***
գուցե այս բոլոր պատերազմներն այն պատճառով էին,
որ ինչ-որ մեկն
ինչ-որ մի տեղ
լքեց Սերը…
***
պատերազմի ժամանակ
սպասումը սարսափում է լռությունից
լուրը սարսափում է չլինելուց և լինելուց`
հավասարապես
մատները սեղմում են հողը,
որ ոտքերի տակ չէ
այնտեղ, ուր մարդը տրորում է մարդուն,
սերմնահատիկն այլևս չի մեռնում հողի մեջ
ու մարմինն ինքն է լքում հոգին
***
ժամանակը կորցնում է մարդու զգացողությունը
***
խաղաղության կոչ անում են երկրները,
ում բանակներում
զինվորները քանակով չեն զիջում
իմ երկրի բնակչությանը…
***
պատերազմը պարտվում է խաղաղությանը,
որի մեջ հաղթանակ չկա…
***
…կարո՞ղ ես ինձ այնպես գրկել,
որ պատերազմը վերջանա…
ընկերոջ հիշատակին
հիմա քաղաքն անհամեմատ մեծ է,
ու ինչ-որ սպասում կորցնում է իր նշանակությունն այնտեղ,
ուր տեղավորվել է ժամանակն անցյալ դեմքով
որ այնքան ներկա է
Ընկերս,
հիմա դու ձեռքն ես,
որ մեր հայացքը հողից դանդաղ բարձրացնում է վեր՝
դեպի երկինքը
խաղա՜ղ
այսուհետ
որքան էլ զենքեր ուղղվեն դեպի քեզ
անօգուտ է,
երկինքը չի խոցվում
իսկ մեզ
մնում է այստեղն ու հիման.
հաշվել բոլոր ընկնող աստղերն
ու
երազանքներ պահել ապրելու մասին
մինչև կհասնենք քեզ
մեր մարմնի մեջ ու բոլորի երկնքում
«խաղաղություն ամենեցուն…»