն տեսնում արահետները լույսի:
Երկինքը փակ հովանոց է ձեռքիս,
ԵՎ ժամանակ չունեմ բացելու,
Անարև, անանձրև, անօդ մի տեղ
Ապրում եմ,
ՈՒ թափառում է հոգիս:
***
Շոգ էր գիշերը,
ՈՒ ծարավ երազներ կային…
Ես բռերով ջուր էի տանում
ԵՎ ափերս ծակվեցին:
***
Լույսի մի էջանիշ գտա օրերի արանքում`
Հանեցի.
Արմավենու տակ ճոճվեց երկինքը փետրավոր,
Ջուրն արև հանեց,
Օդն ալիքեց հիացմունքը լինելության…
Փիրուզն ինձ գլորեց ծովի մեջ,
Քամին փորագրեց ինձ` ավազին,
Ձուկ փնտրող ճայի աչքերով սիրտս` սլացավ…
***
Ավազածեծ քամուն մեջքով կանգնած`նայում եմ ճամփիս,
ԵՎ աչքերս վերքեր են երկու
ՈՒ շոշափում են լույսը և ստվերը քո,
Որ ծածկում են ինձ…
Ձեռքերս երկարում են երազանքի չափ
ՈՒ պատռում են հոգիս որպես թուղթ:
Միաբջիջ օրեր են վիրուսակիր,
Ուր կորչում եմ, որպես պատի մեջ խլացած ձայն,
Թակարդված ժամանակս,
Ու բառերս կաթկթում են աննպատակ`
Պտույտի մեջ խոհերի…
Իսկ տարիներով չապրած հոգիս ծլում,
Փնտրում է հույսը,
Երբ ծաղկած ծառերն անգամ`
Սահում են տրտմության մեջ…
Իրիկուն է,
ՈՒ մենության իմ չոր ճյուղերն եմ հավաքում
ԵՎ այրում եմ.
Մութն ինձ աղոթք է պատվաստում,
Ձեռքս խնկում է մինչև լուսաբաց: