ձայնային ազդանշանները՝
որպես նյարդային գրգիռներ,
տարածում են առօրյան
մեքենայից մեքենա…
խցանումները՝
որպես պողոտաների նյարդաթելեր,
և դու՝
որպես պողոտայի նեյրոն
շարունակում եք ընթացքը
լուսացույցից լուսացույց
***
անշարժ ես
հեռավորությունները քեզանից դուրս
անդրադարձն են անդունդի դեպի ներս
նույն մտքերը,
նույն քայլերը,
ուրիշ մարդիկ
լցվում են
անվերջացող պարունակը խոռոչի
խեղդում հիշողությունների ընթացքը
անորսալի պատկերների մեջ
***
օրերը սառում են
սփոփելով աչքերը
տերևների գույներով
ծիծաղից մինչ ցավ
նույն աղմուկը
խառնում է մտքերի
դասավորությունը,
նույն աղմուկը
փոխում է նոտաների հերթականությունը երգացանկի մեջ…
***
մինչ անշարժ ես
գտնում ես քեզ
նախորդող ու հաջորդող հայելիների միջև,
տեսնում աչքերի մեջ
հետևում ընթացքին
նեղացնում ճանապարհը
լույսի համար տարածություն չի մնում
***
տարածության մեջ չկա շարժում
անդադար
պտտվում ես
քո միջուկի շուրջ
չեզոք ատոմից մինչ լիցքավորված իոն
մատերիա չես
մնում ես ընթացքից դուրս
***
ձայնանշանները մեքենաների,
հայացքները կանգառում խցանված,
հայացքները խցանված երթուղայիններում
և
առօրյան խցանվում է հայացքների մեջ
շտապում
շտապում
ուշանում…
***
սպասումը խցանվում է մտքերում,
կծկում որովայնը
ուշացումն ահազանգում է ավարտի մասին,
խոսում դատարկ էկրանի հետ
աչքերը հայելի չեն.
այտերով ոչինչ չի սահում
***
ափսոսանքը ցավի անցուղիներով լցվում է արյան մեջ,
ծփում քունքերի վրա
գիտակցումը բարձրացնում է կոպերը,
սառում աչքերի մեջ
տեսանելի հեռավորության
ու քամու ստվերի միջև
լույսն անցնում է ապակու միջով
արծաթն անդրադարձնում է լույսը
դու տեսնում ես քեզ հայելու մեջ
նախորդի ու հաջորդի աչքերում