Րյու դե Լիոնը, որը Լիոնի կայարանից մինչև Բաստիլի հրապարակն է ձգվում, կեղտոտ, փոշոտ, տհաճ փողոց էր։ Լայն էր և կարող էր ավելի վեհ անվանում կրել, օրինակ՝ պողոտա, բայց երբեք ոչ ոք այդպես չի անվանակոչի այն։ Ցանկացած նախագծող ամոթ կապրի։ Ա՜խր, ով է նման ողորմելի տեսքով պողոտա տեսել։ Րյու դե Լիոնի միայն մի կողմն է բնակեցված․ կենտերինը։ Զույգերի կողմում (Դոմեսնիլ պողոտայի խաչմերուկից ընդհուպ մինչև Բաստիլ ձգվում էր միօրինակ քարե երշիկ հիշեցնող ուղեկամուրջը) Բաստիլի կայարանի ավերակներն էին։ Երշիկի փքված մասը, որը կայարանի մեջ էր մտնում, մի հաստատություն էր, որը «Հոսպիս 15-20» անվանումն էր կրում։ Այնտեղ (դրա անվանման համաձայն) խնամքի տակ պետք է լինեին անօգնական երկարակյացները և խրոնիկական հիվանդները։ Այժմ «Հոսպիս 15-20»-ի տեղում անշտապ կառուցվում են Փարիզյան Նոր օպերայի խաղալիք խորանարդիկներն ու գնդիկները։ Այսինքն՝ տեղանքը մինչև հիմա քիչ բնակեցված է։
Դժբախտաբար ուսումնասիրել էի գլաքարե ծուռումուռ հին փողոցը։ Փարիզում բնակվելուս առաջին տարիներին ամեն երեք ամիսը մեկ անգամ ստիպված էի լինում այցելել քաղաքի այդ կողմը։ Րյու Էնարդի վրա էր գտնվում (և այժմ էլ շարունակում է գտնվել) օտարերկրացիների ընդունման կենտրոնը։ Այնտեղ կես օր հերթի մեջ կանգնելուց հետո պրեֆեկտուրայի ծանուցագիր էի (գույնն ամեն անգամ տարբեր էր լինում՝ համաձայն ոստիկանական բյուրոկատների գաղտնի կոդի) ստանում՝ ըստ որի պետք է երկարաձգեի recepissé[1]։ Ապրելով երրորդում՝ ստիպված էի լինում հասնել տասներկուերորդ շրջան՝ ֆլիքների[2] մոտ։ Այդպիսին էր կանոնակարգը և այդպիսին շարունակում է մնալ։ Ֆլիքները մեզ չէին հարցնում, թե ուր հարմար կլիներ մոտենալ։ Նրանց մոտ հասնելու համար կա՛մ պետք է մետրո «վերցնեի» մինչև Րյուի-Դիդրո կայարան, կա՛մ ավելի կարճ ճանապարհով կարող էի հասնել նրանց՝ Րյու Ֆոբուրգ Սենթ-Անտուանով, որը շատ ավելի ուրախ, ավելի բնակեցված և ավելի մաքուր էր իր՝ կահույքի խանութներով․ այնուհետև ընդամենը պետք է թեքվեի դեպի Րյու Րեյույի։ Սակայն ես նախընտրում էի Րյու դե Լիոնը։ Բանն այն է, որ Րյու դե Լիոնի վրա զենքի խանութ կար։
Մեզ մոտ՝ Փարիզում զինամթերքի խանութներ շատ կան։ Զենքերը, որոնք վաճառվում են այնտեղ, հավասարապես անհասանելի են այն բոլոր անձանց համար, ովքեր անձնագրերի փոխարեն չորս տակ ծալված անլուրջ թղթիկներ ունեն։ Ճի՛շտ է, անձնագիր ունեցողների համար նույնպես զենքերը հասանելի չեն, բայց առանց անձնագիր անհատն ավելի բուռն կերպով է ընկալում զենքը։ Պետք է ուժերս հավաքեի և մոտենայի Րյու դե Լիոնի խանութին։ Մինչև ֆլիքների մոտ գնալս, մինչ նվաստացուցիչ հերթում, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև հայտնվելս, վախեցած սևերի, վիետնամցիների, ամեն տեսակ արաբների մեջ կանգնելս (ոչ մի սպիտակ․․․ միայն մեկ անգամ մի մոլորված սկանդինավցի պառավ) ուղիղ գնում էի փոշոտ և ծանրաքարշ ավտոմեքենաների անիվներից թռած ցեխով պատված ցուցափեղկերի ապակու մոտ։
Զինաթափ, ինչպես պարտություն կրած բանակի զինվորը, կանգնած էի ես՝ ձեռքերս գրպաններումս դրված, քամին ներթափանցում էր ականջիս մեջ, քանզի լայնարձակ Րյու դե Լիոնի վրա չկար մի բան, որ պաշտպաներ քամուց, և լարված ուշադրությամբ նայում էի սմիթ էնդ վեսոններին, քոլտերին, ուոլթերներին, Բրաունինգ ֆիրմայի հերստալներին, իզրայելական միթխայըզ[3]․․․ «Տիղ ղո ռաֆալ[4], – պարծենկոտաբար ասվում էր միթխայըզի տակ փակցված պիտակի վրա»։ «Կրակահերթային, – մտածում էի ես, – կրակահերթային․․․հա՜․․․»։ Պողպատյա մեքենաների մեջ խտացված ուժը և զորությունը, որոնք չափսերով այնքան են նվազեցվել, որ վերածվել են միմյանց կիպ կպած պողպատյա մկանների, հիպնոսացնում էին ինձ։ Արդեն մոտավորապես տասը քայլ հեռանալուց հետո վերադառնում էի՝ ինքս ինձ մխիթարելով այն մտքով, որ հենց այդ պահին օտարերկրացիների ընդունման կենտրոնում այցելուների կուտակման ամենաթեժ ժամն էր, և նորից կպչում էի ապակուն։ Ո՛չ, ոչ մի անգամ չեմ մտել խանութ, քանի որ հստակ գիտեի, որ ոչինչ չէի կարող գնել այնտեղից՝ բացի դանակից․․․ Իմ առանց ազգության, ժամանակավոր կացության անդորագրով նույնիսկ որսորդական հրացան չէին վաճառի ինձ։ Եվ հետո, ո՛չ որսորդական հրացանի կարիքն ունեի, ո՛չ էլ դանակի, արդեն երկու դանակ ունեի․․․ Միթխայըզ ձեռք կբերեի, եթե հնարավորություն ունենայի։ Ու ևս մի բան․․․ Չէի երևակայում ցուցափեղկի մոտ կանգնած, միշտ վճռականորեն արմատախիլ էի անում բոլոր երևակայություններս դեռևս սաղմնային վիճակում․․․ Միթխայըզին տիրանալու մասին երևակայություններից այն կողմ չեմ գնացել։ Մանուկ ժամանակ ինձ՝ օբերլեյտենանտի (ինչպես բացահայտել էի գերմաներենից թարգմանբար նման կոչում էր ունեցել հայրս։ Գերմանական «P.S.» հրատարակչության կատալոգում՝ կենսագրությանս մեջ կարդացել էի, որ օբերլեյտենանտի որդի եմ) որդուն, մշտապես զենքեր էին շրջապատում։ ՏՏ ատրճանակ, ավելի ուշ հայրիկիս Մակարովի ատրճանակով էին զինել, Կալաշնիկովի ինքնաձիգ և գնդացիր, իսկ ես դրանց վրա նույնիսկ ուշադրությո՜ւն չէի դարձնում։ Տասնմեկ տարեկանում բելգիական բրաունինգով էի թափառում փողոցներում, որը մեկ օրով ինձ համար վարձակալել էր հարևան մայորը՝ հանելով փամփուշտները։ Հիշում եմ, երբ մի անգամ մայրիկ Ռայան երեկոյան տասին մոտ չվերադարձավ տուն, (կահույքի՜) հերթի պատճառով էր ուշանում, հայրս ատրճանակը խցկեց գրպանը, և մենք ուղևորվեցինք դեպի Սալտովյան շրջանի մթություն՝ մայրիկին փնտրելու։ Երկու տղամարդ։ Միայն մանուկ ժամանակ այն արևելյան երկրում կարճ ժամանակով իշխանության մի մասը եղա՝ շնորհիվ օբերլեյտենանտ հայրիկիս՝ Բենիամինի և նրա՝ Մակարովի ատրճանակի․ մահացու ուժով օժտված ինըմիլիմետրանոց փամփուշտը քայլելիս ոստոստում էր հայրիկի տաբատի գրպանում, և այն միայնակ չէր, այլ արտակարգ և մեծաքանակ ուղեկցությամբ։ Գնում էին Մատերիալիստների փողոցով, մթության մեջ երկու-երեք լապտերներ էին, որոնցից յուրաքանչյուրի տակ դոփդոփում էին հաղթանդամ, չարագույժ հորեղբայրները։ Բայց մենք չէինք վախենում նրանցից, մեզ հետ էր սարքը․․․ Քամին մի բուռ փոշի լցրեց ականջիս մեջ, և Սալտովյան շրջանից կտրուկ վերադարձա Րյու դե Լիոն։ Կողքիս ցրտից կարմրած մեծ քթով, կուզիկ արաբ էր կանգնած՝ հագին ոչխարի նրբագեղ մորթուց կարված մաշված գլխարկ։ Եվ աչքը չէր կտրում կարաբինի՝ փայլատ կապույտին տվող մկանուտ ջլուտությունից։ Տխուր հայացք ուներ։ Մի պահ հայացքներով փոխանակվեցինք՝ առանց ժպիտի, բայց համակրանքով, ոչ ոք ոչինչ չասաց, ես մոտեցա երկրորդ ցուցափեղկին՝ ողջամտորեն նրան կարաբինի հետ մենակ թողնելով։ Այդպես ընկերոջը սիրելի աղջկա հետ են մենակ թողնում։
Դրանից հետո այդ գրողի տարած հերթում ծոծրակ ծոծրակի կանգնած (դեռ նույնիսկ չէին էլ բացել կենտրոնի դռները․ հիմա է, որ այդ ամբողջ անամոթությունն ավելի լավ է կազմակերպված, իսկ այն ժամանակ խուճապահար, վախենալով նոր իշխանությունների՝ սոցիալիստների ծուղակներից՝ «օտարերկրացիները» համարյա լուսաբացից էին գալիս, նյարդայնանում էին, սպասում էին, վազում էին ջուր խմելու և միզելու՝ իրենց անունները վստահելով կողքի կանգնածներին, կանգնում էին անձրևին և ձյանը) փորձում էի մտածել զենքերի մասին, այլ ոչ թե ֆլիքների։ Եթե ոչ զենքի մասին, ապա անպայման ռազմական թեմաների։ Ինքս ինձ զբաղեցնում էի նրանով, որ կողքիս կանգնածներին հերթով պատկերացնում էի իբրև իմ գնդի, վաշտի, գումարտակի զինվորներ, և փորձում էի արտաքինից հասկանալ, թե ինչպիսի զինվոր կլիներ նրանցից յուրաքանչյուրը։ Նրանցից ոմանք բացարձակ ոչնչի պիտանի չէին, անկարգապահներին ստիպված պետք է գնդակահարել առաջին իսկ մարտից հետո, իսկ մյուսները՝ հակառակը, հիանալի, խիզախ զինվորներ դառնալու բոլոր նախադրյալներն ունեին։ Ինքս ինձ ամենևին էլ վիթխարի զորահրամանատար չէի երևակայում, ընդամենը սպա, կամ գուցե օբերլեյտենանտ, ինչպիսին հայրս էր։ Օբերլեյտենանտ․ վստահ էի, որ արժանի էի։ Ինչո՞ւ։ Որովհետև ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղասեր մասնագիտություններում գնահատանքի են արժանանում հանգստությունը, ինքնավստահությունը, բծախնդրությունը և հիստերիայից զուրկ վարքագիծը։ «Բոլոր երկրներում, որտեղ ինձ բախտ է վիճակվել ապրելու, տղերքը հարգել են ինձ․․․ Հասարակական տարբեր դասերի և տարբեր աստիճանի զարգացվածության տղերքը․ այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ չպետք է կարողանամ զինված մարդկանց հրամանատարը լինել, – մտածում էի ես։ – Ինձ չեմ կորցրել հրդեհների ժամանակ (մեկ-երկու անգամ), ծովային աղետների ժամանակ (կրկին մեկ-երկու անգամ) նույնպես հանգստություն եմ պահպանել․․․»։ Հիշեցի, թե ինչպես էր ոմն Էլ՝ Նյու Յորքից մի ծեր փաստաբան, իմ մուլտիմիլիոնատեր բոսի տանը կազմակերպված ընդունելության ժամանակ ասել ինձ․ «Դո՛ւ, Է՛դվարդ, իմ սերնդի գուդ օլդ բոյզերին ես հիշեցնում ինձ։ Քեզ կարելի է վստահել, տղա՛»։ Եվ Էլն ափով թեթև խփեց ուսիս։ Իմ բոսն ըստ անհրաժեշտության էր շփվում Էլի հետ, Էլը վատ համբավ ուներ, տարբեր մութ գործերով զբաղվող, իտալական ազգանուններով մարդկանց փաստաբանն էր, որոնք ապրում էին Բրուքլինում և Լիթըլ-Իթըլիում․ իմ բոսը միշտ ծամածռվում էր, երբ Էլին տեսնում էր իր փարթիներին։ Բայց ես՝ նրա ծառան, իմ սեփական կարծիքն ունեի այդ ամենի մասին․ միշտ մտածում էի, որ Էլը hard and real man է, իսկ իմ բոսը քառասունամյա տղա, որը պարծենում էր իր էկզոտիկ ավտոմեքենաներով և բիզնեսներով։ Իմ բոսը՝ Սթիվեն Գրեյը, Բեռնար Տապիի[5] նման մեկն էր, ուղղակի Բեռնար Տապիից շատ առաջ․․․ «Man»․․․ Տղամարդկանց մեջ միշտ էլ պարզ է, թե ով է «մէն», իսկ ով՝ ոչ։ Իսկական տղամարդը՝ Էլը, հավանություն էր տալիս ինձ, և ես շատ հպարտ էի այն ժամանակ։ Հիմա նույնպես հպարտ եմ։ Նրա՝ Էլի հագին հնաոճ թվիդե պիջակ էր, հիսունից հետո նոսրացած քյաքուլը հետ էր սանրված։ Նրա սերնդի «գուդ օլդ բոյզերը» հավանաբար իտալական ազգանուններով այդ բոլոր մարդիկ էին, որոնց նա պաշտպանում էր․․․
Րյու դե Լիոնի ցուցափեղկի մոտ գնալը բավական էր, որպեսզի կարողանայի դիմակայել ֆլիքների՝ Րյու Էնարդում կայացող արարողակարգին։ Տարիների ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ կատարվող այցելություններիս ընթացքում շատ բան էի հասկացել զինամթերքի խանութների մասին։ Հասկացել եմ, որ զենքի խանութի ցուցափեղկը ժամանակակից տղամարդու լացի պատն է։ Նա գալիս է դրա մոտ՝ մտահայելու իր՝ բռնի կերպով զատված այրությանը։ Տխուր, ճակատը ապակուն հենած՝ լուռ աղոթում է և անրջում իր անցած-գնացած հզորության մասին։ Զենքի խանութի ցուցափեղկի մոտ ամենատարբեր մարդիկ են գալիս։ Այո՛, ծեր, խունացած, հերաթափ, ամբողջ կյանքը կերուխումով անվերադարձ անցկացրած, բայց հանդիպում են նաև ակնոցավոր, կոկիկ բուրժուաներ, լավ վերարկուներով, սպորտային կոշիկներով կարմրաթուշ տպեր՝ վառվռուն, բոցավառ աչքերով, որոնց տեղը, ինչպես բանաստեղծորեն ասում են Ռուսաստանում, «բանտում զգացվում» է։ Մի անգամ ցուցափեղկի մոտ հանդիպեցի դեղնականաչավուն դեմքով, ցանկացած տեսակի հույզից զուրկ մի կուզիկի, որը պեպենոտ բռունցքով սեղմած թաշկինակը մոտեցնում էր քթին․ այդ ամենը հուզեց ինձ։ Ի՞նչ էր մտածում այդ փոքրիկ, թերզարգացած, թերահաս մարդը՝ կուզի հատվածում մաշված բաճկոնով։
Դեռ Վիեննայում էի սկսել այցելել լացի պատերը։ Արևմտյան առաջին զենքս՝ սոլինգենյան գերմանական դիմացկուն դանակը, որն ավելի շատ վերմախտի սվինի է նման, քան դանակի, գնել եմ Բրոդվեյի զենքի խանութից, որ հենց Թայմս Սքվերի վրա էր։ Այն «Ռեքորդս» և «Թայմս Սքվեր Էմփայրս» խանութների միջև էր, որտեղ վաճառում էին տիկնիկներ, փղոսկրից պատրաստված ապրանքներ, տոստերներ, լամպեր, պորտֆելներ, արհեստական կաշվից դրամապանակներ, Քինգ Քոնգի դիմակներ, Էմփայր Սթեյթ Բիլդինգի արձանիկներ, զբոսաշրջիկների համար նախատեսված «Այ լավ յու Նյու Յորք» գրվածքով և նմանատիպ աղբով կիսաթև շապիկներ։ «Ռեքորդս» խանութի հետևում՝ պոռնո կինոթատրոնի քիվի ներքո ադիբուդի էին վաճառում, և այդ ժամանակից սկսած գիտակցությանս մեջ դանակ կամ սվին հասկացությունը արտասովոր կերպով փոխկապակցվում է ադիբուդիի բույրի հետ։ Միանշանակ մինչև ներս մտնելս մեկ ժամից ավել կանգնել էի ցուցափեղկի մոտ։ Այդ լացի պատի մոտ մի ամբողջ խումբ էր դոփդոփում։ Հաղթանդամ, բայց երկչոտ սևերն անդադար նայում էին, մեկը՝ Մաուզերի ատրճանակ-գնդացիրին, մյուսը՝ Վինչեսթերին․ մի խոսքով՝ նրանցից յուրաքանչուրը ցանկության իր օբյեկտն էր ընտրել։ Հիշում եմ, ցուցափեղկի կենտրոնում՝ կարմիր թավիշի վրա էր ցուցադրված հայտնի իտալական հրացան Կարկանո Մ․91-ը՝ 6,5 մմ տրամաչափով։ Դրանով էր Լի Հարվի Օսվալդը սպանել Քենեդիին։ Չգիտեմ ինչու, հաշվեցի, թե քանի հոգի էինք։ Լացի պատի մոտ կանգնածներս վեցն էինք։ Մեկն էլ կար, բայց դժվար էր ասել արդյոք նա նույնպես հետաքրքրված էր Կարկանո Մ․91-ով, թե հարմար պահի էր սպասում, որպեսզի ինչ-որ մեկի գրպանը մտներ կամ որպեսզի ստվարաթղթե արկղի վրա փռեր խաղաթղթերը և օրինական կերպով թալաներ անցորդներին․․․ Խանութի դռները հյուրընկալ կերպով բաց էին, այնտեղից սառնություն էր գալիս, և ամերիկացիներին բնորոշ շռայլությամբ մտա օդորակված տարածք։ Անընդհատ լվանալուց մաշված ջինսե կոստյումս էր հագիս, որը Կանալ սթրիթից էի գնել․ 1 դոլար 25 ցենտ տաբատն էր, իսկ բաճկոնը՝ 3 դոլար։ Նույնիսկ նախաբնիկը միանգամից գլխի կընկներ, թե ես ինչ թռչուն էի։
-Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, young man, – հարցրեց ինձ սեյլսմեն Զիգմունդ Ֆրոյդը։ – Սևաչյա, զվարթ և կասկածամիտ, բացատրվում էր կոպիտ անգլերենով, ինչը վկայում էր վերջինիս շատ ավելի ցածր ծագման մասին, քան նրա նմանակինն էր, բայց խորամանկ աչքերից երևում էր, որ հմտությունն ու փորձը վերածել էին նրան մարդկային հոգիներն ընթերցող վարպետի։
-Դանակ եմ ուզում գնել, – ասացի ես։ – Այն պետք է ինձ։
-Տեսնում եմ, յա՛նգ մեն, – համաձայնեց Ֆրոյդը։ – Այն իսկապես պետք է քեզ։
Սովորաբար նրա ազգության ներկայացուցիչներն աչքի են ընկնում իրենց զրուցասիրությամբ։ Նյու Յորք նահանգում իշխանությունները ծայրահեղ դժվարացրել էին բնակչությանը զենք վաճառելու կարգը, խանութում գնորդներ չկային, խեղճ Ֆրոյդը, ըստ երևույթին, պարտադրված մուտիզմով[6] էր տառապում․․․ Իհարկե, նա կարող էր ուրիշ սեյլսմենների հետ զրուցել․․․
– Օ՜, խիստ պետք է քեզ դանակը, յա՜նգ մեն, – բացականչեց նա և կարեկցաբար նայեց ինձ։
Ավել բան չէր էլ կարող ասել։ Կոստյումս․ նման կոստյում կարելի էր միայն աղբամանոցից գտնել, սանդալներս նույն տեսականուց էին, կոնտակտային լինզաներս անհայտ ծագման կեղտաբծերի շերտով էին պատվել ու ճանկռում էին աչքերս, և աչքերս ցավում էին։ Ըստ իս՝ կարմրած աչքերս հիվանդոտ տեսք էին հաղորդում ինձ։ Այն ժամանակ շատ էի խմում, և դեմքս մշտապես այտուցված էր, թունդ մարիխուանա էի ծխում և․․․ կարճ ասած, այնքան էլ լավ վիճակում չէի։ «Յանգ մեն, որի ջարդը կյանքը բավականին տվել էր»․ ահա թե ինչ բնորոշում, տվեցի ինքս ինձ, երբ հայելու մեջ նայեցի»։ Եվ անհասկանալի էր արդյոք դուրս կպրծնեի այդ իմ պատմություններից։
-Որքա՞ն գումար կարող ես ծախսել, – հարցրեց ինձ Զիգմունդ Ֆրոյդը։
-Քսան դոլար։
-Ափսո՜ս, – ասաց նա։ – Քսաներկուսով հիանալի գերմանական բանակային դանակ կա։ Նրանք՝ ջերմընս, հասկանում են, թե մարդուն այն աշխարհ ուղարկելու լավագույն միջոցը որն է։ Կուզե՞ս տեսնել․․․
Ուզում էի։ Բացի քսան դոլարից՝ գրպաններումս բազմաթիվ կոպեկներ ունեի, բայց վստահ չէի, որ 2 դոլար կհավաքվեր։ Ամեն դեպքում վերցրել էի իմ ամբողջ «մանին», մյուս կտրոնը հինգ օրից էր գալու Վելֆերից։ Այդ հանգամանքն ինձ չէր հուզում, քանի որ հիմնովին արմատներ էի գցել Նյու Յորքում, կարող էի հինգ հարյուր հիսունհինգ օր ապրել այնտեղ՝ առանց «մանի»։ Գիտեի ինչպես։ Անփող գոյության միակ լուրջ տհաճությունն այն էր, որ զրկվում էի միայնությունից։ Միայնությունը հիմնավորապես զարգացած կապիտալիստական հասարակության մեջ արժեք ունի, սեփական մաշկիս վրա եմ զգացել։ Տարօրինակ է, քանի որ թվում է, թե մարդիկ սարսափում են միայնությունից և շփում են փնտրում։ Այդ դեպքում ինչո՞ւ է միայնությունը «մանի»-ով։
-Կուզե՞ս տեսնել, – նորից հարցրեց նա։
-Այո՛։
Անհոգ կերպով մենակ թողեց ինձ և գնաց ներսի սենյակ։ Այնուամենայնիվ՝ բոլոր ցուցափեղկերը կողպված էին, և խանութում կային ևս երկու սեյլսմեն և մի քանի գնորդ։ Վերադարձավ և դիմացս դրեց խոզի կոշտ կաշվից մի պատյան։ Հանեցի դուրս։ Ծանր երախակալ, ամուր մարմին՝ արյան հոսքի համար նախատեսված երկու ակոսիկներով։ Գործիքը նախատեսված չէր կտրելու, մռութին թեթև խուլիգանական կտրվածքներ անելու համար, ո՛չ, ձեռքերումս գտնվող գործիքը խորը բացվածքներ անելու և մարմնի ամենախորքում թաքնված ներքին օրգաններին հասնելու համար էր։
-Տե՛ս, – ասաց Զիգմունդ Ֆրոյդը, – յա՛նգ մեն, հենց այն է, ինչ քեզ պետք է։ Խորը և դիպուկ է խոցում։ Ենթադրում եմ, որ պատրաստվում ես վայրի կենդանու որսի գնալ, այնպես չէ՞։ Ոչ մի կենդանի չի դիմանա հմուտ ձեռքով հասցված դիպուկ հարվածին։
Շոշափեցի դանակը և կարդացի վրայի գրվածքները, որոնք վկայում էին դրա գերմանական ծագման մասին։
-Իսկ չունե՞ք այն մյուսներից, գիտե՞ք, որ շեղբերը դուրս են պրծնում․․․ զսպանակո՞վ։
-Ո՛չ, son[7], – ասաց նա զվարթ կերպով։ – Օրենքն արգելում է դրանց վաճառքը։ Ֆորբիդեն։ Վեռբոտեն, – անհասկանալի պատճառով գերմաներեն էլ կրկնեց։ – Հավատա՛ ինձ, son, այդ կոճակով և զսպանակով խաղալիքները թեթևամիտ ֆլիքների համար են, խուլիգանների համար, այլ ոչ թե լուրջ մարդկանց։ Ես քեզ լուրջ մարտական ընկեր եմ առաջարկում, սա՛ն։ Դանակ իսկական տղամարդկանց համար։ Վերցրո՛ւ, բոլոր խնդիրներիցդ քեզ չի ազատի, բայց դրա առկայությամբ որոշ խնդիրներ քեզ շատ ավելի պակաս նշանակալի կթվան։
Եվ Զիգմունդը հոգեվերլուծական աչքերով նայեց վրաս։
-Գերմանիայի հրեա՞ եք, – հարցրի ես։
-Այո՛։ Ու ի՞նչ, զգացվո՞ւմ է ազգային հայրենասիրությունը։
-Զգացվում է։ Բացի այդ՝ Զիգմունդ Ֆրոյդին եք նման։ Երբևէ ասե՞լ են Ձեզ։ Հոգեվերլուծության հորը։
-Ավելի լավ կլիներ «Չեյս Մանհեթեն Բենկի» տնօրենին նման լինեի, յա՛նգ մեն, – ասաց նա։ – Վերցնո՞ւմ ես դանակը։
-Եթե քսաներկու դոլար ձգեմ, այո՛։
Հանեցի քսան դոլարանոցն ու դուրս թափեցի մոտս եղած բոլոր կոպեկները, և սկսեցինք հաշվել։ 21 դոլար էր և 54 ցենտ։
– I am sorry[8], – ասացի ես։
– Take it[9], – դեպի ինձ հրեց դանակը։ – Բայց և այնպես այն պետք է քեզ։ Նյու Յորքը լուրջ քաղաք է, յա՛նգ մեն։
Եվ սկսեց մի կույտի մեջ հավաքել մանրադրամներս՝ անխոցելի ապակուց արկղի վրայով սահեցնելով՝ լցրեց ձեռքի ամանի մեջ։ Մետաղալարով փաթաթված խամրած ապակու տակ չափից ավելի լուրջ բաներ էին դրված։ Մեծ տրամաչափի ատրճանակներ։ Դրանց մեջ նկատեցի «Մաուզեր 57»-ը։ Եթե դրանից կրակ բացես, մարդու գանգը ցրիվ կգա հասած դդմի նման՝ գանգուղեղի այդքան գովասանքի արժանացած մոխրագույն նյութով։ Շիթերով։
Թեքվելով ձեռքի ամանի վրա՝ մի պահ հապաղեց։ Տասը ցենտ հանեց։
– Take a dime[10]։ Կզանգես ինչ-որ մեկին։ Կասես, որ ողջ ես։
Բրոդվեյը հեռու է, բայց երբեմն անցնում եմ Րյու դե Լիոնով։ Ցուցափեղկի մոտ միշտ male[11] է կանգնած։ Քանզի փողոցն ամայի է, թվում է, որ գաղտնապահ և երկչոտ տղամարդիկ կարող են լիարժեք հիանալ իրենցից խլած այրությամբ։ Օրինակ՝ Րյու Րիշելյե փողոցի խանութի մոտ, որը և՛ ավելի մեծ է, և՛ ավելի ճոխ, շատ ավելի հազվադեպ են կանգ առնում։ Իսկ Րյու դե Լիոնի վրա միշտ կանգնած են, լինի քամի, անձրև կամ ասֆալտը հալեցնող շոգ․․․ Եվ աչքերը նրանց անտանելի տխուր են։ Ինչպես ամորձատված կատվինը, որին տերը զրկել է այրությունից, որպեսզի վերջինիս գլխացավանք չպատճառի իր ռոմանտիկական կրքերով։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի
[1] (ֆրանս․) Ժամանակավոր կացության կարգավիճակ։
[2] (խսցկ․) Ոստիկանի անվանում Ֆրանսիայում։
[3] (ֆրանս․) հրետառումբ։
[4] (ֆրանս․) կրակահերթային հրաձգություն։
[5] Ֆրանսիացի բիզնեսմեն, հասարակական և քաղաքական գործիչ։
[6] Վիճակ հոգեբուժության և նյարդաբանության մեջ, երբ հիվանդը չի պատասխանում հարցերին, նույնիսկ ծանոթ մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, որ համաձայն է շփվելու շրջապատի մարդկանց հետ։
[7](անգլ․) որդի։
[8] (անգլ․) ներեցեք։
[9] (անգլ․) Վերցրու։
[10] (անգլ․) վերցրու տասը ցենտը։
[11] (անգլ․) տղամարդ, որձ։