«Պատմության բոլոր դասերից ամենադժվարը նրանց ժպտալ սովորեցնելն է».- ասում է «Շշուկների մատյան»-ի հեղինակ Վարուժան Ոսկանյանն իր վեպի հերոսների՝ մեծ հայրերի և իր մանկության ծերունիների մասին, որոնց համար նռան հատիկն էր դարձել փրկության միջոց սիրիական անապատներում, և մի երկրորդ ու իրենց համար ատելի էություն էին ձեռք բերել, Ցեղասպանության պատճառով դարձել էին հայրենազուրկ. «…հայրենազուրկ: Այսինքն՝ զուրկ ոչ թե հայրենիքից, որը սիրում ես, այլ հայրենիքից, որը քեզ պաշտպանում է»:
Եթե իրոք գրականությունը հիմքում ունի պայմանականություն, խաբկանք, որը դառնում է իրական և՛ ընթերցողի, և՛ նույնիսկ այն ստեղծողի համար, ապա Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» կոչվող գիրքը իր ճշմարիտ պատումով առանձնահատուկ է, ուստի Չարենցի զարմանալի զարմանք արտահայտությունը միանգամայն տեղին կլինի ասել այս վեպի մասին: Այստեղ չկան հնարածին կերպարներ կամ իրադարձություններ, ավելին՝ նկարագրվող բոլոր իրադարձություններն ունեն վկայագրեր ու փաստաթղթեր, պատմական բոլոր թվականները ստույգ են ու մանրամասն. «Շշուկների մատյանում երևակայական գործող անձինք չկան, քանի որ բոլորն այս աշխարհում գոյություն ունեցան իրենց տեղով, ժամանակով և անունով»-ասում է հեղինակը:
Կարելի է ասել անգամ, որ վեպում ինքնին առանձին հերոս է հենց պատմությունը, բայց ոչ թե կերպարներն են անցնում պատմության միջով, այլ պատմությունն է, որ շրջապտույտ տալով գլորվում է ու հոսում, խուժում հերոսների կենսագրության մեջ: Չափազանց իրական վավերագրություն լինելուց բացի վեպը հարուստ է նրբորեն ու միաժամանակ ամբողջական հայտնաբերված մարդկային հարաբերություններով ու զգացողություններով: Տեքստի մեծ հատվածները կարող են ընթանալ հանդարտ, բայց աներևութացած այսբերգի պես հանկարծ հառնել և իրենց գեղարվեստական ուժեղ ազդեցությամբ պարզապես սարսռեցնել: Եվ վավերագրող հեղինակը պատմում է ապշեցնող ոճով՝ ազնիվ ու ոչինչ չպարտադրող:
«Շշուկների մատյանը» ոչ թե դասական չափանիշներով գրված վեպ է, այլ մատյան է՝ կորստով, վրեժով ու լռությամբ լի: Այս ամենին հեղինակը հասնում է գրողական հնարամտության շնորհիվ. գիրքը կարծես հիանալիորեն հյուսված սարդոստայն է, որ իր ցանցի մեջ է քաշում, ու մատենագրի պատմության թելին հետևում ես ակամա:
Հեղինակն իր վեպի մասին ասում է, թե հայ ժողովրդի պատմությունն է 20-րդ դարում: Այդ դարում հայերի հետ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ կորուստներն ու հաղթանակները, ներկայացվում է գլխավորապես նրա մեծ հոր՝ Կարապետ Ոսկանյանի պատմությամբ, որը գլորվել է երկու համաշխարհային պատերազմների միջով: Ափիոն Գարահիսարում ծնված Կարապետը ստիպված պիտի հեռանար հայրենի բնակավայրից, հասներ ռումինական ապահով Ֆոկշան քաղաք, այստեղ էլ շատ հայերի պես պայքարեր նոր կարգերի ու սեփական հիշողությունների դեմ: Նա այն եզակիներից է, որ թվում է՝ հաղթել է այդ կռվում. նա նույնիսկ կարողանում է ժպտալ, կշռադատել հանգիստ ու առանց խուճապի, կայացնել ամենաճիշտ որոշումները: Լուսանկարիչ է ու գույների հետ խաղ անող նկարիչ, երաժիշտ ու իմաստուն փիլիսոփա` նման հսկա ընկուզենու. «Իմ առաջին ուսուցիչը մի ծեր հրեշտակ էր: Եթե ինչ-որ մեկը հեռվից նայեր մեր բակի խորքը, կտեսներ հսկա ընկուզենու տակ նստած մի երեխայի: Իրականում ես նստած էի այն ծեր հրեշտակի ոտքերի տակ, որն իմ ուսուցիչն էր»: Եվ այս ուսուցիչն է հանձնարարում թոռանը գրել «Շշուկների մատյանը», ինչպես մեր ճգնակյաց գրիչներին տեսիլքի մեջ այցելում էին հրեշտակներն ու օգնում վերաշարադրելու և մանրանկարչորեն գունազարդելու մեր մագաղաթ մատյանները:
Այս մատյանում վեպ վեպի մեջ սկզբունքով հյուսված են տարբեր պատմություններ, որոնք բոլորն էլ որևէ ձևով առնչվում են գլխավոր հերոս Կարապետ Ոսկանյանին և ռումինական փոքրիկ Ֆոկշան քաղաքին: Արյան փիլիսոփա Սեդրակ Մելիքյանը՝ մոր կողմից նրա մեծ հայրը, ում թուրքը զինվորը չէր սպանել միայն այն պատճառով, որ միշտ հիշի աչքի առաջ եղբորը սպանողի անունը: Սեդրակը ոտքով երկար ճանապարհ է կտրում, հասնում ռումինական հողեր, ապրում՝ հաղթելով միմիայն մոռացության զենքով. նա երբեք չի հիշում այդ թուրք զինվորի անունը: Մեծահարուստ Հարթին Ֆրինկյանը սովետական տարիներին անցանկալի մարդ էր, նրա ոսկիները արդեն միայն մահ կարող էին նշանակել, բայց նա համառում է, պայքարում ու երկար տարիներ գրում «ամենամեծահոգի կտակը», որը հետագայում կտակում ներառված բազմաթիվ մարդկանցից ոչ մեկին հարկավոր չէր լինելու: Հարություն Խնդիրյանը՝ Ռումինիայում Հայաստանի առաջին հանրապետության հյուպատոսը, ով ընդամենը երկու տարվա կյանք ունեցած երկրի կործանումից հետո էլ պիտի համառորեն ներկայացներ գոյություն չունեցող երկիրը, հետո ինքն էլ պիտի անհետանար, բայց չգիտես ինչպե՞ս և ո՞ւր: Գրիգոր Զոհրապի որդին՝ Լևոնը, որ տեսել էր մեծանուն հոր առաջին քայլը դեպի մահվան ճանապարհ, բայց ոչինչ անել չէր կարողացել և դրա համար ողջ կյանքում տանջվում էր. կա՞ր մի բան, որ պիտի աներ ինքն այն ժամանակ ու չարեց: Նրանք բոլորն իրենց մնացած ողջ կյանքում շշուկով էին խոսելու, սակայն թե նրանք, թե մյուսները նոր երկրում փորձում էին հաղթել կյանքին, առևտուր անել ու աշխատել, բայց հիշատակներն ավելի համառ էին, ու հեշտ չէր հաշտվել հիշողության հետ:
Եվ ահա, Կարապետի Ոսկանյանի կյանքը մի կետում էլ առնչվում է վրիժառու Միսակ Թորլաքյանին: «Միայն այդ պահին շուրթը կծելով ու լացը զսպելով՝ ձեռքը ետ քաշեց ու խաղալիքը բռի մեջ սեղմեց: Տղան նրան նայում էր փափուկ, շագանակագույն ու բարյացակամ աչքերով, մինչդեռ իր եղբայր Գալուստը մեծ, կապույտ մեծ աչքեր ուներ՝ անսովոր լեռնցի թխադեմ ընտանիքի համար»: Ռումինական կայարան էին բերվել ջարդերից հրաշքով փրկված ընդամենը երկու հարյուր որբ երեխա: Թե հոգեբանական, թե գեղարվեստական նկարագրության խորությամբ այս տեսարանը վեպի բարձրակետերից մեկն է: Հազարավոր մարդիկ՝ որդեկորույս մայրեր, հայրեր կամ ընտանիքի փոքրին կորցրած մեկ այլ հարազատ, հավաքվել են կայարանում` աղոտ հույսով, որ այդ երեխաների մեջ կգտնեն նրանց: Միսակը չտեսավ եղբորը ու չկարողացավ լացը զսպել: «Երբեք չըսես, որ լալս տեսար»,- գոռում է Կարապետի վրա վառվող աչքերով հպարտ մարդը, «Նեմեսիս» վրիժառուական ծրագրի անդամը, ում նմանների համար չէր արտասուքը:
Հսկա մարդը՝ փայտե փոքրիկ ձիուկը ձեռքին
Պարադոքսալ է, բայց վեպի պատմության գլխավոր շղթան սկսվում է վեպի կեսերից՝ Նեմեսիս գաղտնի ծրագրի անդամ վրիժառու Միսակ Թորլաքյանի արձակած գնդակից: Միսակի կենսագրությունը այս մատյանում հյուսված ամենացնցող պատմությունն է: Փոքր տարիքից զենքի հետ խաղ անող Միսակը տեսել էր բնաջնջված իրենց գյուղի վրա իջած ծանր լռությունը, և փոքրիկ եղբոր լքված խաղալիքը, որը հենց ինքն էր փայտից տաշտշել: Նա ապրում էր առանց խաղալիքի մնացած եղբոր, տրապիզոնցիների ու բոլոր հայերի մահվան վրեժը լուծելու համար… Վրեժխնդրության աստվածուհու անվամբ «Նեմեսիս» գաղտնի ծրագրի մասին Կարապետ Ոսկանյանի տետրում կարելի էր կարդալ իրար առջև դրված այս երկու անունները՝ Միսակ Թորլաքյան- Բահբուդ խան Ջիվանշիր:
«Բահբուդ խան Ջիվանշիրը հետ շրջվեց ու նայեց նրան: Այս դրվագը նույնն է «Նեմեսիս» խմբի անդամների բոլոր պատմություններում: Պահ, երբ երկուսով՝ սպանողն ու սպանվողն իրար են նայում: Ոչինչ ավելի մատնիչ կամ սպանող չէ, որքան հայացքը: Նա, որ պիտի մեռնի, վտանգն զգում է և իր հայացքը մյուսի վրա սևեռում: Իսկ զենքով մարդը, ի հեճուկս ամիսների դարանակալության անկոտրում վճռականության, վարանման մի պահ է ունենում….»:
Վարանման այդ վայրկանից հետո Պոլիսը ցնցվում է կրակոցի ձայնից, Միսակը չի հավատում սպանությունների կազմակերպչի վրա արձակված գնդակին, չի կարողանում տարբերել իրականության ու երազը: Թորլաքյանի հետագա կյանքը ազատ արձակվելուց հետո էլ խարխափում է լինում. «Միսակ Թորլաքյանի պատմությունը ոչ թե մի կյանքի, այլ ավելի շուտ մի զգացման պատմություն է: Վրեժխնդրության ծարավ»:
Յուսուֆի պատմությունը
«Շշուկների մատյանում» գրեթե բոլոր այն հատվածներն ու մտքերը, որ առևերույթ կիսատ ու անավարտ են թվում, ամենաճիշտ հատվածում հանգուցալուծվում են: Վեպի բոլոր էջերում Կարապետի Ոսկանյանի հետ լռում կամ խոսում է նրա անբաժան ընկերը` Սահակ Շեյթանյանը, ով ապրում էր երկատված էությամբ՝ կրելով մղձավանջային Յուսուֆին՝ այս վեպի միակ հորինված կերպարին: Յուսուֆն ատելի է Սահակին, բայց միևնույն ժամանակ կպչուն երկրորդ ես է, որ ձեռք է բերել Մամուրայից դեպի Դեյր էզ-Զոր տանող ճանապարհի վերջում: Իսկ այս ահավոր ճանապարհը, որ անցել էին հայ գաղթականները, Դանթեի նկարագրած դժոխքից էլ սարսափազդու է՝ անտանելի սով, եղբայրական գերեզմաններ, որոնցից ամեն մեկի մոտ այսօր կարող ես աղոթել, և մարդկային դալուկ ու կմախքացած կերպարանքներ, որոնց արդեն ոչ ոք չէր կարող հաղթել: Սահակի մայրը ընդամենը մի քանի վայրկյանում զգում է պահի կարևորությունը, և որդու փրկության միակ ձևը գտնում: Փոխանակում է նրան մի բուռ ալյուրի հետ: Թլպատված ու մուսուլմանների մեջ մի քանի տարի Յուսուֆ դարձած Սահակին մի անգամ էլ է փրկում մայրը. Սահակը մուսուլման կանանցից մեկի մոտ տեսնում է մոր զարդը, մոռացության շղարշը վերանում է էլի մի քանի վայրկյանների ընթացքում, և Սահակը շնչակտուր բռնում է փախուստի ճամփան:
Ի՞նչ է զգացել Ոսկանյանը հայ ժողովրդի՝ մահվան յոթ օղակներով անցած ճանապարհի՝ Ցեղասպանության մասին գրելիս: Սա ավելին է, քան հերոսությունը: Ուղղակի անհնարին է թվում պատկերների այդ սարսափը ոչ միայն գրելը, որը կարդալն անգամ մեծ փորձություն է թվում: Առանց որևէ էժան հնարքի, սարսափեցնող, բայց չնվաստացնող, սարսռեցնող, բայց`չխեղող. հավանաբար սա է իսկական գրականության ուժը և գրողի սխրանքը:
«Երբեք մահն այդքան անանուն չի եղել». վեպում բացառիկ է մահվան փիլիսոփայությունն ու դրա այդօրինակ ճանաչողությունը: Արգենտինական La Naction թերթը գրել է. «Շշուկների մատյանը հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է»:
Մարկեսյան շնչով կամ Դրոյի զենքերը
Ոճական առանձահատկություններով որչա՞փ է նման, կամ տարբեր այս գիրքը Գարբրել Գարիսա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ից: Այս խոսակցությունների առիթը հատկապես իսպանախոս երկրներում վեպի մասսայական ճանաչողությունն ու բարձր գնահատականն է: Առաջին հերթին կարելի է առանձնացնել վեպերի ստեղծման ձևի նմանությունը: «Կարող եմ ասել, որ հենց ծնվեցի, սկսեցի գրել այդ գիրքը, քանի որ այնտեղ եմ հավաքել իմ բոլոր հիշողությունները», ասում է Ոսկանյանը: Իսկ Մարկեսը հարցազրույցներում ասել է, թե «Հարյուր տարվա մենությունը» սկսել գրել է ութը տարեկանից՝ տպավորվելով պապիկի պատմություններով: Իր այդ վեպում Մարկեսը պատկերել է ֆանտաստիկն այնպես, ինչպես չափազանց իրականն են ներկայացնում, և այդ մոգականությունը այնքան նման է իրականությանը: Իսկ Ոսկանյանի դեպքում հակառակն է, նա ներկայացնում է իրականությունը, որը հաճախ մոգականության շունչ ունի: Ինչպես օրինակ զորավար Դրաստամատ Կանայանի զենքերը… Իր անհավանական ռազմական ծրագրերով երկու կողմերի՝ և՛ թուրքերի, և՛ բոլշևիկների դեմ պայքարող զորավարը զենքերը թողե՞լ է ռումինական հողում, կա՞ն իրականում այդ զենքերը, թե ոչ՝ էական չէ. կարևորը դրանց կախարդական ազդեցությունն ու նշանակությունն է Ֆոկշանում ապրող հայերի համար՝ որպես փրկության ուղի ամենադժվարին իրադարձությունների դեպքում:
Մատյանի անվերջությունը
Ըստ էության վեպը գրված է հաղթանակածի տրամաբանությամբ: Մատյանի էջերում չես գտնի ատելության ոչ մի կաթիլ:
Ցեղասպանության վերապրածների թոռ Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի հայկական շրջանում և ընդհանրապես Ռումինիայում մեծ հեղինակություն վայելող անձ է՝ այժմ սենատոր է, եղել է նախարար: Նրա կենսագրությանը ծանոթանալով կարելի է պնդել, որ քաղաքականության մեջ էլ նույնքան համարձակ, ազնիվ ու տաղանդավոր է, որքան գրականության մեջ:
Իսկ «Շշուկներ մատյան»-ի հաջողությունը տպագրությանը հաջորդած այս մի քանի տարիների ընթացքում իսկապես բացառիկ է՝ թարգմանություն տասնյակ լեզուներով, ամենաբարձր գնահատականներ և պատվաբեր մրցանակներ: Գրողի մեծ հայրերը, ովքեր իրենց դարի փորձություններից հասկացել էին, թե ինչքան դժվար է մեռնել նույն վայրում, որտեղ ծնվել էին, և որոնց փախուստներն ու թափառումները երբեք ճանապարհորդություն չէին դարձել, խոսում ու լռում էին շշուկներով: Եվ ահա նրանց թոռը դրանք իր պապի պատգամով դարձնում է խոսք: Դարձնում է վեպ, որպեսզի այդ շշուկներն ու լռությունը լսելի դառնա ողջ մարդկությանը:
Վեպի ավարտին գերիրապաշտական երանգներն իրենց տեղը զիջում են գրական բացառիկ պատկերավոր այլաբանությանն ու մետաֆիզիկային: Ավելի ստույգ գրողի վերգիտակցական տեքստում բնական համադրությամբ զուգահեռվում են բնականն ու կախարդականը, իրականն ու երևակայականը: Բայց մինչ այդ շքերթի են դուրս գալիս բոլոր կերպարները`մեռյալներն ու ապրողները: Նրանց մեծ մասը երբեք չի հանդիպել կամ ճանաչել մյուսին, բայց ահա նրանք միասին են գերեզմանոցից քաղաք տանող ճանապարհին, գրողի մտապատկերում հոսող ժամանակի ու տարածության մեջ:
«Փոսի մեջ իջեցված դագաղի վրա հող նետելուց հետո մեկնեցինք գերեզմանոցից՝ մենք մեր, մեծ հայրս՝ իր, թռչունները՝ իրենց ձևով: Միայն մշուշներ մնացին, դանդաղ, անբնականորեն քայլող ցնորային էակների մի շարասյուն, որպես հակառակ ապրված երազ, բազում չապրված կյանքեր, չապրված զավակներ ու թոռներ ծնելով…»
Ո՞ւր տարան վեպի սարդոստայնի թելերն ամենավերջում. ծերացած Թորլաքյանը շարունակում է իր վրիժառությունը, նրա համար Նեմեսիսն այլևս ավարտ չունի, ու վրեժի ամեն մի գնդակից հետո փայտե ձիուկ` Կարապետ Ոսկանյանի փոստային հասցեին: Ինչպես Վահագն Գրիգորյանն իր «Ժամանակի գետը» վեպում, Վարուժան Ոսկանյանն էլի իր հրաշալի գրքում իրադարձությունների թավագլոր շղթան հասցնում է մինչև մեր օրերը: Միսակ Թորլաքյանի ծնունդից հարուր տարի անց նրա հայրենիք Տրապիզոնում ծնված թուրք երիտասարդի արձակված գնդակից Պոլսում սպանվում է Հրանտ Դինքը:
Գրողն ասում է, որ իր մատյանը վերջ չունի, քանի դեռ աշխարհում վախ կա: Եվ շշուկներն էլ, որ վեպում թե վրեժ են և թե ներում, խոստովանություն ու աղոթք, հարատև են, ամեն պահ մեզ հետ են ու մեզ հետ կմնան նույնիսկ այն ժամանակ, երբ ողջ աշխարհը բարձրաձայն կխոսի այն սահմռկելիի մասին, ինչ կատարվեց մեզ հետ առաջին աշխարհամարտի տարիներին: