Մհեր Իսրայելյան | Բումերանգ

Կյանքի օրինաչափության, Աստծո բարեհաճ ողորմածության ու ահեղ դատաստանի մասին գաղափար էլ չունեինք, երբ մի օր մեր բակի Ծիպոն բերեց Ավստրալիայի աբորիգեններին նվիրված ազգագրական ձեռնարկից պատռած մի թերթոն ու լուսավորեց մեզ.
– Երկսայր, անկյունաչափի նմանվող այս գործիքը, որ բումերանգ է կոչվում, օգտագործվում է որսի համար: Շպրտում ես, անում է իր սև գործը ու վերադառնում է քեզ:
– Նյուտոնի հակազդեցության օրենքի համաձայն,- իբր կռահեցի ես:
Բումերանգի պատրաստման ուղեցույցի տառին հավատարիմ մնացինք, չգիտես որտեղից ճարած ակացիայի արմատը տաշեցինք այնպես, որ երկու շեղբերի անկյունագիծը լինի հարյուրյոթ աստիճան, եզրաշերտերը հղկեցինք այնպես ինչպես պատկերված էր նկարում ու ստանալով սրտներիս ուզած կախարդական կորը՝ հիացանք.
– Ինչպիսի գեղեցկուհի, նույնիսկ աբորիգենները չէին
կարող այսպես արարել:
Եթե փորձարկումը հաջող անցնի, համընթաց քամին էլ զորավիգ լինի, մենք՝ ընկերության գաղափարին նվիրված մեր բակի տասներկու ախպերիկներս, կկնքվենք որպես իսկակական որսորդներ, համարյա աբորիգեն ու կդառնանք թափառական շների, սև կատուների կամ մոլորված ճնճղուկների երդվյալ թշնամին: Իսկ թե ձախողվի, նորածին գեղեցկուհին մի սուր սվվոցով կխտտի մեր թմբկաթաղանթը, կճեղքի խորթ օդի դիմադրությունը, կչափչփի մեր մանկության գողտրիկ եզերքները ու տեղը տեղին, ուղեցույցի տառին հավատարիմ կհանգրվանի իմ պայծառ ճակատին: Առատորեն հոսող արյան ջերմ հուշն էլ ինձ կյանքի ուղեկից կդառնա, իսկ ճակատիս մնացած շեշտակի սպին որպես խրատ կհուշի, որ որսորդությունը ամեն մարդու բան չէ, կհուշի, որ որսորդական խրախճանքի վաղեմի երազանքն այդպես էլ մնացել է անկատար: Բայց դե գիտեք, աշխարհը հետաքրքիր է իր բազմազանությամբ ու կարելի է տրվել կյանքի այլ վայելքներին՝ համբերատարությամբ սպասելով, թե մի բարի օր բախտը կժպտա մեզ ու համընթաց քամի կբռնացնենք։

***
Ուրեմն այսպես, դանակի սուր շեղբը սահուն, բայց կտրուկ շարժումով սահեցնում ես աջ ափիդ վրա, այնպես, որ արյունը ցայտի, բայց վերքը շատ խորը չլինի: Նույնը անում են մյուսները, հետո արարողության կարգի համաձայն ձախ ձեռքի բթամատի ու ցուցամատի նուրբ շարժումով աղ են ցանում վերքին ու հերթով ձեռք ձեռքի տալիս՝ իրար հպված ձեռնաափերը ժամացույցի սլաքի ուղղությամբ մի թեթև տրորելով: Երբ աղը մռմռացնում է կտրված տեղը ու արյունը միախառնվում՝ վերջ, ընկերության գաղափարը ընդմիշտ օծվում է, սրբագործվում արյամբ՝ եթե կարելի է այդպես ասել: Ուզեք, թե չուզեք՝ ընդմիշտ շաղկապված եք մեկմեկու: Թե արյամբ, թե գաղափարով ու հավատով, թե անցած ու անցնելիք կյանքի զվարճալիքներով, թե՝ աստված մի արասցե, հազար ու մի շառ ու փորձանքով, ինչպես բումերանգի դեպքում պատահեց։ Շաբաթը յոթ օր, քսանչորս ժամ, տասը հազար ութսուն րոպե: Իսկական ընկերություն, մի խոսքով: Բայց դա կհասկանաք ավելի ուշ: Տասներկու տարեկանում, երբ կյանքի անիմանալի հանելուկների բացահայտման միակ հուշարարը սիրտն է, նման բաները դժվար է ըմբռնել:
Նույնիսկ հիմա, երբ կյանքիս կեսը, գուցե շատը ապրել եմ, շատ բաներ չեմ հասկանում: Միտքս լարում եմ, ճակատս կնճռոտում ու վերջում էլի ականջս թեքում սրտիս զարկերի կողմը: Հիմա ընկերությունը նեղության մե՞ջ է երևում, ինչպես ժողովուրդն է ասում, թե չէ: Ընկերոջս տատն ասում էր, թե նեղությունը փչացնում է մարդուն, ոնց կարող է նեղության մեջ ընկած մարդը լավ ընկեր լինել: Նեղված սրտով ի՞նչ ընկեր: Այ ուրիշ բան, երբ գրպանն ու փորը լիքն են: Թե ժպիտն է տեղը, թե աչքերի փայլը, ինչքան ուզում ես հետը ընկերություն արա: Ընկերոջս տատն իմաստուն կին էր, բայց ես վիրավորվում էի, որ թեկուզ տանջված, տառապալի կյանք տեսած մի կին ընկերության մասին նման սին պատկերացումներ կարող է ունենա: Եթե օտար լիներ, էլի ոչինչ, բայց ընկերոջս տա՞տը: Երբ գերության ու աքսորի մեջ կյանքը մսխած պապս բերանից թռցրեց, թե ընկերությունը ժամանակավոր է, լաց եղա: Կողպեցի ննջասենյակի դուռը ու հոնգուր հոնգուր լաց եղա: Ո՞նց, բա առանց ընկեր ինչ կյանք: Որ ընկեր պիտի չունենաս, էլ ինչի համար ես ապրում, մտածում էի այն ժամանակ: Եթե պիտի Ծիպոյին, Տիկոյին, Կարոյին, Գագոյին, Էդոյին ու մնացածին ամեն օր չտեսնեմ, էլ ինչ կյանք, էլ ինչ օր, ինչ խաղ, ինչ քեֆ-ուրախություն: Ասա գնամ մեռնեմ էլի: Բա դանակի շեղբը, բա աղը, միախառնված արյունը հե՞չ: Մենակ մարդը ինչ, բանջարի պես մի բան: Երբ լաց եղա, պապիս չհավատալու պատճառ չունեի, բայց կասկածը մեջս հետո մտավ, երբ այս կամ այն առիթով պապս ասում էր՝ ընկերս փրկեց կյանքս, ընկերս էս արեց, էն արեց:
Եկեք տատուպապերին հանգիստ թողնենք ու փորձենք ինքնուրույն գլուխ հանել այս չարչրկված հարցից: Ո՞վ է ի վերջո ընկերը, մա՞րդ է, աստվա՞ծ, գուցե երևակայության մեջ ծնված մեկն է, որ մենք ենք հնարել ապահով զգալու ու մեր միօրինակ կյանքը փոքր ինչ գունազարդելու համար: Կամ գուցե պարտադիր էլ չէ, որ մարդն ընկեր ունենա: Նույնիսկ մի անգլիական թե ֆրանսիական ասացվածք կա, որ բստրում է, թե ընկերը ժամանակի գող է: Իբր ընկերոջ խլած ժամանակի ընթացքում պիտի ինչ-որ գլուխգործոցներ ծնի ու հեծանիվ հայտնաբերի, ընկերն էլ խանգարում է: Իբր ընտանիք կա, բան կա: Տուն, տեղ, երեխեք, աշխատանք: Ապրի էլի:
– Հենա գնա Եվրոպա ու Ամերիկա տես, թե ընկեր ունեն, թե չէ: Ոչ մի հոգս չունեն, կյանքի ամեն վայրկյան քայլ առ քայլ գծագրված է: Ընկերոջ կարիք ընդհանրապես չկա, ավելին՝ ընկերը փորձանքի բուն է: Ընկեր ունենան, որ ինչ անեն,- ասում էր մեր բակից մի գիտունիկ հարևան, իբր ամերիկաներն ու եվրոպաները չափչփած մեկը:
– Այսպես որ շարունակվի, ու ընկերության գաղափարը կամաց-կամաց մեռնի, այդ եկրներում «ընկեր» բառը շուտով կարող է վերանալ մարդկանց բառապաշարից,- հոռետեսական կանխագուշակումները ծաղկեցնում էր մեկ այլ գիտունիկ,-բառեր կան, որ ժամանակի հետ դառնում են անպիտան: Օրինակ մի չինացի ծանոթ մտահոգված էր, թե մի քանի տասնամյակ հետո չինարեն լեզվից կարող են վերանալ «հորաքույր», «քեռի», «զարմիկ» և արյունակցական առնչությունը բնորոշող շատ այլ բառեր, քանի որ այդ երկրում արգելված էր մեկ երեխայից ավել ծննդաբերելը:
Եթե հավատանք չար լեզուներին, էդ չինացին իր թոռներին արյունակից ունենալու բարեբախտությունից զրկելու վտանգից սարսափահար թողել փախել է ուրիշ երկիր…
Հուսանք, որ չար լեզուները մոլորության մեջ են, հուսանք, որ ընկերության գաղափարը կամաց-կամաց չի մեռնի, իր հետ մոռացության անդունդը չի գլորի «ընկեր» բառը: Հերն էլ անիծած, թե ժամանակ առ ժամանակ ընկերության քսանչորսժամյա լինելու մասին կծու կատակներին հագուրդ տալով գիշերը դուռդ չեն կոտրի ու սիրեցյալիդ տաք ծոցից հանի…
Ընկերության մասին էս նախաբանը հենց այնպես չգրեցի: Գրեցի, որպեսզի ընկերության գաղափարը առևտրի ու սակարկության առարկա սարքող մեր կասկածամիտ ընթերցողները գուշակեն, թե ինչ եղավ, երբ մեր տասներկու ախպերիկներից մեկը՝ Ծիպոն, նույն ինքը՝ ձախողված բումերանգի ասպետը, պարզապես թողեց ու գնաց: Դուք հիրավի ճիշտ եք. երբ Ծիպոն գնաց սրտիցս արյուն կաթեց: Կարոյի սրտից էլ: Տիկոյի սրտից էլ: Էդոյի էլ: Մնացածների էլ: Երբ սկզբում պատմեցի Ծիպոյի ու բումերանգի պատմությունը հավանաբար թյուր տպավորություն ստեղծվեց թե Ծիպոն արյունարբու մի որսորդ էր, որ առանց աչք թարթելու ապացուցում էր ուժեղի և թույլի օրինաչափությունը: Իրականում Ծիպոյի որսորդական շղարշից անդին թաքնված էր մի հուզառատ ու զվարթ հոգի: Հենց տեղներս նեղն էր լինում, կանչում էինք նրան ու հո չէր պարում, հո քեֆ չէր սարքում: Ու այդ պահին, էն ամենանեղ պահին, ի ապացույց ընկերոջս տատի սևամաղձական կանխատեսումների՝ «ընկերը նեղության մեջ է երևում» ասացվածքը դեմ առավ բկներիս: Հրաշալի պարուսույց դառած մեր վարպետը, մեր հետ արյուն խառնած մեր Ծիպո ախպերիկը թողեց թռավ հեռու, ավելի հեռու չի լինում՝ Ավստրալիա:
– Արա Ծիպո, ինչ գործ ունես էդ անտեր երկրում, մեր աշխարհագրության դասատուն ասում էր, որ այնտեղ ոչխար ավելի շատ կա, քան մարդ,- Ծիպոյին դատափետում էր Կարոն:
– Պարի խմբակ եմ բացելու, լավագույնը օվկիանիայի տարածաշրջանում,- արդարանում էր Ծիպոն,- ու մեր հայրենական պարն էլ լինելու է խաղացանկի զարդը:
– Կենգուրուների պարը հազիվ պարես, ինչ հայրենական պար, ինչ բան, լոլո ես կարդում,- կսմթում էր Տիկոն:
– Ասում են, բոլորը նույնիսկ էն ամենաշոգ կրակին երկարաճիտ կոշիկ են հագնում, որ օձը չկծի,- կրակին յուղ էր լցնում Գագոն,- այնպես որ զգույշ կքայլես, հանկարծ օձը չկծի:
– Ուշադիր կլինես՝ բումերանգը ճակատիդ չխփի,- հրճվում էր Էդոն։
– Զգույշ կլինես՝ աբորիգեններին կեր չդառնաս,- ջրիկանում էր Գագոն:
– Գնում եմ հեռու, որ հեռվից թափով գամ, ու ասենք բոլոր զանգվածային լրատվամիջոցները իրար հերթ չտալով միաձայն ազդարարեն, թե աշխարհահռչակ մաեստրոն, անսալով նախնիների ցավից ծնված կանչին, վերադարձել է հայրենիք ու երկու շաբաթ անվճար «մասթերկլաս» կանցկացնի։ Բա՞,- եզրափակում էր Ծիպոն:
– Ճիշտ բումերանգի պես,- հիշեցնում էի ես,- ոնց գնաս, այնպես էլ հետ կգաս։
Եթե ասեմ կյանքը առանց Ծիպո կանգ առավ, սուտ կլինի: Բայց որ մի գունեղ երանգ կամ թե մի պար մեր կյանքի ներկապնակից պակասեց, կասկած չկա: Անցան տարիներ, ու մեր աջ ափի սպիները կամաց կամաց աղոտացան, աղոտացած սպիների հետ էլ բթացավ ախպերիկի կարոտը, այնքան բթացավ, որ մի հրաշալի օր, երբ Ծիպոն զանգեց ու ասաց, որ գալիս է, չհավատացի:
– Միայն քեզ եմ ասում, ոչ մեկին ոչ մի խոսք, անակնկալ եմ անելու,- ասաց ինձ,- տղերքին մի-մի հատ բումերանգ եմ բերում: Իսկական աբորիգենի սարքած:
– Միայն քեզ եմ ասում, ոչ մեկին ոչ մի խոսք, անակնկալ եմ անելու, տղերքին մի-մի հատ բումերանգ եմ բերում: Իսկական աբորիգենի սարքած,- ասել էր Կարոյին, հետո ասել էր Գագոյին, հետո՝ Էդոյին, Տիկոյին ու մնացածին: Առանձին առանձին արժանացել էր հիացական դրվատանքի: Ամեն մեկը մտածել էր, թե առանձնաշնորհյալ է, թե հենց ինքն է այն միակն ու անփոխարինելին, ում միջոցով փայփայվել, կարծրացել, գուցե անմահացել է իսկական ընկերության գաղափարը: Ինքն է ճիշտ այն մեկը, ում հոգում կաթիլ առ կաթիլ կուտակվել է կարոտախտի ամենամեծ չափաբաժինը, ու թե փորձանք չպատահի՝ շռնդալից պայթելու է առաջիկա կիրակի օրը: Հետո, չդիմանալով գաղտնիքը բացահայտելու գայթակղությանը, կամաց կամաց բոլորը բոլորին երջանկացրել էին Ծիպոյի երկրորդ գալստյան ավետիսով ու որոշել անակնկալ անել՝ համերաշխորեն, օդակայանի դիմավորման սպասասրահում տասնմեկ հոգով պարզելով «բարի վերադարձ, մեր անուշ ախպեր Ծիպո» հսկայական ցուցապաստառը ու սրտի անթաքույց տրոփյունով սպասելով, թե երբ են վերջապես Սիդնեյ-Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի անիվները դղրդյունով բախվելու հայրենիքի չոր ու պապակ հողին:
Հիմա ի՞նչ անի Ծիպոն, իր սիրտը ոնց տասնմեկ մասի բաժանի: Տասնմեկ «յաշիկ», մեկը մյուսից սև, մեկը մյուսից չքնաղ ու արագընթաց: Իսկակական թափոր, բառիս լավ իմասով: Այսպես են դիմավորում իսկական ընկերոջը: Հավուր պատշաճի, հանց օլիմպիական չեմպիոնի, բա ոնց: Ահա նա, Ծիպոն, փայլուն կոստյումով, ժելեապատ մազերով ու շողարձակող դեմքով, իսկական օվկիանիայի մաեստրո: Երնեկ այն երջանիկներին, որ առաջիկա երկու շաբաթում կարժանանան նրա «մասթերկլասի» մոգական հրաշագործությանը:
Կարոտաբաղձական զեղումների այս հրավառության մեջ էլ հենց ի հայտ է գալիս հարցերի հարցը՝ իսկ ու՞մ որպես ճամփի ուղեկից պիտի ընտրի մեր օրվա հերոսը: Աչքի առաջ են գալիս մանկության հոգեթով հիշողությունները իր ընկերների հետ անցկացրած քաղցր վայրկյանների ու անմոռանալի դրվագների մասին: Թե ինչպես իր պատճառով շունը կծեց Կարոյի ոտքը: Էդոն իր փոխարեն ծեծ կերավ: Գագոն սովորեցրեց մարդավարի կռիվ անել: Տիկոն ցույց տվեց հայրենասիրության ուղիղ ճանապարհը: Մյուսը իր առաջ բացեց տղամարդկության գաղտնիքները: Էն մյուսը էս արեց, էն մյուսն էն արեց……Էլ չասած տողերիս հեղինակի պատռված ճակատի մասին:
Սիրելի ընթերցող, չգիտեմ ինչպես պատահեց, բայց մտքերի մեջ ընկած մեր Ծիպոն շուտով հայտնվեց մենության մեջ: Ոչ ոք չկար: Նա կանգնած էր օդակայանի կայանատեղիում մեն մենակ: «Ծիպոյին Էդոն փախցրեց»,- մտածել էր Կարոն: Էդոն մտածել էր, թե՝ Տիկոն: Տիկոն՝ թե Գագոն: Չէ որ Ծիպոյի նման գանձը չէր կարող միայնակ մնալ: Տասնմեկ ախպերիկներն էլ մտքում նեղացել էին Ծիպոյից, կանխավ հույս փայփայելով, թե իրենք են անխուսափելի ընտրյալը:
Իսկ գուցե ոչ ոք էլ երբևիցէ չի եկել օդակայան, ու այդ ամեն ինչը ընդամենը տեսիլք էր: Գուցե ճիշտ էր ընկերոջս տատը ու ոչ մի ընկերության գաղափար էլ չկա: Որքան հեռվում էին մնացել իսկական ընկերները, ընկերության գաղափարին նվիրված իր տասնմեկ ախպերիկները: Երբ նայել էր աջ ձեռքի ափին, նկատել էր, որ սպին անհետացել է: Մտածել էր, թե ժամանակին աղը քիչ է ցանել վերքին: Կամ ժամացույցի սլաքի ուղությամբ բավականաչափ չի միախառնել արյունը: Հենց կայանատեղիում աբորիգենների պարի մի «մասթերկլաս» էր սարքել՝ արժանանալով ապշահար անցորդների ծափահարությանը: Հետո մոտեցել էր տաքսու վարորդին ու հարցրել.
– Վարպետ, ընկերության մասին ի՞նչ կասես:
– Ընկերությունն անմահ է,- առանց երկար-բարակ մտածելու կամ ձայնը դողացնելու շշել էր վարորդը:
– Դե ուրեմն, քեզ տասնմեկ բումերանգ եմ նվիրում, իսկական, աբորիգենի սարքած: Շպրտելուց զգույշ կլինես ճակատիդ չխփի:
– Ախպեր հավեսդ չունեմ, ասա ու՞ր ենք գնում:
– Քշի հետ, դեպի Սիդնեյ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *