Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյան| Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» բանաստեղծությունների ժողովածուն

Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» գրքում գեղարվեստական տարածությունն իր բոլոր ընդգրկումներով՝  սենյակ, փողոց, խանութ, անտառ, քաղաք, կառուցվում է բենտամյան   նախագծի՝ պանօպտիկոնի՝ «ամենատես» անտեսանելի  աչքի մոդելով: Սա մի իրականություն է, որտեղ վերահսկվում է ամեն ոք և ամեն ինչ, սակայն վերահսկվողը երբևէ չգիտի, թե ով, երբ և ինչպես է իրեն վերահսկում: Եվ մշտապես վերահսկողության տակ գտնվելը ենթադրում է, որ վերահսկվողն արդյունավետ ձևով ակամայից սկսում է կարգավորել իր կյանքը: Չնայած, բանաստեղծություններից մեկում, որն հենց այդպես էլ կոչվում է «Չորս եղանակ պանօպտիկոնում» հեղինակը կոնկրետացնում է, որ պանօպտիկոնի անտեսանելի աչքը հենց բառն է․ «Որն անհնարին է դարձնում կատարյալ առանձնությունը» (89)[1], այնուամենայնիվ ժողովածուում անտեսանելի «ամենատես» աչքի ներկայությունը հաճախ դուրս է գալիս զուտ բառի շրջանակներից։

Կարեն Ղարսլայն, «Լեզվի ծայրին», Գրանիշ, 2022, Երևան

 «Պանօպտիկոնի» ներսում «պոստ-պոստմոդեռնիստական» ժամանակաշրջանում հեղինակը փորձում է ներկայացնել կյանքն իր առօրյա հունով: Սակայն, անձնական տարածք ունենալու ամենաչնչին հնարավորությունից զրկված լինելով, ծնվում է  դատապարտվածության անհաղթահարելի զգացողությունը: Մարդու դատապարտվածության ենթատեքստը հարազատ է Ղարսլյանի տեքստին, դրան փակ տեքստով հեղինակն անդրադառնում է «Ատերազմա» գրքում, իսկ ավելի բաց և ակնհայտ միջտեքստային զուգահեռներ գծում այս նոր գրքում՝ արդեն   սիզիփոսյան առասպելի բացահայտ հղումներով: Սակայն սա հեռու է էքզիստենցիալ դատապարտվածության կենսազգացողությունից, այստեղ  «քնարական» հերոսը նույնականանում  է ոչ թե Սիզիփոսի, այլ ժայռից գլորվող քարի հետ .

 Ուղեղս ամբողջ կյանքում այնպես էր լվացվել

Որ ինձ միշտ Սիզիփոսի հետ էի նույնականացնում

Մինչդեռ ոչ այլ ինչ եմ քան

Գլորվող քարը (116):

Ղարսլյանը պատկերում է մի իրականություն, ուր մարդկանց,  առարկաների, երևույթների  բնականոն  կեցության ձևերը գլխնիվայր շուռ են եկել: Մի հասարակություն, որն ըստ հեղինակի ՝ «հնարավոր է դարձրել անհնար շատ բան․ «Որ կարողացել է անգամ ուղտին ասեղի ծակից անցկացնել» (124): Այսպիսի իրականության մեջ, օրինակ,  մարդն է արթնացնում զարթուցիչին.

Առավոտ շուտ

Գոռացի

Զարթուցիչը զարթնեց

Լողացավ

Ատամները խոզանակեց

Նախաճաշեց

Նորությունները դիտելով

Սուրճով

Կոշիկները վաքսեց

Ու գնաց գործի (107):

Ղարսլյանը պատկերում է մի իրականություն, որում ապրանքն է սպառում և ստեղծում մարդուն, որտեղ  «կործանիչը երբեմն կործանում են իր իսկ արձակած արկերը», որտեղ «աչքերը քերում են ատամները», և որում «աշխատանքն է ունենում մարդուն»: Մարդը ինքնախաբեությամբ այդ իրականությունից  թաքնվելու, փախչելու ապարդյուն ջանքեր է գործադրում՝  փոքրանում է, հեքիաթն է փորձում վերապրել իրականության մեջ (Մոխրոտների արկածները), շերտ առ շերտ հանվում և մերկանում է (Սիզիփոսի ապառաժի առասպելը) , սակայն նունիսկ սերը և պոեզիան փրկություն չեն:

Լինելով ինքնատիպ գրականության մեջ և վերջին ժամանակներում հակվելով կոնցեպտուալիզմին՝   Ղարսլյանի  այս  ժողովածուն, թեև նույնպես աչքի է ընկնում  «անստեղծարար գրին» բնորոշ տեքստերով, այդուհանդերձ, բանաստեղծական քերթվածքների ժողովածու է, և պատահական չէ, որ գրողը, որը  միշտ նախանձախնդիր է իր գրքերի ժանրային հստակ բնորոշումներում, այն անվանում է «բանաստեղծություններ»: Հեղինակը հաճախ կիրառելով ժամանակակից պատկերաստեղծման և պատկերաքայքայման տեխնիկաները՝ կինետիկ պոեզիան,  մոնտաժը, բառահավաքչությունը, պատկերագիրը, համատեղում է «անստեղծարար գիրը» և բանաստեղծական քերթվածքը ընդհանրական պատկերի մեջ, ինչպես օրինակ «Նատյուրմորտ մեկ երկար մազով» բանաստեղծության մեջ, որում տան հատակին հայտնաբերված սիրելիի մեկ հատիկ մազը թոշնեցնում է աշխարհի բոլոր ծաղիկները՝  իմպրեսիոնիստական գեղանկարչությունից մինչև Կլիմտի կակաչները․

Թոշնեցին Վան Գոգի հիրիկները

Թոշնեցին Գոգենի քաջվարդերը պարտիտուրայի վրա

Թոշնեցին Ռենուարի վարդերն ու հասմիկները դելֆթյան ծաղկամանի մեջ

Թոշնեցին Մատիսի քրիզանթեմները չինական ծաղկամանի մեջ

Թոշնեց Սարյանի կուրացուցիչ սպիտակ լոտոսը

Հենց հայտնվեց իմ տեսադաշտում՝

Մեկ երկար մազ իմ տան հատակին․․․ (87):

Գրքում առանձին ուսումնասիրության նյութ կարող են դառնալ բանաստեղծությունների վերնագրերը (Ջ․ Ջոյսի հայտնի վեպի վերնագրային խաղարկումները․ «Բանաստեղծի դիմանկարը, որպես դիամոլ»,«Բանաստեղծի դիմանկարը որպես Դոն Կիխոտ», «Բանաստեղծի դիմանկարը որպես դեռահաս»), ներտեքստային զուգորդումները և պատկերային ալյուզիաները (Ռ․ Մագրիտի “Ce n’est pas une pipe”-ի համաբանությամբ “Ceci n’est pas une bouteille de vodka”), բառախաղերը և այլն: Այս առումով ուշագրավ է հատկապես ժողովածուի երրորդ գլխի մուտքի խորագիրը. գրեթե աննշան գրված  «Warld» բառը, որը համանունային զուգորդություն ունի «World» բառի հետ, որն անգլերեն նշանակում է աշխարհ, այնինչ հինդի լեզվով բառը նշանակում է պատերազմ: Պատահական չէ այս բառի ընտրությունը, քանի որ գլխում ընդգրկված բանաստեղծությունները ներկայացնում են պատերազմի թեման: Երրորդ գլխի բանաստեղծությունները արտացոլում են «Ատերազմա» վեպի նախատրամադրությունները: Սակայն, եթե «Ատերազմա»-ում հեղինակը հայտարարում է, որ լեզուն պատերազմի առաջին զոհն է, և ենթարկում լեզուն «անդամահատման», քայքաման, ապա այս ժողովածուում տեսնում ենք լեզվի քայքայման նախնական ընթացքը, այն դեռ պայքարում է իր գոյության համար՝ հայտնվելով  սահմանային իրավիճակում։

Ղարսլյանի բանաստեղծությունները հագեցած են իմաստի և պատկերի բազմաշերտությամբ: Դրանց բնորոշ են «հետաքննողական» (investigative)և «հետազոտահեն» (research- based) պոետիկայի տարրերը, ինչը հատուկ է ընդհանրապես Ղարսլյանի տեքստին:

 Երբ բանաստեղծության ամենավերևի տողից ներքև եմ նայում

Գլխապտույտ եմ ունենում

Բանաստեղծություն ընթերցելը

Ավելի դժվար է քան սար բարձրանալը (11):

Գրքի բանաստեղծությունների ընթերցումը ենթադրում է, որ դրանք ըստ էության հասկանալու և ընկալելու համար, պետք է  բանաստեղծությունները քայլ առ քայլ «շերտազատել», ինչպես  բանաստեղծություններից մեկում հերոսն է մերկանում՝ շերտ առ շերտ  հագից հանելով ամեն ինչ՝ սուտը, հորը, դաստիարակությունը, պոեզիան…

[1] Կ․ Ղարսլյան, Լեզվի ծայրին, Եր․, Գրանիշ, 2022: Այսուհետ այս գրքից արված մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում, փակագծերի մեջ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *