Լիանա Ասատրյան | Դեպի ծով

Համոզված չէի, որ հավատում եմ նրանց, թեպետ ինչ-որ ուժ ստիպում էր մնալ իրենց կողքին: Ո՛չ ստիպողաբար, այլ միայն սիրով: Հետո եկավ մի պահ, երբ հասկացա, որ հողն ինձ համար չափազանց տաք է և այդ ջերմությանը դիմանալ չեմ կարող։ Մի անգամ, խոնավ անտառում , փտած գերանի տակ մանր մունր սնունդ հայթհայթելիս ասացի, որ շատ կուզեի մի որոշ ժամանակ էլ ծովերում ապրել: Նրանց դա դուր չեկավ։ Նրանք գերադասում էին այդ մամռակալած և փտած ծառերը, ցեխոտ անտառներն ու ճահճացած գետերը։ Անվանեցին ինձ կեղտոտ երկկենցաղ: Որոշ ժամանակ ուղղակի խուսափում էի նրանցից, իսկ երբ պահը վրա հասավ, գնացի ծովը որոնելու: Ուզում էի արտասվել մի հանգստությամբ, որ գիտեմ ՝ չեմ կարող: Չէ՞ որ մեզ մոտ արցունքագեղձերը փակ են: Դրա փոխարեն թույն կուտակվեց ներսումս, որի միջոցով էլ փրկվում էի սովից, ու զգում էի, որ ավելի եմ մոտենում ծովին: Կարծում եմ մարդկանց մոտ էլ այդպես է. երբ չեն կարողանում արտասվել, արցունքը վերածվում է թույնի:
Շատ էի ուզում ճանապարհին հանդիպել մեկ այլ սալամնդրի, որպեսզի մոռանամ այն գարշելի գորտերի մասին, որոնց հետ երբևէ ապրել եմ: Ես նրանց կարող էի ուղղակի կերակուր դարձնել, բայց չէի անում, մտածում էի, որ ընկերություն՝ նշանակում է սիրել ընկերոջդ, բայց չուտել նրան: Իսկ ինչպե՞ս վարվեցին նրանք. պարզապես ինձ դուրս նետեցին իրենց կեղտոտ գետակներից:
Ներսումս ամեն ինչ հանգիստ էր, մինչև այն պահը երբ հանդիպեցի մի քանի սալամանդրերի: Նրանք խոնավ անտառներում թափառում էին ու գռեհիկ բաներից խոսում։ Նրանք սիրում էին այդ գարշահոտ վայրը, ձգտում էին ապրել այդ տիղմիa մեջ, ուր ամեն քայլդ ոտքերիդ ցեխակոլոր կալանքներ է դնում ու ամեն քայլդ դարձնում ՝ կեղտոտ ոտնահետք: Նրանք կախարդվածի նման պատմում էին իրենց հանդիպած խոնավ գերանների մասին, որոնց տակ հայտնվելով՝ իսկապես հաճույք են ստացել, խոսում էին սարալանջերի մասին, որոնց խոնավությունը գոհացրել էր նրանց: Ապրելով ինքնախաբեությամբ, թե ունեն այն, ինչ յուրաքանչյուր սալամանդր կերազեր, նրանք գոհ էին։ Ուրախությամբ ընդունեցին ինձ այդ ճահճոտ անտառները: Նրանք նույնիսկ ինձ ՝ սալամնդրիս համար էլ զզվելի տեսք ունեին: Նրանց նայելով կարելի էր հասկանալ, որ երբեք չեն մտածել ծովը որոնելու մասին:
– Ես այստեղ չեմ կարող: Պետք է գնամ,- ասացի` չկարողանալով զսպել հիասթափությունս։
– Ուր էլ գնաս, սրա նման տեղ չես գտնի,- պատասխանեց նրանցից մեկը հպարտորեն։
– Եվ փառք Աստծո,- հեգնեցի ես։
– Երկար չես գնա, կմեռնես ճանապարհին: – Ասաց նրանցից մեկը:
Ոչինչ չպատասխանեցի, որովհետև ես գիտեի ՝ երբ կարողանում ես հասնել ծովին կյանքդ ձգվում է հավերժորեն: Իսկ ես ամեն գնով հասնելու էի այնտեղ:
Լքեցի նրանց` այդ փոքրոգիներին, որ նույնիսկ երկկենցաղ էլ չէին: Մեկից ավելի միջավայրերում դիմանալու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես, ինչ-որ արժեքավոր բան: Անտառում արժեքավորների շատ չես հանդիպի, բայց ես հավատում եմ ՝ ծովերում այլ է: Այնտեղ ինձ լավ կհասկանան, և շատ կսիրեն, եթե տեսնեն, որ ոչ մեկին չեմ նեղացնում:
Անտառը երկար էր ձգվում, շարունակում էի գնալ դեպի ծովը: Ես քայլում էի այն խորը ափսոսանքի գիտակցումով, որ վատնել եմ կյանքիս քսան տարիները։ Ապրել եմ առանց ծովի մասին մտածելու, վատնել եմ` հիմարների հետ ապրելով, ովքեր երբևէ չեն տարվել գեղեցիկի փնտրտուքներով: Ովքեր քաշ են եկել անտառներում ու ամեն օր կերակրվել զզվելի միջատներով և հրճվել են այն տգետ մտքով, թե դա է կյանքը ու դրա համար են այստեղ։ Հիմա, երբ թեկուզ նրանցից մեկին հանդիպում եմ, զզվանք եմ ապրում: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս են ապրում այստեղ, երբ գոյություն ունի ավելի գեղեցիկ մի վայր ՝ ծովը: Իհարկե իմ ճանապարհին շատ անպիտանների հանդիպեցի, որոնց կերա ՝ օգնելով ազատվել իրենց գարշելի կյանքից: Մեկ-մեկ անգամ փոքր սալամնդրների էի ուտում, որովհետև նրանք կյանքին արժանի չէին: Ընդհանրապես նրանք, ովքեր չեն գնհատում կյանքը, չեն կամենում բացահայտել կյանքի գեղեցիկ գաղտնիքները, արժանի չեն կյանքին: Այո՛, նրանց արդարացնելու համար եղել են պահեր, որ մտածել եմ՝ գուցե նրանք ուղղակի չգիտեն ծովերի մասին, սակայն դա հնարավոր չէ: Անտառներում հայտնված բոլոր մարդիկ ծովերից խոսել են մեզ մոտ, դրանց մասին մեզ անգամ թռչուններն են պատմել:
Լուրերը, որ ես ծովն եմ որոնում, մեր աշխարհում լայն տարածում էր ստացել։ Բոլորը խուսափում էին ինձնից։ Ոմանք այն պատճառով , որ մտածում էին` խելքս թռցրել եմ, ոմանք, որ կհասնեմ ծովերին ու կծիծաղեմ իրենց վրա, ոմանք պարզապես, առանց սեփական կարծիքի` ուղղակի տգետ սողուններին հետևելով:
Երեք տարի է արդեն, ինչ ես դեպի ծովն եմ գնում: Մի հազար անգամ պատկերացրել եմ ինձ ծովում՝ ազատ լողալիս, տրվելով ալիքների հոսանքին, վայելելով ծովը, ապրելով այնտեղ հավերժ:
Մի անգամ, ծով հասնելուս ճանապարհին, ինձ պատահեց մի անհասկանալի արտաքինով սողուն։ Չափազանց փոքր էր օձ լինելու համար և չափազանց մեծ ՝ որդի: Ես նրան ոչինչ չէի հարցրել, չէի էլ պատրաստվում զրույցի բռնվել նրա հետ, իսկ նա ասաց.
– Իզուր ես այդքան չարչարվում, ծովերը գոյություն չունեն:
– Թռչունները պատմել են ծովերի մասին, ասել են, որ կան,- վստահ պատասխանեցի ես:
– Չե՞ս նկատել, որ թռչունները միշտ էլ ծաղրում են նրանց, ովքեր սողուններին հավասարը հավասարի են տեսնում:
Չափազանց քաղցած էի՝ նրան երկար հանդուրժելու համար: Չեմ էլ հիշում թե իրականում ինչ համ ուներ, բայց երևի զզվելի էր: Ես նրան չէի վնասի, եթե նա չվիրավորեր իմ անցած ճանապարհը: Ինչևէ, նրան էլ չհաջողվեց փոխել որոշումս:
Անցավ ևս երկու տարի: Այդ երկու տարվա ընթացքում թռչունները, թերևս իմ միակ բարեկամները, ասացին, որ իսկապես գուցե մեռնեմ, նախքան ծովին հասնելս, սակայն այդ գիտակցումն էլ ինձ մոտ ոչինչ չփոխեց: Երբ գիտես թե հանուն ինչի ես ապրում, մեռնելը շնչելու պես սովորական է:
Ես շարունակում էի քայլել, բայց այդպես էլ չհանդիպեցի մեկին, որը կհամարձակվեր գալ ինձ հետ: Ոմանք ասում էին, որ ծով իրականում գոյություն չունի, ոմանք էլ, որ այն ինձ համար չէ:
Ես հասել էի նրան, որ բոլորն ատում էին ինձ, իսկ ես միայն ծովն էի սիրում, և միայն նրան էի հավատում: Անտառը ուր որ է վերջանում էր, երբ պոչս դեմ առավ մի փայտի կտորի ու ես ցած գլորվեցի: Հայտնվեցի ավազեպատ մի վայրում, բարձրացրի գլուխս ու վերջապես իմ աչքերի առաջ հայտնվեց կապույտ, պարզ, մաքուր ծովը: Լսվում էր ալիքների դյութիչ ձայնը։ Դրանք զարկվում էին իրար ու թվում էր, թե շրջապատող ժայռերը «կյանք» են արձագանքում։
Մարդու նման երջանիկ էի, մարդ-երեխայի, ես նրանց շատ անգամներ եմ տեսել անտառներում, նրանք նույնիսկ պատրաստ էին ճախրել, երբ երջանիկ էին: Ես էլ էի պատրաստ այդ ճախրանքին, և ես ինձ թռչուն էի զգում, թռչուն, որը երբեք չի նայել սողունին իբրև հավասարը հավասարի: Եթե արցունքագեղձերս բաց լինեին, ես կարտասվեի երջանկությունից:
Թռչելու ցանկությունս չէր հասցրել դադարել, երբ լսեցի մի կենդանու ձայն, որն ինձ ասաց.
– Վերջապես դու հասար:
Դա…դա կարմրավուն, երկար չանչերով ծովային կենդանի էր, ես նրա մասին լսել եմ, դարձյալ իմ ազգակից թռչուններից…դա խեցգետին էր:
– Այո,- հպարտ պատասխանեցի ես,- ես այստեղ եմ:
– Սա քեզ ոչինչ չի տա և դու շուտով կմեռնես :
Նա գորտերից տարբերվում էր միայն իր արտաքինով, և ես արհամարհեցի նրան:
Ես ՝ միակ սալամանդրս, որն իրավունք ունի թռչունների ազգականը կոչվելու, գնում էի դեպի ծովը, իսկ մտքում՝ ճախրում: Ծովին վերջնականապես հասնելուց հետո զգացի, որ իզուր չէր այն ճանապարհը, որն անցել եմ: Նետվեցի ծովի մեջ՝ ոչինչ չունենալով և ոչ ոք չունենալով: Նկատեցի, որ այլևս ոչ մի իմաստ չկա, որ այլևս չեմ կարող երազել: Միակ բանը, որն ինձ ստիպել էր առաջ շարժվել դա ծովին հասնելու երազանքն էր:
Ծովի ալիքները դիպան թաց մաշկիս: Ես առաջին ագամ զգացի ծովի բուրմունքն ու սառը շունչը, այն այնպես հաճելի էր, որ ուզում էի մի ամբողջ հավերժություն այնտեղ ապրել: Նկատեցի, որ եթե ավելի շուտ ձգտեի ծովին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ծովն ինձ ոչինչ չտվեց և տվեց ամեն ինչ աշխարհում: Նրան հասնելու համար ես հաղթեցի բոլորին, ես հաղթահարեցի ամեն ինչ, ես ճանաչեցի ինքս ինձ: Աչքերս քիչ-քիչ փակվում էին, ու ես քիչ-քիչ դադարում էի զգալ, թե ինչպես էր ծովն ինձ տանում դեպի իր խորքերը, մի տեղ, որի մասին նույնիսկ թռչունները չէին պատմել, և որի մասին անգամ երազել չէի կարող: Դա մի անհայտություն էր, որը մի նոր երազնաքի նման կանչում էր ինձ:

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Նաիրա Հովհաննիսյան says:

    մեկ շնչով կարդացի)))💜💜💜💜💯💯💯💯💯

  • Ruslan Manukyan says:

    Հետաքրքիր էր … Երբ կարդում ես նպատակ դարձած երազանքի մասին: Կարդացի, ոգևորվեցի` իմ առջև նպատակ դրեցի, որ ամեն գնով հասնեմ երազանքներիս հետևից …

    Հովհաննես Յուրի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *