Անսահմանությունը հոգու տունն է ու մտքի թակարդը:
Միտքն ինչ-որ տեղ կարկատում է քաոսը,
անցորդները ցեխաջրի մեջ երկինք են տրորում,
ինքս շարունակում եմ քայլել սովորույթի ճանապարհով՝
ականջներից ներս թողնելով
աղմուկը,
առօրյան ու մարդկանց:
Աղմուկի մեջ կարևորը ճիշտ ձայներ որսալն է:
Ձայներ, որ քաոսից տարածություն են գոյացնում՝
ակնթարթի իմաստության համար:
Ձայներ, որ բաց չեն թողնում
ոչ խելագարության մեջ,
ոչ սթափության:
Ձայներ, որ
չեն նույնանում,
չեն ուղղորդում,
չեն խաղում այս խաղը:
Համատարած անկման մեջ
ամենաազդեցիկ ձայները
ներքևից են գալիս:
Չգիտեմ
որքա՞ն հեռու կտանեն այս ձայնալիքները,
ո՞ր ուղղություններից կփչեն քամիները,
դեռ որքա՞ն կկարողանամ չափել կորուստների ծովի խորքերը՝
առանց նոր շնչառության,
բայց անզորության այս խոռոչն ինձ չի մոռանա:
Սոսկալի է կյանքի համար անդարձելին:
Անտեսանելի են ապրողների աչքերին
մահվան հորիզոններ:
Գուցե այնտեղ ուղիղ գծեր չկան,
չկան երկարաձիգ զուգահեռներ,
տիեզերքն այնքան էլ անսահման չէ,
որքան մեր երևակայությունն է սովոր պատկերել այն
և այս բոլորը հերթական ենթադրություններ են,
որոնք էական չեն:
Էական չէ իմացությունը,
երբ այլևս երբեք
չես կարողանա գրկել նրան,
ով ամենուր կա:
Մարդը կատարելության հույսն է:
Կատարելությունը՝
հավերժությունից պոկված ակնթարթը,
որ թողեցի ժամանակի մեջ՝
հիշողության մառախուղի հետևում
ու շարունակեցի ապրել
ասես ոչինչ չի եղել:
Ասես չի եղել ոչինչ:
Չեմ հասկանում,
ինչպե՞ս կարելի էր նման տիեզերական սիրուց հետո,
այսպես մարդկային տեղավորվել կյանքի մեջ
ու ապրել:
Առանց հասկանալու՝
ինչպե՞ս և ինչո՞ւ,
ի սկզբանե մարգարեացնելով ավարտը,
հասնել վերջին:
Որովհետև
կատարելությունը հակադարձո՞ւմ է կյանքին:
Կյանքն անհանդուրժո՞ղ է իրեն վազանցողների նկատմամբ:
Կյանքը մարդուն իր մեջ վերցնելու սեփական ձևերն ունի:
Մարդը զոհն է իր հայելիների:
Այս խաղն այլընտրանք չի թողնում:
Քոնն է ամբողջ ընթացքը,
բայց սկիզբն ու վերջը՝ երբեք:
Մարմինը, բանականությունը և հոգին:
Եռաբաղադրիչ ենք:
Չնայած մեր երևակայության՝ եռաչափ:
Իմ գիտակցությունը նորից բացատրություններ է փնտրում,
մասնատում է ամբողջականը,
ըստ հերթականության կերակրում ինքն իրեն,
փորձում ամբողջացնել այն,
ինչ ստեղծման օրից բաժանումների չի ենթարկվել:
Որ հասկանալի լինի:
Որ լինի մարդկային:
Որ միտքը չձանձրանա:
Որ երևակայությունը չլռի:
…երբ միտքը բախվում է անսահմանության հետ,
հօդս են ցնդում բոլոր կարկատանները:
Մարդկային մտքի հակասություններից ձուլված անիմաստություն,
նորից աննկատ պտտվել ես պարանոցիս շուրջ,
նորից
նորից
նորից
…
բայց
մահն այլևս վերացական պատկերացում չէ:
Այն հստակ բացակայություն է,
որ շարունակաբար դատարկում է ինձ.
մի ճեղք , որ չի սոսնձվում,
մի ներկայություն, որ չի վերափոխվում հիշողության:
Հոգին՝
բանականության ու մարմնի միջև ճառագող էներգիան
չի լքում իր աստղը:
Էներգիան մեր տիեզերքում իր ավարտը չի գտնում:
Վերափոխվում է՝
ոչ հիշողության…
Վերափոխվում է:
Չի վերջանում:
Այս քամիները,
ալիքներն ու խորքերը
փորձում են ցույց տալ այն,
ինչ ապրելու ընթացքում սահմանել չի կարելի:
.
.
.
Բոլոր հայտնի անապատները ծովերի տակ են եղել:
Ցամաքները ոչ ավելին են, քան կղզիներ,
որ մի օր ջրի տակ են անցնելու:
Ապրելը ժամանակի հարց է:
Կյանքը հավերժ է:
Արևը, որ ամեն օր խորտակվում է մի հորիզոնում,
մեկ այլ հորիզոնում վերածնունդի մասին է:
Ամեն ինչ կախված է ժամանակից և
ուղղությունից,
որ աչքերս են փնտրում:
Ամեն ինչ կախված է
և
անկախ է
ինձանից: